HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գաղտնի ցուցակներով ու թղթերով անձինք չեն համապատասխանում իրականությանը. քննիչը հերքել է տեղի ունեցածը

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Ս.Է.Գրիգորյանը և ավագ քննիչ Ա. Վարդանյանը որոշել են, որ «Հետքի» խմբագր Էդիկ Բաղդասարյանը իրենց վերահսկողի գործառույթը պետք է իրականացնի:

Այսօր «Հետքը» ստացել է նրանց ուղարկած հետևյալ գրությունը. «Ուղարկում եմ 06.12.2015թ. Hetq.am էլկետրոնային կայքում «Գաղտնի ցուցակներով ու թղթերով անձինք՝ Աջափնյակի ընտրատեղամասի մոտ» վերտառությամբ ընտրախախտումների հիման վրա նախապատրաստված նյութերը՝ քրեական գործի հարուցումը մերժված վիճակում՝ մերժման օրինականությունը ստուգելու նպատակով»:  

Քրեական գործը մերժելու որոշումից պարզ է դառնում, որ կարճման որոշումը կայացնող քննիչ Վարդանյանը որևէ քննչական գործողություն չի իրականացրել՝ հոդվածում նշված փաստերը ստուգելու նպատակով:

Եվ այսպես, խոսքը վերաբերում է Սահմանադրության հանրաքվեի օրը «Հետքում» տեղ գտած այն հրապարակմանը, որտեղ ներկայացրել էինք, որ Աջափնյակի Արզումանյան փողոցում տեղակայված 9/33 և 9/32 ընտրատեղամասի մոտ խմբված անձինք կան որոնք ինչ-որ թղթեր և ցուցակներ են պրպտում: Երբ մոտեցել ու խնդրել էինք նրանց ցույց տալ, թե ինչ թղթեր են ձեռքերում, որտեղ ստորագրություն էր նշմարվում, բոլորը հրաժարվել էին՝ պատճառաբանելով, որ գաղտնի են:

Հոդվածում նշել էինք, որ այդ անձանց ընտրատեղամաս էին տեղափոխում մեքենաներով և հրապարակել էինք թե՛ խմբված անձանց, թե՛ նրանց տեղափոխող մեքենաների լուսանկարները, որոնցից կանաչ «Օպելը» հենց մեր ներկայության ժամանակ նոր անձանց էր իջեցնում նմանատիպ թղթերով:

Հանրաքվեի հաջորդ օրը «Հետքի» խմբագրություն զանգահարեց քննիչ Վարդանյանը և հոդվածի հեղինակիս բացատրություն տալու համար կանչեց Աջափնյակի բաժանմունք: Ասացի, որ պատշաճ ծանուցագիր ուղարկեն, որից հետո նոր կգնամ բացատրություն տալու: Հաջորդ օրը քննիչ Վարդանյանը խմբագրություն ուղարկեց մի գրություն, որով խնդրում էր տրամադրել հոդվածի հեղինակի կոնտակտային տվյալները: «Հետքը» գրությամբ տրամադրեց քննիչին հեղինակի տվյալները: Եվ այսօր ստացանք վերոնշյալ գրությունը: Նշեմ, որ հոդվածի հեղինակին այդպես էլ պատշաճ չցանուցեցին և բացատրություն չվերցրեցին հոդվածում տեղ գտած փաստերի վերաբերյալ:

Եվ այսպես, քննիչ Վարդանյանը քրեական գործ հարուցելը մերժելու մասին իր որոշման մեջ գրել է, որ նյութերի նախապատրաստման ընթացքում նույնաբովանդակ բացատրություններ են տվել 9/33 և 3/32 ընտրատեղամասերի հանձնաժողովի նախագահները և քարտուղարները՝ Աշոտ Գրիգորյանը, Նարինե Աղաջանյանը, Գոհար Էվոյանը և Ամենուհի Խաչյանը, ովքեր հերքել են իրենց ընտրատեղամասում գաղտնի ցուցակներով ու թղթերով անձանց առկայությունը և ավելացրել, որ «Հետքում» այդ օրը հրապարակված նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:

«Նշված տեղեկությունը ստուգելու և դեպքի հանգամանքները պարզելու նպատակով հանձնարարություն է տրվել հետաքննության մարմին և ստացված պատասխանի համաձայն՝ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Այսպիսով, նյութերի նախապատրաստման ընթացքում հերքվել է «Գաղտնի ցուցակներով ու թղթերով անձինք՝ Աջափնյակի ընտրատեղամասի մոտ» վերտառությամբ ընտրախախտումների մասին տեղեկությունը, իսկ ձեռք բերված փաստական հանգամանքներով հիմնավորվել է, որ 2015թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ տեղի ունեցած հանրաքվեի ընթացքում Երևան քաղաքի Արզումանյան փողոցում տեղակայված 9/33 և 9/32 տեղամասերում գաղտնի ցուցակներով ու թղթերով անձանց կուտակումներ և այլ խախտումներ տեղի չեն ունեցել, հետևաբար սույն նյութերով բացակայում է հանցագործության դեպքը»,- գրել է քննիչ Վարդանյանը և որոշել քրեական գործ չհարուցել:

Նշենք, որ մեր հրապարակման մեջ պատմել էինք ոչ թե ընտրատեղամասի ներսում, այլ դրա դռան մոտ կատարվող իրադարձությունների մասին, ինչը հանձնաժողովի թե նախագահների, թե քարտուղարների լիազորություններից դուրս է: Նրանք տեսականորեն կարող էին նաև չտեսնել այն, ինչ կատարվում էր դրսում: Բացի դրանից, այդ ընտրատեղամասերում կատարվող թե կուտակումների, թե ընտրողներից մեկի փոխարեն արդեն ստորագրված լինելու, թե հանձնաժողովի անդամ չհանդիսացած այլ անձանց ընտրատեղամասում ներկա գտնվելու մասին առանձին հրապարակումներում պատմել էինք: Այս պարագայում հանձնաժողովի նախագահների բացատրությունները հիմք ընդունելն առնվազն կասկածելի է:  

Այս ամենից զատ, քննիչ Վարդանյանը, ինչպես երևում է որոշման տեքստից, որևէ գործողություն չի կատարել՝ պարզելու, թե ովքեր են լուսանկարում պատկերված անձինք, ինչ մեքենաներ են նրանց տեղափոխել, ում են պատկանում այդ մեքենաները, ինչ թղթեր են եղել այն անձանց ձեռքերում, ում տեղամաս են բերել այդ մեքենաները: Մինչդեռ լուսանկարներում այդ ամենը հստակ երևում էր:

Այս ամենից հետևում է, որ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Ս.Է.Գրիգորյանը և ավագ քննիչ Ա. Վարդանյանը իրենց պատրականությունները չեն կատարել, սակայն շտապել են «Հետքի» խմբագրին լիազորել ստուգել քրեական գործի մերժման  օրինականությունը: Թերևս քննչական բաժնի պետը և քննիչը չգիտեն նաև, որ իրենց վերահսկող մարմինը դատախազությունն է: Նրանց աշխատանքում կարևորն արագ տեմպերով գործերը փակելն է: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter