
Հեռահար բանկային ծառայությունները քիչ են օգտագործվում Հայաստանում, որոշ բանկերում խոցելի են
Օնլայն բանկինգ կամ հեռահար բանկային ծառայությունները Հայաստանի բանկային համակարգ մուտք են գործել վերջին տարիներին: Գրեթե բոլոր բանկերը մատուցում են այդ ծառայությունները՝ բացառությամբ 3-ի: Տարածվածությունը, սակայն, դեռևս շատ չէ:
Համաձայն «Ամերիաբանկի» կողմից իրականացրած ուսումնասիրության, որն այսօր ներկայացվեց թեմայի շուրջ կազմակերպված քննարկմանը, 2013թվականին բնակչության ընդամենը 1.3 % -ն է օգտվել օնլայն բանկինգից, 2014-ին՝ 2%-ը: Մինչդեռ Իսլանդիայի բնկաչության 91 %-ն արդեն օգտվում է հեռահար բանկային ծառայություններից: Իսլանդիան աշխարհում այս ցուցանիշով առաջին հորիզոնականն է զբաղեցնում:
«Ամերիաբանկի» ֆիզիկական անձանց հաճախորդների 17.5% երբևէ օգտվել է օնլայն բանկինգից, 3%-ն է ընդամենը մշտապես օգտագործում այն: Իրավաբանական անձինք ավելի ակտիվ են օգտվում օնլայն բանկինգինց:
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ՀՀ քաղաքներից Երևանի բնակչությունն է ակտիվ օնլայն բանկինգից օգտվում: Առավել պասիվ քաղաքներից է Վանաձորը, որտեղ օնլայն բանկինգի ծառայությունները մեծ հետաքրքրություն չեն ներկայացնում:
Ոլորտի մասնագետները նշեցին, որ օնլայն բանկինգի օգտագործումը զուգահեռ է սմարթֆոնների օգտագործմանը: Չնայած վիճակագրությունն ասում է, որ բնակչության 29% ունի սմարտֆոն, բայց միայն կեսն է օգտվում հավելվածներից:
ՀՀ Կենտրոնական բանկի Խորհրդի անդամ Վախթանգ Աբրահամյանը նշում է, որ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ բանկային հաճախորդներն էլ սերնդափոխություն են ապրում: Եթե նախորդ սերունդը ավելի հակված էր ավանդական բանկային ծառայություններին և բանկ այցելություններին, ապա, օրինակ, Մեծ Բրիտանիայում, 2000թ.-ից հետո ծնվածների 40% երբեք չի այցելել բանկ և չի այցելի:
HSBC բանկի բանկային մանրածախ ու ծառայությունների դեպարտամենտի տնօրեն Միհրան Մուրադյանի կարծիքով, բանկային գործունեության ապագայի զարգացումը գնալու է դեպի թվային տեխնոլոգիաների օգտագործում: Մասնագետը օրինակ է բերում Սինգապուրը, որտեղ մասնաճյուղերում ընդհանրապես մարդկային ռեսուրս չի օգտագործվում: Այն ամբողջովին թվային է: «Ինչ վերաբերում է Հայաստանին, HSBC-ի ռազմավարական ուղղություններից մեկը թվային տեխնոլոգիաների ներդրումն է մեր հաճախորդների համար: Մեր կարծիքով, սա բանկային գործի ապագան է»,-նշեց Միհրան Մուրադյանը:
HSBC բանկի բանկային մանրածախ ու ծառայությունների դեպարտամենտի տնօրենի կարծիքով, օնլայն բանկինգը պետք է լինի ինտեգրված ամբողջական համակարգ, որը հասանելի լինի բոլորին:
Օնլայն բանկինգի անվտանգության առումով անկախ փորձագետ Սամվել Մարտիրոսյանի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հայաստանի բանկերից հինգը (անուններ չնշեց-հեղ.) շատ լուրջ խոցելիություն ունի: Հաճախորդը լուրջ վտանգի կենթարկվի, որովհետև այդ բանկերը չեն տրամադրում պաշտպանված կապ:
Փորձագետը նաև նշում, որ հարձակման համար դեռևս մեծ շուկա չկա. «Մենք դեռ հետաքրքիր չենք լուրջ ցանցային հանցագործների համար»: Սակայն շուկան մեծանալու է, զուգահեռաբար կհայտնվեն նաև հանցագործները: Հետևաբար, բնակչության անգրագիտությունն այս ոլորտում ամենամեծ խնդիրն է: Իսկ այսօր օգտվողները կրթվելու տեղ չունեն: Հիմանականում ընկերների միջոցով են կրթվում:
Սամվել Մարտիրոսյանը, բերելով իր կումունալ վճարումների օրինակը, նշեց, որ ռիսկերը նաև հոգեբանական են, քանզի բանկը լրիվ այլ թիվ էր տրամադրել, arca համակարգը՝ այլ: Այդ տարբերության պատճառով ավելի քիչ վճարում էր կատարել, ինչի հետևանքով կարող էր իր կոմունալ ծառայություն դադարեցվել:
Բացի դրանից, ըստ Սամվել Մարտիրոսյանի, գրեթե բոլոր բանկերի օնլան բանկինգի ինտերֆեյսը գրված է հաշվապահի համար, և եթե սովորական հաճախորդը հաշվապահ չէ և փորձում է օգտվել օնլայն բանկինգի ծառայություններից, հասկանալը շատ բարդ է. «Բանկերը օնլայն բանկինգին վերաբերվում են ուրիշ կերպ, քան պետք է: Այսինքն՝ չեն նայում հաճախորդի աչքերով, այլ նայում են, որ շատ լավ համակարգ է և թույն աշխատում է»,-ասում է Ս. Մարտիրոսյանը:
Մեկնաբանել