HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Իրավական ու բարոյական անպատասխանատվության առօրեականացումը

ՀՀ գլխավոր դատախազությունը երեկ պաշտոնապես հաստատեց, որ մերժվել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանի հայտարարության վերաբերյալ քրեական գործի հարուցումը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին ԱԺ ճեպազրույցների ժամանակ Լեւոն Զուրաբյանը հայտարարել էր, թե Սահմանադրական փոփոխությունների իրականացման համար ստեղծված մասնագիտական հանձնաժողովի նախագահ, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը Վենետիկի հանձնաժողովին կաշառել է սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ դրական կարծիք ստանալու համար, այնտեղ զբաղվել լոբինգով, որոնց մասին փաստեր ունի: Հայտարարության մասին ԶԼՄ-ների հրապարակումները հոկտեմբերի 12-ին ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության կողմից ուղարկվել էին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն՝ հանգամանքների ստուգման նպատակով: Նախօրեին, սակայն, հայտնի դարձավ, որ ոստիկանությունն այդ նյութերը կրկին ետ է ուղարկել դատախազություն, ինչն արդեն նշանակում էր, որ ամենայն հավանականությամբ գործին ընթացք չի տրվելու:

Քրեական գործի հարուցման մերժումը դատախազությունը պատճառաբանել է նրանով, թե նյութերի նախապատրաստման ընթացքում Վենետիկի հանձնաժողովին կաշառք տալու որեւէ փաստական տվյալ ձեռք չի բերվել: Միաժամանակ, սակայն, դատախազությունը եզրակացրել է, որ Լ. Զուրաբյանի հայտարարությունը չի պարունակում սուտ մատնության հանցակազմ, քանի որ նրա արարքում «բացակայում է տվյալ հանցագործության հանցակազմի սուբյեկտիվ կողմը», այսինքն՝ այն չի ունեցել հանրության համար վտանգավոր բնույթ: Եթե ավելի պարզ` դատախազությունը գտել է, որ մի կողմից որևէ մեկը որևէ մեկին կաշառք չի տվել, իսկ մյուս կողմից` Զուրաբյանի հայտարարության մեջ քրեական հանցագործության` սուտ մատնության տարրեր չկան, և հարցը կարող է քննարկվել բացառապես քաղաքացիական իրավունքների շրջանակներում:

Իրավական ձևակերպումների այդ բառակույտում, սակայն, նրբորեն շրջանցվել է այն հանգամանքը, որ կաշառակերության կամ կաշառատվության փաստեր չեն հայտնաբերվել ոչ թե փաստեր չլինելու պատճառով, այլ որովհետև ոստիկանությունը չի ցանկացել կամ չի կարողացել հետազոտել այն փաստերը, որոնց տիրապետելու մասին նշել էր Զուրաբյանը: Խնդիրն այն է, որ վերջինս ոչ միայն չի ներկայացել ՀՀ ոստիկանություն` բացատրություններ տալու համար, այլև զլացել է իր հայտարարությունը հիմնավորող որեւէ փաստական տվյալ տրամադրել: Եվ դատախազությունը, այդ փաստերի ձեռքբերմանը հասնելու փոխարեն, հղում կատարելով ինչ-որ նյութերի ինչ-որ ուսումնասիրության՝ եզրակացրել է, որ «նա ոչ թե խուսափում է պատասխանատվությունից, այլ ընդամենը հետապնդել է սահմանադրական բարեփոխումների գործընթացը, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահին եւ Վենետիկի հանձնաժողովի անդամներին վարկաբեկելու նպատակ»:

Որպեսզի հասկանալի դառնա, թե ինչպիսի անհեթեթ պատճառաբանություն է ներկայացվում, ծայրահեղության հասնող մի համեմատություն անենք: Պատկերացնենք, որ խոսքը ոչ թե կաշառք տալու մեղադրանքի մասին է, այլ սպանության փորձի: Ստացվում է, որ դատախազությունը, ոչինչ չձեռնարկելով փաստերի (որոնց առկայության մասին խոսում է Զուրաբյանն ինքը) ձեռքբերման ուղղությամբ, սպանության փորձի մասին տեղեկատվության հաղորդումը կարող է որակել ընդամենը սպանության պոտենցիալ զոհին վարկաբեկելուն ուղղված քայլ: Մյւս կողմից` ի՞նչ ուսումնասիրություններ կարող էր կատարել դատախազությունը` եզրակացնելու համար, որ ոչ՛ կաշառատվության դեպք է եղել, ո՛չ էլ Զուրաբյանն է սուտ մատնությամբ զբաղվել, երբ ձեռքի տակ եղած միակ նյութը Զուրաբյանի հայտարարությունների մասին մամուլի հրապարակումներն էին. թերևս միայն դատախազությունն ու ոստիկանությունը գիտեն:  

Իսկ իրականում դատախազությունը պարզապես զոռ է տվել երևակայությանը` թաքցնելու համար այն իրողությունը, որ Զուրաբյանի հայտարարություններին ընթացք չտալու քաղաքական որոշում է կայացվել: Դժվար է ասել` որն է եղել հիմնական պատճառը. նրանից քաղաքական հալածյալ չկերտե՞լը, արմատական ընդդիմադիր գործչի նկատմամբ նման կերպ քաղաքական հետապնդում իրականացնելու մեջ մեղադրվելուց  խուսափե՞լը, թե՞ հասկացել են, որ գործին ընթացք տալու պարագայում ՀՀ գլխավոր դատախազը ստիպված էր լինելու խորհրդարան մտնել` Զուրաբյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով, ինչը հատկապես սահմանադրական սպասվող հանրաքվելին ընդառաջ չի մտնում իշխանության պլանների մեջ:

Այս իրավիճակը, որքան էլ անհեթեթ, վկայում է մի կողմից իրավապահ մարմինների` կոնյունկտուրայի սպասարկուն լինելու, մյուս կողմից` անպատասխանատվության և խոսքի անարժեքության` իբրև հայաստանյան քաղաքական մշակույթի հիմնական բնորոշիչը լինելու հանգամանքը:

Դատախազությունը, բացարձակ սուբյեկտիվ գնահատականների հիման վրա հրաժարվելով Զուրաբյանի հայտարարությունների ներքո քրեական հանցագործություն տեսնելուց, այնուամենայնիվ, Զուրաբյանին ուղղակի որակում է զրպարտիչ և վարկաբեկիչ: Եթե Զուրաբյանը չի փորձում պաշտպանվել, ինչի միակ միջոցը իր կողմից վկայակոչվող` կաշառատվության իրողությունը հաստատող փաստերը հրապարակելն է կամ առնվազն իրավապահ մարմիններին հանձնելը, ուղղակի թե անուղղակի հաստատում է, որ հրապարակավ ստել է և իսկապես զրպարտել միաժամանակ թե՛ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին և թե՛ Վենետիկի հանձնաժողովին: Նման վարքագծից հետո Զուրաբյանը կարո՞ղ է հուսալ, որ իր հետագա հայտարարություններին որևէ քաղաքացի կարող է լուրջ վերաբերվել, եթե, իհարկե, նրա համար առհասարակ հանրային կարծիքը նշանակություն ունի: Մինչդեռ սա զուտ Զուրաբյան անձի և նրա խոսքի նկատմամբ վստահության խնդիրը չէ: Սա նախևառաջ ընդդիմության վստահության հարցն է: Հասարակությունը յուրատեսակ իմունիտետ էր ձեռք բերել իշխանությունը ներկայացնող մեծ ու փոքր կալիբրի գործիչների կողմից անհետևողական ու անպատասխանատու հայտարարությունների ու գործողությունների հանդեպ: Հիմա, փաստորեն, նրան ստիպում են իմունիտետ ձեռք բերել նաև քաղաքական դաշտի այն հատվածի հանդեպ, որի քաղաքական կապիտալը հենց հանրության աջակցության վրա է կառուցվում: Այսպիսի վերաբերմունքից հետո Զուրաբյանը իրեն բարոյական իրավունք վերապահելո՞ւ է քննադատել իշխանություններին ու իրավապահ մարմիններին անգործության, հանրությանը խաբելու, մոլորեցնելու մեջ:

Ամենատխուրը, սակայն, այս պատմության երկու այլ իրողություն է: Նախ` այն, որ փաստացի վարկաբեկվում է Սահմանադրական դատարանի նախագահի անունը: Մի ինստիտուտ, որը չի կարող չասոցացվել արդարադատության հիմնական երաշխավորի կերպարի հետ: Գագիկ Հարությունյանը Զուրաբյանի հայտարարությունից հետո նշել էր, թե այս իրավիճակում իրավապահ մարմինները պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկեն: Հիմա, փաստորեն, իրավապահ մարմինները բացեիբաց ասում են, որ ոչինչ չեն ուզում ձեռնարկել, ինչը նշանակում է, որ Զուրաբյանի հայտարարություններն ու մեղադրանքները մնացել են օդում կախված:

Հիմա ի՞նչ է անելու Հարությունյանը՝ եթե ոչ իրավապահ մարմինների այսպիսի կեցվածքը գնահատելու, ապա գոնե իր անունը պաշտպանելու համար: Չէ՞ որ, ի վերջո, եթե հարցը համարում է այսքանով փակված, ապա անուղղակիորեն հաստատվում է, որ նման դեպք եղել է, և որ Զուրաբյանի կասկածներն առնվազն տեղին են: Հանուն կոնյունկտուրայի իր հեղինակությունն ու արժանապատվությու՞նն է զոհաբերելու: Արդյոք այս կերպ միանալո՞ւ է Զուրաբյանի ու դատախազության անգործությանը` հասարակությանը համատեղ ուժերով վերջնականապես համոզելով, որ սա է հայաստանյան քաղաքական մշակույթը, որ այս համատարած գաղջից ու ճահճից փրկություն չկա, և որ պատգամավորական մանդատը վերջնականապես վերածվում է արդեն բոլորի համար անխափան աշխատող անպատասխանատվության այցեքարտի:

Երկրորդ տխուր իրողությունն այն է, որ ինչպես Զուրաբյանի հայտարարությունը ոչ մի լուրջ ռեակցիա հասարակության մեջ չառաջացրեց, այնպես էլ դատախազության անգործությունն ու կաշառատվության մեջ մեղադրվող ՍԴ նախագահի հանգստությունն ու անտարբերությունը: Ամեն ինչ այնքան օրինաչափ, սովորական ու առօրեական է, որ ոչ ոք այլևս նման բաներից չի զարմանում, առավելևս` զայրանում: Հերթական շոուն է, հերթական շոումենները, որոնք կգնան և որոնց կփոխարինեն ուրիշները...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter