Սամվել Կարապետյանն օֆշորային ընկերություններով մտնում է Հայաստան
Սեպտեմբերի 17-ին կառավարությունը որոշում է ընդունել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերի օտարման վերաբերյալ «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերության հայտի մասին»:
«Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերությունը դիմել է ՀՀ կառավարությանը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ 100 տոկոս բաժնետոմսերը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանն օտարելու մտադրության մասին: Գործադիրի այս որոշմամբ հանձնարարվել է Էներգետիկայի և բնական պաշարների, Արդարադատության, Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարներին «ուսումնասիրել «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի. » ընկերության եւ «Լիորմանդ հոլդինգզ լիմիթեդ» ընկերության միջեւ կնքվող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի օտարման պայմանագիրը եւ տալ եզրակացություն»:
Դեռեւս այս տարվա գարնանը «Տաշիր գրուպ»-ի մոսկովյան մի խումբ ֆինանսիստներ, որոնց թվում էին «Տաշիր գրուպ»-ի փոխնախագահ եւ ընկերության ֆինանսական մասի ղեկավար Վարուժան Արթենյանը եւ «Տաշիր գրուպ»-ի մյուս փոխնախագահ, АКБ "ФОРА-БАНК"-ի տնօրենների խորհրդի նախագահ Հայկ Իգնատյանը (Սամվել Կարապետյանի քրոջ ամուսինն է) այցելել են Հայաստան եւ ուսումնասիրել ՀԷՑ-ի ֆինանսական վիճակը: Նրանց զարմացրել է ձեռնարկության ֆինանսական բարդ կացությունը, հսկայական պարտքերը, մասնավորապես՝ ներգրավված մի քանի հարյուր միլիոն դոլարի վարկային միջոցների մարման դժվարությունները եւ, իհարկե, փնթի մենեջմենտը: Այս ամենն իմանալուց հետո Սամվել Կարապետյանը, կարծես թե, հակված չէր իր վրա վերցնելու ՀԷՑ-ի այսչափ մեծ բեռը: Բայց նա, ինչպես պարզվեց, այլընտրանք չուներ: Ըստ երևույթին՝ ռուսական կողմն նաեւ ուզում էր, որ Սամվել Կարապետյանը ձեռք բերի ՀԷՑ-ը: Թե կուլիսային ինչ պայմանավորվածություններ են եղել, առայժմ հայտնի չէ: Սամվել Կարապետյանի շրջապատից ինչ-որ բաներ մեզ հաջողվել է պարզել. այն, որ Ս. Կարապետյանը որոշել է իր վրա վերցնել պարտքերի միայն մի մասը: Խոսքը 30 միլիոն դոլարի մասին է, ինչպես նաեւ սոցիալապես անապահով խավի սուբսիդավորումը: Թե ինչ ճակատագիր է ունենալու հիմնական պարտքը, դժվար է ասել։
Այս տարվա գարնանը բրիտանական խորհդրատվական մի ընկերություն եվրոպական բանկերից մեկի պատվերով ուսումնասիրում էր Սամվել Կարապետյանի հայաստանյան բիզնես գործունեությունը:
Ընկերության ներկայացուցիչը, ով նաեւ հանդիպել է մեզ հետ հունիսի սկզբին, հետաքրքրված էր «Տաշիր գրուպի» հայաստանյան գործունեությամբ: Այդ հետաքրքրությունը, ինչպես պարզվեց, կապված էր «Տաշիր գրուպի» կողմից այդ բանկի հետ վարկավորման ծրագրի շուրջ սկսած բանակցություններին: Այսինքն՝ ՀԷՑ-ը գնելու բանակցություններին զուգահեռ Սամվել Կարապետյանը վարկավորման աղբյուրներ էր փնտրում ՀԷՑ-ում ներդրումներ կատարելու համար:
Այժմ ներկայացնենք օֆշորային ընկերություններին, որոնց հետեւում կանգնած է ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանը:
1. «Լիորմանդ հոլդինգզ լիմիթեդ» (Liormand Holdings Limited)
«Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությцւնը հիմնադրվել է 2010թ․ նոյեմբերի 30-ին: Ընկերությունը գրանցված է Կիպրոսում: Ընկերությունն ունի 1000 բաժնետոմս, մեկ բաժնետոմսի արժեքը մեկ եվրո է: Ընկերության բաժնետոմսերի 100 %-ը 2014 թ. դեկտեմբերի 1-ից պատկանում է «Տուրվա մենեջմենտ լիմիթեդ» ընկերությանը: Մինչեւ 2014 թ.-ը ընկերության բաժնետոմսերի 50 %-ը պատկանում էր բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված «Գիորգիո ԼԹԴ»-ին (Giorgio LTD), մյուս 50 %-ը՝ «Տուրվա Մենեջմենտ Լիմիթեդ» -ինն էր:
2. «Տուրվա Մենեջմենտ Լիմիթեդ» (Turva Managment Limited)
«Տուրվա Մենեջմենտ Լիմիթեդը» ստեղծվել է 2010 թ․ սեպտեմբերի 30-ին: Գրանցված է Կիպրոսում: 07/07/2015-ին ընկերության տնօրեն է դարձել Անաստասիոս Նիչոլասը (Anastasios Nicholas)։
«Տուրվա Մենեջմենտ Լիմիթեդի» -ի 100 % բաժնետերն է «Մարքուարդ թրաստ (Կիպրոս) լիմիթեդ» ընկերությունը:
3. «Մարքուարդ թրաստ (Կիպրոս) լիմիթեդ» (Marcuard Trust (Cyprus) Limited)
Ընկերությունը հիմնադրվել է 2010 թ ապրիլի 22-ին: Գրանցված է Կիպրոսում: Տնօրենն է Մեծ Բրիտանիայի քաղաքացի Ալեքսիս Քսենոֆոնտոսը (Alexis Xenofontos): Բաժնետոմսերը կազմում են 1100 հատ:
«Մարքուարդ թրաստ (Կիպրոս) լիմիթեդի» 1000 բաժնետոմսը պատկանում է «Մարքուարդ (Կիպրոս) լիմիթեդ» ընկերությանը:
100 բաժնետոմսը պատկանում է Կիպրոսի քաղաքացի Անդրեաս Չաթզիմիչայլին (Andreas Chatzimichail):
4. «Մարքուարդ Կիպրոս Լիմիթեդ» (Marcuard Cyprus Limited)
Հիմնադրվել է 2010թ․ հուլիսի 8-ին, գրանցված է Կիպրոսում: Տնօրենը`Կիպրոսի քաղաքացի Գաբրիել Պիտերն է (Gabriel Peter)։ Դրանից առաջ եղել է Սինան Ռոբերտ Բոդմերը (Sinan Robert Bodmer):
Ընկերությունն ունի 611,111 բաժնետոմս (մեկ բաժնետոմսը մեկ եվրո է):
«Մարքուարդ Կիպրոս Լիմիթեդ»-ի բաժնետերերն են.
|
Հիմնադրման ժամանակ ընկերության միակ բաժնետերը եղել է Marcuard Heritage Participations LTD-ին, որը գրանված էր Վիրջինյան կղզիներում:
Այնուհետեւ խոշոր բաժնետերերից մեկը դարձել Սինան Ռոբերտ Բոդմերը, նա ունեցել է 154,000 բաժնետոմս:
5. «Մարքուարդ Հերիթաջ Հոլդինգ ԼԹԴ» (Marcuard Heritage Holdinge LTD)
Ընկերությունը հիմնադրվել է 2011թ. դեկտեմբերի 30-ին-ին: Գրանցված է Կիպրոսում: 11/09/2013-ից ընկերության տնօրեններն են շվեյցարիայի քաղաքացիներ Կայ Փիթեր Հոֆմանը (Kay Peter Hofmann) եւ Հանս-Ջորջ Թիլլ Ռուդլոֆը (Hans-Georg Till L Rudloff): Իսկ մինչ այդ եղել է Սինան Ռոբերտ Բոդմերը (Sinan Robert Bodmer): Սինան Ռոբերտ Բոդմերը շվեյցարացի է, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի։
Ընկերության բաժնետոմսերի թիվը 27 հազար է (մեկ բաժնետոմսը մեկ եվրո):
«Մարքուարդ Հերիթաջ Հոլդինգ ԼԹԴ»-ի բաժնետերերն են.
|
6. . «Հայնեսվորթ հոլդինգս լիմիթեդ» (Haynesworth Holding Limited)
Հիմնադրվել է` 14/09/2010-ին: Գրանցված է Կիպրոսում:
Տնօրենը Կիպրոսի քաղքացի Անդրեաս Չատցիմիչալն է (Andreas Chatzimichail)։ Ընկերությունը ունի 2 000 բաժնետոմս: Միակ բաժնետերը Կայ Փիթեր Հոֆմանն է (Kay Peter Hofmann):
Այս օֆշորային ընկերությունների գրեթե բոլորի հետ առնչություն է ունեցել Սինան Ռոբերտ Բոդմերը։ Նա կամ հիմնադրել է, կամ եղել տնօրեն, կամ` բաժնետեր։ Հենց Սինան Ռոբերտ Բոդմերն է Սամվել Կարապետյանին հետ առնչվող անձը։ Նա աշխատում է Սամվել Կարապետյանին պատկանող բանկում՝ АКБ "ФОРА-БАНК"-ի տնօրենների խորհրդի անդամ է։ Եւ հաստատապես կարելի է ասել, որ Սինան Ռոբերտ Բոդմերն է հանդես գալիս Սամվել Կարապետյանի անունից։
Գործադիրի՝ նախարարներին առաջարկած ուսումնասիրության համար հիմք է ընդունվելու ՀՀ կառավարության 2001թ. հուլիսի 20-ի` «ՀՀ էներգահամակարգի էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման մրցույթի նախնական որակավորման և մրցույթին մասնակցելու սկզբունքները հաստատելու մասին» թիվ 668 որոշմամբ հաստատված` Հայաստանի էներգահամակարգի էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման մրցույթի նախնական որակավորման և մրցույթին մասնակցելու սկզբունքները:
Թե ի՞նչ են պարզելու վերոհիշյալ նախարարները՝ պարզ չէ, որովհետեւ օտարելու մասին որոշումը սկբունքորեն արդեն կայացվել է: Եվ ՀԷՑ-ի օտարելու մասին որոշումը նրանց ուսումնասիրություններից ամենեւին կախված չէ: Վստահ ենք նաեւ, որ նրանք որեւէ ուսումնասիորություն չեն կատարելու եւ հասարակությանն էլ չեն ներկայացնելու որեւէ բան։
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել