HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտ Գալստյան

Հունգարացի լրագրողը հարվածում է ոստիկաններից փախչող փախստականներին

Համացանցում բողոքի մեծ ալիք է բարձրացրել մի տեսանյութ, որը պատկերում է, թե ինչպես է հունգարացի օպերատորը հարվածում երկու փախստական երեխաների և ոտքի շարժումով գետնին գցում մեկ այլ փախստականի:

Հունգարական N1TV հեռուստաընկերության օպերատոր Պետրա Լասլոն երկրի Ռոսկե քաղաքում տեսանկարահանում է ոստիկաններից փախչող փախստականներին: Երբ իր երեխային գրկած մի տղամարդ ազատվում է ոստիկանից ու փախչում, Լասլոն մեկնում է ոտքը, որից հետո հայրն ընկնում է տղայի վրա: Փախստականը վրդովվում է այս արարքից, մինչդեռ օպերատորը շարունակում է նկարահանել:

20 վրկ տևողությամբ տեսանյութում երևում է, որ Լասլոն նաև հարվածներ է հասցնում երկու պատանի փախստականների: Տեսանյութը Թվիթերում հրապարակել է գերմանական RTL հեուստաընկերության թղթակից Շտեֆան Ռիխտերը: Այն մեծ տարածում է գտել համացանցում` առաջ բերելով ֆեյսբուքյան The Petra László Wall of Shame խմբի ստեղծմանը (մինչ այժմ` 10,000-ից ավելի հավանում): Ավելի ուշ հեռուստաընկերության կայքում հայտնվեց տեղեկություն, ըստ որի` Պետրա Լասլոն հեռացվել է աշխատանքից` «անընդունելի վարքի» պատճառով:

The Guardian-ը գրում է, որ N1TV-ը հունգարական ազգայնական հեռուստաընկերություն է, որը սերտորեն կապված է ծայրահեղ աջական Յոբբիկ կուսակցությանը, որը մեծությամբ երրորդն է երկրում: Ինչպես հավելում է Дождь հեռուստաընկերությունը, Մերձավոր Արևելքից փախստականների հոսքի արդյունքում երկրում ստեղծված իրավիճակի մասին գրելիս լրատվամիջոցը գործածում է այնպիսի վերնագրեր, ինչպիսին է` «Փախստականները լցվել են մեր խանութները»:

լուսանկարները` Մարկո Դյուրիկայի / Ռոյթերս

Հեռուստաընկերությունը իր աշխատակցին հեռացնելու հայտարարությամբ հայտնել է նաև, որ այսպիսով հարցը համարում է փակված: Մինչդեռ ընդդիմադիր Együtt-PM և Դեմոկրատական կոալիցիա կուսակցությունները հայտնել են, որ լրագրողի դեմ հանդես կգան բռնություն գործադրելու մեղադրանքով, ինչը ենթադրում է մինչև հինգ տարվա ազատազրկում:

լուսանկարը` Դարկո Վոժինովիչի / AP

Հունգարիան համարվում է քաղաքացիական պատերազմի հետևանքով Սիրիան լքող մարդկանց համար Եվրոպական միություն հասնելու հիմնական ուղիներից մեկը: Որոշ հաշվարկներով` օրական 2,000-3,000 փախստական է մտնում երկիր, որոնց մի մասի նպատակը Գերմանիա տեղափոխվելն է: ՄԱԿ-ի փախստականների գործակալության տվյալներով` առաջիկա օրերին սպասվում է մոտ 42,000 ապաստան հայցող մարդկանց մեկ այլ հոսք:

Սերբիայի հետ սահմանի մոտ, որտեղ տեղի է ունեցել դեպքը, տեղակայված է ճամբար: Մոտ հազար ներգաղթյալներ, ովքեր այստեղ են հասել սեպտեմբերի 8-ին, չեն ցանկացել մնալ ճամբարում` պատճառաբանելով, որ այնտեղից իրենց դուրս չեն թողնի: Նրանք անցել են ոստիկանական պատն ու շարժվել դեպի մայրաքաղաք Բուդապեշտ` Գերմանիա մեկնելու ակնկալիքով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter