
Օտարերկրյա քաղաքացի բանտարկյալների մեծ մասը Վրաստանից, Ռուսաստանից և Իրանից է
Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում նոյեմբեր ամսվա դրությամբ կալանք ու պատիժ է կրում օտարերկրյա քաղաքացիություն ունեցող 127 անձ (որոնցից 49 կալանավոր է, նրանցից մեկը հետախուզման մեջ է, իսկ 7-ի դատավճիռը դեռ հաստատված չէ): «Հետքի» հարցմանը պատասխանելով` տեղեկատվությունը տրամադրվել է ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչությունը:
127 անձանցից 88-ը Վրաստանի, Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամանական Հանրապետության քաղաքացիներ են:
32 կալանավոր ու դատապարտյալ Վրաստանի քաղաքացի է, որոնցից 1-ը` երկքաղաքացի: 29-ը` ՌԴ քաղաքացի, որոնցից 4-ը երկքաղաքացի են: 27 կալանքի տակ գտնվող ու դատապարտված անձ ԻԻՀ քաղաքացի է:
ՌԴ և Վրաստանի Հանրապետության քաղաքացի կալանավորների ու դատապարտյալների ճնշող մեծամասնությունը ազգությամբ հայեր են:
Հայաստանի բանտերում ու գաղութներում 1-3 կալանավորներ ու դատապարտյալներ կան նաև Ռումինիայից, Ֆրանսիայից, Նիգերիայից, Սիրիայից, Հնդկաստանից, Թուրքիայից, Չինաստանից, Պերուից, Աֆղանստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, Լիբանանից, Վենեսուելայից, ԱՄՆ-ից, Դոմինիկյան Հանրապետություն, Ղըրղըզստանից, Իտալիայից, Արգենտինայից, Բուլղարիայից, Բելառուսից, Ուկրաինայից և Նիդերլանդների թագավորությունից:
Օտարերկրյա քաղաքացիներ հանդիսացող կալանավորներին ու դատապարտյալներին առավել հաճախ առաջադրվել են ՀՀ քրեական օրենսգրքի հետևյալ երեք հոդվածները.
- 266-ը`թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը,
- 268 հոդվածը` նույնն է, ինչ-որ նախորդը, պարզապես այդ նյութերը պատրաստվել են առանց իրացնելու նպատակ,
- 215 հոդվածը` մաքսանենգություն:
Բացի վերը նշված հոդվածներից, օտարերկրյա քաղաքացի կալանավորներին ու դատապարտյալներին հիմնականում առաջադրվել են նաև ՀՀ ՔՕ ավազակության, գողության, խարդախության հանցակազմեր պարունակող մեղադրանքներ:
Ինֆոգրաֆիկան` Տաթև Խաչատրյանի
Մեկնաբանել