
Անի Հովակ. «Այսօր մարդկանց պակասում է հանգստությունը»
«Մի բանի հավատում եմ՝ եթե ինչ-որ բանի շատ հավատաս, իրականություն կդառնա»,- ասում է նկարչուհի Անի Հովակը:
Անին 4 տարի է՝ զբաղվում է նկարչությամբ: Ավարտել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան (ֆլեյտա է նվագում), երգում է « Հովեր» երգչախմբում, նվագում է «Զանգակներ» խմբում: Անին իր կոլաժներում առաջին պլան է բերում ոչ պիտանի իրերը՝ մետաղական թափոններ, կտորտանքներ, պտուտակներ: Դրանք դառնում են կոմպոզիցիայի կարևոր մաս: Լուսարձակն ուղղելով հենց դրանց վրա՝ նկարչուհին ցույց է տալիս, որ նույնիսկ առաջին հայացքից կոպիտ, կոշտ երևացող իրերը կարող են ներդաշնակություն կազմել վառ գույների, գեղեցիկ պատկերների հետ, ինչպիսին են, ասենք, ձուկը, աղջիկը, փիղը:
«Եթե ասելիք ունես, հանգիստ ասա, մի մտածիր, որ փող չունես, որպեսզի ներկ առնես»,- ասում է Անին:
-Ո՞նց սկսվեց... Բալի կորիզներով թևնոցներ էի պատրաստում, հետո տանում էի մարդկանց ցույց տալիս, ասում էին՝ վայ, ինչ լավն է, հետո ասում էի՝ գիտե՞ք՝ կորիզից են: Զարմանում էին: Մարդկանց արձագանքն էր հետաքրքիր: Բայց դրա համար չեմ անում: Մի օր մտքիս եկավ (իսկ ինչ մտքիս գալիս է, աշխատում եմ իրականացնել, պետք է չթողնել), սկսեցի նկարել: Հետո տեսա, որ վատ չէ, ևս մի քանի գործ արեցի: Երբ գնացել էի «Նարեկացի» արվեստի միություն, ընկերուհուս համերգն էր, ասացին՝ ցուցահանդես կուզե՞ս, զարմացա, ինձ համար մեծ պատիվ էր: Քանի որ սիրում եմ ռիսկի գնալ, համաձայնեցի: Դա ստիմուլ էր ինձ համար, և սկսեցի այնքան շատ գործ անել: Իմ առաջին ցուցահանդեսն էր: Շատ հետաքրքիր էր:
-Մի տարածք ես բերել մետաղական, կոպիտ մանր իրերն ու վառ գույներ, գեղեցիկ կերպարներ:
-Դա ես եմ, այդքան հակասական: Մի կողմից՝ երազկոտ եմ, նաիվ, մյուս կողմից՝ ռեալիստ:
Ոչ մի տեղից չեմ վերցրել այդ կոլաժների գաղափարը, իհարկե, Փարաջանովի գործերը կան, բայց ես հենվում եմ իմ զգացողությանը: Երբ ստեղծագործելու վիճակում եմ լինում, այնքան եմ վստահում ինձ: Երբ որոշ ժամանակ է անցնում, մոտենում եմ իմ աշխատանքին, այն ինձ մոտ հարցեր է առաջացնում: Օրինակ, նայում և մտածում եմ՝ ինչո՞ւ այս բոլտն այստեղ եմ դրել կամ այդ գույնի մազերով աղջիկ եմ նկարել: Ասում են՝ ինչի՞ ես այդքան ձուկ նկարում, ասում եմ՝ կներեք, չեմ կարող պատասխանել: Այդ րոպեին ինչ զգում եմ, նկարում եմ: Երբ այդ պահին ուզում եմ ձուկ նկարել, չեմ ասում՝ Անի, լավ, մի տոննա ձուկ ես նկարել, էլ մի նկարի: Ես նկարում եմ ինձ համար: Իհարկե, ձուկը քրիստոնեական խորհուրդ ունի, կարող եմ բացատրել՝ ինչու, բայց ի վերջո, շատ դեպքերում չեմ սիրում խորանալ: Տարածքներ կան, որ սիրում եմ: Ձկան տարածքը սիրում եմ: Օրինակ, ինձ մոտ փղերն ասոցացվում են մայրության հետ, դրա համար իրենք կամ բալիկի հետ են, կամ հղի են: Սիրում եմ փղերի հանգստությունը: Իրենց մեջ հանգստություն կա:
-Քո պատկերած աղջիկները, կարծես, տխուր լինեն: Մտածե՞լ ես՝ ինչու:
-Չէ, տխուր չեն, գուցե պայծառ թախծոտ են:
-Օրինակ, մտածե՞լ ես՝ ինչու է կապույտը շատ: Երազանքի՞ գույն է քեզ համար:
-Կապույտ շատ եմ սիրում, երևի շատ ժամանակ աչքերս փակում եմ և ուզում եմ ճամփորդել, կապույտի մեջ եմ տեսնում դա: Ճամփորդելն էլ է երազանք ժամանակի մեջ: Եթե նայում ես ինչ-որ նկարի և ճամփորդում ես, ուրեմն, քո կտավն է:
Մեկ-մեկ ինձ վատ եմ զգում, որ 14 տարի ֆլեյտա եմ սովորել, բայց հիմա ֆլեյտայով չեմ նվագում: Շատ բաների համար եմ ջղայնանում ինձ վրա, «Զանգակներում» նվագում եմ, բայց վստահ եմ, որ մի օր սկսելու եմ զբաղվել դրանով: Հիմա իներցիայի եմ տրվել: Չեմ նստել մտածում, որ մի օր դառնալու եմ հայտնի: Ոչ, մտածում եմ, որ եթե ստեղծագործում եմ և հաճույք եմ ստանում, մյուսներն էլ այդ ստեղծագործությունները տեսնեն ու զգան: Ինձ համար կարևոր է անկեղծությունը, և իմ նկարների մեջ էլ կա այդ անկեղծությունը:
Բումերանգի էֆեկտին եմ հավատում, եթե լավ բան ես անում, քեզ լավն է վերադառնում: Ամեն մեկն իր ճանապարհն ունի, բարակ ու անկախ գիծը: Նույնիսկ ազատությունը բարակ եզրագծով է անցնում, այսինքն՝ քո ազատությունն էլ պետք է ունենա սահման: Ամեն բան անսահման է, իհարկե, իմ աշխարհն էլ է անսահման, իմ ստեղծագործություններն էլ են անսահման, բայց միևնույնն է՝ մի սահման կա...
-Եվ որտե՞ղ է այդ սահմանը:
-Ներսում է... Դու ինքդ ես գտնում ու դնում քո առջև: Դու ապրում ես քո ճշտով, լսում ես, ընդունում ես, հասկանում ես, թե որն է քո ճիշտը և սկսում ես ապրել դրանով:
-Ինչի՞ հետ չես հաշտվում:
-Նախանձության հետ չեմ հաշտվում: Էնքան եմ սիրում բարությունը, համեստությունը: Այդպիսի մարդկանց սիրում եմ: Բայց դա կրկին հարաբերական է, գուցե տվյալ մարդն ինձ համար համեստ է, բարի, բայց մեկ ուրիշի համար այդպես չէ: Այնքան լավ է, որ ազատ ես կյանքում, դու ես ընտրում մարդկանց քո կողքին: Երբ այսօր գալիս էի, ասում էի՝ Աստված, այնքան ուրախ եմ, որ ինձ տարածք ես տվել մտածելու... Ես ինձ ուրախ մարդ եմ համարում:
-Ուրախ ես, որովհետև...
-Ես էնքան սիրում եմ կյանքը: Ուրախ եմ... (լռում է, մի քանի վայրկյան անց ավելացնում է- հեղ.), ուրախ եմ, որ էս կյանքով եմ ապրում: Քրիստոնյայի շնորհակալ լինելու խոսքերը, չէ՞, ոչ թե եղածով բավարարվելու, այլ շնորհակալ լինելու: Ես շնորհակալ եմ: Կարող է չունեմ ինչ-որ բաներ այս պահին, որոնց կարիքն ունեմ, բայց միևնույնն է՝ ուրախ եմ, երջանիկ եմ, չեմ սիրում տրտնջալ, փնթփնթալ: Էնքան եմ ուզում մարդիկ իրար հետ անկեղծ լինեն, ինչ իրենց դուր է գալիս, ասեն, ինչ դուր չի գալիս՝ ասեն:
-Դրա համար քեզ էներգիա է պետք, որ չտրտնջաս, ոտքերի վրա ամուր կանգնես:
-Ոտքերի վրա կանգնելն էլ է հարաբերական: Շատ է լինում, երբ փոքր բանից, շատ փոքր խոսքից ընկնում ես: Ինձ շատ էմոցիոնալ մարդ եմ համարում, որը խանգարում է: Բայց նաև չեմ ուզում փոխել ինձ, կոպտացնել, պնդացնել: Ես ուզում եմ, որ ինձ էսպես սիրեն: Ինձ թվում է՝ լավ է, որ մարդիկ տեսակներով տարբեր են, ոչ մեկը թող ոչ մեկին չսովորեցնի ավելի պինդ լինել: Ուզում եմ մարդիկ իրար հարգեն, սիրեն, ընդունեն:
-Կա՞ մի բան, որի պակասն այսօր զգում ես մեր երկրում:
-Հայաստանն ամեն բան այնքան արագ է վերցնում Եվրոպայից: Մեկ-մեկ ինձ ջղայանացնում է շատ եվրոպամետ լինելը: Գուցե մի քիչ հին մարդ եմ թվում, բայց այդքան ել չեմ սիրում ժամանակակից վազքի մեջ լինելը: Սիրում եմ պարել թվիստի, 80-ականների դիսկոտեկայի տակ: Տանել չեմ կարողանում, երբ ասում են՝ պետք է հիմա այս երաժտության տակ պարել, որովհետև ամբողջ Եվրոպան դրա տակ է պարում:
-Մարդիկ են փոխվե՞լ:
-Այսօրվա մարդիկ, կարծես, վազքի մեջ են: Այսօր մարդկանց պակասում է հանգստությունը: Մարդկանց մեջ աղմուկ կա, անընդհատ մի տեղ են շտապում: Ի վերջո, ամեն ինչ չենք հասցնելու անել այս կյանքում: Իրենք իրենց հետ ներդաշնակ, հարմոնիկ լինելու խնդիրն է:
-Դու ինքդ քեզ հետ հարմոնի՞կ ես:
-Մեկ հարմոնիայի մեջ ես լինում, մեկ էլ հանկարծ բոլորից նեղանում ես, աշխարհից նեղանում ես: Առաջինն ինքդ քեզնից ես նեղանում, բայց էնքան հետաքրքիր է, հետո ոչ ոք քեզ չի կարողանում վերադարձնել քո խաղաղ վիճակին, միայն դու ես անում դա:
-Ֆլեյտահար, նկարչուհի, երգչուհի... Ո՞վ է Անի Հովակը:
-Չեմ պատկերացնում, գիտեք: Աստղային հիվանդություն չունեմ, մեկ-մեկ կողքից եմ նայում՝ ասում եմ, հա, խառը բաներ է անում, լավ էլ աղջիկ է (ծիծաղում է- հեղ.): Ուրախ երևանցի է: Ասում եմ՝ այս Անին լավն է: Ցավոք, միայն այդ ուրախ Անիին են սիրում, իսկ երբ Անին տխրում է, ոչ ոք չի սիրում նրան: Բայց գրեք վերջում, որ Անի Հովակը ուրախ երևանցի է: Մարդիկ սիրում են ուրախ, դրական մարդկանց:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել