HY RU EN

Թբիլիսիի սուրբ Նորաշենը ջրի մեջ է. ի՞նչ է դառնալու եկեղեցին ամրացումից հետո

Թբիլիսիի սուրբ Նորաշեն եկեղեցում կեսօրին շինարարական եռուզեռ է: Մեգրել բանվորները եկեղեցու մուտքի մոտ փողոցի քարե սալիկներն են փոխում: Ասում են՝ անձրևների ժամանակ ջրափոսեր են լինում փողոցի այդ մասում, նորոգում են, որ այլևս ջուր չկանգնի:

Հարցնում եմ՝ գիտեն, թե ինչ եկեղեցիներ են իրար կողք: Նրանցից մեկն ասում է. «Ներքևինը վրացական է, վերևինը՝ չգիտեմ, երևի հայկական»:

Նորաշեն եկեղեցին, հիշեցնենք, Վրաստանում վիճելի համարվող եկեղեցիներից մեկն է, որը տարիներ շարունակ փակ  էր: 

Պատմական ակնարկ Նորաշենի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին

Թիֆլիսահայերը չեն կարողանում մոմ վառել հայկական եկեղեցում

Եկեղեցու բոլոր կողմերից հիմքերը բացված են: Հիմքերը, սակայն, ջրի մեջ են:

Ամրացման աշխատանքներում ներգրավված բանվորն ասում է, որ գրունտային ջրերը լցվել են, եկեղեցու հիմքը թուլացրել, եկեղեցու պատերը դրա հետևանքով ճաքեր են տվել:

Այժմ իրենք ամրացման աշխատանքներ են իրականացնում: 4,5 մետրանոց բետոնապատ հորատանց են անցկացրել, որպեսզի ջրերն առանձնացնեն, երբ խողովակներն անցկացնեն, այդ ջրերը կմիացնեն քաղաքի ընդհանուր խողովակին:

[gallery id=512]

Նույն բանվորին հարցնում եմ՝ ամրացումից հետո ինչ է լինելու եկեղեցին, պատասխանում է, նախկինում հայկական եկեղեցի է եղել, վերանորոգելուց հետո թանգարան է լինելու:

Աշղեկ Թամազ Աբուլաձեն ասում է, որ եկեղեցու կոնստրուկցիոն ամրացում է իրականացվում: «Ես  շինարարն եմ, չգիտեմ ինչ է լինելու վերջում, ես նախագիծ ունեմ և ամրացում եմ իրականացնում»,-ավելացնում է նա:

Ավարտելու են վեց ամիս հետո: Ըստ աշխղեկի՝ ամրացումներ իրականացնելու են նաև ներսից: Սակայն ներսում վերանորոգման աշխատանքներ իրականացնելու դեռևս նախագիծ չեն տվել իրենց:

Թամազ Աբուլաձեի խոսքով, 504 հազար լարի է տրամադրվել ամրացման աշխատանքների համար:

Եկեղեցու վրա փակցված է քաղաքապետարանի պաստառը: Ամրացման աշխատանքները, համաձայն ցուցանակի, մեկնարկել են անցյալ տարվա սեպտեմբերին: Ավարտվելու է հաջորդ տարի: 

Արձանագրված է նաև, որ Վրաստանի մշակույթի ու հուշարձանների պաշտպանության նախարարություն է պատվիրատուն: Վրաստանի պատմական հուշարձանների պաշտպանության և պահպանության հիմնադրամի ֆինանսական միջոցներով էլ իրականացվում է ամրացումը: Ամրացման աշխատանքներն իրականացնում է «Աբա խումբ» ՍՊԸ –ն:

Շինաշխատանքները շրջապատող պարսպին վրացերենով ձեռագիր այլ ցուցանակ է ամրացված՝ «Եթե ցանկանում ես խաղաղություն» գրությամբ: Բանվորները չգիտեն, թե ով է վիճելի համարվող եկեղեցու մոտ այդ խորհրդանշական գրությունն արել: Ցուցանակին իրենց հետքը թողել են Ջելան, Ջիշկարան և Ափոն: 

Հ.Գ. Եկեղեցու և Վրաստանի հայ համայնքի մասին փորձեցինք զրուցել Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանի հետ: Վերջինիս օգնականը սկզբում ասաց, որ դեսպանի գրաֆիկը ծանրաբեռնված է և նա հազիվ թե կարողանա մեզ հարցազրույց տալ: Դեսպանի հետ ճշտելուց հետո օգնականը զանգահարեց և ասաց, որ  պրն Վարդանյանը  մեկնում է Երևան և չի կարող մեզ հանդիպել: