
Ձկնաբուծական հսկան սնանկ է ճանաչվել. ձկնաբույծները մեղադրում են կառավարությանը
Այս տարվա ամռանը ձկնաբուծական ոլորտում ամենամեծ ընկերություններից մեկը՝ «Յունիֆիշ» ՍՊԸ-ն սնանկ է ճանաչվել: Ձկնաբույծների միության նախագահ Արթուր Աթոյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ եթե կառավարությունն այսպիսի անտերբերություն ցուցաբերի ոլորտի նկատմամբ, ապա մինչ տարվա վերջ ևս 35 ձկնաբուծական տնտեսություն կփակվի Հայաստանում: Այս ամենում Արթուր Աթոյանը մեղադրում է գյուղատնտեսության նախարարությանը:
«Յունիֆիշին» սնանկ ճանաչելու հայցով դատարան է դիմել «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ը: «Յունիֆիշի»՝ վարկային պայմանագրերով սահմանված պարտավորության չվճարված գումարը այս տարվա հունիսի դրությամբ կազմել է ավելի քան 6.5 մլն եվրո և 5.1 մլն դոլար: «Յունիֆիշ»-ին տրամադրված վարկերը եղել են տարեկան 9 կամ 10 տոկոս դրույքով:
Տարիներ շարունակ կառավարությունը կանաչ լույս էր վառել այս ընկերության համար: Նախագահ Սարգսյանն անձամբ այցելել էր «Յունիֆիշի» տնտեսություն: «Յունիֆշ»-ը մեծ քանակությամբ ձուկ էր արտահանում Ռուսաստանի Դաշնություն: Բնապահպանության նախարարության՝ «Հետքին» տրամադրած տվյալների համաձայն, ձկնաբուծական այս ընկերությունը մարզում ամենամեծ ծավալի ջրօգտագործողն էր: Սակայն կարծես թե ամեն ինչ հարթ չի ընթացել:
Բնապահպանության նախարարությունը, երբ սկսել էր ապօրինի խորքային հորերի լուծարման և կոնսերվացման արշավը՝ Արարատյան արտեզյան ավազանը ջրազրկումից փրկելու նպատակով, անցյալ տարվա օգոստոսին լուծարել էր Արարատի մարզի Սայաթ-Նովա համայնքում գտնվող ‹‹Յունիֆիշ›› ընկերությանը պատկանող ձկնաբուծական տնտեսության 5 խորքային հոր:
2007թ.-ին ստեղծված «Յունիֆիշ» ՍՊԸ-ի միակ բաժնետերը Արմեն Մկրտչյանն էր: Սակայն 2014թ.-ի ամռան Արմեն Մկրտչյանը իր բաժնեմասը ձևակերպել է Սեյշելյան կղզիներում գրանցված «ԷՄ-ԴԻ ՔԵՓԻԹԱԼ ՀՈԼԴԻՆԳՍ»ՍՊԸ-ի անվամբ:
Թե ինչով է պայմանավորված այս վերաձևակերպումը, հայտնի չէ: Գուցե ընկերության սնանկացման բանալին օֆշորային այս ընկերությունն է:
Որովհետև այս տեսանյութում Արմեն Մկրտչյանը, ընդամենը մեկ տարի առաջ տված հարցազրույցում, պատմել է իրենց հաջողությունների մասին: Ասել է, որ 2007 թվականից դրված ծրագրերը ըստ պլանավորվածի կատարվել են, և որակյալ արտահանումներ դեպի ՌԴ ապահովում են, տարեցտարի ավելացնում են արտադրության ծավալները: |
Ընկերության հեռախոսահամարներն անջատված են, պարզաբանումներ ստանալ չհաջողվեց: Արմեն Մկրտչյանի մտրերիմ անձանցից մեկն ասաց, որ վերջինս մամուլի ներկայացուցիչների հետ շփվել չի ցանկանում:
Չնայած ձկնաբույծների միության նախագահի տվյալների՝ ձկնաարտադրանքի արտահանումը Հայաստանից վերջին տարիներին չի նվազել: 2010 թվականից արտահամման ծավալները տարեցտարի աճում են:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ հունվար-սեպտեմբերի ամիսներին ավելի քան 1000 տոննա ձուկ է արտահանվել: Սա քիչ է անցյալ տարվա ցուցանիշից, սակայն Ամանորյա արտահանումները դեռ առջևում են:
Այդուհանդերձ, Ձկնաբույծների միության նախագահ Արթուր Աթոյանի կարծիքով, գյուղնախարարության հայտարարությունները, թե որոլտում աճ է գրանցվել և ռուբլու արժեզրկումը ոլորտի վրա չի անդրադարձել, չի համապատասխանում իրականությանը: Ըստ Աթոյանի, արտահանման թվերը նկարված են:
Լուսանկարները՝ «Յունիֆիշի» տնտեսությունից
Մեկնաբանել