HY RU EN

«Քիմպրոմի» վտանգավոր նյութերի պահպանման համար սեփականատերը մտածելու լուրջ խնդիր ունի

«Վանաձորի-Քիմպրոմի» շուրջ 200 աշխատողների 9 ամիսների աշխատավարձի պարտքերի վճարման խնդիրը այդպես էլ չի լուծվում: Հիշեցնենք, որ աշխատավարձի պարտքը կազմում է 366 մլն դրամ: Այսօր վաղ առավոտյան ընկերության աշխատողները նորից հավաքվել էին Լոռու մարզպետարանի բակում: Նրանց հետ այս անգամ էլ հանդիպեց մարզպետ Արթուր Նալբանդյանը: 

«Այս պահին կոնկրետ պատասխան չեմ կարող ձեզ ասել, որովհետև «Քիմպրոմի» սեփականատերերի հետ մեր բանակցությունները շարունակվում են: Մենք աշխատավարձի հարցում մի փոքր փակուղու առաջ կանգնեցինք Արմեն Մովսիսյանի մահվան պատճառով: Բայց ես համոզված եմ, որ մի նոր ճանապարհ կգտնենք և նոր ուղղությամբ կփորձենք խնդրին լուծում տալ»,- աշխատողներին բացատրեց Արթուր Նալբանդյանը:

«Հետքի» հարցին, թե էներգետիկայի և բնական պաշարների նախարարության երբեմնի նախարար, ՀՀ նախագահի խորհրդական Արմեն Մովսիսյանն ինչ առնչություններ ուներ «Քիմպրոմի» և այս մարդկանց աշխատավարձի հետ, Արթուր Նալբանդյանը պատասխանեց. «Ես կոնկրետ չեմ կարող ասել՝ ինչ առնչություններ ուներ, բայց «Քիմպրոմի» աշխատողների աշխատավարձի շուրջ ցանկացած հարցի դեպքում ինքը պատասխանատվություն էր վերցնում և փորձում էր աջակցել աշխատողներին: Կոնկրետ, թե հատկապես իր որ պարտավորությամբ էր Արմեն Մովսիսյանը ստանձնում այդ պատասխանատվությունը, ես դա չեմ կարող ասել»:

Վերադառնալով «Քիմպրոմում» պահպանվող վտանգավոր քիմիական նյութերի անվտանգության շուրջ աշխատողների ահազանգերին՝ Ա. Նալբանդյանն ասաց. ««Քիմպրոմի» անվտանգության խնդիրներն իհարկե, քննարկվում են: Գործարանի քիմիական վտանգավոր այդ նյութերը շուրջօրյա պահպանման կարիք ունեն, այդտեղ անվտանգության աշխատողների թիվը մեծ է, և աշխատավարձի պարտքերի զգալի մասը հենց այդ աշխատողների աշխատավարձն է: Էս առումով, ինձ թվում է, «Քիմպրոմի» սեփականատերը մտածելու լուրջ խնդիր ունի, որովհետև վաղը կամ մյուս օրը մենք բնապահպանական լուրջ աղետի առաջ կկանգնենք: Բնապահպանության նախարարությունը սեփականատերերի հետ պետք է այս հարցը լրջորեն քննարկի»: 

«Քիմպրոմի» աշխատողների մեծ մասն արդեն ազատված է աշխատանքից: «Մարդիկ կան՝ 9 ամիս ազատված են աշխատանքից, բայց վերջնահաշվարկը չեն կարողանում ստանալ: Ես վերագործարկելու հետ կապված անորոշ եմ տեսնում «Քիմպրոմի» ճակատագիրը, բայց աշխատավարձի մասով, բնականաբար, չեմ կարծում, որ որևէ մեկը իր աշխատավարձը չստանա, ուղղակի ժամանակի խնդիր ա»,- հայտնեց Ա. Նալբանդյանը:

Քիմպրոմցիները այս անգամ էլ ցրվեցին աշխատավարձի վճարման համար մարզպետի կանչի ակնկալիքով: