HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկ շաբաթում 15, 16, 18 տարվա վաղեմության երեք դատավճիռ է բեկանվել

ԱՄՆ-ում վերջին յոթ օրվա ընթացքում երեք դատավճիռ է բեկանվել նոր երևան եկած հանգամանքներով: Երկու գործով ԴՆԹ թեստն է ապացուցել դատապարտյալների անմեղությունը, իսկ մեկով ի հայտ է եկել նոր երևան եկած հանգամանք, ըստ որի` համակարգը թաքցրել է ամբաստանյալի անմեղության մասին վկայող ապացույցները: Այս մասին տեղեկանում ենք Innocence Network-ի կայքից:

Երեք քրեական գործերով մեղադրական դատավճիռները կայացվել են 1990-ականների վերջին ու 2000-ի սկզբին: Դատավճիռները բեկանվել են 15, 16 ու 18 տարի անց: Դանովան Ալենի, Լույիս Վարգասի և Ռիչարդ Ռոգսթի գործերով նոր քննություն պետք է սկսվի:

15 տարի Դանովան Ալենին համարել են մարդասպան

Դանովան Ալենը մեղադրվել է սեփական մորը սպանելու համար, սակայն 15 տարի անց ժամանակակից տեխնոլոգիայով կատարված գենետիկական կրկնակի փորձաքննությունը ցույց է տվել, որ իրեղեն ապացույցների վրա ոչ թե նրա, այլ նրա զարմիկի հետքերն են: Վերջինը ձերբակալվել է, Ալենը` ստորագրությամբ ազատ արձակվել:

«Ես այնքան ուրախ եմ, որ ստացա երկրորդ հնարավորություն` լինելու հայր, եղբայր ու հորեղբայր»,- ասել է Ալենը դատավճռի բեկանումից հետո:

16 տարի անց հայտնաբերվել է իրական հանցագործը

Լույիս Վարգասը, լինելով անմեղ, բանտում պատիժ է կրել 16 տարի` մեղավոր ճանաչվելով 3 բռնաբարության համար: Սակայն ինչպես 16 տարի անց կատարված փորձաքննությունն է ցույց տվել, ամերիկյան արդարադատությունը սխալվել է:

Քոլեջի ավարտական հանդեսին` երեխաների հետ

ԴՆԹ թեսթը 16 տարի անց ցույց է տվել, որ իրեղեն ապացույցների վրա պահպանված մասնիկների գենետիկական նմուշները պատկանում են սերիական բռնաբարող, աչքի տակ արցունքի տեսքով դաջվածք ունեցող, «Արցունք-բռնաբար» մականունը ունեցող մի հանցագործի, ով պատիժ է կրում ամերիկյան բանտում` մեղադրվելով 30 բռնաբարությունների մեջ: Բանն այն է, որ Լույիս Վարգասը ժամանակին նման դաջվածք է ունեցել, ինչը ֆոտոռոբոտ կազմելիս եղել է նրան մեղադրելու հիմնական պատճառներից մեկը:

Լյուիս Վարգասի դուստրը

Լույիս Վարգասը բանտում ավարտել է քոլեջ, իր ավարտական հանդեսին լուսանկարվել է աղջկա ու տղայի հետ: Դատավճռի բեկանման օրը նրա դուստրն ասել է, որ հոր խնամքից զրկված է եղել 10 տարեկանից: 

18 տարի անց բեկանվել է անարդար դատավճիռը

Ռիչարդ Ռոգսթին 1997 թ-ին մեղադրել են մտերիմ ընկերոջ` Ջոզեֆ Թաշի սպանության մեջ, սակայն 18 տարի անց պարզվել է, որ դատախազությունը թաքցրել է նրա անմեղություն ապացուցող փաստերը, մասնավորապես` ալիբին: Երեկ նա դուրս է եկել ազատություն: Մեղադրողի դեմ քրեական գործ է հարուցվել:

Երեկ Ռիչարդ Ռոգսթիին դիմավորել է մայրը
Առաջին պիցցան` ազատության մեջ

«Ես գիտեի, որ այս օրը կգա, բայց չէի մտածում, որ այս ամենը կտևի 18 տարի»,- ասել է Ռոգսթոնի մայրը:

Սպանությանը Ռիչարդի մասնակցության մասին վկայություն էր տվել նրանց երրորդ գործընկերը: Հենց նրա ցուցմունքներն էլ որոշիչ դեր էին խաղացել Ռիչարդին մեղադրելու համար:

Ռիչարդը 18 տարի լինելով բանտում` զբաղվել է ստեղծագործելով. գրել է հարյուրավոր բանաստեղծություններ:

 

Վիլյամ Դիլոնը մարդկանց պատմում է 27 տարվա անարդար բանտարկության մասին

Ի տարբերություն երեք քաղաքացիների, Վիլյամ Դիլոնը արդարացման դատավճռով ազատություն է վերադարձել 7 տարի առաջ` 2008 թ-ին` 27 տարվա բանտարկությունից հետո: Նա մեղադրվել էր մեկ անձի սպանության մեղադրանքով` 1981 թ-ին: Միայն 2008 թ-ին կատարված ԴՆԹ թեստի շնորհիվ է ապացուցվել նրա անմեղությունը: Վիլյամ Դիլոնը 7 տարի ճամփորդում է ու մարդկանց պատմում իր պատմությունը` տալով նրանց ուժ հավատալու սեփական պայքարին:

Վիլյամ Դիլոնը` դատապարտվելիս ու արդարացվելիս, 27 տարվա տարբերությամբ

«Ես ուզում եմ, որ մարդիկ իմանան` կատարել եմ աներևակայելի ճանապարհորդություն, բայց երբեք չեմ կորցրել հույսս, որ ճշմարտությունը կհաղթի: Թող մարդիկ իմանան, թե ինչպես կարող է դա տեղի ունենալ ու երբեք չնահանջեն»,- ասել է դատական սխալի զոհը:

Տասնյակ տարիներ անց արտերկրում բեկանված դատավճիռների, աշխարհի տարբեր մասերում անարդար բանտված անմեղ մարդկանց մասին պատմող հրապարակումներ hայաստանյան մամուլում հազվադեպ են հրապարակվում: Այնինչ միջազգային մամուլը գրեթե ամեն շաբաթ գրում է բեկանված դատավճիռների, անմեղ մարդկանց վերադարձի մասին: Մինչ այդ, Հայաստանում դատաիրավական համակարգի պաշտոնյաները դեռ շարունակում են չընդունել, որ մեր բանտերում կան անմեղ դատապարտվածներ: Մեր երկրում օրենքով շարունակում են ոչնչացնել իրեղեն ապացույցները` 21-րդ դարում անգամ նոր քննվող գործերով շատ հաճախ չնշանակելով գենետիկական փորձաքննություններ:    

Լուսանկարները` Innocence Network

Առաջին լուսանկարում Լյուիս Վարգասն է` դատավճռի բեկանման մասին լուրը լսելուց հետո

Մեկնաբանություններ (1)

Ofelya
Տա աստված, որ նման պահ էլ լինի Մհեր Ենոքյանի համար...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter