
Բյուջե 2016. ՀՀ օդանավակայաններում ՌԴ զորամիավորումների օդանավերի սպասարկման ծախսերի փոխհատուցման համար 100 մլն դրամ
Ազգային ժողովում ՀՀ 2016թ. պետական բյուջեի քննարկումները մոտենում են ավարտին: Ընդդիմադիր պատգամավորները վերջին օրերին քննադատեցին բյուջեի նախագիծը, սակայն ապարդյուն: Խորհրդարանական մեծամասնությունը գոհ է բյուջեից և արդեն կանխատեսելի է, թե ինչ տեսք է ունենալու քվեարկության արդյունքները:
Դեմ քվեարկող պատգամավորներն արդեն հայտարարել են, որ բյուջեում որևէ հուսադրող կետ չկա, իսկ շարունակաբար պետական պարտքի կուտակումը արկածախնդրություն է:
2016թ-ին օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից ՀՀ-ին տրամադրված վարկային միջոցների օգտագործման ընդհանուր գումարը կկազմի 180.4 մլն դոլար, կամ 87.15 մլրդ դրամ: Կառավարության համաֆինանսավորման գումարը այդ վարկային ծրագրերին կկազմի շուրջ 28.3 մլն դոլար, կամ շուրջ 13.7 մլրդ դրամ:
Թեև սոցիալ-տնտեսական ոլորտներում էական առաջընթաց չի նկատվել գալիք տարվա պետբյուջեում, առանձին տողերով նույնիսկ գումարներ են կրճատվել, սակայն պաշտոնյաների բարեկեցության, հարմարավետ ու վերանորոգված պայմաններում աշխատելու համար գումարներ միշտ էլ գտնվում են: Կառավարությունը ջանք չի խնայում գոհացնել նաև ռուսական կողմին, իհարկե՝ պետբյուջեի հաշվին:
Մասնավորապես՝ ՀՀ օդանավակայաններում ՌԴ զորամիավորումների օդանավերի սպասարկման և մատուցվող ծառայությունների ծախսերի փոխհատուցման համար 2016թ. բյուջեով նախատեսվել է 100 մլն դրամ: Նույն գումարն է հատկացվել նաև նախորդ տարի, իսկ 2014-ին՝ մոտ 84 մլն 244 հազար դրամ:
Տեղեկացրել էինք, որ ռուսաստանյան պետական «Российские железные дороги» (РЖД) ընկերությանը պատկանող «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին ուղևորափոխադրումներից ստացված վնասի դիմաց արդեն վեց տարի տրվում է փոխհատուցում: 2016թ. բյուջեի նախագծով գումարի չափը կազմում է 349 մլն 916 հազար դրամ: Նշենք, որ 2011-ին փոխհատուցման գումարի չափը կազմում էր 167 մլն դրամ, իսկ 2014թ-ին՝ 536.5 մլն դրամ, 2015-ին՝ 588.4 միլիոն դրամ: Փոխհատուցումը նախատեսված է կոնցեսիոն պայմանագրով՝ ներհանրապետական ուղևորափոխադրումների գծով կրած կորուստների դիմաց:
2016թ. բյուջեում գումարներ են նախատեսվել նաև վարչական օբյեկտների շինարարության համար: «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի շենք-շինությունների հիմնանորոգման համար 2016թ. բյուջեով հատկացվելու է 208 մլն դրամ: 2014թ-ին նույն նպատակով հատկացվել էր 220 մլն, իսկ 2015-ին՝ 135 մլն դրամ:
«ՀՀ կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի շենքերի և շինությունների հիմնանորոգման, նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների համար նախատեսվել է 200 մլն դրամ:
90 մլն դրամ էլ հատկացվելու է Ազգային ժողովի վարչական շենքի արտաքին պատուհանների, տնտեսական մասնաշենքի, պոմպակայանի, ավտոտնտեսության, ջրամատակարարման և կոյուղու համակարգի հիմնանորոգման նախագծահետազոտական աշխատանքների համար:
Նախատեսվում է, որ 35,292.400 դրամով Բրյուսելում գնվելու է ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների համար ծառայողական շենք:
Փոխարենը անփոփոխ է մնացել զոհված (մահացած) և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների անօթևան ընտանիքներին բնակարանով ապահովում և բնակարանային պայմանների բարելավման համար նախատեսված գումարի չափը՝ 500 մլն դրամ: Նույն գումարն էր հատկացվել նաև 2015-ին, իսկ 2014թ-ին՝ 499 մլն 800 դրամ դրամ: Այսինքն 3 տարիների ընթացքում այս նպատակով գումարի չափն ավելացել է ընդամենը 200 հազար դրամով: Իսկ Երևան համայնքին 4-րդ աստիճանի վթարային շենքերի քանդման հետևանքով բնակտարածությունից զրկված բնակիչների փոխհատուցման համար բնակարանների ձեռքբերման նպատակով պետական աջակցություն ընդհանրապես չի նախատեսվում: Այդ նպատակով 2 մլրդ դրամ հատկացվել էր 2015թ. բյուջեից:
9%-ով կրճատվել է սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին բժշկական օգնության, 17.3%-ով՝ զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության, 22%-ով՝ պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների գումարի չափերը, իսկ 0.1%-ով ավելացել է անհետաձգելի բժշկական օգնության ծառայությունների գումարը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել