HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նունե Հախվերդյան

Հայկական հոսանքը Ստամբուլի աղի ջրերում

Ստամբուլի միջազգային բիենալեն, որն անցկացվում է երկու տարին մեկ անգամ, ժամանակակից արվեստի ամենախոշոր ստուգատեսներից է: Միշտ շատ հետաքրքիր է հետեւել, թե ինչպես է անդրադառնում ու դիրքավորում արվեստը այն երկիրը, որը մեծ հավակնություններ ունի, պատրաստ է գումար ներդնել ժամանակակից արվեստի ոլորտում եւ միաժամանակ խճճված խնդիրների մի հսկա կծիկ է:

2013 թվականին, օրինակ, Ստամբուլի բիենալեն նախատեսում էր արվեստի նախագծերը ներկայացնել հիմնականում բաց տարածքներում՝ ապահովելով հանրային հնչեղություն, բայց վերջին պահին ստիպված եղավ լիովին փոխել իր կոնցեպցիան ու մուտք գործել ծածկած տանիքների տակ, քանի որ Ստամբուլում արդեն ոչ թե արվեստի կրքեր, այլ լրջագույն ու իրական բողոքի ալիք էր բռնկվել: Գեզի հրապարակում հանրային ընդվզում էր, ոստիկանները ցուցարարների դեմ ուժ եւ արցունքաբեր գազ էին կիրառում, իսկ բիենալեն իր «Մայրիկ, արդյոք ես բարբարո՞ս եմ» («Mom, Am I Barbarian?») խորագրով խթանում էր քաղաքական ու անձնական քննարկումները:

Երկու տարի առաջ Ստամբուլում արվեստն ու քաղաքականությունը կողք կողք հայտնվելով՝ բախվեցին իրար եւ միաժամանակ սերտաճեցին: Արվեստը ստիպված էր թաքնվել ու կղզիանալ իրականության ճնշման տակ: Հիմա թերեւս տեղի է ունենում հակառակ գործընթացը:

Այս տարվա բիենալեն, որը կրում է «Աղի ջուր. Մտապատկերների տեսություն» («Saltwater: a Theory of Thoughts Forms») խորագիրը, ավելի խորքային, զգացմունքային ու փոքր-ինչ խառնաշփոթ ճանապարհով է փորձում գրավել հանրության ուշադրությունը: Այն ֆրագմենտացնում ու նետում-ներարկում է արվեստն ամենուր, ուր կարող է:

Ինչպես բիենալեի բացման ասուլիսի ժամանակ ասաց բիենալեի համադրող Քերոլին Քրիստով-Բակարջիեւը (Carolyn Christov-Bakargiev)՝ այն առաջին հերթին ուղղված է ոչ թե արվեստի աշխարհին, այլ Ստամբուլի բնակիչներին: Եվ պատահական չէ, որ բիենալեի ցուցադրության հարթակները տարալուծված են ողջ քաղաքով՝ ներառելով ոչ միայն թանգարանները, այլեւ դպրոցները, այգիները, գրադարանները, բանկերը, խանութները, կղզիները, ծովի ափերն ու անգամ ջրի հատակը:

Քերոլին Քրիստով-Բակարջիեւը եւ Աննա Բողիկյանը

ներկայացնում են հայկական նախագծերը

Արվեստի հետ շփվել ցանկացողներից բիենալեն պահանջում է քայլել քաղաքի նեղլիկ փողոցներով, մուտք գործել փոքրիկ ավտոտնակ-սրահներ, լքված տարածքներ, ափամերձ կիսաքանդ փարոս, կամ հինգաստղանի հյուրանոց, նավարկել Բոսֆորի նեղուցով կամ քարտեզը ձեռքին՝ պարզապես զբոսնել Ստամբուլով՝ ամեն վայրկյան պատրաստ լինելով կորցնել ու վերագտնել մի քանի տասնյակ ցուցադրության վայրերը:

Եթե անգամ շատ բան չես հասցնում տեսնել, ապա տեսնում ու զգում ես քաղաքը: Այսպես ասած՝ բիենալեի երթուղին արդեն իսկ մի քաղաք է քաղաքի մեջ:

Բիենալեի համադրող իտալա-բուլղարական արմատներ ունեցող ամերիկուհի Քերոլին Քրիստով-Բակարջիեւը աղի ջրի շուրջ կառուցելով բոլոր ցուցադրությունները` միախառնել է ամեն ինչը՝ թե՛ թանկարժեք, արդեն իրենց կայուն շուկայական տեղը զբաղեցնող արվեստի գործերը (օրինակ, Արշիլ Գորկու երկու աշխատանքները, որոնք ցուցադրվում են Օրհան Փամուկի «Անմեղության թանգարանում»),  թե՛ անծանոթ պատկերները (հենց Օրհան Փամուկի բնապատկերները, որոնք արվել են նոթատետրերի մեջ), թե՛ տեքստերը (ասենք, հայազգի Ռենե Գաբրիի ու պաղեստինուհի Այրին Անաստասի փորձը տեքստերով, բացիկներով, նկարներով ձեւավորել նոր՝ բազմապատումային տարածք, որը կատարվել է «Հրանդ Տինք» հիմնադրամի ու «Ակօս» թերթի գրասենյակում), թե՛ առաջին հայացքից անտեսանելի ու սովորական օբյեկտները (երբեմն արվեստի գործ է հենց շենքը կամ աղի բյուրեղների հավաքածուն):

Անգամ նավով զբոսանքն է հայտնվել ցուցանմուշի կարգավիճակում: Բիենալեի ուղեցույցում, օրինակ նշված է, որ թե՛արվեստի, թե՛ գիտության տեսկետից ծովում մի քանի ժամ գտնվելը առողջարար է, քանի որ աղի ջուրը բուժում է ոչ միայն քիթն ու կոկորդը, այլեւ հանգստացնում նյարդերը: Եւ ընդհանրապես տարբեր այլ հիվանդություններ ապաքինում ու ուրախության զգացում պարգեւում:

Բազմազան ու բազմաշերտ Ստամբուլը պատմական, լեզվական, մշակութային մեծ խառնարան է, եւ այդ խառնարանի ուսումնասիրությունն այս տարվա բիենալեի հիմքն է: Իսկ մասնակիցների շարքում ոչ միայն արվեստագետներ են, այլեւ օվկիանոսագետներ, նյարդա-հոգեբաններ, հնէաբաններ, որոնք բոլորն էլ ստեղծել են աղի ջրով շրջապատված ու աղի ջրից (ծովից) սնուցվող իրենց մտապատկերները:

Քիմիայի, փիլիսոփայության, գիտության ու արվեստի միախառնում է այս տարվա բիենալեն: Ամեն ինչից քիչ-քիչ ու միաժամանակ:

Ստամբուլի բիենալեն, ի տարբերություն Վենետիկի բիենալեի, չունի ազգային տաղավարների ձեւաչափ, բոլոր գործերը մեկ ընդհանուր կոնցեպտի շուրջ են դասավորվում: Եվ քանի որ կոնցեպտի հիմքը Ստամբուլն է՝ իր անցյալով ու խոհերով, բիենալեն նրբանկատորեն  ջրի երես հանեց տարբեր ազգային շերտեր, որոնք կազմում են Ստամբուլի համն ու հոտը, ցավն ու հույսերը:

2015 թվականի Ստամբուլի բիենալեում ամենացայտուն շերտերից մեկը դարձավ հայկականը:

Հայկական նախագծերի մասնակցությանը աջակցել է IDeA հիմնադրամի «Dilijan Art Initiative» նախաձեռնությունը: IDeA-ի համահիմնադիրներ Վերոնիկա Զոնաբենդը եւ Ռուբեն Վարդանյանը արվեստի սատարումը պայմանավորում են մի կողմից Հայոց Ցեղասպանության մեկդարյա պատմությամբ, իսկ մյուս կողմից՝ Դիլիջանի ու աշխարհի կապերի ամպրապնդմամբ: Արվեստն այն հարթությունն է, որի շնորհիվ կարելի է (ցանկության դեպքում իհարկե) ուշադրություն սեւեռել ուրույն պատմություն ունեցող ու մտապատկերներով հարուստ Հայաստանի վրա:

Եվ դժվար է պատկերացնել ավելի հարմար խորագիր («Աղի ջուր») ու մոտեցում (կարեւորը բոլոր ժամանակների ստամբուլցիներն են), որոնք Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի վերապրման տարում թույլ են տալիս հենց այսօրվա դիրքերից փաստել հայկական ներկայությունը Ստամպուլում եւ հայկական հոսանքը միահյուսել արվեստի ու քաղաքականության եզրագծում տարուբերվող բիենալեի ենթատեքստին:

«Աղի ջուրը» հազար ու մի մեկնաբանության, հույզերի ու խոհերի տեղիք է տալիս: Ծով, արցունք, քրտինք, ջուր առանց աղի, աղ առանց ջրի... Ի վերջո, ծովը ապրելակերպ է, կապ աշխարհի հետ, դուռ, պատուհան, բաց հորիզոն: Ինչպես նաեւ՝ երազանքների թիրախ (օրինակ, մեր «ծովից ծով Հայաստանի» կարոտը):  

Քերոլին Քրիստով-Բակարջիեւի համար (ով համադրել է ժամանակակից արվեստի  լայնամասշտաբ «dOCUMENTA» վերջին ցուցահանդեսը) աղի ջուրը Ստամբուլը միավորող, շրջանակող տարր է: Եվ իր համար հետաքրքիր է հետեւել, թե որտեղ է անցնում այն բաժանարար գիծը, որը ձգվում է պատմության միջով, մոտենում կամ հեռանում մեր օրերին, հանգչում, հանդարտեցնում, սպառնում, բուժում:

Աղի ջուրը բուժում, բայց նաեւ վերքեր է բորբոքում: Մեկ դար առաջ կատարված հանցագործությունը հենց այդպիսի վերք է, որը լիբանանցի մոդեռնիստ նկարիչ Փոլ Կիրակոսեանը (Paul Guiragossian) իր մեջ կրել է ողջ կյանքում: Եղեռնից վերապրած ծնողների զավակ լինելով՝ նկարիչը Ստամբուլի ամենամեծ թանգարանում՝ Istanbul Modern-ում ներկայացված է իր դիմակարների շարքով: Դիմանկարները գնալով մինիմալիստական են դառնում՝ ավարտվելով շատ ազդեցիկ երկու պատկերով՝ «Ներկայով ու անցյալով» («The Past and the Present»), որոնք գաղթի ճանապարհի խտացված սիմվոլն են:

Փոլ Գիրակոսյան, «Անցյալը եւ ներկան» / լուսանկարը՝ Սահիր Ուգուր Էրենի

Ստամբուլում էին նկարչի դուստրերը՝ Սիլվա եւ Մանուելա Գիրակոսյանները, որոնք պատմեցին, թե երկար ժամանակ չէին համաձայնում իրենց հոր ժառանգությունը Թուրքիա բերել: Ցավը մեծ է, իսկ պատմական անարդարությունը ներքուստ դեռ չի հաղթահարված:

Բայց Փոլ Գիրակոսյանը շատ կարեւոր գույն ավելացրեց հայկական նախագծերին՝ զրույցի բռնվելով Istanbul Modern-ում ցուցադրված այլ աշխատանքների հետ, որոնք տան գաղափարի կորստի, որոնման ու վերաիմաստավորման փորձեր են:

Բիենալեն կարեւորում է ինքնին նյութը, հումքը, այն տարրերը, որոնք եւ միաժամանակ անցյալին են պատկանում եւ հենց հիմա մեր կողքին են:

Եգիպտոսում ծնված, Կանադայում ապրող, իրեն ողջ մոլորակի բնակիչ համարող Աննա Պողիկեանը (Anna Boghiguian) Գալաթայի նախկին հունական դպրոցի դահլիճում կառուցել է իր մեծածավալ «Աղ վաճառողները»  («The Salt Traders») ինստալացիան, որի կենտրոնում հսկա առագաստն է, տարբեր չափի նավաբեկորներ, ցանցեր, ձկների քանդակներ, աղի բուրգեր, պարկեր եւ այն ամենը, ինչը ասոցացվում է ծովի հետ:

Աննա Բողիկյանի «Աղ վաճառողները», ինստալյացիա լուսանկարը՝ Սահիր Ուգուր Էրենի

«Ես ատում եմ ծովը»,- իր զարմանալի կոնցեպտուալ ժպիտով ասաց Աննա Բողիկեանը: Հետո ավելացրեց. «Բայց գնահատում եմ աղը»: Աղն այն ապրանքն է, որը զտվելով ծովից՝ հին ժամանակներում փոխարինել է դրամը, ծովից ծով տեղափոխվել ու համարվել հարստության չափանիշ: Այսօր աղի ջուրը նաեւ վտանգ է, քանի որ քայքայում է բոլոր թվային սարքերը, որոնք բախտի բերմամբ ընկնում են ծովը: Եվ ըստ Աննա Բողիկյանի՝ քանի դեռ պատմությունը վերջնականապես չի պատվել վտանգավոր աղի շերտով ու կարծրացել-աղակալել, հարկավոր է այն անընդհատ վերապատմել՝ խուսափելով կրկնվող սխալներից:

Նաեւ հիշել, թե ինչպիսի ողբերգություններ ու հանցագործություններ են կապված ծովի հետ՝ սկսած հին հռոմեացիներից, վերջացրած մեր օրերով: Ծովը շարունակում է կյանք խլել եւ այսօր:

Ահռելի տարածքում կառուցված, կախված, նկարված «Աղ վաճառողները» նման են անտիկ-ֆուտուրիստական մի պեյզաժի, որի մեջ բիենալեի այցելուները զբոսնում են, հպվում տարբեր նյութերին եւ անպայման փոշոտվում ու ներկվում: Պատմությունը հետք է թողնում մարմնի վրա՝ բիենալեի այցելուներին դարձնելով այդ խաղ-ճամփորդության մասնակիցը:

Նյութը երբեմն ինքն է թելադրում վարպետին, թե ինչպես է պետք իր հետ վարվել, ինչպես մշակել, ներկել, վերափոխել, արարել նոր օբյեկտ: Ասլի Չավուշօղլուն (Asli Chavusoglu), օրինակ, իր «Կարմիրը» («Red») նախագծում օգտագործում է հայկական որդան կարմիրը, մի ներկ, որը միջատից է անցնում մարդկանց եւ որի պատրաստման գաղտնիքները հայերը ոչ մեկին չէին բացում: «Այն, ինչը թուրքերի համար ընդամենը բզեզ է, հայերի համար պոեզիա է»,- վստահ է այս նախագծի հեղինակը:

Ասլի Չավուշօղլու, «Կարմիրը» 

Ծագումով իրաքցի, Չիկագոյում ապրող  արվեստագետ Մայքլ Ռակովիցը (Michael Rakowitz) Գալաթա դպրոցի մի քանի դասասենյակներում ներկայացնում է իր մանրակրկիտ ստեղծված ու թերեւս ամենից ցայտուն հայկական թեման ընդգծող «Մարմինը ձերն է, ոսկորները մերը» («The Flesh Is Yours, The Bones Are Ours») նախագիծը:

20-րդ դարի սկզբին, երբ սկսվող ջարդերի պատճառով հայերը հեռացան Ստամբուլից, փոխվեց նաեւ քաղաքի դիմագիծը: Հայերն արհեստավորներ ու կառուցողներ էին, որոնք արհեստանոցներ ու աշակերտներ ունեին, զարգացնում ու զարդարում էին Ստամբուլը: Եվ այդպիսի մի արհեստավորի՝ Կարապետ Գեզաիրլյանի ճակատագրից է Մայքլ Ռակովիցը սկսում հայկական ժառանգության ուսումնասիրությունը: Դեկորատիվ ճարտարապետական տարրերն ու շենքերի գիպսե զարդերը, որոնք նա վերականգնել է հայկական նախշապատկերների էսքիզներով, ներկայացված են փուլ առ փուլ: Սկզբում հումք է՝ փոշի, քար, նաեւ ոսկորներ (այն շների, որոնք առաջինը դարձան ցեղասպանության զոհ՝ վտարվելով անմարդաբնակ կղզի, որտեղ սովից սատկեցին կամ իրար հոշոտեցին), հետո հումքը նախագիծ ու մատիտանկար է դառնում, եւ վերջում՝ արվեստի նմուշներ: «Ես տեսա զարմանալի գեղեցկություն այդ նախշերի մեջ, եւ թվում է՝ հիմա էլ շատ բեկորներ դեռ պահպանում են վարպետների մատների ջերմությունը»,- ասաց Մայքլ Ռակովիցը, ում հետաքրքրում է արվեստի հետքի միտումնավոր ջնջումն ու այդ մոռացությանը դիմադրելու ուղիները:

Մայքլ Ռակովից, «Մարմինը ձերն է, ոսկորները մերը» լուսանկարը՝ Սահիր Ուգուր Էրենի

Ստանպուլի բիենալեի շատ գործեր անդրադառնում են մոռացված, լքված, ուրվականների վերածված տարածքներին, սպասողական վիճակին, կորուստներին: Եվ քանի որ կորուստն ամենից լավ արտահայտում է լռությունը, շատ նախագծեր լուռ են:

Լուռ են, եթե անգամ օգտագործում են ձայներն ու երաժշտությունը: Ծագումով հոլանդացի, Մեխիկոյում ապրող Ֆրանսիս Ալյուսը (Francis Alys) կարճ տեսաֆիլմ է ստեղծել, որն անվանել է «Անիի լռությունը» («Silence of Ani»): Հայաստանի երբեմնի ծաղկուն մայրաքաղաքներից մեկը, որը հիմա լուռ ու ամայի է, դառնում է այն վայրը, որը արվեստագետը փորձում է ձայներով ու կյանքով լցնել: Նա գտնում է երեխաների, որոնք ինքնաշեն շվիներ, սրինգներ նվագելով՝ նմանակում են թռչունների ծլվլոցը: Թռչուն-երեխաների այդ առանձին արիաները ինչ-որ պահի երգ են դառնում, իսկ երգը շարունակվում է նույնիսկ այն ժամանակ, երբ պատկերը ֆիլմից անհետանում է:

Այս ֆիլմը կարող է ընկալվել թե՛ որպես պոետիկ ժեստ (ֆիլմի ցուցադրությանը զուգահեռ կարելի է ծանոթանալ երաժշտական գործիքներին, թռչունների տեսականուն, Անիի պատկերներին՝ թերթելով տարբեր գրքույկները), թե՛ որպես քաղաքական ակցիա (նմանակման նմանակումը, ի վերջո, կարող է դրդել շատ բան իմանալ բուն օրիգինալի մասին): Ամեն ինչը կախված է դիտողի ցանկությունից ու տեղեկացված լինելուց:

Լռության տողատակը կհասկանաս, եթե գիտես Անիի ու հայերի պատմությունը: Շատերը չգիտեն: Բայց ոմանք փորձում են իմանալ, եթե ֆիլմից հետո նրանց մոտ հարցեր են ծագում:

Երաժշտության ու լռության կապը բոլորովին այլ կերպ է ներկայացնում բեյրութցի Հայկ Այվազեանը (Haig Aivazian), որը ստեղծել է «Wavy, Wavy is the Sea of Bolis» երգի շարժական փերֆորմանս: Պեյողլուի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցու երգչախումբը կատարում է Հայոց Ցեղասպանությունից փրկված, ստամբուլցի հայտնի ուտի վարպետ Հրանդ Կենկուլեանի մշակված ժողովրդական երգը, որին միախառնվում են պատարագն ու թուրքական կատարման մոդելը:

Ֆրանսիս Ալյուս, «Անիի լռությունը»

Այս երաժշտական նախագիծը Ստամբուլի մշակույթների, լեզուների ու կատարման ոճերի միախառնման արդյունքը ցուցադրող դիտարժան փորձ է:

Այդ միախառնումն ու սերտաճումը թվում է բնական, երբ շուրջդ խաղաղ է, մեղմ քամի է փչում, իսկ կողքդ բաց ծովային տարածք է՝ իր մաքուր օդով ու երազանքներով, հարստությամբ ու աշխատանքով:

Նման մի ամբողջություն է նաեւ աղի բյուրեղը, որը պինդ է թվում այնքան ժամանակ, քանի դեռ չի դիպչել ջրին: Ջրի մեջ այն լուծվում ու անհետանում է: Մնում է միայն աղի համը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter