HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նավրոզ, Փիրոզ Բի

Անցորդները զարմացած կանգ էին առնում լայնորեն բացված դարպասների մոտ, որտեղից լսվում էին անհասկանալի լեզվով երգեր, եւ մի խումբ մարդիկ պարում էին պարզունակ պար՝ երկու քայլ առաջ, երկու քայլ ետ եւ այդպես երկա՜ր-երկա՜ր, անվերջ երաժշտության ներքո:

Հարեւանները, սակայն, պատուհաններից չէին կախվում եւ երկհարկանի տան դիմաց չէին հավաքվում: Նրանք արդեն սովոր էին. ամեն տարի այդ օրը՝ մարտի 21-ին, քրդերը նշում են իրենց Նոր տարին:

Տոնակատարությունը սկսվում է գիշերվանից, երգով ու պարով` խարույկի շուրջ, եւ սահուն տեղափոխվում է հաջորդ օրը՝ ավելի բուռն ուրախությամբ եւ առատ սեղաններով:

«Նավրոզ» քրդերեն նշանակում է «նոր օր»: Ըստ արեգակնային օրացույցի՝ դա գարնան առաջին օրն է: Բնությունն արթնանում է եւ սկսում նոր կյանք: Գարնան սկիզբը խորհրդանշում է վերածնունդ ինչպես ուղիղ, այնպես էլ փոխաբերական իմաստով, եթե հաշվի առնենք, թե ուր են հասնում Նավրոզ տոնի արմատները:

Քրդերը հնուց վարել են քոչվոր կյանք, այնպես որ իրենց ավանդական տոների մեծ մասն այսպես, թե այնպես կապված են հողագործության հետ:

Մ.թ.ա. յոթերորդ դարում Զագրոս լեռների ստորոտում, Միջագետքում տեղակայված բերդաքաղաքում իշխում էր Դեհակ ասորական արքան: Նրան գահին էր նստեցրել չար ոգի Ահրիմանը:

Հետո Ահրիմանն արքայի մոտ անցավ ծառայության՝ ավագ խոհարարի կարգավիճակով: Մի անգամ Դեհակը «խոհարարին» գովեստի խոսքեր ասաց նրա պատրաստած կերակուրների համար, եւ նա արքային խնդրեց թույլ տալ համբուրել նրա ուսերը:

Արքան թույլ տվեց: Հենց Ահրիմանը համբուրեց Դեհակի ուսերը, ճառագեց ուժգին լույս, եւ արքայի երկու կողմերում հայտնվեցին երկու հսկայական օձեր: Կեղծ խոհարարը հօդս ցնդեց: Նրա փոխարեն անմիջապես հայտնվեց մի բժիշկ եւ արքային ասաց, որ նա այլեւս չի ազատվի օձերից. ավելին, երբ սողունները սովածանան, Դեհակին պատելու են ուժգին ցավեր, որոնք մեղմանալու են միայն այն ժամանակ, երբ օձերն ուտեն երիտասարդ տղաների եւ աղջիկների ուղեղ:

Այդպես քաղաքում սկսեցին սպանել երիտասարդներին եւ նրանց ուղեղները զոհաբերել օձերին: Սա տեսնելով՝ արեգակը հրաժարվեց դուրս գալ: Քաղաքն ընկղմվեց մթի ու ցրտի մեջ: Բերք այլեւս չկար, ծաղիկները թոշնեցին, թռչունները դադարեցին երգել: Մարդիկ տխուր էին եւ ահից դողում էին Դեհակի անունը լսելիս: Նրանք երգում էին թախծոտ երգեր սրնգի նվագակցությամբ:

Այդ քաղաքում մի դարբին էր ապրում Կավա անունով: Դեհակի հրամանով արդեն սպանվել էին նրա տասնվեց երեխաները: Մի անգամ արքայական պալատից հրաման եկավ, որ նրա վերջին դուստրը պետք է սպանվի, եւ ուղեղը վաղ առավոտյան տարվի դեպի պալատի դարպասները, որտեղից պահակները կվերցնեն այն:

Կավան չքնեց ամբողջ գիշեր: Լուսադեմին նրա միտքը փայլատակեց: Նա մորթեց գառանը եւ օձերին տարավ կենդանու ուղեղը:

Կավայի արարքի մասին լուրը շրջեց ամբողջ քաղաքով: Բոլորը սկսեցին այդպես անել: Իսկ երեխաներին գաղտնի ուղարկում էին Զագրոս լեռները, ուր նրանք մեծանում էին ազատության մեջ: Կավան նրանցից զինվորներ էր պատրաստում, ովքեր պետք է մի օր վերադառնային հայրենի քաղաք եւ ազատագրեին այն չար ոգի Ահրիմանի կամքով չարիք դարձած արքայից:

Այդ օրը եկավ: Մարտիկներն իջան քաղաք, եւ բոլոր տներից, որոնց մոտով նրանք անցնում էին, մարդիկ միանում էին իրենց: Շատ շուտով Կավայի բանակը դարձավ բազմահազարանոց:

Մարտի 21-ին նա այդ բանակի հետ մտավ ամրոց եւ կտրեց արքայի եւ օձերի գլուխները: Հետո բարձրացավ բարձր լեռան գագաթը եւ վառեց հսկայական կրակ, որպեսզի Միջագետքի բնակիչներն իմանան, որ այլեւս ազատ են:

Բոլորը սկսեցին կրակ վառել: Խավարը գնաց, եւ լույսը բացվեց: Արեգակը կրկին դուրս եկավ: Ողջ բնությունը կենդանացավ:

Մարդիկ պարում էին խարույկների շուրջ ու երգում սրնգի եւ թմբուկների նվագակցությամբ:

Այն ժամանակներում Միջագետքը բնակեցված էր քրդերով, պարսիկներով, աֆղաններով եւ այլ ժողովուրդներով, որոնցից շատերն առայսօր տոնում են Նավրոզը:

Քրդերի համար այս տոնն ունի յուրահատուկ իմաստ. չէ՞ որ նրանք մինչ այժմ պայքարում են իրենց ազատության համար: Քրդական ազատագրական շարժման շատ մասնակիցներ՝ Մազլում Դոհան, Զեկիյե, Ռոնահի, Բերիվան, ինքնահրկիզում են կազմակերպել հանուն Քրդստանի անկախության հենց Նավրոզի օրը:

Հայաստանաբնակ քրդերը Երեւանում եւ մարզերում Նավրոզը տոնում են տարբեր օրերի, որպեսզի, ինչպես իրենք են ասում, բոլորը կարողանան տոնել այնտեղ, ուր ուզում են:

Հայաստանի քրդերի համայնքի համակարգող Կնյազ Հասանովի կինը՝ Թամարա Հասանովան, պատմում է Նավրոզի ավանդույթների մասին. «Նավրոզը պետք է տոնվի չորս շաբաթ: Շաբաթները նվիրված են հողին, կրակին ( քրդերը դավանում են եզդիականություն՝ արեւապաշտություն ) , ջրին եւ օդին: Ջրի շաբաթին պետք է մեկ օր ամբողջ գիշերն անցկացնել ջրի մոտ: Կրակի շաբաթին վառվում են խարույկներ: Հողի շաբաթին հիշատակվում են հանգուցյալները: Նավրոզին պետք է հաշտվել եւ ներել: Եթե ինչ-որ մեկի տանը նոր հարսանիք է եղել, պետք է նվերներով այցելել նորահարսին: Նավրոզին պատրաստվում է յոթ տեսակի ուտեստ տարբեր լցոններով, որոնք խորհրդանշում են շաբաթվա յոթ օրերը»:

Այդ օրը պարտադիր է համեմունքներով բրինձը եւ ձուկը: Քրդերը ձվերը ներկում են տարբեր գույներով եւ շարում ծլած ցորենի շուրջ: Նաեւ թխում են գաթա, որի մեջ դնում են կոպեկ: Ում հասնի կոպեկը, նա էլ կլինի ամենահաջողակը այդ տարում:

Նավրոզի տոնն անպայման անցկացվում է բաց տարածքում, ամենից լավ` բնության գրկում:

Երկհարկանի տան բակում մի քանի կանայք շուրջպար են պարում քուրդ երաժիշտների կենդանի նվագակցությամբ եւ իրենց տղամարդկանց հայացքների ներքո, մյուս կանայք նախապատրաստում են տոնական սեղանները:

Պատերին կախված են Աբդուլա Օջալանի եւ քրդական ազատագրական շարժման հերոսների մեծ պաստառները: Պարերը մերթընդմերթ ընդհատվում են «մեր առաջնորդ» Աբդուլա Օջալանի եւ «ազատ Քրդստանի» պատվին հայրենասիրական ճառերով:

Յուրաքանչյուր այդպիսի ճառ ավարտվում է «Նավրոզ, փիրոզ բի (Շնորհավոր, Նոր տարի) եւ «Բիժի Նավրոզ, բիժի Քրդստան» (Կեցցե՛ Նավրոզ, կեցցե՛ Քրդստան) կոչերով:

Լուս. Նելլի Շիշմանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter