
Զարդեր՝ դաշտային ծաղիկներով. «Գիսանեի» հաջողված օրինակը
Դաշտային ծաղիկներ հավաքելն ու դրանք ինչ-որ տեղ փակցնելը Հեղնար Պետրոսյանի նախասիրությունններից է: Հեղնարը նկարչուհի է: Ավարտել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան: 5 տարի աշխատել է «Անտարես» հրատակչությունում որպես տպագրական դիզայներ: Մանկական գրքերի իլյուստրացիաներ է արել: Այդտեղ նույնպես օգտագործում էր չորացրած ծաղիկներ, տերևներ:
Ծաղիկները շուտով սկսել են հայտնվել հագուստի կախիչների վրա: Հեղնարը զգեստապահարանից հանում է ծաղիկներով լաքապատված կախիչը: Ասում է՝ պատրաստելուց հետո է հասկացել, որ դրանք գուցե այդքան ֆունկցիոնալ չեն: Այնուհետ ցույց է տալիս հայելու փայտյա շրջանակը՝ կրկին չորացրած ծաղիկներով: Դրանցից մեկը կախված է նկարչուհու սենյակում:
Այնուհետ ծաղիկներն սկսել է փակցնել ստվարաթղթե փոքր կտորներին: Դրանք ոմանց շփոթեցնում էին, մտածում էին, թե ծաղիկները փակցված են փայտին: «Դա դուր եկավ մարդկանց: Կամաց-կամաց մտածեցի՝ ինչ անեմ, որ դրանք ինչ-որ արժեք ներկայացնեն: Դրա համար նյութերը փոխեցինք»,- ասում է Հեղնարը:
Մնայուն զարդեր ստանալու համար օգտագործում է արծաթ, նաև ոչ թանկարժեք մետաղներ: «Զարդեր ստեղծելու գաղափարն ինքնըստինքյան առաջացավ: Հատուկ միտք չի եղել, որ զարդարվեստով պիտի զբաղվեմ»,- նշում է ձեռագործ զարդերի հեղինակը: Նա պատրաստում է վզնոցներ, մատանիներ, թևնոցներ: Յուրաքանչյուր զարդ մեկ օրինակից է ստեղծվում:
Արծաթյա զարդերի պատրաստումն անցնում է 3 փուլ: Հեղնարի խոսքով՝ արծաթագործի հետ որոշում են զարդի ձևը, այնուհետ ինքն է աշխատում զարդի վրա, ապա երրորդ մասնագետը, ով արհեստական խեժի լուծույթով պատում է զարդը: Լուծույթը չորանալուց հետո նմանվում է ապակու: Առաջին հայացքից զարդը դիտելիս թվում է, թե ծաղիկները տեղադրված են ապակու տակ:
«Մի զարդը պատրաստելը երկար չի տևում, բայց ընդհանուր ախատանքը բավական երկար է: Ամբողջ իմ օրը խլում է այն»,- ասում է հեղինակը: Նրա ամուսինը նկարիչ Արման Վահանյանն է: Նա ևս, ըստ Հեղնարի, օգնում է խորհուրդներով, բայց աշխատանքով հիմնականում ինքն է զբաղվում:
Հեղնարն ունի 2 դուստր: Գիսանեն ավագն է, 5 տարեկան: Նա ևս սկսել է հետաքրքրվել զարդարվեստով: «Դե, ես էլ, ամուսինս էլ նկարիչներ ենք, կարծում եմ, հնարավոր չէ, որ երեխաներն ինչ-որ ազդեցություն կրած չլինեն արվեստից»,- նկատում է նա:
Հեղնարի ընտանիքում նկարչությամբ չի զբաղվել ոչ մեկը: Մայրը կենսաբան է, հայրը՝ ատամնատեխնիկ: Ինչպես ինքն է ասում՝ ինչքան էլ տարօրինակ հնչի, փորձել է համադրել երկուսը: Օրինակ, իր աշխատասեղանին հոր՝ ատամնատեխնիկայի գործիքներից մեկն է: Այն օգտագործում է զարդերի պատրաստման ժամանակ:
«Գիսանեի» զարդերը վաճառվում են հիմնականում վիրտուալ հարթակում՝ «Ֆեյսբուք» սոցիալական կայքում գրանցված էջով (որոշ նմուշներ վաճառվում են «Երևան մոլ»-ի ձեռագործ աշխատանքներ ներկայացնող փոքր վաճառասեղանին): Զարդերի պահանջարկն այսօր փոքր չէ, բայց Հեղնարն այն չի համարում բիզնես: «Սա իմ սիրած աշխատանքն է, որով նաև վաստակում եմ: Կարելի է ասել՝ հաջողվել է»,- նշում է հեղինակը: Խանութ ունենալու համար ֆինանսական միջոցներ են հարկավոր, բացի դրանից, ֆիզիկական ծանրաբեռնվածություն:
Երբ 5 տարի առաջ սկսեց դաշտային ծաղիկներով զարդեր պատրաստելը, ուսումնասիրել էր հայաստանայն շուկան: Ասում է՝ չէր հանդիպել նման զարդերի, բայց դա նաև չի նշանակում, որ ինքն առաջինն է ստեղծել այդ զարդերը: Հիմա «Գիսանեի» զարդերի գաղափարը կրկնօրինակվում է մի շարք անհատների կողմից: Դրա դեմ չի կարող պայքարել, որովհետև, ըստ նրա, ինչը մեծ պահանջարկ է ունենում, չի կարող չկրկնօրինակվել:
«Զարդերիս մեջ դնում եմ էներգիա, սեր և այդ ամեն ինչը փոխանցում եմ գնորդներին, նույնն էլ ստանում եմ նրանցից»,- ասում է 35-ամյա նկարչուհին: Ցույց է տալիս ծրարների մեջ պահված դաշտային չորացրած ծաղիկները: Դրանց մի մասը ուղարկել են գնորդները:
«Ես միշտ պիտի ստեղծագործական պրոցեսի մեջ լինեմ, չեմ կարող ասել՝ հետո ինչով եմ զբաղվելու: Նկարելն եմ կարոտել, ուզում եմ վերադառնալ նկարելուն, բայց ժամանակս չի հերիքում: Շատ իդեաներ ունեմ, որոնք կամաց-կամաց պիտի իրագործեմ»,- ասում է զրուցակիցս:
Հայաստանից գնացողների մասին ենք խոսում, ասում է՝ գնալու մասին ուղղակի չի մտածում: «Էստեղ ենք ապրում և վերջ»,- հնչում է նրա կտրուկ պատասխանը, քիչ անց մեղմ ժպտում է:
Հ. Պետրոսյանի լուսանկարը՝ Դավիթ Բանուչյանի
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել