HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գաղտնի աղբյուրներ, որոնք բացահայտում են լայնորեն հայտնի իրողությունները

Ռուսաստանյան «Կոմերսանտի» («Ъ») չորս հեղինակների կողմից վատ իրականացված տեղեկատվական «ներարկումը» (Լեռնային Ղարաբաղը միակցում են մաքոքային դիվանագիտությանը»), այնուամենայնից ալիքներ առաջացրեց ոչ միայն հայկական ու ադրբեջանական, այլեւ ինչ-որ չափով ռուսաստանյան տեղեկատվական հարթակներում: Ադրբեջանական թերթերը համառոտ տպագրեցին հայկական երկու ԶԼՄ-ների արձագանքները, կազմակերպեցին մի քանի հարցազրույցներ տեղական ու արտասահմանյան փորձագետների հետ, ռուսաստանյան աղբյուրներում տեղադրվեցին Կովկասով զբաղվող մասնագետների կարծիքները, թե որքանով է իրական «Կոմերսանտի» բացահայտումը:

Միայն մի քանի ձեւակերպումներից  («Ъ »-ի աղբյուրը` հայաստանյան դիվանագիտական շրջանակներից»,  ««Ъ »-ի աղբյուրը` Ադրբեջանի ուժային գերատեսչություններից մեկի ղեկավարությունից», «Հարավային Կովկասով զբաղվող եւ Կրեմլին մոտ կանգնած ռուսաստանյան աղբյուրը») է զգացվում, որ թերթը նպատակ է ունեցել բացահայտել ղարաբաղյան բանակցությունների հետ կապված ներկայիս գերգաղտնի հանգամանքները: Ոչ ավելին, քանի որ թերթի «աղբյուրների» ասածները կողմերի բազմիցս արտահայտած դիրքորոշումների նկարագրություններ են, այնքան արդեն հաճախ կրկնված, որ այդ դիրքորոշումները հակամարտության կողմերում քաղաքական մանտրայի են վերածվել:  

Դատեք ինքներդ. Հայաստանում  «Ъ»-ի դիվանագիտական աղբյուրը հայտարարում է, թե Ղարաբաղը շրջապատող տարածքներից հրաժարվելը «Ադրբեջանի ծրագիրն է, որը նույնիսկ չի էլ քննարկվում»: Ադրբեջանի ուժային կառույցներից մեկի ղեկավարությունից աղբյուրը հավանաբար իր անձի «գաղտնիության պահպանման բարձր աստիճանի» երաշխիքով «Ъ»-ին հայտնում է, որ «…եթե այլ ելք չմնա, մենք պատրաստ ենք պատերազմելու: Վերջին տարիներին ուժերի հարաբերակցությունը փոխվել է ոչ Հայաստանի օգտին: Մեր ռազմական բյուջեն մեծ է Հայաստանի ողջ բյուջեից: Մեր բանակի համար գնվում են նորագույն զինատեսակներ, որոնք Երեւանը չունի: Բացի այդ, Նախիջեւանում տեղակայված են մեր հարձակողական ստորաբաժանումները, որոնք պատերազմի դեպքում կարող են գրոհել Երեւանի դեմ»: Իսկ Կրեմլին մոտ կանգնած աղբյուրը ասում է «մեծ նորություն» այն մասին, որ «Բաքվի մարտավարությունը հանգում է նրան, որպեսզի կարողանա իր կոշտ հռետորաբանության շնորհիվ ամրացնի իր դիրքերը բանակցությունների ժամանակ…Ադրբեջանի մյուս նպատակն այն է, որ թույլ չտա, որ բոլորը սովորեն Ղարաբաղում հակամարտության սառեցված վիճակին: Դրա համար պարբերաբար պետք է իրավիճակը շիկացնել, ինչին նպաստում են շփման գոտում չդադարող բախումները: Դրանով աշխարհին ազդանշան է ուղարկվում, թե պատերազմն ընթանում է, թեկուզեւ` ցածր ինտենսիվությամբ: Այս մասին չի կարելի մոռանալ, լուծում է պետք գտնել»:

Ինչպես ասում են` գտեք գոնե մեկ տարբերություն այս ամենի եւ վաղուցվանից ո անընդհատ հնչեցվածի միջեւ:  

«Բացահայտված սխեման» («տարածքների վերադարձ չպատերզամելու դիմաց», բայց նաեւ` առանց ԼՂՀ-ի ճանաչման), որն իբրեւ թե ներկայումս քննարկվում է կողմերի միջեւ, դարձյալ զարմանքի արժանի ոչ մի նոր բան չի պարունակում: Ուշադիր վերանայեք Մադրիդյան սկզբունքները եւ բանակացային գործընթացի վերջին գրեթե 8 տարիների իրողությունները, աչքի տակով անցկացրեք բոլոր այն պատճառները, որոնք պտտեցնում էին բանակցային կառուսելը բոլոր այդ տարիների ընթացքում: Եվ նույնիսկ խաղաղարարների հարցն է, ինչի մասին դարձյալ գրում է  «Ъ»-ը, ընդհանուր առմամբ եղել բանակցային սեղանի դարակներից մեկում այն պահից, երբ 2007թ. մեջտեղ բերվեցին այդ Մադրիդյան սկզբունքները: Պարզապես գործն այդպես էլ ընդհուպ խաղաղարար ուժերի հարցին չի հասել, եւ խաղաղարարների հարցը սեղանի վրա չի դրվել: Իսկ հիմա ամենաանհարմար պահն է բոլոր հարցերը միասնաբար, այդ թվում` ՄԱԿ-ի, կամ ՀԱՊԿ-ի ուժերի հարցը առաջ մղելու համար: Իրար հետ կապված պայթուցիկ սարքավորումներով լի այս փեթակը հենց այս ժամանակներում ձեռք տալ չի կարելի: Սա չի բխում կողմերից ոչ մեկի շահերից, ոչ հակամարտության անմիջական կողմերի, ոչ էլ այն ուժերի շահերից, որոնց սովորաբար անվանում են տարածաշրջանային արտաքին խաղացողներ:  

Խաղաղարարների մասին թեզը նոր չէ, իսկ տարբերակները, թե ինչպես համոզել  հայկական կողմին համաձայնվելու դրանց տեղակայմանը, փոփոխվում են ժամանակներին համահունչ: Հիմա նույնիսկ հնչեցվել է տարբերակ, ըստ որի Ս. Սարգսյանի նախագահության ավարտից հետո նրան կնաշանակեն ՀԱՊԿ նախագահ, «ինչը ի չիք կդարձնի հայկական բնակչության մտավախությունները, թե խաղաղարար ուժերը չեզոք չեն լինելու»: Ի դեպ այս տարբերակն էլ է ներկայացվում հանրության ուշադրությանը «թերթին մոտ կանգնած աղբյուրների» շնորհիվ: Միայն թե այդ աղբյուրը հիմնովին մոռանում է այն մասին, որ հակամարտության գոտում որեւէ խաղաղարար ստորաբաժանման տեղակայման համար (անկախ այն բանից, թե ինչ ծագման կլինի` ՄԱԿ-ինը, ՀԱԿՊ-ինը, թե այլ կազմակերպության), պետք է նախապես «կաշառել» ոչ միայն ՀՀ-ի, այլեւ Ադրբեջանի նախագահին:  

Դժվար թե Ադրբեջանի` ԵԱՏՄ-ում անդամագրումը, ինչի մասին շատ են խոսում արդեն որոշ ժամանակ, այդ երկրում որպես քաղցրաբլիթ կընկալեն եւ դրա դիմաց դժվար թե հրաժարվեն գոնե հռետորաբանության մակարդակում պատերազմելու սպառնալիքից: Պատերազմի գաղափարը ընկած է ադրբեջանական ներքին ու արտաքին քարոզչության հիմքում: Դրա շնորհիվ սեփական հասարակության առջեւ իշխանությունները ներկայանում են որպես անվախ խիզախ ու երկրի շահերով ղեկավարվող ուժեր, իսկ արտաքին աշխարհին շանտաժ է արվում. հայերին վախեցնում են  ռազմական բյուջեով ու նոր զինատեսակներով հագեցած բանակով, Արեւմուտքին`Ադրբեջանում կատարված բազմամիլիարդ ներդրումները վտանգելու հեռանկարով, Ռուսաստանի վրա փորձում են ազդել այն բանով, որ պատերազմի դեպքում նա ստիպված է լինելու միանշանակ ընտրություն կատարել Հայաստանի ու Արբեջանի միջեւ: Ռուսաստանի պետական շահերից չբխող մի հանգամանք:

Ինչի՞ համար էր այնուամենայնիվ Երեւան եկել Ս. Լավրովը: Մի՞թե միայն ամերիկացի համանախագահ Ջ. Ուորլիքի հետ հրապարակավ համաձայնելու նպատակով:  Դժվար է ասել, քանի որ «Ъ»-ի նման աղբյուրներ չունեմ:

Հիշեցնեմ, որ ԵԽԽՎ-ի կողմից Լեռնային Ղարաբաղի հարցով որոշման ընդունման մասին հայտնի դառնալուն պես նա հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ կոչ արեց մյուս միջազգային կառույցներին չխառնվել կարգավորման գործընթացին:

Եվ այն, որ ԵԱՀԿ ՄԽ երկու համանախագահ երկրները կոնկրետ ու միանշանակ ձեւակերպումներով ազդանշան ուղղեցին բոլոր միջազգային ատյաններին, որպեսզի նրանք այլեւս չմիջամտեն իրենց միջնորդական գործերին, հույս է ներշնչում, որ ապագայում միջազգային այդ ատյանների որոշումներն ու բանաձեւերն ավելի ազդեցիկ կդառնան: 

Չի զարմացնում նաեւ այն, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն անմիջապես հակադարձեց Ջ. Ուորլիքի` ԵԽԽՎ բանաձեւի առիթով արված թվիթերյան գրառմանը (որով ոչ թե պարզապես քննադատեց ամերիկացի համանախագահի ելույթը, այլ նրան անվանեց հայկական շահերը առաջ մղող գործիչ, արդեն գրեթե երկու տարի է, ինչ Ադրբեջանում Ուորլիքին չեն սիրում), իսկ Ս.Լավրովին ճիշտ նույն խոսքերի համար Ադրբեջանում չհակաճառեցին:   

ԵԽԽՎ որոշման առիթով արած Ս. Լավրովի հայտարարությունը հայկական կողմերում էլ ցնծությամբ չընդունվեց: Հավանաբար այն պատճառով, որ հայաստանյան հանրային դիսկուրսի մակարդակում Ռուսաստանի հանդեպ վստահությունը ակնհայտորեն պակասել է: Եվ ռուսաստանյան պաշտոնական ու հանրային այլ դեմքերի հայտարարությունների առիթով տեղեկատվական հրավառություններ արդեն տեւական ժամանակ չեն կազմակերպում:

Հայաստանում հիմա կա մեկ հարց, որը միանման ընկալում ունի բոլորի` եւ Ռուսաստանի մոլի պաշտպանների, եւ Ռուսաստանի մոլի քննադատների մոտ: Դա Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարման հարցն է: Հայ-ռուսաստանյան հարաբերությունների մնացած բոլոր բնագավառներում ու հարցերում հայաստանյան հանրային կարծիքը ձեւավորողների գնահատականների անհամապատասխանությունը, տեղ-տեղ էլ` խորքային հակասություններն ակնհայտ են: Վերջին ժամանակներս հայ-ռուսական թեմայով կոնֆերանսներն ու բանավիճային այլ միջոցառումներն ընթանում են կազմակերպիչների դիրքորոշումների նկատմամբ լոյալ մասնագետների, վերլուծաբանների ու քաղգործիչների մասնակցությամբ: Այս սովորությունը անձամբ ինձ համար զարմանալի է, թե չէ ի՞նչ իմաստ ունի այդ ամենը քննարկում անվանել, եթե պետք է հնչեցվեն հավաքված լսարանի ականջը շոյող կարծիքներ: Մի՞թե իմաստը միայն Հայաստանում Ռուսաստանին սատարելու քաղաքական դեմարշներն են:     

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter