HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Երկրորդ պլանի դերասանները կամ իշխանության հաղթանակի երկու պատվարները

Դեկտեմբերի 2-ին տված հարցազրույցում նախագահ Սերժ Սարգսյանի արած հայտարարություններից հետո այլևս կասկած չկար, որ իշխանության համար «կենաց-մահու» խնդիր է հանրաքվեի դրված Սահմանադրության նոր նախագծի ընդունումը: Այլևս կասկած չկար, որ այդ նպատակին հասնելու համար իշխանությունը կենտրոնացնելու է իր ողջ ռեսուսրները՝ վարչական, ֆինանսական, օլիգարխիկ, և դիմելու է այն բոլոր տեխնոլոգիաներին, որոնք ապահովել էին իշխանության հաղթանակը վերջին առնվազն երկու համապետական ընտրություններում: Այդ տեխնոլոգիաների առանձնահատկությունն այն է, որ անկախ իրականացված նախընտրական քարոզչության որակից՝ այդ ռեսուրսների բացահայտ շահագործմամբ հանդերձ քվեարկության ժամանակ ցանկալի արդյունքը գրանցվում է այնպես, որ ընդդիմությունը չի ունենում այն վիճարկելու փաստական, ապացուցողական բավարար հիմք: Իսկ արձանագրված ընտրախախտումների բնույթը, ծավալը չի լինում այնպիսին, որ գոնե հնարավոր դառնա դրանց վրա հիմնվելով` հասնել ընտրությունների, իսկ տվյալ դեպքում՝ հանրաքվեի արդյունքների իրավական վիճարկմանը և չեղարկմանը: 2012թ. մինչև հիմա իշխանության կողմից կիրառվող այս մեթոդաբանությունն աշխատում է անշեղորեն և վերին աստիճանի արդյունավետ: Եվ 2012-ից մինչև հիմա ընդդիմությունը ոչ միայն չգիտի՝ ինչպես պայքարել դրա դեմ, այլև ամեն անգամ այդ թակարդն ընկնելուց հետո ապավինում է իշխանություններին հայհոյելու, դրանով իր և հասարակության հերթական պարտությունն արդարացնելու՝ ոչինչ չտվող գործելակերպին:

Իշխանության մարտավարությունը շատ հստակ է և գործնականում անփոփոխ: Այն ոչ թե հերքում է ընտրախախտումների միջոցով ընտրությունները շահելու փաստը, այլ այդ ճանապարհով տարած իր հաղթանակը պայմանավորում հակառակ կողմի թույլ լինելու, իսկ իրականում՝ իրավիճակի վրա ազդելու լծակներ չունենալու հանգամանքով: Իշխանությունն առաջնորդվում է մի պարզ սկզբունքով. «քանի դեռ բռնված չեմ՝ գող չեմ»: Սա այն իշխանությունն է, որ եղել է, որը կա ու որը սովորեցրել է, որ իրենից սպասելիքներ չեն կարող լինել:

Որքան էլ փորձ է արվում անտեսել, նոր Սահմանադրությունն անցկացնելու հարցում իշխանությանն օգնեց առաջին հերթին հասարակությունը՝ իր լյումպեն և հարմարվողական, մյուս կողմից անտարբեր զանգվածների միջոցով: Հանրաքվեի պաշտոնական արդյունքներից դատելով՝ հասարակության իրավագիտակից և ակտիվ մասը հիմա փոքրամասնություն է՝ ընտրազանգվածի մոտ 1/6-րդ մասը: Վերոնշյալ երկու հատվածները կազմում են հասարակության բացարձակ մեծամասնությունը: Ընտրողների 49 տոկոսը, փաստորեն չի քվեարկել: Նրանց մի մասը չի գնացել քվեարկության՝ հիասթափված լինելով առհասարակ ընտրական համակարգից և հազոզված լինելով, որ իր քվեն որևէ եղանակ չի փոխելու: Մյուս մասը քվեարկության չի գնացել՝ սահմանադրության նախագծին ծանոթ չլինելու և ծանոթանալու ցանկություն չունենալու պատճառով՝ թերևս համարելով, որ Սահմանադրության ձևակերպումներից, կառավարման համակարգի բնույթից չի կախված ոչ իր սոցիալական վիճակի փոփոխությունը, ոչ էլ առավել ևս իշխանափոխության իրականացումը: Անկախ դրդապատճառներից՝ փաստ է, որ չգնալով քվեարկության՝ այս զանգվածը նպաստեց հանրաքվեի հենց այսպիսի ելքին:

Մյուս՝ լյումպենացված մասը դարձավ հանրաքվեի ամենաակտիվ մասնակիցը: Ընտրակաշառքներ վերցնելու, տարատեսակ ճնշումներին, ընկերական, բարեկամական, «թաղի լավ տղերքի» հորդորներին տուրք տալով ուղղորդված քվեարկություն կատարելով՝ նրանք դարձան ընտրակեղծարարության հիմնական գործիքը: Այս զանգվածի համար հանրաքվեն ընդամենը մի շոու էր, որտեղ իրենց զգում էին ընդհանուր տեսարանների դերասանի կարգավիճակում, երբ այդ դրվագային դերակատարման համար նաև վարձատրում են՝ թեկուզև նվաստացման գնով, թեկուզև գիտակցելով, որ այդ «վարձավճարը» անվերդարձ հափշտակված է հենց իրենց ապագայից: Լյումպեն կամ լյումպենացված այս զանգվածի նմանությունը անտարբերների ահռելի բանակի հետ այն է, որ առաջնորդվում է նույն շարժառիթներով. ինձնից ոչինչ կախված չէ, ես ոչինչ փոխել չեմ կարող: Այն տարբերությամբ միայն, որ եթե անտարբեր ընտրազանգվածը նախընտրում է արհամարհել ամեն ինչ և բոլորին, այս հատվածը գնում է գործարքի: Այս երկու զանգվածների ամբողջությունը քաղաքական համակարգի կողմից կորսված բանակն է, անտեր մնացած ռեսուրս, որն «ինքնարժևորման» միակ միջոցը դարձնում է իշխանություն իրացնելու իր միակ գործիքը՝ քվեն, ի դեմս ընտրությունների՝ շուկա հանելով:

Հնարավոր է պայքարել իշխանության դեմ և հաղթել: Հասարակության դեմ չես պայքարի, հասարակությանը չես հաղթի: Որքան էլ պարզ է, որ հասարակությունն ինքն է հարված հասցնում իրեն, ինքն է իրեն զրկում սեփական ապագայից, այդ դառը իրողությունն ընդամենը հասարակության հիվանդության նշանն է, այլ ոչ թե վաղաժամ մահվան նախերգանք: Այդ զանգվածները ոչ թե պարսավանքի ու մերժումի են արժանի, այլ կարեկցանքի, օգնության և բալասանի: Նրանք սեփական ապագայի հանդեպ դավադրությամբ ավելորդ անգամ բացատրում են, որ քաղաքական ուժերն ավելի շատ իրենց հետ հաղորդակցվելու, իրենց մերձենալու, իրենց վրա հենվելու խնդիր ունեն, քան կեղծ օրակարգերով ու նպատակներով իշխանության դեմ վճռականություն խաղալու, ինչը մինչև այսօր ընդամենը եղել է պատերազմ հողմաղացների դեմ:

Իշխանության հաղթանակի մյուս աղբյուրը հանրաքվեում ամբողջական «Ոչ»-ի ճակատն էր, որը քարոզարշավի ողջ ընթացքում իր պառակտվածության ակնհայտ իրողությունը մատուցում էր որպես ամբողջականության դրսևորում և հնարամիտ մարտավարություն՝ իրականում չունենալով առհասարակ որևէ մարտավարություն և ներքին միասնականություն: Ճակատ, որի մի մասը ընտրազանգվածին կոչ էր անում գնալ ընտրատեղամաս և մասնակցել քվեարկությանը՝ հավաստիացնելով նրա քվեն պաշտպանելու իր վճռականության և դեռ քվեարկությունը չկայացած՝ հաղթանակ տանելու մեջ, իսկ մյուս մասը հորդորում էր բոյկոտել քվեարկությունը և մասնակցել «խաղաղ անհնազանդության»-ը, որը, ինչպես պարզվեց, ավելին չէր, քան հին, մաշված, խիստ կանխատեսելի և փակուղի տանող հանրահավաքային-երթային-նստացույցային գործիքների  համադրումը: Ընդդիմություն, որ շարունակում է տարիներ շարունակ, ընտրությունից ընտրություն, քվեարկությունից քվեարկություն նույն համառությամբ գլուխը խփել նույն պատին, արյունաքամ լինել, բայց չմտածել ո'չ այդ պատը ծակելու, ո'չ այն մագլցելու կամ շրջանցելու միջոց գտնելու մասին: Իսկ յուրաքանչյուր անգամ հերթական պարտությունը կրելուց հետո դրա պատճառներն առաջին հերթին իր ներսում փնտրելու փոխարեն նախընտում է ինքն իրեն ու հասարկությանը խափել՝ շուրջը քավության նոխազներ գտնելով և դա ինքնարդարացման միջոց դարձնելով: Որևէ կասկած չկա, որ այս անգամ ևս պատմությունը կրկնվելու է: Այդ պտտվող անիվի ճռնչոցն է հասարակության պասիվ մեծամասնությանը ստիպում մտածել, որ ընտրակաշառքով ընտրական ավանտյուրաներին մասնակցելը գուցե ավելի՞ նախընտրելի է, քան շարունակ խափվեը, հուսահատվելը, հիասթափվելն ու զզվելը:   

Սահմանադրական այս հանրաքվեն տվեց ներկայիս ընդդիմության վերջնական ախտորոշումը. համակարգային ընդդիմություն, որն ունակ է հասարակական-քաղաքական օրակարգ առաջադրել, իրավիճակից ելքեր առաջարկել, հանրությունը վստահություն և հավատ ներշնչել, քաղաքական պայքարը հստակ սկզբունքների, ռազմավարության վրա կառուցել, բոլոր ընտրատեղամասերում «չվաճառվող» հանձնաժողովականներ, վստահված անձինք ապահովել, փաստացի գրեթե գոյություն չունի Հայաստանում: Եվ լավ է, որ այդ փաստը ակնհայտ է դառնում գոնե հիմա, երբ խորհրդարանական ընտրություններին դեռ գրեթե մեկուկես տարի կա: Խնդիրն այն է, որ հանրաքվեի արձանագրված արդյունքը զուտ նոր Սահմանադրության անցկացման խնդիր չի լուծում: Այն լուծում է 2017թ. խորհրդարանական ընտրություններում գործող իշխանության վերարտադրության նախադրյալներ ստեղծելու խնդիրը: Եվ դա պայմանավորված չէ «կայուն մեծամասնություն» ձևավորելու՝ իրականում արհեստական մեխանիզմի հետ: Այս հանրաքվեն ցույց տվեց կամ ավելի ճիշտ վերահաստատեց, որ իշխանությունը կարող է մեծամասնություն ձևավորել՝ անգամ չունենալով մեծամասնական ընտրակարգի կարիքը: Ընդ որում՝ դրա համար որևէ կողմնակի ուժի կարիքը նա չունի:

2013թ. նախագահական ընտրությունների ժամանակ իշխանության թեկնածուն՝ Սերժ Սարգսյանը, ստացել էր 58,6 տոկոս քվե, իսկ իշխանության հիմնական այլընտրանքի դերում ակամա հայտնված ընդդիմության թեկնածուն՝ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 36, 75 տոկոս: Ձայների մի  հարաբերակցություն, որ գրեթե ամբողջությամբ համապատասխանում է սահմանադրական հանրաքվեի քվեարկության ժամանակ հայտարարված իշխանական «այո»-ի և ոչ իշխանական «ոչ»-ի հարաբերակցությանը: Ընդ որում՝ 2013-ին թե ՀՅԴ-ն և թե ԲՀԿ-ն իրենց դուրս էին դրել ընտրական պրոցեսից: Եթե նման պատկեր հնարավոր է եղել ապահովել քաղաքական դաշտի բևեռացման ամենամեծ ռեսուրսն ստեղծող նախագահական ընտրություններում և միշտ երկու կողմ ենթադրող հանրաքվեի ժամանակ, ապա առավել քան իրատեական է դրա ապահովումը քվեների փոշիացման կամ բաժանման սկզբունքի վրա խարսխված խորհդրարանական համակարգում: Այդ հեռանկարը կանխելու նպատակ ունեցող ուժերն ընդամենը  մեկուկես տարի ունեն ոչ միայն ընդդիմադիր թևում առաջացած ճգնաժամը հաղթահարելու, այլև հասարակական հնարավորինս լայն զանգվածների անվերապահ աջակցությունը շահելու համար: Բայց դա հնարավոր չի լինելու «պարտությունների գեներալների» միջոցով: Նոր ընդդիմություն է անհրաժեշտ՝ նոր արժեհամակարգով, նոր շնչով, նոր դեմքերով ու ամենակարևորը՝ հասարակության հետ աշխատելու բոլորովին նոր կոնցեպցիայով: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter