
«Տիգրան Սարգսյանն այս վճռով փորձում է անունը մաքրել «օֆշորային» պատմությունից»
Վճիռ` հօգուտ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի. այն կբողոքարկվի
Երեկ Արաբկիր և Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մասնակի բավարարել է ՀՀ նախկին վարչապետ, ներկայում ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանի հայցը:
Հիշեցնենք, որ Տիգրան Սարգսյանը Shamshyan.com-ի միջոցով պահանջում էր հերքել, իր գնահատմամբ՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները և գործարար Փայլակ Հայրապետյանից հօգուտ իրեն բռնագանձել 1 մլն դրամ:
Դատավոր Զարուհի Նախշքարյանն իր վճռով պարտավորեցրել է Shamshyan.com-ի միջոցով հերքել փաստացի որոշ տվյալներ և հօգուտ հայցվորի բռնագանձել 100.000 դրամ` որպես բարոյական վնասի փոխհատուցում, 20.000` որպես գույքային պահանջ, 4.000 էլ` որպես պետական տուրք:
Փայլակ Հայրապետյանի ներկայացուցիչ Գրիշա Բալասանյանը նշեց, որ գործում կան բավարար ապացույցներ, որ Փայլակ Հայրապետյանը չի զրպարտել Տիգրան Սարգսյանին, սակայն վիճարկվող երեք դրվագներից երկուսով դատարանը հաստատված է համարել զրպարտությունը:
«Սուտ կլինի, եթե ասեմ, որ նման վճռի չէինք սպասում, որովհետև Հայաստանում պաշտոնյաների մասնակցությամբ դատական գործերի ելքը մեծամասամբ կանխորոշվում է ավելի վաղ՝ մինչև վճռի հրապարակումը: Այդ համատեքստում արդեն պարզ էր, որ դատարանի վճիռը լինելու է հօգուտ Տիգրան Սարգսյանի: Նախկին վարչապետ, ներկայումս ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանը այս վճռով փորձում է իր անունը մաքրել «օֆշորային» պատմությունից»,- ասաց Գրիշա Բալասանյանը:
Ըստ փաստաբանի, այս գործընթացն այնքան կանխատեսելի էր, որ նախագահող դատավոր Զարուհի Նախշքարյանը նույնիսկ չէր թաքցնում և ընդգծված բացասական վերաբերմունք էր ցույց տալիս պատասխանող կողմին:
Վճիռը ստանալուց հետո Փայլակ Հայրապետյանի ներկայացուցիչն այն բողոքարկելու է վերաքննիչ դատարան:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել