HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարեն Անտաշյան. «Լավ գրականությունը սովորեցնում է չափերն անցնել»

Հարցազրույց բանաստեղծ Կարեն Անտաշյանի հետ

-Կարեն, գրողը նաև իրականության հետազոտողն է, վավերագրողը: Փորձե՞լ եք հասկանալ, թե ինչու է մեր օրերում մարդը հայտնվել լուսանցքում: Կարծես, ամեն ինչ արվում է մարդու համար, բայց մարդն ավելի շատ միայնության զգացում ունի: Ինչո՞ւ:

-Պարադոքսալ իրավիճակ է հիմա: Մի կողմից՝ ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ ամեն բան ավելի մարդակենտրոն, մարդասիրական է, քան նախկինում էր, այո, չնայած լրատվամիջոցների ծռվածությանը վատ լուրերի վրա, իրականում այսօր շատ ավելի քիչ բռնություն կա աշխարհում, քան ցանկացած այլ դարաշրջանում է եղել: Հիմա մարդը գոնե հայտագրված իրավունքներ և ազատություններ ունի և կարող է գոնե տարրական կրթույթուն ստանալ, անգամ ըստ իր հետաքրքրութունների մասնագիտական կայացման հնարավորութուն ունենալ, կայանալ իբրև անհատականություն:

Սակայն մյուս կողմից՝ մենք ապրում ենք գլոբալացվող աշխարհում և անկախ մեր աշխարհագրական դիրքից, մեր նախնիների դավանանքից ու պատմությունից՝ նույն կերպ ենք հագնվում, նույն իմաստներն ենք խոսում, նույն սնունդն ենք ուտում, նույն սարքերն ենք օգտագործում, նույն ապրանքներն ենք սպառում, նույն հեռուստատեսությունն ենք դիտում, նույնատիպ քաղաքներում ենք ապրում: Աշխարհում ամեն ամիս երկու լեզու է մեռնում, մենք ավելի ու ավելի ենք կորցնում մեր ինքնություններն ու մոռանում դրանց տարբերությունները, եղածն ու պահպանվողն էլ զուտ տուրիստական նշանակություն ունեն: Այս իրավիճակում, երբ մեզ շրջապատող աշխարհը ահռելի թափով ստանդարտացվում է, դժվար է ուրիշ մնալը:

Այսինքն՝ մի կողմից՝ մարդը ձեռք է բերել ընտրության ազատություն, մյուս կողմից՝ ընտրության հնարավորությունը կեղծ է: Մեզ առաջարկվում է ընտրել երկու բրենդի հեռուստացույցների միջև, որոնցից երկուսով էլ նույն բանն ենք դիտելու արդյունքում:

Սակայն մարդկային միտքը, որ հակված է ամեն ինչում իմաստ ու դիտավորութուն տեսնելու, ինձ դրդում է ենթադրել, որ մենք նույնականանում ենք, որպեսզի ավելի լավ հասկանանք իրար, ավելի հեշտ հաղորդակցվենք ու հեշտացնենք այն գլոբալ խնդիրների լուծումը, որոնք ծառացած են մարդկության առջև ու ավելի էական կդառնան մոտ ապագայում: Մենք մեր ինքնությունն ու անհատականությունը զոհում ենք մի առավել ընդհանրական ու մեծ բանի կայացման, որը դժվարանում եմ անվանել:

-Իսկ գրի մարդը կարողանո՞ւմ է օգնել այդ ինքնության կորստից ընկճված մարդուն, թե՞ հակառակը՝ խորացնում է ընկճվածությունը:

-Կարծում եմ (ոչ այն պատճառով, որ ես գրականությամբ զբաղվող կամ գրական հավակնություններ ունեցող մարդ եմ)` ժամանակակից հասարակության մեջ իրական հոգևորականները հենց գրողներն են, և ոչ թե կրոնական քարոզիչները:

Գրական տեքստը մի հաղորդագրություն է, որը մարդուն չի պարտադրում գործողության հանուն իր կանխակալ շահերի և մարդկանց չի դրդում միավորվել խմբերում, խմբավորվել՝ ի հակադրություն այլ խմբերի: Այն միշտ ուղղված է անհատին, նրա մտածողությանն ազատության ավելի բարձր աստիճան տալուն: Այդ առումով էլ հենց գրականությունն է ժամանակակից մարդու փրկօղակը, որովհետև նրան փորձում է ազատագրել լրահոսի մեջ առկա մարկետինգային և սպառողական ենթատեքստով լեզվից:

Լեզուն շատ էական գործոն է: Կարևոր չէ, թե ինչ, ինչի մասին և ինչ զգացմունքայնությամբ ենք խոսում, կարևոր է, թե ինչ լեզվով ենք խոսում: Քանի որ լեզուն և մտածողությունը խիստ նույնական չափումներ են, մեզ ներշնչվում է մի բառապաշար, հասկացությունների համախումբ, լեզու, որը մեզ վեր է ածում սպառողական զոմբիների, մեզ դրդում է շատ կոնկրետ գործողությունների կամ հետ պահում որոշներից: Այսինքն՝ լեզուն ոչ թե սոցիալական պատկանելիության պարզ արտահայտիչն է, այլ շատ կոնկրետ արժեհամակարգի ձևավորողը: Շատերի ընտրությունը նաև քչերի ընտրության վրա է ազդում: Պարզ օրինակ բերեմ, փնտրողական համակարգերը տալիս են հաճախ փնտրվող արտահայտությունների վիճակագրական ցանկ և եթե դու հավակնում ես, որ քո բովանդակությունը նույնպես գտնվի, ուրեմն պետք է տեքստդ կառուցես մեծամասնության նախընտրած լեզվամտածողության տիրույթում:

Բանաստեղծութունն ուրիշ լեզվով խոսելու և ուրիշ լեզու լսելու հնարավորություն է: Ուրիշ, ոչ թե օտար:

-Որպես գրի մարդ՝ ի՞նչ է Ձեզ պակասում մեր երկրում:

-Մեզ պակասում է ընթերցողների հետաքրքրվածությունը գրականության հանդեպ: Ցավալիորեն շատ քիչ են գրականությամբ հետաքրքրված մարդիկ, քիչ են կարդում գեղարվեստական գրականություն, առհասարակ քիչ են կարդում, և դա շատ է դժվարացնում մեր ասելիքի տեղ հասնելը: Գրականությունը հանրային արդյունք է ինչպես պաղպաղակը և պետք է հանրային, հնարավորինս զանգվածային սպառում ունենա: Գրականությունը քո ու քո միջև կայացող ինչ-որ ներամփոփված վերացարկում կամ մեդիտացիա չէ, վերամբարձ զրույց չէ քո ու Աստծո միջև (համոզված եմ, որ անգամ Նարեկացին այդպես չէր կարծում, այլապես չէր ջանա մարդկայնորեն փառահեղ բան ստեղծել) կամ գլուխ գովելու առիթ չէ քո ու քո նեղ շրջանի հարազատ-բարեկամների միջև:

 Գրական տեքստը պետք է անխնա հանրայնացվի և հանրային իրական քննարկման նյութ և առիթ դառնա, որպեսզի առհասարակ իմաստ ունենա: Իրականում եթե ավելի շատ կարդային և շատ ավելի ականջալուր լինեին այն հաղորդագրություններին, որ ժամանակակից գրականությունը բերում է, կարող էինք շատ ու շատ խնդիրներից խուսափել:

-Օրինակ, ի՞նչ խնդիրներից:

-Ես հիմա այն գովազդարարների նման վարվեցի, երբ ներկայացվում է խիստ ուռճացված մի խնդիր և իբրև փրկություն առաջարկվում սեփական արտադրության իշաոտնուկը: Իրականում գրականությունը շատ վաղուց է «հետապնդում» մարդկությանը, բայց դրանով դեռ ոչ ոք չի կերակրվել, ոչ մի պատերազմ չի կանխվել ու ոչ մի հիվանդ չի բժշկվել (Նարեկացու մատյանը չհաշված): Ճիշտ գրականության ընթերցանության միակ արդյունքը, որ ես կարող եմ ձեզ խոստանալ, ներքին ազատության առավել բարձր աստիճանն է: Ինչն ինքնին չի երաշխավորում, թե դուք այն ի նպաստ մարդկության կօգտագործեք, թե կուղղեք ինքներդ ձեր դեմ: Ազատությունը երբեք երջանկության գրավական չի եղել: Որովհետև երբ մենք ասում ենք ազատություն, մենք ավելի շատ ի նկատի ունենք այն սահմանը, որտեղ այն ավարտվում է, քան նվաճված տարածքը մինչ այդ: Լավ գրականությունը սովորեցնում է երևակայել և երազել, ցանկանալ սահմաններից այնկողմը, մի խոսքով լավ գրականությունը սովորեցնում է չափերն անցնել:

Իրականում ամենաբոբո թեմաները, որոնց հասարակությունները վախեցել են մոտենալ, զանգվածային լրատվության միջոցներից և քաղաքական հարթակներից առաջ եղել են հենց գրականության քննության ու արծարծման նյութը: Հանրային օրակարգի համար գրականությունը նույնն է, ինչ բնական գիտությունների համար մաթեմատիկան՝ այն շատ ավելի առաջ է անցել իրեն վերապահված՝ պայմանականությունների մեջ օրինաչափություններ սահմանելու գործում և տեսական կառույցներ է ստեղծել, որոնք առաջկա 100 տարվա ընթացքում հազիվ էլ կիրառություն ունենան: Նույնը գրականությունն է, անգամ գիտական ֆանտաստիկայի մոգերի տեխնոլոգիական կանխատեսումներն ի նկատի չունեմ, այլ համամարդկային վարքի մետամորֆոզները, որ եղել են գրականության տիրույթում և դեռ նոր պիտի փոխադրվեն իրական կյանք: Գրականությունը մարդկության ապագայի մետաֆորն է, որն ինչպես անհասկանալի և բարդ երազը, միշտ սխալ է մեկնաբանվում: Հրանտ Մաթևոսյանն էլ է ասում, որ այն ինչ տեղի է ունենում իրականում, նախ տեղի է ունեցել խոսքի մեջ:

-Կա՞ն արժեքներ երկրում, որ կորցրել ենք, և ափսոսում եք դրա համար:

-Մենք կորցրել ենք այս հողի հետ կապվածության խորքային զգացողությունը, և ինչպես լեռան վրայից հատված անտառն է մերկացնում հողի խեղճությունը, այնպես էլ մենք մեր այդ անջատողականությամբ վարկաբեկել ենք մեր երկիրը: Այն որ մեզնից շատերը գնացին, իսկ շատերի հայացքներն էլ դուրս են ուղղված, սնանկացման ու սողանքի է դատապարտվում այս հողը: Նույնիսկ ամենաստից անձրևներն էլ ունակ են լվանալ ու սրբել քաչալ մնացած սարի հումուսը, իմաստն այսինքն, հոգևոր բովանդակությունը:

Ի դեպ, ասեմ, որ գերկրոնականացված ու ազգայնականացված պաշտոնական/իշխանական լրահոսն այդ ամայացումին ավելի շատ է նպաստում, քան իրոք հավատացնում ու ոգևորում է մարդկանց:

Իմ ընկերներից, բարեկամներից, հարազատներից շատերն էլ են գնացել այլ երկրներ ապրելու, բայց ես ոչ մի գնացողի հետևից վատն ասելու իրավունք չունեմ: Նախ մարդիկ ավելի անվտանգ ու ավելի ապահով ապագա են ուզում իրենց երեխաների համար, և երկրորդը, ինչն ավելի հիմնավոր է՝ գնալն առհասարակ բնորոշ է մարդկային էությանը: Ի վերջո ողջ Երկիրը Ավստրալիայից մինչ Պերու բնակեցրել են այդ գնացողների ցեղախմբերը:

-Երբևէ մտածե՞լ եք գնալու մասին:

-Բարեբախտաբար, շատ եմ ճամփորդում: Տարբեր գրական փառատոների, մշակութային նախագծերի կամ կրթական ծրագրերի հրավերներով հաճախ եմ լինում դրսերում: Սակայն մեկ շաբաթ կամ 10 օր հետո խորը հուսահատությունն ու ձանձրույթն սկսում են ինձ կեղեքել: Ես չեմ կարողանում որևէ տեղ մեկ ամսից ավելի երկար մնալ: Ինձ համար գնալուց հետո ավելի մեծ հաճույք է վերադառնալը: Ես սիրում եմ գնալ. ժամանակ առ ժամանակ ուղղակի կենսական անհրաժեշտութուն է դառնում գնալը, բայց դրանից առավել ես սիրում եմ վերադառնալ: Հետ գալ Հայաստան, Երևան, մեր տուն: Եթե մերոնք արտասահման գնալու հնարավորություն շատ ունենային, կարծում եմ՝ ավելի քիչ հակված կլինեին մշտական հեռանալուն:

Մենք բավականին փակ ու ստերիլ մոնոէթնիկ միջավայրում ենք ապրում: Անգամ երբ վերջին տարիներին հարևան Իրանից զբոսաշրջիկների մեծ հոսք է գալիս Հայաստան և ժամանակ առ ժամանակ նրանց ներկայությունը նկատելի է դառնում Երևանի փողոցներում, շատերից եմ փնթփնթոց լսում, թե «պարսիկները գրավել են Երևանը», մոռանալով, թե ինչպես են ժամանակին հայերը «գրավել» Հալեպն ու Մարսելը կամ հիմա Մոսկվան ու Լոս Անջելեսը, էլ չասեմ հարևան Քոբուլեթիի հայկական սեզոնային «օկուպացիան»:

-Վերջին գրքից՝ «Ծիլի-Ծովից» հետո նոր փնտրտուքի մե՞ջ եք:

-Իմ բոլոր գրքերը կյանքիս և մտածողությանս շրջադարձային փուլերի հետ եմ կապում, ամեն մի գրքով ես ոնց որ հաջորդ լեվըլ եմ անցնում: Վերջին գրքից հետո լռությունը երկար ձգվեց, ես իրոք ստեղծագործական փնտրտուք մեջ եմ, բայց նաև չի կարելի ասել, թե այդ փնտրտուքը որևէ շոշափելի դրսևորում ունի: Սա ոչ այնքան իմ ծուլության նշանն է, այլ այն բանի, որ բանաստեղծելը միայն «word»-ի մեջ տեքստ շարելը չէ: Այն շատ ավելի խորը տեղերում է գոյանում, ու մինչ նրա ծիլը լույս կտեսնի, կարելի է ճամփորդել, խորոված անել, երեխաներ ունենալ: Հիմա աշխատանքային խնդիրներով ու բնակկենցաղային հոգսերով ծանրաբեռված առօրյա կյանքով եմ ապրում: Բայց երբեք հնարավոր չէ պլանավորել, թե ինչ մեծ, էական փոփոխություն է սպասվում հաջորդ շրջադարձին, և որ պահին գրկանության աստվածուհին աչքով կանի, դա միշտ տեղի է ունենում անսպասելիորեն: Երբեմն այդ դիպվածները կյանքի կտրուկ շրջադարձերի հետ են զուգորդվում: Հիմա իմ կյանքում այդպիսի շրջադարձ դեռ չի նշմարվում, և ես իմաստ չեմ տեսնում անգամ ինքս ինձ կրկնել ու գիրք հրատարակել, որը կարող է համարվել հերթական:

-Դուք գրում եք, որովհետև... Կշարունակե՞ք:

-Բանաստեղծությունն ինձ համար արթմնի երազատեսություն է, մի բան, որ մտքիդ, հիշողությանդ, վախերիդ, հույզերիդ, արատներիդ, թաքուն կրքերիդ հետ ուղղակի կապ ունեցող մանրամասնություններց կառուցում է մի ուրիշ, բոլորովին նոր մարմին, որն ինքն իր գոյության տրամաբանությունն ունի, համ քո ինքնաբժշկության և ինքնամխիթարության խիստ անհատական դեղահաբն է, համ էլ ուրիշներին կարող է զվարճացնել:

Առանց ավելորդ վերամբարձության, թե իբր, ասենք, գրում եմ, որ փոխեմ աշխարհը, կամ մարդկային սրտերը գրավեմ, կամ մոտենամ այնկողմնայինին... Շատ ավելի պարզ՝ ես գրում եմ, որովհետև բանաստեղծության գոյանալու և ծնվելու պահն ինձ համար վայելքի գերագույն աստիճանն է:

Լուսանկարը՝ Կ. Անտաշյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter