
Բյուջե 2016. Պետական միջոցներից փոխհատուցվում են ռուսական ընկերության վնասները
2016 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծով նվազագույն աշխատավարձի բարձրացում նախատեսված չէ: ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը խորհրդարանում հայտարարել է, որ ներկա փուլում բավարար ֆինանսական միջոցներ չկան, ուստի ձեռնպահ են մնում նվազագույն աշխատավարձի բարձրացման հարցում: «Իսկ եթե դա բարձրացնենք, մոտավորապես 35 միլիարդ դրամ գումար է անհրաժեշտ, որը մենք այս պահի դրությամբ չունենք»,-ասել է նախարարը:
Որևէ մեկը չի վիճարկում, որ պետության ուշադրությունը առաջնահերթ պետք է սևեռվի քաղաքացու սոցիալ-կենցաղային խնդիրների լուծմանը, ինչը շոշափելի է դառնում հատկապես աշխատավարձերի, նպաստների, թոշակների ու այլ սոցիալական վճարների բարձրացմամբ: Խոսքը 1000-5000 դրամանոց բարձրացումների մասին չէ, ինչպես վերջին տարիներին անում է կառավարությունը, այլ շեշտակի, որը համահունչ կլինի գնաճի ու ծառայությունների աճի տեմպերին: Պատճառաբանությունը պատրաստ է. գումարներ չկան:
2016թ. բյուջեն գումարի պակաս շատ ունի
Կրճատվել են շարքային զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակների համար հատկացվող գումարները: 2014թ. այդ նպատակով հատկացվում էր 990 մլն 581 հազար դրամ, 2015-ին՝ 766 մլն 680 հազար, իսկ 2016-ին նախատեսվում է մոտ 655 մլն դրամ:
Փոխարենը ռուսաստանյան պետական «Российские железные дороги» (РЖД) ընկերությանը պատկանող «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին ուղևորափոխադրումներից ստացված վնասի դիմաց արդեն վեցերորդ տարի կտրվի փոխհատուցում: 2016թ. բյուջեի նախագծով գումարի չափը կազմում է 349 մլն 916 հազար դրամ: Նշենք, որ 2011-ին փոխհատուցման գումարի չափը կազմում էր 167 մլն դրամ, իսկ 2014թ-ին՝ 536.5 մլն դրամ, 2015-ին՝ 588.4 միլիոն դրամ: Փոխհատուցումը նախատեսված է կոնցեսիոն պայմանագրով՝ ներհանրապետական ուղևորափոխադրումների գծով կրած կորուստների դիմաց:
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը տարիներ շարունակ բարձրաձայնում է, որ վնասների գոյացումը կասկածելի է, և պետք է քայլեր ձեռնարկվեն դրանց դեմն առնելու համար: Ըստ պատգամավորի՝ չի բացառվում, որ վնասների գոյացումը վատ կառավարման արդյունք է, ինչպես եղավ ՀԷՑ-ի դեպքում, սակայն ՀՀ իշխանությունները չեն ցանկանում նեղացնել ռուսական ընկերությանը և շարունակում են պետական բյուջեից փոխհատուցել վնասները:
2015թ-ի համեմատ 24.6%-ով պակասել է գործազուրկներին այլ վայրում աշխատանքի տեղավորման աջակցության տրամադրամադրման գումարի չափը: Եթե այդ նպատակով 2014թ. հատկացվել էր 28 մլն 740 հազար դրամ, 2015թ-ին՝ 77 մլն 850 հազար, ապա 2016թ. նախատեսվում է 58 մլն 710 հազար դրամ: Կամ աշխատանք փնտրող հաշմանդամների աշխատանքային վերականգնման մասնագիտական վերապատրաստման և խորհրդատվության ծառայությունների համար նախատեսված գումարի չափը նախատեսվել է 18 մլն 645 հազար դրամ, ինչը 6.5%-ով պակաս է: Համեմատության համար նշենք, որ 2014թ. հատկացվել էր 16 մլն 726 հազար դրամ, իսկ 2015թ-ին՝ մոտ 20 մլն դրամ:
Խորհրդատվական ծառայությունների համար գումարներն անսպառ են
Կառավարությունը չի զլանում գումարներ մսխել տարբեր խորհրդատվական ծառայությունների համար, իսկ արդյունքն անհայտ է: Մասնավորապես, գյուղական խորհրդատվական ծառայությունների նպատակով 2014թ. պետական բյուջեից հատկացվել է 346 մլն 453 հազար դրամ, 2015-ին՝ 395 մլն 760 հազար դրամ, իսկ 2016թ. նախագծով նախատեսված է 397 մլն 300 հազար դրամ:
Հայտնի չէ, թե այդ գումարներն ինչ դրական ազդեցություն են ունեցել գյուղացու վրա, թե այս տարի այդ խորհրդատվությունները ինչպես լուծեցին խաղողի մթերման, կարկտահարության, գյուղտեխնիկայի պակասի, թունաքիմիկատների անորակության հարցերը: Խորհրդատվությունը ի՞նչ տվեց գյուղացուն, երբ ամբողջ գյուղում գեթ մեկ սարքին տեխնիկա չկա, իսկ եղածներն էլ ժառանգել են խորհրդային տարիներից և օգտագործման համար գրեթե պիտանի չեն: Արդյոք խորհրդատվությունների արդյունքում գյուղացու վարկային բեռը թեթևացավ, թե՞ գյուղացին ելքեր է փնտրում այլ անձանց անուններով վարկեր վերցնելու ու նախորդ վարկերը փակելու համար: Ի վերջո, ո՞վ է «չափելու» խորհրդատվության արդյունավետությունը:
Մինչդեռ՝ պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելիքի ձեռքբերման համար 2015թ-ի 1 միլիարդ 260 մլն 600 հազար դրամի դիմաց 2016թ-ին նախատեսվել է 330 մլն դրամ:
Մեկ այլ դեպքում՝ հասարակական կարծիքի ուսումնասիրության ծառայությունների տողով ՀՀ կառավարության գործունեության գնահատականների, կյանքի որակի և համայնքային կարիքների գնահատման հետազոտությունների համար 2016թ. հատկացվել է 123 մլն 278 հազար դրամից ավել գումար: Նախորդ տարիներին ևս այդ նպատակով գումարներ են հատկացվել: Պայմանագրերը կնքվել են «Այ Փի Էս Սի» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի հետ:
Նույն ինստիտուտի կողմից կատարված հարցման արդյունքներով, օրինակ, այս տարվա սեպտեմբեր ամսին Շիրակի մարզի բնակիչների 59,4% որպես մարզի առաջնային հիմնախնդիր նշել է գործազրկությունը, 12.6%-ը՝ արտագաղթը, 11%-ը՝ աղքատությունը և այլն: Հետազոտությունների համար ծախսվել են մեր պետության մասշտաբով ահռելի միջոցներ, սակայն արդյունքները մնացել են թղթի վրա, իսկ կյանքի որակը գնալով անկում է ապրում:
«Ո՞ր կառույցն է պատասխանատու Հայաստանի առջև կանգնած հիմնախնդիրների լուծման համար» հարցին մարզի բնակիչների 53.7%-ը տվել է կառավարության անունը: Բոլոր մակարդակներում որպես կարևորագույն հիմնախնդիր առանձանցվել է գործազրկությունը: Ըստ հետազոտության մարզի քաղաքային համայնքներում որպես առավել սուր հիմնախնդիր դիտարկվում է գործազրկությունը, աղքատությունը և արտագաղթը: Չորս տարվա ընթացքում այս երեք հիմնախնդիրներից դժգոհողների թիվը աճել է, մասնավորապես, աղքատությունից՝ գրեթե 2 անգամ, արտագաղթից՝ գրեթե 4 անգամ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել