
Ախալքալաքում վրացական նոր դպրոց է կառուցվելու
Վրաստանի կրթության նախարարի որոշմամբ, նոր ուսումնական տարվանից Ախալքալաքի N 3 վրացական դպրոցի մոտ 130 աշակերտ կհաճախի նոր և արդիական դպրոց: Վրացական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Վրաստանի կրթության նախարար Դ. Շաշկինն այցելել է Ախալքալաք և տեղական մարմինների և կրթական կենտրոնի աշխատակիցներին ներկայացրել նոր դպրոցի նախագիծը:
Ախալքալաքի կրթական ռեսուրս-կենտորնի պետ Նարցիս Կարապետյանը «Հետքի» հետ զրույցում տեղեկացրեց, որ վրացական դպրոցի շենքը բարվոք վիճակում չէր, այդ պատճառով նոր շենք պետք է կառուցվի: «Նախագիծ է, այս տարի չգիտեմ' կսկսե՞նք, թե՞ ոչ»,- ասաց Ն. Կարապետյանը:
Ախալքալաքում գործում է 5 դպրոց' 3 հայկական, 1 ռուսական և 1 վրացական: 2007-ին վրացական դպրոցում սովորել է 87 աշակերտ, վերջին երկու տարիների ընթացքում աշակերտների թիվն անցել է 100-ից: Դպրոցի տնօրինությունը հույս ունի, որ նոր դպրոցի կառուցմամբ վրացական դպրոց հաճախողների թիվը կավելանա, այդ պատճառով նոր դպրոցը նախատեսված կլինի մոտ 250 աշակերտի համար:
Մեկնաբանել