
Ռոջեր Ուոթերս. Հետպատերազմյան երազանքի հետքերով
Նաիրա Հայրապետյան
«Ես ու Դեյվիդը միշտ էլ շատ տարբեր մարդիկ ենք եղել. մենք միմյանցից տարբեր ենք և՛ հայացքներով, և՛ նպատակներով: Այդպիսին էինք նույնիսկ այն ժամանակ, երբ ինքը նոր էր միացել խմբին. դա 1968 թվականն էր: Ու այս ամենը այդպես էլ երբևէ չփոխվեց,- ասում է Ռոջեր Ուոթերսը,- կգա ժամանակ և ինքներդ կպարզեք իրականությունը, իսկ իրականությունն այն է, որ նա ինձ դուր չի գալիս»:
1983թ. «The Final Cut»-ի՝ «Pink Floyd»-ի 12-րդ ստուդիական ալբոմի թողարկումից հետո կրքերն առավել թեժացած էին երկու երաժիշտների միջև: Եվ շուտով Ուոթերսը հայտարարեց խմբից հեռանալու իր որոշման մասին: Սա ոչ միայն վերջին ալբոմն էր խմբի հիմնադիր կազմով, այլև միակը, որտեղ ամեն ինչ՝ երաժշտություն, երգի բառեր և նույնիսկ շապիկի ձևավորում, պատկանում էր միմիայն Ուոթերսին: Սա միակը մնաց խմբի պատմության մեջ նաև այն առումով, որ բացակայում էր Ռիչարդ Ռայթը: Ալբոմի նախապատրաստական աշխատանքներն արդեն անցնում էին լարված մթնոլորտում. երաժիշտների միջև, հատկապես Ուոթերսի և Գիլմըրի, կոնֆլիկտային իրավիճակները գնալով ավելի էին մեծանում: Տպավորությունն այնպիսին էր, որ Ուոթերսը՝ անտեսելով մյուսներին ու ամեն ինչ, անում էր այն, ինչ ինքն էր հարմար գտնում՝ դրանով ասես հասկացնելով՝ «այստեղ ես եմ ասողը»: Ուրիշ էլ ի՞նչ է հնարավոր ենթադրել, եթե խումբը թողարկում է մի ալբոմ, որը կրում էր հետևյալ ենթավերնագիրը՝ « Ռեքվիեմ՝ նվիրված Ռոջեր Ուոթերսի հետպատերազմյան երազանքին՝ «Pink Floyd»-ի կատարմամբ»:
Մոտավորապես այսպես: Այս շարքը ընդգծված հակապատերազմական տրամադրություն ուներ: Ինքնահռչակ «հրամանատարն» այն նվիրել էր համաշխարհային պատերազմում զոհված հոր՝ Էրիկ Ֆլետչեր Ուոթերսի հիշատակին: Երբ Գիլմըրը խնդրեց նրան ձայնագրության աշխատանքները հետաձգել թեկուզ կարճ ժամանակով, որպեսզի ինքն էլ հասցնի մեկ-երկու երգ գրել, Ուոթերսը մերժեց: «Կարծում եմ, որ մի քանի երգ, ինչպիսին օրինակ «Comfortably Numb»–ն է, կրակի վերջին առկայծումներն էին՝ իմ և Ուոթերսի համատեղ աշխատանքի»:- ասել է Գիլմըրը այդ օրերի մասին: Նիք Մեյսոնի վկայությամբ, խմբի անդամների միջև ստեղծագործական անհամաձայնությունը հաճախ վերածվում էր վեճի, անգամ ծեծկռտուքի: Գիլմըրը նաև ասում էր, որ եղած երգերն այնքան էլ իր սրտով չէին, և այդ պատճառով էր փորձում վերանայել բովանդակությունն ու ցանկը: Բայց չստացվեց: Ուոթերսը առանց ուշադրություն դարձնելու բազմաթիվ տարաձայնությունների, ձայնագրեց ալբոմը, որը թողարկվեց 1983թ. մարտին:
Չնայած այս ալբոմից որոշ երգեր հաջողություններ ունեցան, բայց խմբի պատմության մեջ այն մինչ օրս համարվել է ամենաթույլ ստեղծագործությունը: Շատերն են խոսել այն մասին, որ այստեղ ամեն ինչ չափից դուրս քաղաքականացված էր, որի պատճառով, առավել կարևորություն տալով տեքստին, հեղինակը չէր կարողացել զարգացում ապահովել երաժշտական մասում:
Ամերիկացի գրող և քննադատ Կուրտ Լոդերը այն համարում էր« ըստ էության, Ռ. Ուոթերսի սոլո ալբոմը»: Ուոթերսը ոչ միայն երգերի, երաժշտության, դիզայնի հեղինակն էր, այլ նաև հիմնական կատարողը. 12 երգից բաղկացած ալբոմում ընդամենը « Not Now John»-ում է հնչում Գիլմըրի ձայնը… իսկ Ռայթը, ինչպես արդեն նշեցինք, ընդհանրապես չկար, նրան փոխարինել էին այլ երաժիշտներ:
Դեռևս «The Wall»-ից եկող բեկումը երաժիշտների միջև այլևս խորացել էր և գնալով վերաճում էր անվերջանալի կոնֆլիկտների: Արդյունքում, Ռոջերը սկսեց հաստատակամորեն աշխատել անհատական նախագծի համար, իսկ արդեն 1985թ. հեռացավ խմբից՝ այսպիսով դադարեցնելով նաև գործունեությունը:
Հետո այս երաժիշտներին միասին արդեն հանդիպում ենք դատական ատյաններում: Ուոթերսը այդպես էլ չներեց խմբի անդամներին, որ իր հեռանալուց հետո՝ 1987թ., «Pink Floyd»-ի գործունեությունը շարունակել էին նույն անվամբ: Նա խմբին նաև մեղադրում էր նախկին ստեղծագործություններն օգտագործելու համար: Եվ Ռոջերը խմբին դատի տվեց: Հանուն իրավունքների մղվող այս թեժ պայքարում, երկարատև քաշքշուկներից հետո նոր «Pink Floyd»-ին հաջողվեց պահպանել իր անունը, սակայն Ուոթերսն իր հերթին հասավ նրան, որ իրեն հանձնվեց «The Wall»-ի «The Final Cut»-ի և խմբի լավագույն ստեղծագործությունների մեծ մասի հեղինակային իրավունքը: Չնայած նախկին հրամանատարի կանխատեսումներին՝ «Pink Floyd»-ն առանց Ուոթերսի, այնուամենայնիվ, շարունակեց ապրել: 1987թ.-ից սկսած՝ խումբն առանց նախկին առաջնորդի թողարկեց երեք ալբոմ՝ «A Momentary Lapse of Reason» (1987թ.), «The Division Bell» (1994թ.) և «The Endless River» (2014թ.): «A Momentary Lapse of Reason»-ին հաջորդեց համաշխարհային շրջագայությունը, որը ամենամեծն էր խմբի կյանքում:
Ուոթերսի սոլո կարիերան իր սկիզբը նշանավորել էր դեռևս 1984թ., երբ նա թողարկեց « The Pros and Cons of Hitch Hiking» ալբոմը: Սակայն ամենանշանավորը դեռ առջևում էր: 1990թ. հուլիսին նա մի մեծ ու շքեղ համերգ անցկացրեց Բեռլինում՝ Պոտսդամի հրապարակում, նվիրված բեռլինյան պատի քանդվելուն և Գերմանիայի վերամիավորմանը: Պատմական այս իրադարձությանը նվիրված « The Wall – Live in Berlin»-ը ամենամեծ և ամենատպավորիչ էջերից է ռոք մշակույթում: Այս համերգին մասնակցում էր հայտնի երաժիշտների մի հսկա աստղաբույլ՝ Ջոնի Միտչել, Վան Մորիսոն, Շինեիդ Օ’Քոնըր, « Scorpions», Բրայըն Ադամս և ուրիշներ: Դե իսկ ներկայացման և բեմի ձևավորման մասին լեգենդները շրջում են մինչ օրս:
Երաժիշտն այս համերգային շոուն գունավորել էր գերմանական սիմֆոնիկ նվագախմբի, երգչախմբի, ամերիկյան երկու ռազմական ուղղաթիռների, սովետական քայլերթով և զինվորական նվագախմբի մասնակցությամբ ևս:Հատուկ այս համերգի համար կառուցվել էր 25 մետր բարձրությամբ և 170 մետր երկարությամբ պատ: Հրավիրյալների թվում էին ռոքի մեծանուն երգիչներ և երաժիշտներ, որոնցից ոչ բոլորն էին կարողացել ներկա լինել: Այդ անունների մեջ, սակայն, չկային նախկին գործընկերները՝ ո՛չ Գիլմըրը, ո՛չ Նիք Մեյսոնը և ո՛չ էլ Ռիչարդ Ռայթը:
Երկու տարի անց Ուոթերսը թողարկեց իր երրորդ ալբոմը՝ «Amused to Death » խորագրով, որն ամենահաջողվածն է համարվում իր սոլո կարիերայի ընթացքում: 2005թ. լույս տեսավ «Ça Ira» -ն, այն Ֆրանսիական Հեղափոխությանը նվիրված երեք գործողությամբ օպերա էր:
Ուոթերսը հայտնի է ակտիվիստական գործունեությամբ ևս ՝ հասարակական, բնապահպանական և քաղաքական հայացքներով: Այս առումով նա մի քանի համերգային նախագծեր է իրականացրել, որոնք նույնիսկ քաղաքական սուր հաղորդագրություններ են պարունակել: Մասնակցել և իրականացրել է մի շարք բարեգործական ծրագրեր, համերգներ, նույնիսկ ղեկավարել նման կազմակերպության աշխատանքներ: Ահա այս հանգամանքի, կամ ավելի ճիշտ, երաժիշտ-մարդու այս կեցվածքի շնորհիվ «Pink Floyd»-ի երկրպագուները մի քանի անգամ հնարավորություն ունեցան բեմում միասին տեսնելու խմբին՝ նախկին կազմով:
2004թ. Ուոթերսը նոր երգեր թողարկեց, որոնցում նա ուղղակիորեն դատապարտում էր Միացյալ Նահանգներին և Մեծ Բրիտանիային մեկ տարի առաջ Իրաքի դեմ իրականացված ռազմական գործողությունների համար: Իսկ ահա 2013թ. երաժիշտը համախմբեց նախկին գործընկերներին Իսրայելի դեմ՝ դատապարտելով Պաղեստինյան տարածքները օկուպացնելու համար: «Ես ամենաքիչը սխալ եմ համարում, որ արտիստը գնա և ելույթ ունենա մի երկրում, որը օկուպացրել է մեկ այլ ժողովրդի հողը և ճնշում է նրանց, ինչպես դա Իսրայելն է անում ,- ասում էր Ուոթերսը ,- Նրանք պետք է «ոչ» ասեն»:
Բնականաբար նա ևս հայտնվեց հակասիոնիստական գործիչների սև ցուցակում, որի համար ստիպված եղավ բացատրություն տալ, որ իր քննադատությունը ուղղված է ոչ թե հրեաների կամ կոնկրետ Իսրայելի, այլ Իսրայելի կառավարության գործունեությանը, այն էլ՝ կոնկրետ պաղեստինյան հարաբերություններում:
«Հոր կորուստը նման է այն կենտրոնական սյան փլուզմանը, որի վրա հիմնովին կանգնած է պատը,- ասում է Ուոթերսը,- Տարիներն անցնում են իրար հետևից, իսկ երեխաները շարունակում են հայրեր կորցնել, նորից ու նորից… հանուն ոչ մի բանի»:
Ուստի, չնայած լեգենդար երաժշտի հետպատերազմյան երազանքի, աշխարհում նրա բաղձալի խաղաղությունը դեռ չի շտապում հաստատվել: Իսկ այդ երազանքը հեռու է իրականությունից այնքան ժամանակ, քանի դեռ հնչելու են «Bring The Boys Back Home» -եր ոչ թե միայն բեմերից, այլ մեր իրական կյանքում, ցավալիորեն՝ ամեն օր, ամեն ժամ:
Մեկնաբանել