Հացադուլավոր դատապարտյալները ցանկանում են հանդիպել լրագրողներին
«20 տարի է՝ դա ենք լսում՝ նամակը կքննարկենք, կհայտնենք»
Կառավարության շենքի մոտ այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել հոկտեմբերի 12-ից հացադուլի մեջ գտնվող, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժը կրող ցմահ դատապարտյալների հարազատները: Պահանջը դարձյալ նույնն է՝ քրեական գործերի վերանայում: Նրանք նշում էին, որ հացադուլավորների թիվը ավելացել է՝ մոտենալով 6 տասնյակի:
Հիշեցնենք, որ ցմահ դատապարտյալները դիմումներ էին պատրաստել ուղղված ՀՀ նախագահին, ՀՀ արդարադատության նախարարին, ՀՀ գլխավոր դատախազին, ՄԻ պաշտպանին ու ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին: Դիմումում դատապարտյալները ոչ միայն մատնանշել են տարիներով կուտակված խնդիրները՝ ձևակերպելով դրանք 10 կետով, այլև տվել են դրանք լուծելու իրավական, օրենսդրական ճանապարհները:
«Ցանկության դեպքում հնարավոր է իրավական ճանապարհով լուծել նրանց բարձրացրած խնդիրները՝ վիճարկելով Ռոբերտ Քոչարյանի 2003 թ.-ի հրամանագիրը, որով մահապատիժը փոխարինվեց ցմահ ազատազրկման, ընդունելով, որ 2011 թ.-ի մայիսի 23-ի փոփոխությունը Քրեական օրենսգրքում մեղմացում էր ցմահ ազատազրկման տեսանկյունից, նաև անհատապես գործերի վերաբացմամբ, երբ կան նոր երևան եկած հանգամանքներ: Կարող են նաև տարբերակված մոտեցում ցուցաբերել»,- նշեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:
«Մահապատիժը գործում է», «Մեր բանտերում կան անմեղ մարդիկ», «Պահանջում ենք գործերի վերանայում» պաստառներով քաղաքացիներն այդպես էլ չկարողացան հանդիպել կառավարության նիստին մասնակցող արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանին: Փոխարենը երկու օր առաջ արդարադատության փոխնախարարն է այցելել հացադուլի մեջ գտնվող ցմահ դատապարտյալներին: Նա հորդորել է դադարեցնել հացադուլը՝ նշելով, որ նոր օրինագիծ է մշակվել ցմահների խնդիրներին վերաբերող:
Սակայն հարկ է նշել, որ 4 տարի, դեռևս 2011 թ.-ից ԱԺ նիստերի օրակարգում է Դավիթ Հարությունյանի հեղինակած մի օրինագիծ, որն այդպես էլ մինչ օրս օրենքի ուժ չի ստացել: Այն նախատեսում էր 15 տարի պատիժը կրելուց հետո փակ ռեժիմից անցում կիսափակ ռեժիմի, իսկ 18 տարի անց՝ անցում կիսաբաց ռեժիմի: Արդյունքում՝ այսօր արդեն մոտ 50 ցմահ դատապարտյալ կլիներ կիսափակ ու կիսաբաց ռեժիմային գոտում: Հիմա ի՞նչ երաշխիք, որ ԱՆ-ի կողմից նոր մշակվող օրինագիծը ևս 4 տարի չի մնալու Ազգային ժողովի դարակներում:
Ըստ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի, այս ամենը խոսում է կամքի բացակայության մասին. «Պարզապես նախագահականից համապատասխան որոշում չկա անդրադառնալ այս գործերին»:
«Եթե ԱԺ-ն համարի, որ 2011-ի մայիսի 25-ի փոփոխությունը բարելավում է ցմահների վիճակը, ապա գործերը կմտնեն դատարաններ, ու թող դատարանը որոշի: Հնարավոր է՝ հիմա գտնեն, որ 18, 19, 20 տարվա պիտի դատապարտեն: Սա լուծում է»,- ասում է ցմահ դատապարտյալի ծնողներից մեկը:
Նրանք բարձրացնում էին նաև դատական հնարավոր սխալների հարցը, պատմում, թե ինչպես են կայացվել դատավճիռներն, օրինակ, 15-20 տարի առաջ:
«Տղայիցս հետաքրքրվել էին՝ փող ունե՞ք, թե՞ չէ: Դե, մենք փող չունենք: Վկայից դարձրեցին մեղադրյալ: Իրենց ձեռքն է ամեն ինչ»,- ասաց նախկին զինվոր Արթուր Քոչարյանի մայրը:
«Ծեծելով-ջարդելով խոստովանական ցուցմունք են կորզել»,- ասում էր նախկին զինվոր Էմիլ Չիվթչյանի մայրը, ով ընդամենը 3 ամսվա զինծառայող է եղել:
21 տարեկանում ցմահ դատապարտված Արեն Չատինյանի մայրը նշում էր, որ իր տղայի գործը վարող քննիչը մեկ տարի անց դատապարտվել է ապացույցների կեղծման մեղադրանքով, սակայն դա նոր երևան եկած հանգամանք չի դիտարկվել:
Հացադուլավորների հարազատները շարժվեցին դեպի ՀՀ նախագահի նստավայր՝ հանձնելու նրանց դիմումը: 4-հոգանոց խումբը նամակների բաժին փոխանցեց դիմումը, սակայն հարազատներին պատասխանել էին, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ստացվել են հացադուլ անողների կողմից գրված դիմումները:
«20 տարի է՝ դա ենք լսում՝ նամակը կքննարկենք, կհայտնենք»,- ասացին ծնողները:
Ակցիայի մասնակիցները հիշեցին, որ դեռևս 2009 թ.-ին մոտ 13.000 ստորագրություններով նամակ են հանձնել Բաղրամյան 26 նույն խնդիրների հետ կապված, սակայն անցել է 6 տարի, ու իրենք որևէ պատասխան չեն ստացել: Դատապարտյալների հարազատները պայմանավորվեցին հանդիպել հաջորդ հինգշաբթի՝ ժամը 11-ին դարձյալ կառավարության շենքի մոտ:
Մինչ 4-հոգանոց խումբը նախագահականում էր, ծնողներին մոտեցան ՄԻ պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները, ովքեր 2 օր շարունակ այցելել էին «Նուբարաշեն» ՔԿՀ ու զրուցել բոլոր հացադուլավորների հետ: Նրանք լսեցին դատապարտյալների հարազատներին ու փոխանցեցին նաև հացադուլավորների խնդրանքը՝ հանդիպել լրագրողների հետ:
Լուսանկարները՝ Զարուհի Մեջլումյանի, Նարեկ Ալեքսանյանի
Մեկնաբանել