HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ո՞ւր են հոսել «ԱրմենՏել»-ում ստեղծված զարտուղի կապուղու գումարները

«ԱրմենՏել» ՓԲԸ-ի անվտանգության նախկին տնօրեն  Աշոտ Պողոսյանն իրեն մեղավոր է ճանաչել ընկերության ներսում զարատուղի կապուղի բացելու գործում աջակցելու մեջ: Այդ կապուղին ապահովել է միջազգային զանգերի մի հոսք, որի դիմաց ստացվող գումարները մուտք չեն եղել ընկերության հաշվին, այլ գնացել են անհայտ ուղղությամբ: Այս գումարները շրջանցել են «ԱրմենՏել» ընկերության հաշվապահական համակարգը, հետևաբար՝ թաքցվել են նաև պետությունից:  

Այս ամենը բացահայտվել է 2013-ին, երբ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի մայր բաժնետերը՝ Ամստերդամում գրանցված «Վիմպելկոմը», որոշել է միջազգային աուդիտորներ ուղարկել ընկերություն: Նրանք էլ բացահայտել են, որ ընկերությունը 2009-2013թթ. շրջանցիկ կապուղի է ունեցել, որի գումարները մուտք չեն եղել ընկերության հաշվեհամարին: Ըստ փորձագետների՝ երեք տարվա ընթացքում «ԱրմենՏել»-ից հափշտակվել է մոտ 500 մլն դոլար: «ԱրմենՏել» ընկերությունն այս գործով տուժող է ճանաչվել և ներգրավվել գործում: Սակայն այդ մասին դատարանը դեռ չի անդրադարձել:

Թե ուր են «հոսել» կամ փոխանցվել ապօրինի կապուղու գումարները գործում դեռ չի շոշափվում: Սակայն Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է Աշոտ Պողոսյանի մասով դատաքննությունը: Այսօր հերթական նիստն էր:

Աշոտ Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով «Արմենտել» ՓԲԸ-ի անվտանգության տնօրինության ղեկավար, 2009թ. նոյեմբերի 13-ից մինչև 15-ն ընկած ժամանակահատվածում գտնվելով գործուղման մեջ ՌԴ Մոսկվա քաղաքում, տեղի ունեցած հանդիպման ժամանակ, աշխատանքից ազատվելու մտավախությունից դրղված, համաձայնել է վերադասի՝ «Վիմպելկոմ» ՓԲԸ-ի ԱՊՀ երկրներում անվտանգության տնօրինության պետ Ալեքսանդր Զուբովի առաջարկությանը, այն է՝ օգտագործելով կարգադրիչ լիազորություններն, «Արմենտել» ՓԲԸ-ի շահերին հակառակ ստեղծել միջազգային մուտքային հեռախոսազանգերի համար այլընտրանքային կապուղի և ինքնուրույն մատուցել արտասահմանյան կապի օպերատորների կողմից դեպի «Արմենտել» ՓԲԸ բաժանորդներին ուղղված հեռախոսազանգերի սպասարկման ծառայություններ, ՀՀ տարածքում օգտագործելով նաև «Արմենտել»-ի ենթակաոուցվածքը, սակայն շրջանցելով դրա հաշվարկային համակարգը։

Ըստ մեղադրանքի՝ նշված հանցավոր մտահղացումն իրագործելու շուրջ Ալեքսանդր Զուբովի կողմից ձևավորվել է կայուն կազմակերպված խումբ, որի մեջ ընդգրկվել են Աշոտ Պողոսյանը, «Արմենտել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն, տեխնիկական բլոկի տնօրեն Վլադիմիր Աաչկովը, ինչպես նաև Ղրղրզստանի Հանրապետության քաղաքացի Ալեքսեյ Պիսարևր։ Դերաբաշխման համաձայն Ալեքսեյ Զուբովին վերապահվել է արտասահմանյան կապի օպերատորների հետ դեպի «Արմենտել» բջջային և ֆիքսված ցանցեր տեղափոխվող ծավալների և դրանց դիմաց վճարումների վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք բերելը, միջազգային մուտքային հեռախոսազանգերի ապօրինի ուղղորդումների գործընթացը վերահսկելր, հանցակիցների գործողություններր համակարգերը և իր ազդեցությամբ նրանց արարքների հովանավորելր։ Իգոր Կլիմկոյին և Վլադիմիր Սաչկովին վերապահվել է հեռախոսազանգերի ապօրինի ուղղորդումների համար կապուղիներ ստեղծելը, դրանց աշխատանքն ապահովելը, իսկ Ալեքսեյ Պիսարևին՝ այդ կապուղիների աշխատանքի համար անհրաժեշտ սարքավորումներն ու «Արմենտել» րնկերության միջազգային կայանը համապատասխան կարգաբերելր։ Աշոտ Պողոսյանին վերապահվել է հեռախոսազանգերի ապօրինի ուղղորդումների նպատակով կապուղիների ստեղծման և անհրաժեշտ սարքավորումների համար տարածք տրամադրելը և այն հսկողության տակ պահելը, այնտեղ կողմնակի անձանց մուտքն արգելելը և Պիսարևի մուտքն ապահովելր, իր ազդեցությամբ այդ կապուղիների աշխատանքով հետաքրքրվող «Արմենտել» ՓԲ ընկերության աշխատակիցներին հանցավոր գործունեությունր դադարեցնելու և դրա մասին իրավասու մարմիններին հայտնելուն ուղղված միջոցներ ձեռնարկելուց զերծ պահելը։

Այսօր դատարանում մեղադրող Ա. Փանոսյանի և գործը նախագահող դատավոր Գ. Պողոսյանի հարցադրումներին, թե հասկացել է արդյոք, որ այդ կապուղին անօրինական է եղել, Աշոտ Պողոսյանը պատասխանեց՝ ենթադրել է:  

Աշոտ Պողոսյանը պատմեց, որ իրեն Զուբովն է հանձնարարվել սենյակ տրամադրել Սաչկովին, ինչը և ինքն արել է: Սակայն դրանից հետո ինչ սարքավորումներ են տեղարդրվել և ինչի համար, տեղյակ չէ: Սարքավորումները տեսել է միայն քննիչի սենյակում: «Ես կատարել եմ իմ ղեկավարի հանձնարարությունը,-ասաց Աշոտ Պողոսյանը։ -Ես այդ մասնագետը չեմ, և չգիտեմ՝ ոնց են միացրել դրանք»։

Աշոտ Պողոսյանի պաշտպանը փորձում էր ճշտել ամբաստանյալից, թե արդյոք եթե նա չենթարկվեր Զուբովի հրահանգին և սենյակ չտրամադրեր, կարող էր ազատվել աշխատանքից: Սակայն դատավոր Գագիկ Պողոսյանը նրան ընդհատեց. «Թեական հարցերը կհանվեն այսուհետ»:

Այուհանդերձ, Աշոտ Պողոսյանը նշեց, որ Զուբովը «Վիմպելկոմի» գլխավոր մասնաճյուղի անվտանգության ծառայության ղեկավարն է եղել, և ինքն ի պաշտոնե ենթարկվել է նրան և «ԱրմենՏելի» գլխավոր տնօրենին: Եվ Զուբովի հրահանգով ընկերության տեխնիկական բլոկում սենյակ է տրամադրել:  

Հարցին, թե արդյոք գիտեր, որ կապուղով անցնող զանգերը շրջանցում են բիլինգային համակարգը, պատասխանեց. «Այդ մասին ինձ հետ ոչ մի խոսակցություն չի եղել, դա տեխնիկական հարց է, ես այդ տեխնիկական խնդիրներին չեմ տիրապետում։ Ինձ ասել են՝ սենյակ տրամադրի, ես դա եմ արել»։

Մինչ «ԱրմենՏել»-ում աշխատելը, Աշոտ Պողոսյանը տարբեր պաշտոններ է զբաղեցրել: Աշխատել է Հայաստանում տեղակայված ՌԴ զորքերում, ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայության իրավաբանական վարչության պետ է եղել, 2007թ․փետրվարին ստանձնել է «ԱրմենՏելի» անվտանգության տնօրենի պաշտոնը: Ստացել է 1,5 մլն դրամ աշխատավարձ: Իր ասելով՝ նշված ապօրինի գործարքներից մասնաբաժին չի ստացել:

Մեղադրող դատախազը միջնորդեց հրապարակել նախաքննական ցուցմունքը, քանի որ նախաքննական ցուցմունքի և դատարանում տրված ցուցմունքի միջև որոշակի հակասություններ կային։ Դատարանը բավարարեց միջնորդությունը։

2014թ․hունվարի 23-ին տրված ցուցմունքում Աշոտ Պողոսյանը պատել է, որ Զուբովի հրահանգով Ֆրունզե 20 հասցեում սենյակ է առանձնացնել: Այնուհետև Հայաստան է ժամանել Ղրղզստանի քաղաքացի Պիսարևը, ով ծրագրավորող է եղել, և Սաչկովի հետ կազմակերպել է նոր կապուղու միացումները: Սակայն կապուղու ստեղծման համար անհրաժեշտ էր գլխավոր տնօրենի հանձնարարությունը: Եվ Զուբովի մտահղացմամբ ընկերության համապատասխան բաժնի աշխատակից Կարինե Եղիազարյանին հանձնարարվել է զբաղվել այդ հարցով և ձևակերպել կապուղին իբրև ՀՀ ԱԱԾ կարիքների համար ստեղծվող:

5ESS միջազգային կայան է ստեղծվել 8 IP-ների հասցեների միացմամբ՝ «ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյի հանձնարարությամբ: Այսպես ներկայացնում է Աշոտ Պողոսյանը: Սակայն Կլիմկոյի պաշտպան Տիգրան Աթանեսյանը «Հետքի» հետ զրույցում նշում է, որ Կլիմկոն այդ նամակը ստորագրել է որպես իսկապես ԱԱԾ-ի կարիքների համար ստեղծվող կայանի հրաման, և ընդհանրապես տեղյակ չի եղել կայանի՝ ապօրինի լինելու մասին: Այդ նամակը, սակայն, այժմ անհետացել է: Ըստ Աշոտ Պողոսյանի, կայանը սկսել է գործել Պիսարևի՝ Հայաստան երկրորդ անգամ ժամանելուց հետո՝ 2010-ի ամռանից:

Աուդիտորների ժամանելուց առաջ Սաչկովը Մոսկվայից զանգահարել և հրահանգել է անջատել այն ժամանակավորապես: 2013-ի հոկտեմբերին նորից է եկել Պիսարևը՝ միացնելու կապուղին։ Սակայն շուտով, երբ աուդիտորներն արդեն հայտնել են կատարվածի մասին, Զուբովը զանգել ու հրահանգել է կապուղին վերջնականապես անջատել և սարքավորումները տեղափոխել, քանի որ  աուդիտի հանձնաժողովը ժամանելու է Երևան և աշխատանքից ազատելու է անվտանգության աշխատակցին։ Զուբովը հրանագնել է ասել Աշոտ Պողոսյանին ամեն կերպ համոզել նրանց, որ այդ կապուղին ՀՀ ԱԱԾ համար է ստեղծված եղել։

 «Միակ շարժառիթս եղել է այն, որ չզրկվեմ աշխատանքից, հասկացել եմ, որ Զուբովի հրահանգը չկատարելու պատճառով կզրկվեմ աշխատանքից»,- 2014-ի հունվարի 24-ի լրացուցիչ հարցաքննության ժամանակ ասել է Աշոտ Պողոսյանը:

Քննիչի հարցին, թե ովքեր են ներգրավված եղել այս գործում, Աշոտ Պողոսյանը նշել է Զոբուվին, Սաչկովին, Պիսարևին, ինրպես նաև Կլիմկոին: Սակայն ցումունքում ասում է, որ Կլիմկոյի տեղյակ լինելու և ներգրավվածության մասին իրեն ասել է Զուբովը։   

Այս ցուցմունքի ժամանակ, ինչպես նշված էր նաև արձանագրության մեջ, մասնակցել է ԱԱԾ-ի ներկայացուցիչը: Պողոսյանի փաստաբանը դատախազից հետաքրքրվեց, թե ինչ հիմքերով է ԱԱԾ ներկայացուցիչը մասնակցել ցուցմունքին: Դատախազ Փանոսյանը պատասխան չուներ: Դատավորի պնդմանը, թե ակնկալվում է պատասխան, նշեց, որ  հաջորդ դատական նիստերի ընթացքում կանդրադառնա այդ հարցին: Դատարանն արձանագրեց, որ դատախազը դրան տեղյակ չէ։

Գաղտնալսվել են նաև Աշոտ Պողոսյանի և Զուբովի հեռախոսային զրույցներն ու SMS հաղորդագրությունները: Աշոտ Պողոսյանը հաստատել է, որ իսկապես դրանք իր և Զուբովի զրույցներն են: Աշոտ Պողոսյանին առերեսել են նաև Վլադիմիր Սաչկովի հետ: Հիշեցնենք, վերջինս Բելառուսում էր ձերբակալվել և արտահանձնվել Հայաստան: Իգոր Կլիմկոն հետախուզման մեջ է և «Հետքի» հետ զրույցում իրեն մեղավոր չէր ճանաչում:

Դատարանն անցավ ապացույցների հետազոտման փուլ: Սակայն մեղադրող Փանոսյանը միջնորդեց նիստը հետաձգել պատշաճ պատրաստվելու հիմնավորմամբ: Դատավոր Գագիկ Պողոսյանը հետաձգեց նիստը մինչև դեկտեմբերի 11-ը:

Լուսանկարում ՝ ձախից Աշոտ Պողոսյանի պաշտպանն ու Աշոտ Պողոսյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter