
Սողոմոն Քոչարյանի ազատման հարցը դրական եզրակացությամբ մտել է դատարան
Միջգերատեսչական բժշկական հանձնաժողովը հոկտեմբերի 8-ի նիստում դրական եզրակացություն է տվել ցմահ բանտարկյալ Սողոմոն Քոչարյանին պատժի հետագա կրումից ազատելու վերաբերյալ: Դրական եզրակացությունն ուղարկվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Այս մասին «Հետքին» տեղեկացրեց ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
«Հետքի» հետ հեռախոսազրույցում Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի գրասենյակից հայտնեցին, որ Սողոմոն Քոչարյանի վերաբերյալ միջնորդությունը արդեն մակագրվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանին: Նիստի օրը դեռ նշանակված չէ, բայց այն տեղի է ունենալու «Դատապարտյալների հիվանդանոցում»:
Այսպիսով` վերջին խոսքը դատարանինն է` կազատվի Սողոմոն Քոչարյանը պատժի կրումից, թե` ոչ:
Ցմահ բանտարկյալի փաստաբան Գրիշա Բալասանյանն, ով այսօր եղել է դատարանում, փոխանցեց, որ զրուցել է դատավոր Մարտիրոսյանի օգնականի հետ: Վերջինը տեղեկացրել է, որ գործը դատավորի սեղանին կլինի այսօր:
Ըստ փաստաբան Բալասանյանի, ճիշտ է, եզրակացությունը բավականին ուշ է ստացվել, բայց այն ուշացած չէ: «Եթե դատարանն էլ դրական որոշում կայացնի, այսինքն` բավարարի ազատման միջնորդությունը, Սողոմոն Քոչարյանը ազատություն կստանա»,- ասաց Գրիշա Բալասանյանը` նկատելով, որ միջգերատեսչական բժշկական հանձնաժողովը կարող էր Սողոմոն Քոչարյանին զննել ու որոշում կայացնել օգոստոսի 25-ից սկսած, երբ ստացվել էր «Էրեբունի» ԲԿ-ի վերջնական ախտորոշումը:
«Օգոստոսի 25-ի վերջնական ախտորոշումից հետո ոչ միայն Սողոմոն Քոչարյանի առողջական վիճակը չի բարելավվել, այլ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ընթացիկ ախտորոշումն էլ ավելի բարդ իրավիճակ է ցույց տվել, իսկ 10 օր առաջ էլ նրա մոտ հայտնաբերվել է ևս մեկ հիվանդություն, որը անհամատեղելի է պատժի կրման հետ»,-ընդգծեց փաստաբանը:
Գրիշա Բալասանյանի գնահատմամբ, նման հապաղման պատճառն առհասարակ ցմահ դատապարտյալների վերաբերյալ իշխանության մոտեցումն է. «Ցմահ բանտարկյալ Սողոմոն Քոչարյանին պատժից ազատելով` համակարգը մտածում է, որ հանկարծ նախադեպ չլինի: Դատապարտյալների այս խումբն առհասարակ դուրս է բոլոր քննարկումներից: Նրանց թեման, կարծում եմ, փակված է իշխանության համար: Սակայն պետք է անհատական մտեցում լինի, ոչ թե խմբային մոտեցում ցուցաբերվի: 104 մարդու նույն հարթության մեջ են դիտարկում, ինչը շատ սխալ է ու չի բխում քրեական իրավունքի սկզբունքներից»:
Մենք խոսեցինք նաև Սողոմոն Քոչարյանի մոր` Զինա Քոչարյանի հետ, ում խմանակալի ցմահ իրավունք է տրամադրել «Դատապարտյալների հիվանդանոցը»: Նա ցերեկային ժամերին գտնվում է «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի սրտաբանական բաժանմունքում` որդու կողքին: Տիկին Զինան պատմեց, որ անցյալ շաբաթվա վերջին իրենց են այցելել հանձնաժողովի անդամներ: Սողոմոնին հարցրեցին` ինչ ունես ասելու, պատասխանեց, որ բոլորից շատ շնորհակալ է: «Հետո ինձ ասեցին` մայրիկ, ամեն ինչ լավ կլինի, թղթերը վերցրեցին ու գնացին»:
Զինա Քոչարյանը պատմեց, որ ամեն 30 րոպեն մեկ հանգստացնող, ցավազրկող սրսկումներ են անում տղային: Արդեն 2 ամիս է՝ նա չի քայլում, մեջքի, ոտքերի ուժեղ ցավեր ունի, ինքնուրույն չի կարողանում հոգալ բնական կարիքները:
«Վերջին օրերին իրիկունը ամեն գնալուց ասում ա` մամ, երևի էլ չեմ տեսնի քեզ, առավոտներն էլ հենց գալիս եմ, ասում ա` փառք քեզ Աստված, մի օր էլ ապրեցի: Օրվա մեջ էնքան ա վատանում ոսկորների ցավերից, որ կծկում ա ոտքերը, ապրեն քույրերը, բոլոր բժիշկները, որ չեն թողնում ցավերից տանջվի: Արդեն փորից ու ոտքերից են սրսկում, սրսկելու տեղէլ չկա մարմնի վրա: Սրսկումներից թմրում ա, իսկ զարթնելուց էլ ամեն անգամ հարցնում ա` ինչ եղավ ազատելու հարցը»,- ասում է Սողոմոն Քոչարյանի մայրը` նշելով, որ Սողոմոնը ցույց չի տալիս, բայց երազում է ազատության մասին, մի բան, որին սպասել է 20 տարի:
«Եթե իմանա, որ արդեն ազատ ա, կարող ա` ապրելու ցանկությունը ուժեղանա, հոգեբանորեն փոխվի, հարազատները գան-գնան: Դե, հիմա արգելված ա, որովհետև ինքը հլա դատապարտյալ ա, էն էլ փակ ռեժիմի: Իսկ ազատ լինելու դեպքում բարեկամներին, քույրերին կտեսնի, կուրախանա»,-շեշտեց Զինա Քոչարյանը:
Հիշեցնենք, որ Սողոմոն Քոչարյանը դատապարտվել է մահապատժի 1995թ. իրանահպատակ ադրբեջանցու սպանության մեղադրանքով: 20 տարի անց հայտնի է դարձել, որ մահապատժի դատավճիռը եղել է ՀՀ գլխավոր դատախազության վրա Իրանի դեսպանի կողմիցքաղաքական ճնշման հետևանք: Պատժի կրման 20 տարիների ընթացքում կորցրել է ողջ ընտանիքը: Կինը մահացել է ծանր հիվանդությունից, աղջիկը` 19 տարեկան Սյուզին, ում Սողոմոնը ընդամենը 4 անգամ էր տեսել, ինքնասպանություն է գործել անցյալ տարի: Աղջկա մահից հետո մեկ տարվա ընթացքում վատացել է Սողոմոն Քոչարյանի առողջությունը:
21-րդ տարին անազատության մեջ գտնվող, Արցախյան պատերազմի մասնակից, 2-րդ կարգի հաշմանդամ Սողոմոն Քոչարյանը օգոստոսի 26-ից բուժում է ստանում «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում: Բժիշկները շարունակում են նրա վիճակը գնահատել կայուն ծանր: Քոչարյանը օգոստոսի 18-ից գտնվել էր «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում, իսկ օգոստոսի 25-ին տեղափոխվել էր «Դատապարտյալների հիվանդանոց», որտեղից էլ մեկ օր անց մոր ու փաստաբանի դիմումի հիման վրա, նրան տեղափոխել էին «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ և գտնվում է մինչ օրս:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել