HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Հայկ Սուքիասյան․ «Երաժշտության մեջ կանգ առնելու կամ սահմանին հասնելու պահ գոյություն չունի»

Հարցազրույց  թավջութակահար Հայկ Սուքիասյանի հետ

Նոյեմբերի 5-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում տեղի ունեցավ Բելգիայի Կաթոլիկ համալսարանի սիմֆոնիկ նվագախմբի համերգը։ Նվագախմբի հետ համագործակցում էր թավջութակահար Հայկ Սուքիասյանը, ով որպես մենակատար՝ հրավիրել էր նվագելու Սեն-Սանսի թիվ մեկ կոնցերտն ու Վաչե Շարաֆյանի թավջութակի եւ նվագախմբի համար գրված սյուիտի վերջին՝ «Հաջորդ օրը» կոչվող մասը:

21-ամյա թավջուկահարը, ստանալով  մասնագիտական կրթությունը Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (Արմեն Մեսրոպյանի դասարան), այժմ ուսումը շարունակում է Գերմանիայի «Karl Maria von Weber Hochschule fur Musik» երաժշտական բարձրագույն դպրոցում: Կարճ ժամանակահատվածում Սուքիասյանը հանդես է եկել միջազգային բեմերում, արժանացել մրցանակների։

Զրուցեցինք Հայկ  Սուքիասյանի հետ՝ կապ հաստատելով Գերմանիա։

-Հայկ, Ձեր անունը հիշեցի պրիմադոննա Հասմիկ Պապյանի մի հարցազրույցից, որը 2 տարվա վաղեմություն ունի։  «Վերջերս Երեւանի Գաֆեսճյան կենտրոնի համերգասրահում լսեցի թավջութակահար Հայկ Սուքիասյանի եւ դաշնակահար Ժորա Սարգսյանի ելույթը: Կարող եմ ասել միջազգային մակարդակի երաժիշտներ են եւ կատարեցին մի հրաշալի ծրագիր: Պատկերացնում եք՝ նրանք դեռ Կոնսերվատորիայի ուսանողներ են, բայց նրանց կարելի է տանել ցանկացած համաշխարհային բեմ եւ հպարտանալ»,-նշել էր պրիմադոննան։

Այսօր արդեն Դուք «հյուրի» կարգավիճակով եք ներկայանում Հայաստան: Գերմանիայում ի՞նչ մասնագիտական ձեռքբերումներ ունեք։

-Նախ, շնորհակալ եմ բարձր գնահատականի համար: Ինձ համար մեծ պատիվ է նման խոսքեր լսել հատկապես նման մակարդակի պրոֆեսիոնալ երաժիշտից: Գիտեք՝ բավականին հետաքրքիր է անցնել այս ամենի միջով, քանի որ իմ սկզբնական, իդեալականությանը հասնող պատկերացումները եւ իրականությունը, պարզվեց, որ այնքան էլ չեն համապատասխանում: Մինչ մասնագիտական ձեռքբերումները՝ կուզեի կիսվել այն միջավայրից, որտեղ հիմա կամ։

Եվրոպական իրականությունը բավականաչափ տարբերվում է մեր՝ հայկական իրականությունից․ թե՛ մշակութային, թե՛ մտածելակերպի, թե՛  սովորությունների ու ավանդույթների, թե՛ մարդկային փոխհարաբերությունների կտրուկ տարբերություններ կան:

Այս ամենից բացի՝ միայնակ ապրելու եւ կյանքի, գոյատեւման ողջ պատասխանատվությունը կրելու հարցի առջեւ ես կանգնում հանկարծ:  Եվ համատեղել գոյատեւման խնդիրն ու մասնագիտականը, բավականին դժվար է: Ընդ որում, վերը նշված տարբերություններն իրենց հստակ կերպով զգացնել են տալիս ուսումնառության գործընթացում:

Ինչ վերաբերում է մասնագիտական ձեռքբերումներին։ Դրանց մեկնարկը տրվել է դեռեւս Հայաստանում, քանի որ ունեցել եմ եւ ներկայումս էլ ունեմ հիանալի ուսուցիչներ: Մեծ ձեռքբերում եմ համարում մասնագիտական աշխատանքը թավջութակի ուսուցիչներիս հետ՝ սկսած դեռեւս վաղ դպրոցական տարիներից, երբ աշխատում էի Տիրուհի Սարգսյանի, իսկ արդեն կոնսերվատորիայում (մինչ օրս)՝ Արմեն Մեսրոպյանի, Ռամոն Յաֆֆեի հետ:

Մասնագիտական զարգացման հարցում շատ մեծ դեր ունի համագործակցությունս «Խաչատրյան» տրիոյի հետ՝ մասնավորապես վարպետության դասերը թավջութակահար Կարեն Քոչարյանի, ինչպես նաեւ ելույթները  դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանի եւ ջութակահար Կարեն Շահգալդյանի հետ:

-Դուք բավականին երիտասարդ եք, բայց արդեն հետաքրքիր հաջողությունների ճանապարհ եք գծում։ Ինչպե՞ս սկսվեց թավջութակի հետ «հարաբերությունը»։

-Երաժշտություն սիրել եմ միշտ: Թավջութակի հետ «հարաբերությունը» սկսվեց 8 տարեկանից՝ ընտանիքիս հորդորով: Սկզբնական շրջանում մի քանի ուսուցիչ եմ ունեցել, եւ դասերի նկատմամբ վերաբերմունքս, կարելի է ասել, մակերեսային էր, քանի որ չէի պատկերացնում վերջինիս լրջությունն ու պատասխանատվությունը:

Մի ուշագրավ դեպք եմ ուզում պատմել՝ պատկերացնելու համար այդ անցումը դեպի երաժշտական աշխարհ։ Չորրորդ, թե հինգերորդ դասարանում էի, թավջութակի հերթական դասերից մեկի ժամանակ ուսուցչուհիս՝ Տիրուհի Սարգսյանը, այնքան ընդհատեց ինձ միեւնույն նոտայի վրա, որ անձայն, առանց միմիկա շարժելու, արցունքներս սկսեցին հոսել դեմքիս եւ թավջութակիս վրայով։

Եվ, երբ շրջվեցինք ուսուցչուհուս հետ դեպի մորս կողմը (իսկ մայրս սովորաբար ներկա էր լինում իմ մասնագիտության դասերին), նկատեցինք, որ ինքն էլ ինձ նման անձայն եւ առանց միմիկայի լաց է լինում: Նմանատիպ պատմություններ շատ կան, իհարկե: Այսօր դրանք արդեն զվարճալի եւ քաղցր հիշողություններ են եւ վերհիշելու նյութ։

-Երաժիշտների համար հատկապես  կարեւոր է ուսուցչի դերը եւ վերջինիս փոխանցածը։ Հաճախ ուսուցչի, վարպետի, երբեմն նաեւ հոգեւոր հոր անունը երաժշտական աշխարհում հնչեցնելիս, շատ դռներ բացվում են: Որպես այդպիսին  ո՞վ է եղել Ձեր ուսուցիչը։

-Ինձ համար հոգեւոր հայր է եղել պապս՝ Սամվել Ավետիսյանը: Նա շատ մեծ ավանդ ունի իմ դաստիարակության, մարդ եւ, հատկապես, տղամարդ տեսակի, ինչպես նաեւ ժառանգաբար փոխանցված երաժշտական տվյալների, երաժշտության նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքի հարցում:

Պապս ուներ մի սկզբունք,  որն ինձ միշտ ասում էր խորհրդի կարգով՝ այն, ինչ անում ես, արա ողջ նվիրվածությամբ: Իսկ դա չափազանց կարեւոր է, կարծում եմ, մասնագիտության ձեւավորման եւ կայացման հարցում եւս:

Պետք է նշեմ, որ ծննդավայրս՝ Երեւանը, ինձ համար չափազանց մեծ նշանակություն ունի եւ ասոցացվում է նորից պապիս հետ, քանի որ նա, լինելով հին երեւանցի, առանձնահատուկ տեսանկյունից է ծանոթացրել եւ ներկայացրել իմ քաղաքը։

