Շաբաթ օրը կտեսնվենք դատարանում
Մհեր Ենոքյան, «Հետք» թերթի թղթակիցը «Նուբարաշեն» բանտից
Մի քանի ժամով գալու եմ Ողջերի աշխարհ: Սեպտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին, Աստծո հաջողությամբ, կհանդիպենք Վերաքննիչ դատարանում: Այդ օրը առավոտյան բանտային «արդուկով» կարդուկեմ վերնաշապիկս, կպատրաստվեմ, ինձ կնստացնեն «վորանյոկը», ու կբերեն դատարան: Մեկ էլ 5 տարի առաջ՝ 2010 թվականին եմ անցել Երևանի փողոցներով, երբ նորից ինձ բերում էին Վերաքննիչ դատարան՝ մասնակցելու երկրորդ փախուստի գործով դատավարությանը: Նայում էի դուրս, հիշում ազատության 21 անմոռանալի օրերը:
Վերաքննիչ դատարանի դատավոր Սևակ Համբարձումյանը բավարարել է միջնորդություն-խնդրանքս՝ մասնակցել իմ ներկայացրած բողոքի քննությանը: Բողոքն ինքս եմ գրել, ինքս էլ ներկայացնելու եմ իմ շահերը դատարանում:
Տեղի է ունենալու իմ գործով անհաշվելի դատական նիստերից ևս մեկը: Այս անգամ վիճարկում եմ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշումը: Եթե հիշում եք, մի քանի ամիս առաջ հանդիպեցինք այստեղ՝ «Նուբարաշեն» կլոր բանտում, որտեղ արտագնա նիստ էր գումարվել: Առաջին ատյանում բողոքարկում էի գլխավոր դատախազության մերժումը՝ 20 տարվա վաղեմության քրեական գործը վերաբացելու համար: Նոր երևան եկած հանգամանքներ էին ի հայտ եկել Նիդերլանդներում ու ԱՄՆ-ում գործող անկախ փորձագիտական կենտրոնի փորձագետ Սելմա Էյքելենբումի կողմից տրված փորձագիտական եզրակացությամբ: Ամենահետաքրքիրն ու զավեշտալին այն էր, որ 1996 թ-ին քննված իմ քրեական գործում փորձագետն այդպես էլ որևէ ապացույց չէր գտել, որը կհիմնավորեր իմ մեղավորությունը: Բայց ինչպես մեր գլխավոր դատախազությունն, այնպես էլ դատարանները կատեգորիկ բացառում են, որ հնարավոր է անմեղ մարդը բանտում հայտնվի դատական սխալի հետևանքով: Մեր դատավորների ու դատախազների կարծիքով, Հայաստանում միշտ արդար ու ճիշտ դատավճիռներ են կայացվում, իսկ ԱՄՆ-ում ու Եվրոպայում հնարավոր են դատական սխալներ: Ես կառաջարկեի, որ այդ երկրներից իրավաբանները գային ու մոտիկից հասկանային հայկական «Հրաշքը»՝ հայկական անսխալական, արդարադատ դատաիրավական համակարգի ֆենոմենը:
Ես փորձել ու փորձում եմ բախել բոլոր դռները, որոնք կարող են տանել դեպի ելք, դեպի Ազատություն: Հաճախ դռները կիսաբաց եմ արել տարիների մեծ ճիգերով, բայց դրանք մի վայրկյանում շրխկալով փակվել են ուղիղ քթիս առաջ: Ես գոռացել եմ՝ ինչքան ուժ ունեմ, որ մարդասպան չեմ, որ մեծ սխալմունք է իմ՝ այստեղ գտնվելը, բայց դռների հետևում մարդիկ չեն եղել: Այն, որ իմ ու իմ նմանների ձայնը լսելի չի դառնում, ամենևին էլ նրանից չէ, որ մենք բարձր ձայն չունենք, այլ նրանից, որ հարցերը լուծվում են ոչ թե արդարության շահից ելներով, այլ իշխանության քաղաքական կամ անձնական նպատակահարմարությամբ: Ում կուզեն՝ մի րոպեում կազատեն, ում կուզեն՝ կդատապարտեն: Կամայականություն է սրա անունը, այն իրավունքի հետ ոչ մի կապ չունի: Այնպես, որ որևէ ակնկալիք չունեմ դատարանից: Պարզապես պետք է սպառել ներպետական դատական ատյանները:
Երկու անգամ իմ բախտակից ընկեր Սողոմոն Քոչարյանի հետ երկու բանտերից փախչելու պատճառն էլ հենց այն էր, որ մեր ձայնը լսելի չէր դառնում: Մենք էլ մտածում էինք, որ փախուստներով միգուցե ուշադրություն կբևեռենք մեզ վրա: Պատկերացրեք՝ ստացվեց: Երկրորդ փախուստից հետո առաջինը լրագրողները արձագանքեցին՝ հանրությանը ներկայացնելով մեկ այլ իրականություն: Մարդիկ սկսեցին տեսնել, որ բանտերում կան նաև անարդարության զոհեր, ովքեր չեն հաշտվել անարդարության հետ ու պայքարում են: Ու հիմա, փառք Աստծո, մենակ չեմ դեպի ցմահ Ազատություն իմ պայքարում:
Ուրեմն կհանդիպենք սեպտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել