
Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ (լուսանկարներ)
Այսօր էլեկտրաէներգիայի թանկացման որոշման դեմ պայքարող քաղաքացիները կրկին փակեցին Երևանի Բաղրամյան պողոտան: Նրանք 19:00-ին երթ սկսեցին Ազատության հրապարակից` Թումանյան փողոցով քայլելով դեպի Մաշտոցի պողոտա և Ֆրանսիայի հրապարակ, որտեղից սկիզբ է առնում Բաղրամյան պողոտան:
Ոստիկանությունն այստեղ ցուցարարներին չթողեց առաջ շարժվել, սակայն նրանց երթը կանգնեցնել կարողացավ միայն Բաղրամյան պողոտայի սկզբնամասում, որտեղ հունիսին քաղաքացիներն օրեր շարունակ փակել էին պողոտան` պահանջելով չեղյալ համարել էլեկտրաէներգիայի սակագինը 6,93 դրամով թանկացնելու որոշումը:
Այժմ հարյուրավոր քաղաքացիներ շարունակում են մնալ Բաղրամյան պողոտայում: Ոստիկանությունը, որի ներկայացուցիչների թիվը նույնպես ավելանում է, պահանջում է ազատել պողոտայի երթևեկելի մասը` պատճառաբանելով, որ այդպիսով խոչընդոտվում է երթևեկությունը, իսկ ցուցարարները խախտել են նախապես ի գիտություն տված երթուղին:
Մեկնաբանել