Հատկանշական են հանդիպումներս բազմաթիվ տաղանդաշատ եւ հետաքրքիր մարդկանց հետ, ովքեր մեծ ազդեցություն են ունեցել մտածելակերպիս եւ աշխարհայացքիս ձեւավորման  հարցում։

Դրանց թվում են հիանալի երաժիշտներ՝ լոնդոնաբնակ թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը,  ում մոտ բազմիցս վարպետության դասեր եմ ունեցել, Վաչե Շարաֆյանը, ում հետ վերջերս տեղի ունեցած համագործակցությունը բավականին արդյունավետ էր․ ինչպես ձեզ արդեն հայտնի է, նոյեմբերի 5-ին «Արամ Խաչատրյանի» անվան ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում կայացավ Բելգիայի կաթոլիկ համալսարանի սիմֆոնիկ նվագախմբի համերգը, որտեղ, որպես հրավիրվել էի որպես մենակատար։ Հայաստանյան ելույթներից հետո հյուրախաղերը շարունակվեցին Բելգիայում:

Այս տարի Գերմանիայում հնարավորություն ունեցա համագործակցել նաեւ աշխարհահռչակ կոմպոզիտոր Հելմուտ Լախենմանի հետ, ով ժամանակակից արվեստի կարեւորագույն ֆիգուրներից է: Կատարեցի նրա ստեղծագործություններից մեկը ՝ “Pression”-ը՝ սոլո թավջութակի համար: Պետք է նշեմ, որ մեր հագեցած շփումն ու երկար զրույցները երաժշտական աշխարհի նոր դուռ բացեցին ինձ համար։

-Երաժիշտների աշխարհագրական դիրքը նույնպես միշտ հետաքրքիր է: Այդ առումով, օրինակ, աշխարհահռչակ թավջութակահր Միշա Մայսկին, ով ազգությամբ հրեա է, ծնվել է Ռիգայում, ճանապարհ անցել Իսրայելում, այժմ բնակվում է Բելգիայում: Երաժշտի աշխարհագրության, մասշտաբի ու նախընտրելի միջավայրի մասին ի՞նչ կասեք:

-Այո, անշուշտ: Երաժշտի կյանքն այդ առումով բավականին հագեցած եւ հետաքրքիր է: Նա չի կարող ապրել, ստեղծագործել եւ աշխատել՝ սահմանափակվելով նեղ մասշտաբով, քանի որ մասնագիտական գործունեությունը թույլ է տալիս եւ պահանջում, որ շփման սահմանները լինեն ընդարձակ:

Ի դեպ, Բելգիայում բախտ ունեցա հանդիպել Միշա Մայսկիի հետ, վայելել վերջինիս կենդանի կատարումը, որտեղ հնչում էր Ռիխարդ Շտրաուսի «Դոն Կիխոտը»: Մեր մի զրույցի ընթացքում մաեստրոն իրեն անվանեց «ինտերնացիոնալ մարդ»՝ ասելով, որ իր տունն այնտեղ է, որտեղ հասկանում, ընդունում եւ գնահատում են դասական երաժշտությունը: Հետաքրքիր մոտեցում է, կարծում եմ:   

-Այժմ Եվրոպայի երաժշտական բարձրագույն դպրոցներում եւ կոնսերվատորիաներում բավականին թվով հայ երիտասարդ երաժիշտներ շարունակում են իրենց կրթությունը: Կապ կա՞ միմյանց միջև, կա՞ն հետաքրքիր ծրագրեր, որոնք պատրաստվում եք իրականացնել:

-Իհարկե: Կան բազմաթիվ տաղանդաշատ երիտասարդ երաժիշտներ, ովքեր ընկերներ, արդեն իսկ հարազատ մարդիկ են։ Իսկ ինչ վերաբերում է ծրագրերին՝ դրանց մասին հարմար առիթի դեպքում կարելի է խոսել:

-Ո՞րն է Ձեր հաջորդ կանգառը:

-Երաժշտության մեջ կանգ առնելու կամ սահմանին հասնելու պահ գոյություն չունի։ Երաժշտությունը հավերժ է, անծայրածիր, անընդհատ շարժման մեջ՝ որքան  էլ որ կարեւորենք կանգառները։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter