HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեպտեմբերի 12-ին Բաղրամյանից բերման ենթարկվածները հակընդդեմ հայց են ներկայացրել ոստիկանության դեմ

Լիլիթ Թադևոսյան

Օրերս տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 12-ի լուսաբացին Բաղրամյան պողոտայից բերման ենթարկված քաղաքացիների գործով ոստիկանությունը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով  այդ քաղաքացիներին վարչական պատասխանատվության ենթարկել, և հայցադիմումն ընդունվել էր վարույթ: Այսօր էլ բերման ենթարկված ակտիվիստների մեծ մասը հակընդդեմ հայց է ներկայացրել դատարան:

Այդ մասին «Հետքի» հետ զրույցում ասաց այդ օրը բերման ենթարկված քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Մազմանյանը, ով նույնպես ներկայացրել է հակընդդեմ հայց: Տիգրան Մազմանյանի շահերը կներկայացնաի փաստաբան Արա Ղարագյոզյանը:

 Հակընդդեմ հայցում ներկայացված է հետևյալը. «Վարչական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի 12.11.2015 թվականի հայցը մերժել, ՀՀ ոստիկանության ծառայողների գործողությունները, որը դրսևորվել է կարծիքն ազատ արտահայտելու, խոսքի ազատության, միավորումներ կազմելու (խաղաղ հավաքների) ազատ տեղաշարժվելու, անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքների խախտմամբ, ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին»:

Մեզ հետ զրույցում Արա Ղարագյոզյանը, ներկայացնելով հակընդդեմ հայցի էության հակիրճ նկարագրությունը, ասաց. «Անձը փորձել է իր կարծիքն ու բողոքն արտահայտել, խաղաղ ցույց իրականացնել, սակայն ոստիկանները առանց ներկայացնելու որևէ իրավական հիմք արգելել են հակընդդեմ հայցվորին իրականացնել  խաղաղ հավաք, որն ամրագրված է սահմանադրությամբ: Ուստի, մենք պահանջել են ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանության իրականացրած գործողությունները»:

Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի 11-ին էլեկտրաէներգիայի թանկացման որոշման դեմ պայքարող քաղաքացիները կրկին փակել էին Երևանի Բաղրամյան պողոտան: Իսկ հաջորդ օրվա լուսաբացին՝ ժամը 05:30-ի սահմաններում, ոստիկանության ուժերը Բաղրամյան պողոտայի երթևեկելի մասից հեռացրել են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող քաղաքացիներին և բերման ենթարկված 48 քաղաքացիներին ոստիկանությունում երեք ժամ պահելուց հետո ազատ էին արձակել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter