
Աշնանային առաջնագիծ
Բլինդաժում հերթափոխից եկած զինվորների հանգիստը «խանգարեցինք», նրանք արդեն ոտքի էին։ Մանր անձրևը, որ սկսել էր Ստեփանակերտից, ձգվել է մինչեւ առաջնագիծ։ Մառախուղը դանդաղ նստում է դիրքերի վրա։ Մի քանի քայլ անելուց հետո կոշիկները ցեխից ծանրանում են։ Հակառակորդի դիրքերը տեղ-տեղ անտեսանելի են դառնում։ Դիրքապահները ավելի ուշադիր են դարձել հատկապես ձայների նկատմամբ։
Երբ տարբեր մարզերից զորակոչված և արցախյան մի հենակետում միասին ծառայող զինվորներին հարցնում ենք, թե որն է հիմնական դժվարությունը, սկզբում դժվարանում են պատասխանել, հետո ասում են՝ կարոտը:
Մնացած դժվարությունները, ասում են, հաղթահարել են: «Էն ենք հաղթահարել, որ տունը մենք գիշերը ցրտին, անձրևին կանգնած չենք եղել, իսկ հիմա դա սովորական բան ա»,- ասում է Ռուբենը, ով Արմավիրի Արազափ գյուղից է: Ռուբենը կարծում է, որ երբ զորացրվի, էստեղի կյանքը, դժվարություններ հաղթահարելը կկարոտի:
Ռուբենը և ընկերները ադրբեջանական դիրքից հեռու են 40 մետր: Չնայած չդադարող անձրևին ու մառախուղին, հակառակ կողմը դեռ տեսանելի էր: Դիրքի ավագ Մերուժան Ներսիսյանը ասում է, որ երբ գիշերը թանձր մառախուղ է լինում, ինքը փոխում է պահպանության ձևը:
Դիրքում առաջին անգամ ծառայություն էր իրականացնում Տաճատը, ով Եղվարդից է: Նա վստահեցնում է, որ այստեղի պայմաններին հարմարվելու համար մեկ գիշերը բավական է եղել: «Ես ամեն ինչին շուտ եմ հարմարվում»,- ասում է նա և վախենալ-չվախենալու հարցին պատասխանում է նույնքան հանգիստ, որքան նույն դիտակետում իր կողքին կանգնած Էդգարը, ով 50 օրից կվերադառնա Արտաշատ:
«Վեց ամսվա ծառայող եմ եղել, որ գնացել եմ [արձակուրդ]: Նույնն էր, ոչ մի բան էլ չէր փոխվել: Ամեն ինչ նույնն էր». Տաճատ Գրիգորյանը (աջ) և Էդգար Մելիքյանը (ձախ)
Վերջին շրջանում շփման գծի այս հատվածում ավելի խաղաղ է եղել, քան այլ շրջաններում կամ, օրինակ, Տավուշի մարզում: Գումարտակի հրամանատար Գարիկ Մուրադյանը անհասկանալի է համարում այս հանգստությունը, բայց և բացատրում է. «Միգուցե ինչ-որ բան են պլանավորում, միգուցե իրենք հասկացել են, որ պետք է հանգիստ մնան...»:
Փոխգնդապետը, ով նախկինում ծառայել է նաև Իջևանում, Նոյեմբերյանում, Արցախի մեկ այլ զորամասում, ասում է, որ բոլոր տեղերում էլ ծառայում են «տարբեր բնավորության, տարբեր դաստիարակության, տարբեր կենսակերպի մարդիկ»: Հետաքրքրվում ենք, թե արդյոք տարբերություն կա տարբեր շրջաններից զորակոչված զինվորների միջև: «Գյուղի տղերքն են ամենալավ զինվորները, որ չարքաշ են, աշխատել են, օգնել են։ Նրանց ձեռքերից զգացվում է, որ փոքրուց ֆիզիկական աշխատանք են կատարել…»,- ասում է Գ.Մուրադյանը:
Հրամանատարը հիշում է տարբեր տարիների իր զինվորներին, ովքեր աչքի են ընկել որոշ հատկանիշներով կամ ինչ-որ սովորություններ են ունեցել: Բայց երբ հարցնում ենք, թե արդյոք հիշում են որևէ պաշտոնյայի տղայի, ում հետ ծառայել են, հրամանատարն ու զինվորները դժվարանում են նշել մեկին, թեև նշում են բարձրաստիճան որոշ զինվորականների տղաների անուններ:
![]() |
![]() |
Քանի որ ճաշը իրենք են պատրաստում, հրամանատարն ու զինվորները հավատում են, թե տղամարդիկ ավելի լավ են պատրաստում:
Հրամանատարի հետ զրուցեցինք նաև սպաների խնդիրներից: Դիրքապահ սպաները, օրինակ, կարճ ժամանակով են իրենց ընտանիքի հետ լինում: Ամսվա 14 օրերին նրանք սահմանին են, մնացած օրերին թեև բնակավայրում են, բայց երբեմն ստիպված են լինում ծառայության բերումով մնալ զորամասում կամ ուշ գնալ տուն: Պաշտպանության նախարարության սպաներից մեկը, ով մեզ ուղեկցում էր, ծիծաղելով հիշում է. «Մի օր դիրքերում էի, զանգել եմ կնոջս, ասում եմ՝ էսօր չեմ կարողանալու էրեխուն դպրոցից վերցնեմ: Սպաներից մեկն ասում ա՝ ինչի դուք տենց բաներ էլ ե՞ք անում»:
Մեկնաբանել