
Մյասնիկյան գյուղի երեքհարկանիները փլվելու եզրին են
Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղը թափանցիկ է թվում կեսօրյա արեւի ճառագայթներում: Սակավաթիվ անցորդներն ու անգործները խեթ-խեթ նայում են վրաս:
Ինչ-որ զգայարանով նրանք անսխալ որոշում են, որ ես ոչ միայն տեղացի չեմ (դա պարզ է, այստեղ բոլորն իրար ճանաչում են), այլ առհասարակ արմավիրցի չեմ:
Գյուղում ես քայլում եմ պատվո շքախմբով՝ Մարսել Քերոբյանը եւ նրա ընկերը, ով կտրականապես հրաժարվեց ասել իր անունը, ուղեկցում են ինձ: Նրանք իրենք առաջարկեցին ուղեկցել ինձ՝ բացատրելով, որ գյուղը շատ ագրեսիվ է, այստեղ հատկապես չեն սիրում լրագրողներ կոչվող մարդկանց տեսակը, լավագույն դեպքում կարող են ռեպլիկներ անել կամ հայհոյել, վատագույն դեպքում` նույնիսկ թքել ետեւիցդ: Ետեւիցս ոչ ոք չէր թքում, սակայն գյուղացիների հակակրանքն իմ լրագրողական անձի հանդեպ եւ զգուշավոր հայացքները ֆոտոխցիկին զգում էի նույնիսկ մեջքիս ետեւում:
- Իմ մոտիկն է, - հեղինակավոր բացատրում է Մարսելը մեզ հանդիպող իր բոլոր ծանոթներին:- Որ ավել-պակաս չխոսեն,- պարզաբանում է ինձ:
«Իմ մոտիկն է» արտահայտությունն ապահովում է իմ անձեռնմխելիությունը:
Իր առաքելության կարեւորության գիտակցությամբ Մարսելն ինձ տանում է գյուղական արվարձաններ՝ չորս երեքհարկանի շենքեր: Շենքերը, կարելի է ասել, վթարային վիճակում են: Տանիքները քանդվում են, դրանց տակի քարերը վերջերս թափվել էին ներքեւ, լավ է` ոչ մեկին չէին դիպչել:
Մյասնիկյանի գյուղապետ Անդրանիկ Պետրոսյանն ասում է, որ արդեն պայմանավորվածություն ունի տանիքները վերանորոգելու համար: Գումարը պետք է տան բնակիչները՝ հինգ տարի մարման ժամկետով, սակայն այստեղ խնդիր է առաջացել. առաջին հարկի բնակիչները հրաժարվել են` ասելով, որ դա իրենց խնդիրը չէ:
- Մի քայլիր պատուհանների տակ,- զգուշացնում է ինձ Մարսելը:
- Ինչու՞:
-Տեսնու՞մ ես էս զուգարանը,- ցույց է տալիս ծռմռված թիթեղյա գյուղական զուգարանը՝ 3.5 պատերով:- Սա ընդհանուր զուգարան է ամբողջ շենքի համար: Շենքում հազիվ մի երկու հոգի զուգարան ունենան իրենց բնակարաններում: Ոմանք ալարում են ամեն անգամ երրորդ հարկից իջնել: Անցնում ես լուսամուտների տակով, ու գլխիդ ինչ ասես չեն լցնում: Ցերեկը դեռ ոչինչ, ամաչում են, այ գիշերը ոչ ոք այստեղ լուսամուտների տակով չի անցնում: Իսկ ամռանը գարշահոտ է, ինչ հիվանդություններ ասես չկան:
Մարսելն ընտանիքի հետ ապրում է այս շենքերից մեկում: Մտածում է վաճառել բնակարանը, «որովհետեւ շուտով ամբողջ շենքը կքանդվի, իսկ նոր բնակարանով ոչ ոք չի ապահովի»: Նա զբաղվում է վերանորոգումներով, դրա համար իր բնակարանը բերված է քիչ թե շատ նորմալ տեսքի, նույնիսկ կոյուղի է անցկացված:
Մարսելն այժմ գործազուրկ է: Յոլա է գնում, ինչպես ինքն է ասում, պատահական աշխատանքներով եւ ծնողների թոշակով: Հայրն ադեն մի քանի տարի հիվանդ է, հիմա հիվանդանոցում է: Ծնողների հետ սեփական տանն ապրում է իր զոհված եղբոր ընտանիքը:
- Երեքհարկանիներում սովորաբար ապրում են մարդիկ, ովքեր հազիվ ծայրը ծայրին են հասցնում,- ասում է Մարսելը,- մանավանդ կանայք, որոնք մենակ են մեծացնում երեխաներին:
Ալվարդ Մարուքյանն այս կանանցից մեկն է: Նա Ախալքալաքից է, ամուսնացել է այստեղ: Երկու որդիներին միայնակ մեծացնում է քսաներեք տարեկանից: Նրա ամուսինը կյանքը նվիրել է «համաշխարհային ժողովրդագրական աճի խթանմանը»: Բացի Ալվարդից եւ տղաներից, նա եւս մեկ ընտանիք ունի Արմավիրում, մեկն էլ` Մոսկվայում, ուր հիմա բնակվում է:
Ալվարդի մեկսենյականոցում առաստաղից կաթում է: Առաստաղն ու պատերը ճաքճքած են, չկա սանհանգույց: Երբ եկանք, նա պառկած էր:
- Արթնացա ժամը 7-ին, երեխային ուտելու բան սարքեցի ու արդեն անուժ ընկած եմ: Առողջություն չունեմ, պրոբլեմներ ունեմ երիկամի, լեղապարկի հետ: Ինձ կանչել են լեղապարկի վիրահատության, իսկ ես փող չունեմ, որ գնամ,- ասում է Ալվարդը:
Չգիտես ինչու, նա որոշեց, որ ես եկել եմ գալիք խորհրդարանական ընտրություններին որեւէ թեկնածուի օգտին քարոզչություն անելու:
-Ընտրություննե՞ր: Իհարկե չեմ գնալու: Ու՞մ ընտրեմ, ինչի՞ համար: Որ իրենց կանայք ամուսինների փողերով զուգվեն, զարդարվեն, իսկ մենք էդպես էլ մնանք էս քարուքանդ տներու՞մ:
Իմանալով, որ լրագրող եմ, ավելի նյարդայնացավ:
- Մեզ ի՞նչ նրանից, որ գրում եք մեր մասին: Էնքան են եկել, գրել, ի՞նչ օգուտ: Ոչինչ չի փոխվի: Ոչ նորմալ ապրելու տեղ, ոչ նույնիսկ զուգարան:
- Ես միայնակ մեծացրել եմ երկու տղա, ուղարկել եմ բանակ, վերադարձել են շքանշաններով ու պատվոգրերով, բայց ի՞նչ եմ շահել դրանից: Պետությունն ինձ մի պարկ ալյուր չի տվել, որ երեխաներիս կերակրեմ: Առողջություն չունեմ, բայց ստիպված գնում եմ դաշտեր` քաղհան անելու, որ երեխաներիս պահեմ:
- Տղաս քսաներեք տարեկան է, ուզում է ամուսնանալ, բայց ինչո՞վ ամուսնացնեմ: Որտե՞ղ պիտի ապրի, էս միսենյականոցու՞մ: Ո՞ր աղջիկը կգա էստեղ ապրելու:
Մաքրուհի Ավետիսյանը, ում այստեղ բոլորն անվանում են Մելանյա, ապրում է առաջին հարկում հաշմանդամ տղայի եւ դստեր հետ: Մյուս երկու աղջիկներն ամուսնացած են: Ամուսինը մահացել է վեց տարի առաջ լյարդի ցիրոզից: Տղան՝ Սարգիսը, տասնյոթ տարեկան է: Նա պառկած է թախտին` վառարանի մոտ, եւ ժպտում է: Տետրապարեզ ախտանիշը բժիշկները նրան տվել են ծնվելուց մի քանի օր անց: Մելանյան ասում է, որ երեխայի մոտ հայտնաբերել են դեղնախտ, հետո էլ բուժման ժամանակ նյարդին են դիպչել: Նախկինում նա չէր կարողանում շարժել ձեռքերը, խոսել, իսկ հիմա փոքր-ինչ ոչ հստակ, բայց խոսում է, շարժում է ձեռքերը: Սակայն չի քայլում: Խոհանոցի վերածած պատշգամբում դրված է նրա անվասայլակը, որ գյուղապետն է նվիրել:
- Հիմա նա կարող է փողոց դուրս գալ: Թե չէ առաջ ստիպված էի մեկ-մեկ հարեւաններին օգնության կանչել, որ իրեն փողոց տանեն, մի քիչ մաքուր օդ շնչի:
- Նա այնքան ընդունակ է,- ասում է Մելանյան,- ինքնուրույն մաթեմատիկա է սովորել, գումարում-հանում գիտի շատ լավ, շատ ընդունակ է, ափսոս, որ կկորչի էստեղ, դպրոց էլ չկա իր համար:
Մելանյան տարբեր աշխատանքներ է անում, ինչ պատահի: Ձմռանն ամեն առավոտ նա պարկն ուսին գնում է վառելիք հայթայթելու: Ամեն ինչ հարմար է. ծառերի ճյուղերը, հին կոշիկները, անվադողերը: Մարսելը, ով հաճախ է նրան այցելում, ասում է, որ ձմռանը վառվող ռեզինի հոտը գարշելի է, իսկ պատերը սեւ—սեւ են մրից:
Մելանյան պատմում է, որ լինում են օրեր, երբ առանձնապես ոչինչ չի հաջողվում գտնել: Լինում են օրեր, երբ գոհանում են միայն մի կտոր հացով:
- Իսկ ձեր աղջիկը ձեզ չի՞ օգնում,- հարցնում եմ ես:
- Երբ տանը չեմ, եղբորն է նայում, արդեն մեծ օգնություն է:
- Աշխատանք փնտրու՞մ է:
- Չէ հա: Մեծ աղջիկ է, ամուսնացնելու, հո դաշտերը չեմ ուղարկելու: Ես մայր եմ, միշտ կգտնեմ, թե ինչով կերակրեմ երեխաներիս:
Նրա դուստրը տասնինը տարեկան է, ոչնչով չի զբաղվում: Ո՛չ նա, ո՛չ իր քույրերը չեն սովորել:
- Ամուսինս խիստ էր, թույլ չէր տալիս,- բացատրում է Մելանյան,- ինձ էլ աշխատել չէր թողնում: Խորհրդային տարիներին տրակտորավար էր, շատ լավ էինք ապրում: Իսկ հիմա յոլա ենք գնում, էլի, գոյատեւում ենք, բայց ոչինչ, չեմ բողոքում, Աստված մեծ է:
- Ընտրություններին գնալու՞ եք:
- Հա,- ասում է Մելանյան: Մարսելը երբեք չի գնում: Սկզբունքորեն:
- Գիտե՞ք՝ ում օգտին եք քվեարկելու:
- Գյուղապետ Անդոն ում ասի, էլի,- ասում է նա՝ երկչոտ հայացք գցելով Մարսելի կողմը:
Վերջինս, որպեսզի ես հանկարծ սխալ չհասկանամ, պարզաբանում է, որ գյուղապետ Անդրանիկ Պետրոսյանը միակն է, ով Մելանյային երբեւիցե էական օգնություն է ցույց տվել: Թե չէ, ընտրություններն այս կնոջն առանձնապես չեն հուզում:
Մեկնաբանել