HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նունե Հախվերդյան

Սովետական զինվորի ուրվականը Սպիտակում

Ռուսաստանի ռազմապատմական միությունը գաղափար է հղացել` արձան տեղադրել Հայաստանի Հանրապետության տարածքում, Հայաստանի Հանրապետությունն էլ, դա համարելով բարեբեր քայլ, հղացման առջև բացել է իր դռները: Ընտրվել է Սպիտակ քաղաքը, որտեղ երկրաշարժի 27-րդ տարելիցի օրը, դեկտեմբերի 7-ին, տեղադրվել է սովետական զինվորի մոնումենտալ արձանը:

Ըստ պաշտոնական պրեզենտացիայի՝ բրոնզաձույլ «Խորհրդային զինվորը», որն ունի 3,5 մետր բարձրություն ու ռուսաստանցի հեղինակներ, պետք է խորհրդանշի երկրաշարժի հետևանքների վերացմանը մասնակցած խորհրդային զինվորին:

Թերևս ավելորդ է հարցնել, թե ինչու է արձանը մարմնավորւմ հատկապես զինվորին, այլ ոչ փրկարարին կամ բժշկին: Կամ էլ՝ ինչու սովետական, և ոչ անհասցե մի մարդու, որի դերը աջակցությունն ու մասնակցությունն է: Ավելորդ է, քանի որ դա այն արձանը չէ, որը կարելի է որևէ կերպ համադրել Հայաստանի ներկայիս պահանջների ու իղձերի հետ (այդ թվում` իմաստային ու գեղագիտական):

Խոժոռ ճակատով, սլավոնական դիմագծերով, ընդգծված մկաններով զինվորը գրկել է ծածկոցով փաթաթված երեխային ու նայում է դեպի առաջ՝ վեհ գործ արած մարդու գոհունակությամբ:  Հայացքը՝ հաղթողի, երկարաճիտք կոշիկով ոտքը՝ հաստատուն, պատվանդանը՝ բարձր: Նորագույն սոցռեալիզմը հորդում է արձանից՝ տեղերով փոխելով նորն ու հինը, արդեն վերապրած ու դեռ սպասվելիք աղետը:

Այս արձանն ինքնին մի մեծ աղետ է, քանի որ բառերով ձևակերպած դրա իմաստն ու վիզուալ կատարումը ծանր կշռաքարերի պես քաշում են մեզ դեպի ներքև, փոշի ու խավար:

Առաջնային խնդիրն այն է, որ այս արձանը ժամանակակից Հայաստանից դուրս է, չունի հանրային որևէ նշանակություն ու արդիականություն: Փոխարենը հենց այս արձանը, որը տեղադրվել է 2015 թվականին (մեկդարյա հանցագործության հիշատակի տարում) ներքաշում է մեզ այնպիսի զրույցի մեջ, որին, ի տարբերություն ցեղասպանության թեմայի, մենք պատրաստ չենք:

Բայց ընկղմվում ենք այդ զրույցի մեջ առանց դիմադրության ու վարանելու՝ հանդես գալով որպես հումք, մակերես, լաբորատորիա կեղծ ու վտանգավոր մի դիսկուրսի համար, որի նպատակը տոտալիտարիզմի արդարացումն է:

Պատերազմի վերարծարծումը

Այսօր ռուսական հասարակությունը տարբեր ոլորտներում պարզապես ռմբակոծվում  է տոտալիտար համակարգի թվացյալ հմայքի ու վերակենդանացնող իմաստների տարափով: Պաշտոնական հռետորաբանությունը, մեդիայի մանիպուլյատիվ պաթոսը, արվեստի դաշտում պրիմիտիվ հայրենասիրության գովերգումը, սոցռեալիզմի միջինացված ու պետպատվերի շրջանակում «թխված» արվեստի շերտը նորից արդի արվեստ մտցնելու ցանկությունը, ի վերջո, մեկ նպատակի են ծառայում` փորձում են ցույց տալ, թե որքան գրավիչ էր Սովետը:

Դա ուժեղ կայսրության պատրանք ստեղծել ցանկացող ՌԴ քարոզչության մեխն է, որը հիմա մենք վերցրել ու մեխել ենք Սպիտակ քաղաքում: Դա մեր մեխը չէ, այն նախատեսված է միայն ներքին ռուսաստանյան օգտագործման համար:

Սովետի գրավչությունը այսօրվա Ռուսաստանը փորձում է վերակենդանացնել պատերազմի միջոցով: Նորագույն գաղափարախոսության համաձայն՝ պատերազմը պատուհաս ու սարսափելի արհավիրք չէ, որից ամեն գնով պետք է խուսափել, այլ ընդամենը միջոց՝ ինքնությունը վերագտնելու համար: Իզուր չի ասվում, որ եթե միավորվելու այլ տարբերակ չես տեսնում, միավորվիր ռազմի դաշտում: Ռուսաստանը հիմա ռազմի դաշտ է համարում ողջ մոլորակը և պատերազմելու, հարձակվելու ու զոհեր տալու մեջ ոչ միայն վատ բան չի տեսնում, այլև հպարտությամբ ընդգծում է, թե պատրաստ է հարձակվել ու զոհեր տալ:

Մարդիկ համախմբվում են պատերազմի շուրջ, դրանում գտնում ներշնչանք ու միասնություն և նյարդերը կոփում ներկա ու գալիք պատերազմների սպասելով:

Այս համատեքստում Ռուսաստանի իշխանություններն ամեն ինչ անում են զինվորի (այսինքն` զենքով մարդու) կերպարը մաքրագործելու համար: Եվ որպեսզի այսօր այդ կերպարը տեղ գտնի միջին վիճակագրական ռուսաստանցու սրտում, այն կապվում է անցյալի հաղթանակների հետ կամ պատկերվում որպես մանուկների փրկիչ ու թույլերի պահապան: Զավթիչից փրկիչ տրանսֆորմացիան շատ կարևոր է Ռուսաստանի իշխանությունների համար: Եվ եթե զավթիչ-փրկիչը նաև սովետական համազգեստով է, ավելի լավ է: Ուրեմն քարոչությունն ավելի ցայտուն է:

Մի կողմից զենքով մարդն է, մյուս կողմից` Սովետի հանդեպ կարոտախտի ներարկումը: Արդյունքում պայթյունավտանգ խառնուրդ է ստեղծվում: Հիմա այդ զմռսած պայթյունը կանգնեցվել է Սպիտակում:

Թվում է, թե շատ սարսափելի բան տեղի չի ունեցել. Հայաստանը վաղուց արդեն անիմաստ արձանների մեջ խեղդվում է ու մի հատն էլ կարող է «մարսել»: Ռուսները եկել են, իրենց հետ հսկա արձան բերել, թող լինի, էլի~:

Բայց հայտնի է, որ քաղաքային լանդշաֆտում հայտնվող ցանկացած պատկերային կուռ ֆորմա սկսում է գրավել իր շրջապատը, ազդել քաղաքի ու բնակիչների հարաբերությունների վրա ու վերափոխել դրանք: Արձանները լուռ բեկորներ չեն, դրանք վաղ թե ուշ սկսում են «խոսել» մարդկանց հետ:

Քաղաքի ու բնակչի հարաբերությունները

Քանդակները, որոնք տեղադրվում են որպես իմաստային կապ, հետք, բեռ ունեցող մոնումենտներ, չեն կարող համարվել զարդարանք կամ պարզապես անմեղ դեկորացիա: Դրանք անպայման ունենում են քաղաքական ուղերձ: Եվ եթե քաղաքական իրավիճակ է փոխվում (դուրս ենք եկել սովետական ընտանիքից ու արդեն քառորդ դար ինքնիշխան հանրապետություն ենք), մեր քանդակներով նոր ուղերձ պիտի կազմենք, խմբագրենք ու տարածենք:

Իսկ մենք վերցնում ենք ուրիշի քաղաքական ուղերձն ու ժամանակավրեպ մի վայրում՝ ողբերգություն տեսած ու երկրի երեսից գրեթե վերացած Սպիտակում, կանգնեցնում ֆեյք մի հերոս, որը մարմնավորում է փոշիացած դարաշրջանն ու քարտեզից անհետացած կայսրությունը:

Անընդհատ վերարծարծելով սովետական թեման ու ատրիբուտիկան՝ Ռուսաստանը փորձում է արդարացնել անցյալը, մաքրել այն արյունից, կեղտից, ստից: Եվ, որքան կարող ենք դատել ռուսաստանյան իրականությունից, դա նրանց հաջողվում է:

Եվ պատահական չէ, որ հիմա Ռուսաստանում մեծ պահանջարկ ունի Ստալինը: Նրա կերպարն այսօր պետք է որպես ուժեղ ձեռքով պատերազմ վարելու օրինակ: Թե՛ Ստալինի, թե՛ սովետական զինվորի կերպարները պատերազմի ու արյուն թափելու արդարացում են: Եվ թքած, թե ում դեմ է այդ պատերազմը՝ հարևանի, բարեկամի, ընկերոջ, սեփական ազգի…

Կարևորը, որ պատերազմն ամենուրեք է, տոտալ: Եվ անգամ սովետահայ մանուկին գրկած սովետական զինվորը, որը կանգնել է Սպիտակում, պատերազմի գովք է, այլ ոչ խաղաղության ու մարդասիրության: Ինքնին արձանն իր անվանումով ու տեսքով է դա ապացուցում:

Այդ արձանն այսօր է տեղադրվել, և ուրեմն իր վրա է վերցնում հենց այսօրվա իմաստային բեռը: Իսկ այսօր դա անտանելի բեռ է Հայաստանի համար, որն իր գաղափարախոսությունը կառուցում է ոչ թե պատերազմ տենչալով, այլ ամեն գնով պատերազմից ապահովագրվելով ու մարդկային կյանքերն արժեւորելով:

Հայաստանը լավ գիտի, թե ինչ է ցեղասպանությունը: Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող արձաններ կամ գոնե հուշաքարեր կան գրեթե բոլոր վայրերում: Սակայն, մենք այդպես էլ չունեցանք գեթ մեկ հուշարձան, որը կխորհրդանշեր մեկ այլ ցեղասպանության զոհերի ոչ ապարդյուն մահը: Մենք չունեցանք ստալինյան բռնաճնշումների տարիների ընթացքում ջնջված, աքսորված, գնդակահարված, խեղված ճակատագրերով միլիոնավոր հայերի հանդեպ մեր հարգանքը մարմնավորող սեփական խորհրդանշական վայրն անգամ, որտեղ կարող էինք գնալ ու ծաղիկ դնել որպես մեր սպանված պապերի ու տատերի ժառանգներ:

Եվ հիմա, երբ սովետական զինվորին ենք տեղ տալիս ու դրանում վատ բան չենք տեսնում, ակամայից մտնում ենք մի խաղի մեջ, որն արդարացնում է բռնությունը, ոչնչացումը, մահը: Եվ որը բացառում է ցեղասպանության ենթարկվածի ձայնն ու խոսելու իրավունքը:

Հիմա մեր փոխարեն սովետական զինվոր-ուրվականն է խոսում:

Քանդակների եղբայրական գերեզմանոց

Պարզ է, որ սովետական զինվոր հիմա չկա, և արձանի դեպքում այդ բառը հատուկ ընդգծելու կարիք էլ չկա: Անգամ կարելի է ենթադրել, որ այդ ընդգծմանը (միգուցե) դիմադրել է հայկական կողմը, ասենք` Սպիտակի քաղաքապետը կամ ՀՀ մշակույթի նախարարը:

Բայց սովետական զինվորի կերպարը շրջանառության մեջ դնողները հարցեր չեն տալիս ու հարցերի չեն պատասխանում: Նրանք քարոզչություն են անում Ռուսաստանի օգտին, իսկ Հայաստանը այդ քարոզչության ընդամենը սպառողն է: Հիմա այդ քարոզչությունը հասել է վիրավոր թեւերով Սպիտակ ու, ինչպես պատահում է ցանկացած քաղաքի քանդակախմբի դեպքում, իր իմաստներով սկսում է զավթել հարակից տարածքն ու բնակիչների աչքերն ու մտքերը:

Տոտալիտար համակարգերն անթաքույց քամահրանքով են վերաբերվում անհատին, նրա ներաշխարհին ու մասնավոր իրավունքներին: Մարդը կարևոր չէ, կարևորը գաղափարախոսությունն է կամ էլ թեկուզ մարդու համազգեստը: Անհատականը, մասնավորը ստորադասվում են հանուն վերացականի, անորոշ հավաքականի:

Սովետական գաղափարախոսությունը սիրում էր հավաքական կերպարներ՝ բանվորներ, զինվորներ, գյուղացիներ, կոմերիտականներ կամ մկանուտ սպորտսմենուհիներ (թիակով և առանց թիակի):

Նաև սիրում էր եղբայրական գերեզմանոց հուշարձաններ կանգնեցնել:

Եվ երբ Սովետը փլվեց, անկախացած բոլոր պետությունները սկսեցին վերաիմաստավորել իրենց տարածքներում մնացած քարե և բրոնզե սովետական սիմվոլիկան: Նոր ուղերձը ձևակերպելու համար անհրաժեշտ է լինում ոչ միայն արարել, այլև քանդել քանդակները: Հնարավոր չէ նոր գաղափար առաջ քաշել առանց հնի վերամշակման: Մենք էլ հանեցինք մեր ստալիններին ու լենիններին, ինչպես արեցին շատերը:

Ոմանք թողեցին նախկին արձանները, բայց նոր իմաստ հաղորդեցին՝ զգեստ հագցրեցին սովետական մարդկանց, դետալներ հանեցին, դետալներ ավելացրին, փոխեցին առաջնորդների գլուխները, ձեռքերի դիրքը: Դրանք այն միջամտություններն էին, որոնք երկարացրին քանդակների կյանքն ու խնայողաբար նախապատրաստեցին բնակիչներին նոր քաղաքական ուղղությանը:

ՀՀ մշակույթի նախարարն ասում է, որ «հուշարձանի բացումը կարևոր իրադարձություն է, մեր շնորհակալությունը սովետական զինվորին»:

Այն փաստը, որ 21-րդ դարում կարելի է սոցռեալիզմի ոճով (անգամ ոչ ռետրո) քանդակ բերել ու ներկայացնել որպես շնորհակալություն, փաստում է, որ Հայաստանում ֆիլտրերն այլևս չեն գործում: Կեղտոտվել են, միգուցե: Գյումրիում հայտնվում է զենքի հայր Կալաշնիկովի արձանը, իսկ Սպիտակում՝ զենք կիրառող սովետական զինվորը:

Մենք էլ առանց մտորելու մասնակցում ենք հումանիստական հայացքների լղոզման խրախճանքին: Միգուցե մեկ այլ զինվոր բերեինք Հայաստան: Օրինակ` այս մեկին, որը զինվորի կերպարի վերաիմաստավորման լավ նմուշ է: Ալեքսանդր Կուտովոյի «Զինվորը» (2015թ.) փորձում է սկսել թարմ, այսօրվա զրույց: Այս զինվորի դիմագծերը ջնջված են, դեմքը` զրոյացված, ինչն ակնարկում է դիմագծերի փխրունության մասին: Այս քանդակը դիսկուրս է բացում: Ասենք` անհատի ու համազգեստի շուրջ, երբ համազգեստ-դիմակը դեմքի փոխարինիչ է, իսկ դեմք ունենալը շռայլություն է, որը քչերը կարող են իրենց թույլ տալ:

Ջնջված դեմքը նաև ջնջված հիշողությունների սիմվոլ է: Մենք հիմա ավելի նման ենք այս անդեմ զինվորին, որն ինքն իրեն հարց է տալիս՝ իսկ ինչպիսի՞ն է իմ իրական դեմքը, ինքս լավ չեմ հիշում արդեն:

Իսկ Սպիտակի գլխին փաթաթված սովետական խրոխտ զինվորը փակում է նման դիսկուրսի հնարավորությունը: Այն պարզապես նպաստում է, որ Ստալինի ու սովետական զինվորի կերպարները մեր միջոցով Ռուսաստան վերադառնան ու հաստատվեն: Հայաստանն էլ հաստատվի որպես իմաստ չարարող, բայց ուրիշների աղետալի իմաստների համար աղբակույտ-գերեզմանց ծառայող մի տարածք:

Իհարկե, ոմանք կարող են պնդել, որ այս արձանին չարժե լուրջ վերաբերվել (մի կույտ աղբ ավել կամ պակաս, նշանակություն չունի): Բայց փաստն այն է, որ մեր աղբը դառնում է մեր իմիջն ու իմաստը:

Իմաստների ու տեսլականների տիրույթում մենք թեև բրոնզաձույլ, բայց զրո ենք: Իսկ զրոյական կարգավիճակում վրահաս ռիսկերը հաշվարկելի չեն. զրոյական վիճակում չի լինում ճանապարհ, միայն համատարած կանգառ է:

Լուսանկարը` Մխիթար Խաչատրյանի, http://sputnik.co.am

Մեկնաբանություններ (7)

Նունե
Գևորգ, ճիշտ եք, թող մնա, եթե դրել են: Դրել են վարչապետին, թող մնա, հիմա կդնեն նախագահին, թող մնա, թաղային նայող կդնեն, թող մնա: Կգան ձեր տուն, կմնան, բա տենց բաներ են եկել: Ես առաջարկում եմ էս արձանը դարձնել ստալինիզմի զոհերի հուշարձան: Թող մնա
Հասմիկ Ա. Ա.
Շատ կարևոր խնդիր եք բարձրացրել Ձեր հոդվածում, հարգելի Նունե: Միկոյանի արձանը Երևանում չկարողացան տեղադրել, շրջաններից են սկսել: Մարդկանց վրայից Ձեր՝ լրագրողների օգնությամբ միայն կարելի է թոթափել անտարբերությունը: Շնորհակալություն, Նունե Հախվերդյան ջան:
Գեւորգ
Նունեին: Աղջիկ ջան իսկապես լավ ես գրում բայց շատ կներես, մի քիչ հասունանալու կարիք ունես՝ ազգին դաս տալու համար, այս կրիտիկական պահին: Վարչապետ մարչապետի առումով համաձայն եմ ՝ ամոթ է, պահելու բաներ չեն, (շատ են ,,քյաբաբչի,, - այ դրա համար էլ ռսի արձան է դրվում այստեղ - մասնավորապես:) Իսկ որ, արձանն ինձ համար ավելի հանդուրժելի է քան, ասենք, Ապարանի մոտ տնկած անհեթեթ փշփշոտ երկաթը, կարծում եմ պիտի համաձայնես:
Արմեն
Հոդվածի հարգելի հեղինակ էս հոդվածԹ վոր թեմայից անտեղյակ լինելով գրել ես ու մարդկանց ել հրամցնում ես բա չես մտացում վոր տեղյակ մարդիք կան ու հակառակը կասեն և կապացուցեն ու խայտառակ կլինես:Նախ Ռուսաստանը այս արձանի տեղադրման հետ ոչ մի ուղղակի կապ չունի:Արձանի նախաձեռնողը և մնացաց բոլոր խնդիրները կատարողը բարերար Նորայր Մուրադյանն է ով Հայաստանի և հատկապես Սպիտակ քաղաքի համար այնքան լավ բաներ է արել որ դու ձեր տան ուանձամբ քեզ համար այդքան բան չես արել:Եվ հետո բա 1988թ.ավերիչ երկրաշարժի ժամանկ դու ուր եիր դե գաիր այդ ռուս զինվորի հետ գօնե մի քար բարձրացնեիր դրել անիմաստ ճառում ես,ամպագոռգոռ հոդված էս գրում մարդկանց էլ թյուրիմացության մեջ էս գցում:Չի կարելի ամոթ է ու եթե մարդիք ձեր մակարդակին չեն իջնում ու դատի չեն տալիս հիմարություններ գրելու համար դա չի նշանակում որ պետք է գրեք ինչ պատահի:
Արմեն
Հա դե ազգիս փառապանծ զավակների համար մի բան որ իրանք չեն անւմ ամեն ինչն էլ անճաշակություն է:Իսկ արձանը ռուսաստանցի բարերար չի տեղադրել այլ Հայաստանցի Նորայր Գրիգորի Մուրադյանը,եթե ցանկանաք կարող եք սպիտակցիներից հարցնել թե նա ով է ու ինչեր է արել հենց Սպիտակի համար:Իսկ ինչ վերաբերում է անճաշակությանը քավ լիցի ճաշակին ընկեր չկա,բայց դե իհարկե մեր հայ արվեստագետների կողմց ստեղծված արձանները իրոք վոր գլուխգործոցներ են հատկապես Երևանում Օպերայի այգում տեղադրված ԱռնոԲաբաջանյանի արձանը:Եվ ընդանրապես սիրելի ամեն ինչից դժգոհ հայ ժողովուրդ քննադատելուց առաջ թող ամեն մարդ իրեն և իր արած գործերին նայի արդյոք ազգի հայրենիքի համար մի շնորքով արած գործ ունի:Ներողություն եմ խնդրում դիտողությանս համար շնորքով ընտրություն անել,աղբ թափել,երթուղային նստել կամ հեռախոսով խոսել չգիտենք ճաշակից ենք խոսում:
Գայանե
Այս արձանից մի հատ Բեռլինի Տրեպտով պարկում կա, չգիտեն ինչ անեն : Արմեն, որ ուզեիք` սիրով ձրի կտային: Նունեն հավանաբար այդ ժամանակ դեռ դպրոցական էր ու քար բարձրացնել չէր կարող: Երկրաշարժի ժամանակ ամուսինս, հայրս, եղբայրս, սկեսրայրս, հորեղբայրներս, մեր բոլոր հարեւաններն իրենց հարազատների հետ հանում էին փլատակների տակ մնացած ջահել հարսներին ու երեխաներին: Բոլորն էլ համոզված էին, որ երկրաշարժը արհեստական էր: Հոգնել ենք ռուսաստանցի բարերարներից եւ իրենց փաստաբաններից: Թեկուզ տաշիրի Սամոն լիներ այդ արձանի նախաձեռնողը, միեւնույն է` բացարձակ անճաշակություն է:
Գեւորգ
Հիմա ոնց անենք, դրել են թող մնա, ըտենց բաներ են դրած! Թե նոր շարժում ձեւավորենք, ստորագրահավաք, ռեֆերենդում եւ այլն: Արձանը այլանդակ չէ, նվաճողի կեցվածքով էլ չէ, կարծես թրով ու հրացանով էլ չէ: Իմ կարծիքով, հարկավոր չէ ամեն տեղ քամի փնտրել՝ բեղը դեմ տալու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter