
Քանի ԵՄ-ն գոյություն ունի, կլինի նաև եվրոն
Երոպական միությունն (ԵՄ) այսօր ամեն քայլի դիմում է, որպեսզի եվրոն մնա հիմնական արժույթ, իսկ հակառակ դեպքում կառաջանա նաև ԵՄ գոյության հարցը: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Հասմիկ Հովհաննիսյանը:
Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Նարեկ Գալստյանի կարծիքով` տնտեսական այս իրավիճակը լուրջ խնդիր է նաև քաղաքական տեսանկյունից: Այն կապված է ԵՄ միասնության հետ, քանի որ անգամ ԵՄ անդամ փոքր երկրների խնդիրները դառնում են ԵՄ կառույցի խնդիրները:
Հունաստանում տիրող իրավիճակն առաջացրել է իրարանցում, տնտեսական լուրջ ճգնաժամ է սպառնում նաև Իտալիային, Իսպանիային, Պորտուգալիային: Սակայն քաղաքագետի կարծիքով` ԵՄ փլուզումը քիչ հավանական է. կառույցը նախկինում ևս ունեցել է լուրջ դժվարություններ, սակայն կարողացել է դրանք հաղթահարել: Իսկ եվրոյի ճգնաժամը Հայաստանի վրա կունենա անուղղակի ազդեցություն:
Տնտեսական գիտությունների թեկնածու Գրիգոր Հայրապետյանը նշեց, որ եվրոն կարևոր է, որովհետև լուծում է ԵՄ հիմնական տնտեսական խնդիրները: ԵՄ անդամ երկրները միմյանց հետ կապված են արտաքին, տարածաշրջանային առևտրով: Միասնական արժույթի օգտագործումը բերում է շատ ավելի օգուտներ, այդ պատճառով էլ անդամ երկրները չեն ցանկանա վերադառնալ իրենց ազգային արժույթին: Եվրոյից հրաժարվելը լուրջ վնասներ կհասցնի համաշխարհային տնտեսությանը:
Հ. Հովհաննիսյանը նշեց, որ ԵՄ անդամ փոքր երկրներն այժմ շատ ավելի լավ վիճակում են: Սակայն եթե վստահություն չկա եվրոյի նկատմամբ, ապա դա ազդեցություն է ունենում առևտրի, ներդրումների վրա: Երբ այդ անվստահությունը նկատվում է նաև Հայաստանում, ընկնում է եվրոյի արժույթը` կրկնակի հարված հասցնելով երկրի տնտեսությանը: Նրա խոսքերով` այժմ ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում, որ նման արժութային շարժերը մեծ ազդեցություն չունենան տնտեսության վրա:
Իսկ Հունաստանի խնդիրը, Հ. Հովհաննիսյանի խոսքերով, այն էր, որ տնտեսությունը զարգացած էր երկու հիմնական ուղղությամբ` ծովային բեռնափոխադրում և զբոսաշրջություն: Դա պետք է լինի դաս Հայաստանի համար, որպեսզի իր տնտեսությունը զարգացնի բազմաթիվ ուղղություններով:
Գ. Հայրապետյանի կարծիքով` ԵՄ տնտեսությունը շատ ավելի լավ վիճակում է, քան ԱՄՆ-ի տնտեսությունը: Չնայած Հունաստանի խնդիրներին, որի պատճառով եվրոյի արժույթը նվազեց, իսկ դոլարը` աճեց, այնուամենայնիվ, տնտեսագետի կարծիքով, եվրոն ավելի կայուն ու հաստատուն արժույթ է, քան դոլարը: Նա խորհուրդ է տալիս չխուսափել եվրոյից: Պարզապես այժմ ժամանակավոր ճգնաժամ է, որը բնական է համաշախարհային տնտեսության համար:
Բանախոսները համոզված են, որ քանի դեռ գոյություն ունի ԵՄ-ն, եվրոն կշարունակի մնալ կառույցի հիմնական արժույթը: Եթե անգամ կան սպառնալիքներ դրանց գոյությանը, ապա դա չի լինի մոտ ապագայում:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել