HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պանթեոնում ու Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցվեց Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի հիշատակին

Լիլիթ Թադևոսյան

Այսօր հոկտեմբերի 27-ն է, 16 տարի առաջ այս օրը ԱԺ-ում մի խումբ ոճրագործների կողմից սպանվեցին ԱԺ Նախագահ Կարեն Դեմիրճյանը, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը և պատգամավորներ:

Այսօր նրանց հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար Կոմիտասի անվան Պանթեոն և Եռաբլուր էին այցելել ոչ միայն նրանց հարազատները, այլև տարբեր քաղաքական, հասարակական ուժերի ներկայացուցիչներ, պատգամավորներ:

Կարեն Դեմիրճյանի որդին՝ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը ծանրագույն հարված էր մեր պետությանը, պետականությանը, և դրա հետևանքներն առ այսօր հաղթահարված չեն, հոկտեմբերի 27-ն առ այսօր զգացնել է տալիս:

«Երկրի վիճակը տեսնում եք, սա հետևանք է հոկտեմբերի 27-ի ոճրագործության, և այդ օրը գնդակահարվեց ժողովրդի մեջ արթնացած հույսը: Ինչ վերաբերում է դատավարությանը, ապա դատավարությունը չփարատեց հասաարակության մեջ տիրող կասկածները, չտվեց շատ հարցերի պատասխաններ և իմ գնահատականը գիտեք՝ ամեն ինչ արվեց հոկտեմբերի 27-ի գործը կոծկելու համար: Զոհվածների հիշատակը պետք է հարգենք մեր պետությունը կայացնելով, Հայաստանը մրցունակ պետություն դարձնելով և, իհարկե, լիարժեք բացահայտումով: Այս իշխանությունների օրոք, իհարկե, բացառվում է, որ կբացահայտվի»,- ասաց Ստեփան Դեմիճյանը:

Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էլ ասաց, որ այն Հայաստանը, որի մասին երազում էր իր եղբայրը, փորձեց ի կատար ածել:

«Հավատացեք, որ Վագեն Սարգսյանը կարող էր նույն Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի տարբերակով ընտրությունները կեղծել ու միայն Հանրապետական կուսակցությունով մեծամասնություն վերցնել: Բայց Վագզենը հասկացավ, որ սա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է ու Կարեն Դեմիրճյանի հետ «Արդարություն» դաշինք ստեղծելը հենց այդ քաղաքական  դաշտը լցնելու, այդ բացը լրացնելու համար էր: Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի պարագայում Հայաստանը բացարձակ այլ արժեքներ էր ունենալու ու այլ ընկալում էր ունենալու աշխարհում և տարածաշրջանում: Համենայնդեպս, Ռոբերտ Քոչարյանն ավելի շուտ կդառնար երիտասարդ թոշակառու, Սերժ Սարգսյանը, իմ կարծիքով, լավագույն դեպքում կզբաղվեր բենզինի և դիզվառելիքի բիզնեսով, օլիգարխները կես միլիոնանոց մեքենաներով ու թիկնազորներով չէին ֆռֆռա այս երկրում, պետության սեփականությունը պարտքի դիմաց չէր հանձնվի օտարին: Ինչպես եղբայրս էր ասում՝ 30-50 տարվա ծրագիր կունենար Հայաստանը, ու այդ ծրագրին հասնելու նպատակաուղղվածությամբ Հայաստանը տարածաշրջանում կլիներ մոտավորապես էն կարգավիճակին, ինչ կարգավիճակին է այսօր Մերձավոր Արևելքում Իսրայելը: Եվ, իմ համոզմամբ, ինչ-ինչ գերտերությունների նման հեռանկարը և այս տարածաշրջանում նման ազդեություն ունեցող պետություն ունենալը ձեռնտու չէր, ինչի հետևանքով էլ նաև տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ը»,- ասաց Արամ Սարգսյանը:

Նա նշեց, որ հոկտեմբերի 27-ի բացահայտման համար պետք է կամք  ունենալ, և հստակ է, որ այս իշխանությունները այդ կամքը չունեն, հետևաբար բացահայտման համար պետք է այս իշխանությունները փոխվեն:

Լրագրողների հետ զրուցեց նաև ԱԺ Հայ Ագային Կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ով նշեց, որ հոկտեբերի 27-ի բացահայտումը կապված է միայն մեկ հանգամանքի հետ՝ հոկտեմբերի 27-ին սպանվել են ոչ թե Կարեն Դեմիրճյանը, Վագզեն Սարգսյանն ու նրանց թիմակիցները, այլ Հայաստանի ժողովրդավարությունը:

«Հայաստանում նրանք վերջին առաջնորդներն էին, ովքեր ընտրված էին ժողովրդի քվեով, և նրանք, ովքեր կազմակերպեցին այդ սպանությունը, իրագործեցին իրականում շատ հեռու գնացող մի ծրագիր՝ նրանք ոչնչացրեցին ժողովրդավարությունը, դրանից հետո Հայաստանում որևէ առաջնորդ չի ընտրվել ժողովրդի քվեով, դրանից հետո Հայաստանում հաստատվել է  մենաշնորհ, թալան, ընտրակեղծարարություն, և իշխանությունները զբաղվել են միայն սեփական վերարտադրմամբ, կեղտոտ ընտրություններով և կասկածելի սահմանադրական հանրաքվեներով, սրանից էլ բխում է պատասխանը: Բացահայտումը հնարավոր կլինի այն ժամանակ, երբ Հայաստանում վերականգնվի ժողովրդավարությունը, իշխանության գան ժողովրդի կողմից ընտրված և նրա առջև հաշվետու առաջնորդներ»,- ասաց Զուրաբյանը:

  

 

Պանթեոն էր այցելել նաև ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ հոկտեմբերի 27-ի հարվածը դրսից է եկել, քանի որ, իր խոսքերով, ներսից նման հարվածներ չեն գալիս:

«Եթե որոշ մարդիկ կան, որ կասկածում են, դա վաղուց բացահայտված կլիներ, գոնե մարդկանց ենթագիտակցության մեջ տպավորված կլիներ»,- ասաց Գալուստ Սահակյանը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter