HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թուրքիան դարձել է անկանխատեսելի

Հայաստան-Ադրբեջան - 2011. կարծիքներ ու մեկնաբանություններ    

Թուրքիայի արտաքին քաղաքական արդի խնդիրների հայ եւ ադրբեջանցի մասնագետների մեկնաբանություններին ծանոթացեք ստորեւ ներկայացվող հարցազրույցներում:

Հայաստանի եւ Ադրբեջանի այսօրվա իրականություններն իրենց ամբողջության մեջ ուրվագծող հարցումները (20 թեմաներով 40 տարբեր մասնագետների հետ զույգ հարցազրույցների շարք) «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի եւ Ադրբեջանում  աղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի համատեղ ծրագրի մեկ բաժինն են:

Ծրագրին աջակցում են Հայաստանում եւ Ադրբեջանում Բրիտանիայի դեսպանատները: Հարցազրույցները միաժամանակ տպագրվում են «Հետք» եւ Ադրբեջանում «Նովոյե Վրեմյա» թերթերում:

Ադրբեջանում հարցազրույցներն անց է կացնում  աղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտը:

«Ռեգիոն» հետազոտական կենտրոն 

Հարցազրույց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանի հետ

Ի՞նչ տեղ է Հարավային Կովկասն այսօր զբաղեցնում Թուրքիայի տարածաշրջանային հետաքրքրությունների շարքում, եւ ի՞նչն է առավելապես խոչընդոտում կամ նպաստում տարածաշրջանում նրա դիրքերի ամրապնդմանը (հակասությունները Հայաստանի՞ հետ, փոխըմբռնումը Ադրբեջանի՞ հետ):

Ակնհայտ է, որ եթե Թուրքիան ցուցաբերեր հավասարակշռված դիրքորոշում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում, ապա գուցե ինչ-որ միջնորդական հնարավորություններ առաջանային Թուրքիայի համար հակամարտության կարգավորման գործընթացում, ինչպես նաեւ Հարավային Կովկասում իր դերի ամրապնդման համար: Թուրքիան ձգտել եւ հիմա էլ չի թաքցնում, որ ցանկանում է միջնորդական դեր ստանձնել նշված հարցում, մինչդեռ նրա եւ Ադրբեջանի դիրքորոշումները բացարձակապես նույնական են, ինչն անընդունելի է միջնորդ լինելու համար:

Հիշեցնեմ, որ 1993 թ. գարնանը, երբ չճանաչված Լեռնային Ղարաբաղի հանրապետության ինքնապաշտպանության ուժերը ռազմական հաջողությունների հասան Ադրբեջանի հետ կոնֆլիկտում եւ վերահսկողություն սահմանեցին Քելբաջարի նկատմամբ, Բաքվին սատարող Անկարան որոշեց փակել Հայաստանի հետ Թուրքիայի սահմանը, եւ այն փակ է մինչ օրս: Այդպիսով չի կատարել ՄԱԿ-ի 1993 թ. ապրիլի 30-ի Ա  822 (1993) որոշումը: Այդ ժամանակվանից Թուրքիան հանդես է գալիս որպես ղարաբաղյան կոնֆլիկտի կողմ եւ դե յուրե, եւ դե ֆակտո: 

Իմ կարծիքով՝ սրանք են այն հիմնական խոչընդոտները, որոնք խանգարում են Թուրքիային՝ մեծացնելու իր դերակատարությունը տարածաշրջանում:  

Հայ-թուրքական հարաբերությունների ապագան այս պահին շատ ավելի անորոշ է, քան մինչեւ ցյուրիխյան արձանագրությունների ի հայտ գալն էր: Մինչեւ այժմ էլ ուժի մեջ է եւ, կարծում եմ, մոտ ապագայում էլ չի փոխվի այն պնդումը, որ Թուրքիան որեւէ քայլ չի անի հայ-թուրքական հարաբերությունների հարցում, քանի դեռ էական առաջընթաց չկա Ղարաբաղյան հարցում:  Ցավոք, այս պարզ իրողությունը չէին հասկանում ոչ Հայաստանի իշխանությունները, ոչ էլ միջնորդները եւ մասնավորապես՝ ԱՄՆ-ն:

2008 թ. հոկտեմբերին՝ «ֆուտբոլային դիվանագիտության» սկզբից ի վեր, որն ավարտվեց 2009 թ. ապրիլին Ցյուրիխում արձանագրությունների ստորագրմամբ, Հայ ազգային կոնգրեսը բազմիցս քննադատել է ստորագրված փաստաթղթերը:

Մեր կարծիքով, արձանագրությունների ստորագրման պահին Թուրքիայի իրական նպատակը Ցեղասպանության գործընթացի միջազգայնորեն ճանաչման քաղաքականության կասեցումն էր: Դրանից ելնելով՝ Թուրքիան նախապատրաստել էր արձանագրություններից դուրս գալու իր ռազմավարությունը:

Որպես ՀԱԿ-ի ներկայացուցիչ, ես պետք է նշեմ, որ մենք դեմ չենք, որ Հայաստանի եւ Թուրքիայի գիտնականները պատմական ուսումնասիրություններ անեն: Մենք դեմ ենք, որ նրանք ունենան քաղաքական մանդատ (լիազորություններ)` թելադրելու քաղաքականություն վարողներին, քանի որ երկկողմանի հարաբերությունները պետք է զարգանան անկախ գիտնականների գնահատականներից:

Եվ ահա ինչ ունենք մենք այսօր «ֆուտբոլային դիվանագիտության» եւ ցյուրիխյան արձանագրությունների վավերացման ձախողումից հետո: Նախ` կտրուկ աճեց լարվածությունը Անկարայի եւ Երեւանի պաշտոնական հայտարարություններում, արձանագրությունների ստորագրումը բացասական ազդեցություն ունեցավ Լեռանային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վրա, լարվածության արդյունքում մեծացավ Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում: Ի դեպ, սրա հետ է կապված ոչ միայն Հայաստանում ռուսական բազաների տեղակայման մասին համաձայնագրի ժամկետների երկարացումը, այլեւ վերահսկողության ենթակա տարածքի ընդլայնումը:

Որո՞նք են Թուրքիայի արտաքին քաղաքական գլխավոր ձեռքբերումները, եւ հակառակը` բացթողումները վերջին շրջանում:

Այսօրվա Թուրքիայի արտաքին քաղաքականությունը, որը հաճախ անվանում են «զրո խնդիր հարեւանների հետ», չի համապատասխանում այն քաղաքականությանը, որն Անկարան նախանշել էր մի քանի տարի առաջ: Այն է` ռազմավարական հարաբերություններ ԱՄՆ-ի հետ, գործընկերային հարաբերություններ Իսրայելի հետ եւ անդամագրում Եվրամիությանը: Իմ դիտարկումները ցույց են տվել, որ վերոնշյալ դիրքորոշումներն այս պահին վերանայվել են:

Ընդհանուր առմամբ, «զրո խնդիր հարեւանների հետ» քաղաքականության արդյունքներն այսօր ակնհայտ չեն, եւ մենք դեռեւս չենք կարող փաստել որեւէ նշանակալի հաջողության մասին: Իսկ որոշ գնահատականների համաձայն՝ այդ քաղաքականության արդյունքում Թուրքիայի մոտ ծագեցին նոր խնդիրներ հարեւանների հետ: Պատճառն, ըստ իրենց բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունների, հարեւան երկրների իշխանություններն են:

Թուրքիայի արտաքին քաղաքականությունը դարձել է անկանխատեսելի եւ չի նպաստում տարածաշրջանում կայունացմանն ու անվտանգությանը: Նույնիսկ դաշնակից Ադրբեջանի հետ կան խնդիրներ, որոնք էլ ավելի խորացան հայ-թուրքական արձանագրությունների գործընթացի պատճառով: Բացի այդ, լուրջ հակասություններ կան Նախիջեւանի տարածքի հետ կապված, որի մասին, իհարկե, պաշտոնական Բաքուն փորձում է չբարձրաձայնել:

Մի խոսքով, առանց բացառության՝ բոլոր հարեւանների հետ Թուրքիան այսօր ստեղծել է լրջագույն խնդիրներ: Այն դարձել է անկանխատեսելի ինչպես հարեւանների, այնպես էլ Արեւմուտքի համար:

Ես չեմ կարող օբյեկտիվորեն որեւէ հաջողություն նշել Թուրքիայի արտաքին քաղաքական գործընթացներում: Հարեւանների հետ «զրո խնդիրների» փոխարեն Թուրքիան այսօր ունի զրո հարաբերություններ եւ զրո արդյունք:   

Ի՞նչն է այսօր բնութագրում ամերիկա-թուրքական, եվրոպական-թուրքական հարաբերությունները, եւ որքանո՞վ են տարբերվում ԱՄՆ-ի, Եվրոպայի եւ Թուրքիայի քաղաքական նպատակները Հարավային Կովկասում:

Ինչպես ասացի, ԱՄՆ-ի համար Թուրքիան մնում է անկանխատեսելի գործընկեր: Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցն այսօր իրատեսական չէ, զուտ ձեւական նպատակ է դրված: Գոնե այն պատճառով, որ Թուրքիան այսօր ժողովրդավարական երկիր չէ եւ չի համապատասխանում Եվրամիության պահանջներին:

Կարծում եմ՝ Եվրոպան Թուրքիայում, ինչպես նաեւ տարածաշրջանում հետաքրքրություններ չունի, նա առաջ է տանում Արեւելյան գործընկերության ծրագիրը եւ բավարարվում է դրանով: Մեր տարածաշրջանում Բրյուսելն ի սկզբանե առաջնորդվում էր այն սկզբունքով, որ կայունությունն ավելի կարեւոր է, քան մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը:

Բայց դրա արդյունքում ոչ միայն չկա ժողովրդավարություն, այլեւ` կայունություն եւ անվտանգություն: ԱՄՆ-ի համար շատ ավելի կարեւոր է այս տարածաշրջանը՝ կապված Աֆղանստանում եւ Իրանում իր  գործողությունների եւ հետաքրքրությունների հետ: ԱՄՆ-ի համար էլ, ինչպես Եվրոպայի, ավելի կարեւոր է տարածաշրջանի կայունությունը, քան ժողովրդավարությունը: Ավելորդ գլխացավեր տարածաշրջանում հիմա պետք չեն:

Ինչպե՞ս են ռուս-թուրքական հարաբերություններն անդրադառնում Հայաստանի եւ Ադրբեջանի շահերի վրա: Ի՞նչ տեղ են տալիս Ռուսաստանն ու Թուրքիան ղարաբաղյան հարցին:      

Մի քանի տարի առաջ Թուրքիան եւ Ռուսաստանը շատ բազմաշերտ ծրագրեր նախաձեռնեցին, սակայն հիմա դրանք սառեցված են. երկու կողմերի սպասելիքներն էլ էապես չափազանցված էին:

Թուրքիան Ռուսաստանի հետ բավական լրջորեն համագործակցում է Սեւ ծովում անվտանգության բնագավառում: Կա պայմանավորվածություն, որ սեւծովյան անվտանգության հարցերով այդ երկու պետություններն են զբաղվելու:

Ռուս-թուրքական չկայացած ծրագրերի միջոցով Թուրքիան փորձում էր միջնորդական դեր ստանձնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում: Համոզված եմ, որ ոչ Ռուսաստանը, ոչ Մինսկի խմբի մյուս համանախագահները Թուրքիային այդ դերում չեն տեսնում:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter