
«Վարդաշեն» ՔԿՀ-ում շարունակվում է հացադուլը
«Վարդաշեն» ՔԿՀ-ում այս պահին հացադուլի մեջ է ութ դատապարտյալ, որոնցից յոթի բողոքն ուղղված է պայմանական վաղաժամկետ ազատման անկախ հանձնաժողովի գործողությունների դեմ: Այս մասին «Հետքին» հայտնեց ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը՝ տեղեկացնելով, որ հացադուլավոր 8 դատապարտյալների առողջական վիճակը այս պահին գնահատվում է բավարար:
Հացադուլավորներից երկուսը՝ պահեստազորի գնդապետ, անցյալ տարի 6 տարվա ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանը և ազատամարտիկ Հովսեփ Տերտերյանը հացադուլը սկսել են հոկտեմբերի 30-ից: Իսկ հաջորդ օրը նրանց են միացել Փայլակ Խանամիրյանը և սպա Ռաֆայել Մկրտչյանը: Այնուհետև հացադուլ են հայտարարել նաև ազատամարտիկ Գևորգ Հարությունյանը, Արմեն Վարդանյանը և պահեստազորի փոխգնդապետ Գեղամ Ասատրյանը:
Սպա Ռաֆայել Մկրտչյանի մայրը՝ Անահիտ Մկրտչյանը նամակով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
Նամակում ասված է. «Մեկ ամսվա նորաթուխ սպա լինելով՝ որդիս՝ Ռաֆայել Մկրտչյանը, դատապարտվել է ազատազրկման յոթ տարի ժամկետով, որից հետո Վճռաբեկ դատարանը մեղմել է պատիժը կրճատելով վեց ամսով, նաև վեց ամսով կրճատվել է համաներման արդյունքում: Մնացած վեց տարուց հինգ տարին արդեն կալանավայրում է: Ես՝ որպես մայր և որպես քաղաքացի, չեմ կարող հասկանալ, թե ինչու է ամեն անգամ մերժվում որդուս վաղաժամկետ ազատման դիմումը, այն դեպքում երբ այս հինգ տարիների ընթացքում արդեն յոթ անգամ կալանավայրի ղեկավարությունը որպես օրինակելի ու կարգապահ կալանավոր նրան ներկայացրել է վաղաժամկետ ազատման: Ուզում եմ նշել նաև, որ ունի խրախուսանք տրված կալանավայրի ղեկավարության կողմից, իսկ «անկախ» հանձնաժողովը ամեն անգամ մերժում է՝չտալով ոչ մի պատճառաբանություն»:
Իսկ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին անկախ հանձնաժողովն արդեն երկրորդ անգամ է մերժում պայմանական ազատել:
Բանտերից պայմանական ազատվողների թիվը գնալով նվազում է
Անկախ հանձնաժողովների ստեղծումից հետո՝ 2006 թ-ից սկսած հայաստանյան բանտերից պայմանական վաղաժամկետ ազատ արձակվողների թիվը սկսեց տարեցտարի նվազել: Ըստ վիճակագրության, եթե 2006 թ.-ին քրեակատարողական հիմնարկների վարչական հանձնաժողովները պայմանական ազատման համար անկախ հանձնաժողովներին են ներկայացրել այդ իրավունքը ունեցող դատապարտյալների 85 տոկոսին, ապա 2013 թ.-ին՝ միայն 18 տոկոսին: Այսօր պայմանական ազատության իրավունք ունեցողների միայն 5%-ն է պայմանական վերադառնում հասարակություն: Ըստ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի ունեցած տվյալների, եթե 2013-ին պայմանական վաղաժամկետ ազատ արձակման անկախ հանձնաժողովի որոշմամբ ազատվել է 226 դատապարտյալ, ապա 2014-ին նրանց թիվը եղել է 184:
Քրեակատարողական հիմնարկներից պարբերական են դատապարտյալների բողոքները, որոնք պնդում են՝ պայմանական վաղաժամկետ չեն կարողանում ազատվել: Իրավապաշտպաններն էլ ահազանգում են, որ ՀՀ նախագահի հրամանագրով գործող անկախ հանձնաժողովները չունեն մարդկանց պայմանականորեն ազատություն վերադարձնելու չափորոշիչներ:
Հիշեցում
ՀՀ նախագահի 2006 թ. հուլիսի 31-ի ՆՀ-163-Ն հրամանագրով սահմանվում են պայմանական վաղաժամկետ ազատման անկախ հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգը, անկախ հանձնաժողովների կազմերը, գործունեության ֆինանսավորումը։ Անկախ հանձնաժողովների անհատական կազմերը, ըստ սպասարկվող քրեակատարողական հիմնարկների, հաստատում է ՀՀ նախագահը: Հանձնաժողովները բաղկացած են 8 անդամից, մեծամասնություն են կազմում տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչները՝ Ոստիկանություն, Առողջապահության նախարարություն, Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն, ՀՀ նախագահի աշխատակազմ, ԱՆ ՔԿՎ։ Ներառվում է նաև մեկական անդամ հանրային խորհրդից, ՄԻՊ գրասենյակից, ԵՊՀ հոգեբանության տեսության և պատմության ամբիոնից։
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել