
Ոստիկանությունը չի կարողանում պարզել, թե ինչ արժեքով է գնել ավտոապակիների լուսթափանցելիությունը չափող սարքավորումները
Ավտոմեքենաների ապակու մգեցվածության աստիճանը որոշվում է միայն հատուկ սարքերի միջոցով: ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունը «Հետքին» տեղեկացրել է, որ սպեկտրալ սելեկտիվ ապակիների լուսաթափանցելիության գործակցի չափիչ «ՖՕՏՕՆ» տիպի սարքավորումները ոստիկանությունը ձեռք է բերել դեռևս 2003 թ.՝ «Մարս-2» ՍՊԸ-ից։ Սարքավորումներն արտադրվել են Հայաստանում: Ըստ ոստիկանության՝ սարքավորման չափման տիրույթը կազմում է 0-100 %, իսկ ճշտությունը՝ «+-5%»։
«Մարս-2» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1997 թ.: Հիմնադիրները երկուսն են՝ Սուրեն Հարությունյանը, ում պատկանում է ընկերության բաժնեմասի 60 %-ը և Կամո Շահբազյանը:
Հիշեցնենք, որ ճանապարհային ոստիկանությունն օրեր առաջ հորդորում էր բոլոր վարորդներին՝ իրենց տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիությունը համապատասխանեցնել ՀՀ կառավարության 2005 թ. փետրվարի 24-ի 289-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգով սահմանված չափերին: Միևնույն ժամանակ զգուշացրել է, որ լուսաթափանցելիության չափի խախտմամբ կամ կարգի խախտմամբ վարագուրապատված տրանսպորտային միջոցները վարելն առաջացնում է տուգանքի նշանակում` 50.000 դրամի չափով:
Իրավաբաններն ընդվզեցին՝ պատճառաբանելով, որ օրենքը հստակ կարգավորումներ չունի և կիրառման ժամանակ մի շարք հարցեր են առաջանալու, ուստի այդ պայմաններում վարորդները չեն կարող կրել պատասխանատվություն մի բանի համար, որն օրենքով սահմանված չէ:
Այժմ ոստիկանությունը ձեռնպահ է մնում ստուգաչափումներից և սարքավորումների օգտագործման ժամանակ քաղաքացիների համար լրացուցիչ տեղեկատվություն կտարածվի:
Ներկա պահին ճանապարհային ոստիկանությունն ունի սարքին վիճակում գտնվող 30 սարքավորում, որոնք ներկայացվել են ստուգաչափման։ Դրանցից 10 հատը նոյեմբերի 12-ին ստուգաչափվել են Չափագրության ազգային ինստիտուտի կողմից, և տրվել է համարատասխան վկայական։
Ոստիկանությունից չեն պատասխանել մեր հարցին, թե ինչ քանակության սարքավորումներ են ձեռք բերվել. միայն նշվել է սարքին վիճակում գտնվող սարքավորումների մասին, ինչը նշանակում է, որ անսարք վիճակում գտնվող սարքավորումներ էլ կան: Չեն պատասխանել նաև, թե որքան է արժեցել սարքավորման մեկ միավորի գինը, և ինչ միջոցներից է գնվել:
«2003 թ. պետավտոտեսչության վարչությունը չի ունեցել ֆինանսական և տնտեսական ծառայություններ, և ճանապարհային ոստիկանությունում չեն պահպանվել ձեռքբերման փաստաթղթերը, ուստի հնարավոր չէ պարզել սարքերի արժեքի և ձեռքբերման վերաբերյալ այլ մանրամասներ»,- պատասխանում են ոստիկանության լրատվական վարչությունից:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել