HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երբ չկա ավելի տխուր բան, քան կույր մարդու լացը

Նաիրա Հայրապետյան

«Deep Purple» խմբի լեգենդար կիթառահար Ռիչի Բլեքմորին Իեն Գիլընի «When A Blind Man Cries» երգն առանձնապես դուր չէր գալիս: 1971թ. դեկտեմբերին Շվեյցարիայի Մոնթրե քաղաքում ընթանում էին խմբի «Machine Head» ալբոմի ձայնագրման աշխատանքները: Ներառված երգերի շարքում ձայնագրվեց նաև այս բալադը: Չնայած  Բլեքմորը նվագեց իր հատվածը՝ կիթառի շատ գեղեցիկ սոլո կատարմամբ, այնուամենայնիվ, նա ամեն ինչ արեց, որպեսզի երգը դուրս մնար ալբոմից: Այդպես էլ եղավ: Ծանր մետալ (Heavy metal) երաժշտական ժանրի վաղ շրջանի խոշորագույն գործերից մեկը համարվող այս ալբոմում «When A Blind Man Cries»-ը միակ բալադը պիտի լիներ: Բայց Ռիչին չհամաձայնեց, հավանաբար չուզենալով նաև «խախտել» ժանրային ուղղվածությունը:

Երգը թողարկվեց միայն հաջորդ տարում՝ 1972թ. գարնանը, Never Before» սինգլի 2-րդ էջում: Նույն պատճառով՝ «Ռիչին չէր սիրում այն»,  «When A Blind Man Cries» -ը տարիներ շարունակ նաև չկատարվեց «Deep Purple»-ի  բազմաթիվ համերգների ընթացքում, բացառությամբ մի դեպքի. 1971-1993 թթ. ընկած հսկա տարածության մեջ այն միայն մեկ անգամ հնչեց 1972թ. Կանադայում կայացած համերգներից մեկի ժամանակ, այն էլ՝ որովհետև կիթառահարը հիվանդացել էր և նրան փոխարինել էր մեկ այլ երաժիշտ: Խմբից հեռանալուց հետո 1970-90-ականների ընթացում Գիլանն այս երգը իր անհատական ծրագրերում, իհարկե, ընդգրկում էր. այն գրեթե միշտ հնչում էր «Ian Gillan Band»-ի համերգների ժամանակ: Իսկ ինչ վերաբերում է փըրփլյան տարիներին, ներառյալ Գիլընի երկու  վերադարձերը, երգը երբեք չկատարվեց, քանի դեռ Ռիչին խմբում էր:

Այս միանձնյա որոշումը, որը հաճախ էր իր մեջ ճնշում շատ այլ հարցեր խմբի ներսում, երգի հանդեպ շարունակվեց այնքան ժամանակ, քանի դեռ Բլեքմորը չորոշեց անակնկալ փաստի առջև կանգնեցնել խմբին՝ այն լքելով Ճապոնիայում կայանալիք համերգից առաջ: Դա 1993թ. էր ու համերգն ընթանում էր «Deep Purple»-ի 25- ամյակին նվիրված և «The Battle Rages On… » համաշխարհային շրջագայության ծրագրում:  Անելանելի վիճակում հայտնված խմբի անդամները, այնուամենայնիվ,  կարողանում են շտկել իրավիճակը. համերգը կայանում է տաղանդավոր մեկ այլ կիթառահարի՝ Ջո Սաթրիանիի օգնությամբ, ով ավարտին է հասցնում նախատեսված այս շարքի հաջորդ համերգները ևս: Հենց Ճապոնիայում, 1993թ. համերգի ժամանակ էլ բեմում վերջապես ևս մեկ անգամ կատարվում է «When A Blind Man Cries» երգը: Բեմն արդեն երգի համար բաց էր, և այն շարունակեց մնալ «Deep Purple»-ի երկացանկում, հետագա ալբոմների կազմում մինչ օրս, Սթիվ Մորսի կիթառի նվագակցությամբ:

… I'm a blind man, I'm a blind man and my world is pale.

When a blind man cries, lord, you know there ain't no sadder tale.

Երգի այս հատվածը, հատկապես կույր մարդու լացի հիշատակումը, շատ է քննարկվել: «Deep Purple»-ի և նրա լեգենդար մենակատարի երկրպագուները երգի գաղափարի, ստեղծման նախապատմության մասին մինչ օրս հաճախ են հարցնում երգչին՝ փորձելով որևէ դրդապատճառ, իրականության մեջ որևէ պատմության կամ կերպարի նախատիպ փնտրել նրա մեջ. ու՞մ կամ ի՞նչ է նկատի ունեցել հեղինակը, ի՞նչ պատմություն, միգուցե ակնարկ է թաքնված նրանում: «Չկա այդպիսի բան,- բազմիցս մեկնաբանել է Գիլընը,- սա պարզապես օրինակ է ոչ այնքան հարմար վիճակում գտնվող մի մարդու մասին, որի ծանր զգացողությունն ի վերջո նրան ստիպում է լաց լինել»: Մեկ այլ առիթով էլ նշում է, որ այդ արտահայտությունն իրականում ընտրվել է խոսքին ազդեցիկ երանգ տալու նպատակով: 

Խմբի անդամները, հատկապես բաս կիթառահար Ռոջեր Գլովերը և Իեն Գիլընը գտնում են, որ սա իրենց լավագույն երգերից մեկն է, որը հնարավորություն ուներ ավելի մեջ հաջողություններ ունենալու, քան իրականում ստացվեց: Այն կարող էր մեծ լսարաններ նվաճել, հաղթական հորիզոնականներ ի սկզբանե, սակայն կյանքն այլ բան ապացուցեց. Հակառակ նրանց սպասելիքների՝ այդ ճակատագիրն անսպասելիորեն բաժին պիտի հասներ առավելապես «Smoke on the Water»-ին:

Որպես «When A Blind Man Cries» երգի հեղինակներ հիշատակվում են խմբի հինգ անդամները միասին, հիմնական աշխատանքն, իհարկե, պատկանում է Իեն Գիլընին: Այստեղ ամեն մեկն իր ներդրումն ունեցել է, նույնիսկ՝ քմահաճ Ռիչին:

Սթիվ Մորսի՝ խմբի կազմում ներգրավելուց հետո, «When A Blind Man Cries»-ը դարձավ «Deep Purple»–ի համերգային ծրագրերում պարտադիր կատարվող երգերից մեկը:  Բացի այդ, նա հիմնովին վերանայեց ու նորովի մշակեց երաժշտությունը, հատկապես կիթառի սոլոն, որի արդյունքում տևողությունը բնօրինակի երեք ու կես րոպեից նրա կատարմամբ հիմնականում ձգվում է մինչև 7 րոպե: Համերգային որոշ ալբոմներում, որտեղ ընդգրկված է նաև  «When A Blind Man Cries»-ը,  երգի հեղինակների շարքից հանված է Ռիչի Բլեքմորի անունը. նրան արդեն փոխարինել է Սթիվ Մորսը՝ Իեն Գիլանից հետո:

2012թ. «When A Blind Man Cries»-ը հնչեց նաև աշխարհահռչակ «Metallica» խմբի կատարմամբ, երբ  ձայնագրվեց «Re-Machined: A Tribute to Deep Purple's Machine Head»  ալբոմը:

Իր 40-ամյա գործունեության առիթով 2006թ. Ի. Գիլանը թողարկեց  «Gillan's Inn»    ալբոմը: CD/DVD ձևաչափով այս հավաքածուն ներկայացնում էր երգչի՝ տարբեր տարիներին թողարկած լավագույն երգերի նոր ձայնագրություններ՝ ռոք աստղերի մասնակցությամբ (Դիո, Թոնի Այոմի, Ջո Սաթրիանի և ուրիշներ): Այս անգամ դրանք հնչում էին նոր մեկնաբանությամբ՝ կյանքին ուղղված նոր հայացքի ներքո: Երգերից մեկն էլ «When A Blind Man Cries»-ն էր, իսկ կիթառահարն այս անգամ Ջեֆ Հիլին էր: Մարդ, ով դատապարտված էր անձամբ զգալու երգի՝ թևավոր դարձած մտքի լինել-չլինելը: Այս կատարումն, ըստ Գիլընի, ևս մեկ անգամ կոտրում է այն կարծրատիպը, թե սպիտակները բլյուզ կարգին չեն կարող նվագել, որ այդ շնորհը հատուկ է սևերին միայն:  

Ջեֆ Հիլի կատարմամբ «When A Blind Man Cries»-ը  խորհրդանշում էր մի կարևոր բան ևս. այո,՛ դա կույր մարդու պատմություն էր, բայց մարդու, ով չի տրտնջում այդ վիճակից, այլ կյանքի հետ համաձայնության է եկել՝ իրեն տրված «համաձայնագրով»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter