HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

«Դարակ»․ նոր անուն հայկական հրատարակչական-գրական շուկայում

Հաշված օրերից հայ ընթերցողի սեղանին կհայտնվի Վիրջինիա Վուլֆի «Սեփական սենյակ»-ի հայերեն առաջին թարգմանության տարբերակը։ Գրքի տպագրության նախաձեռնության հեղինակները «Դարակ» հրատարակչությունից ենբոլորովին վերջերս ստեղծված հրատարակչություն, որը խոստանում է յուրահատուկ մոտեցում ցուցաբերել  լույս ընծայվելիք ցանկացած գրքի։

Հրատարակչություն ստեղծելու գաղափարը մի խումբ էնտուզիաստների նախաձեռնություն է, «Դարակ» անվանումը ծագել է սեփական գրադարակ ունենալու կարեւորությունից։

Զրուցեցինք հրատարակչության հիմնադիր-տնօրեն Արմեն Գասպարյանի հետ։

Արմեն, մասնագիտությամբ բիոինժեներ եքկարծես թե որեւէ կապ չունեք գրական եւ հրատարակչական գործունեության հետ։ Ինչպե՞ս առաջացավ «Դարակը» ստեղծելու գաղափարը։

Այո,  բժշկական ոլորտում եմ աշխատում․ իմ աշխատանքն այդ ոլորտում կարեւորում եմ։ Մի փոքր կայծ կա, որ ինձ բերեց այստեղ․ ինչ ոլորտում ուզում ես եղիր, գրականությունն ուրիշ կապ է, ուրիշ աշխարհ․ կամ կապված ես այդ աշխարհին, կամ ոչ․․․

Գրքերի ֆիզիկական ներկայությունն անգամ ինձ անբացատրելի լիցքեր է փոխանցում։ Ես միշտ ցանկացել եմ նաեւ այդ լիցքերն ինքս փոխանցել: Պարտադիր չէ` գրականության մարդ լինես, որպեսզի հասկանաս, թե ինչ դերակատարություն կարող են ունենալ գրքերը։ Բարեբախտաբար, ես շրջապատված եմ այնպիսի գրքասեր մարդկանցով, որոնց հետ ուղղակի անհնար էր չիրագործել հրատարակչություն բացելու  գաղափարը:

Եվ ովքե՞ր են այդ գրքասերները, որ կիսեցին ձեզ հետ հրատարակչություն ստեղծելու գաղափարը։

Անուններ այսօր չեմ ուզում տալ, որովհետև համոզված եմ, որ առաջիկայում յուրաքանչյուրի կատարած գործն աչքի կընկնի, եւ  նրանց կորոնեն նաեւ անուններով: Թիմ է աշխատում, եւ յուրաքանչյուր անունն արժե ամբողջ թիմը:

«Դարակ»-ի առաջին թողարկվելիք գիրքը հատկանշական ընտրություն է Վիրջինիա Վուլֆի «Սեփական սենյակը»։ Ինչո՞վ է պայմանավորված ընտրությունը։

Վիրջինիա Վուլֆի «Սեփական սենյակի» ընտրությունը հատկանշական է այնքանով, որ արծարծվելիք այն թեմաների շրջանակում է, որոնց մենք հետամուտ ենք կամ, գուցե ճիշտ է ասել՝ որոնց շուրջ մենք էլ երկխոսություններ ունենք։

Մեր հասարակության մեջ բազմաթիվ են այնպիսի խնդիրները, որոնք ուշադրության արժանի են: Սա դրանցից մեկն է: Մեզ մտահոգում են հատկապես այն խնդիրները, որոնք թեպետ օրենքով լուծելի պիտի համարենք, սակայն շարունակում են կենսական մակարդակում անլուծելի մնալ:

«Սաֆո» մատենաշարով տպագրվելու են միայն կին հեղինակներ, որտեղ արտացոլվելու են դասական ֆեմինիզմի գաղափարներ:

Վիրջինիա Վուլֆի «Սեփական սենյակի» ընտրությունը, կարծում եմ, հատկանշական է նրանով, որ այս ստեղծագործությունը կնոջ իրավահավասարության գաղափարը ընկալել  է տալիս խորությումբ, բարձր քաղաքակրթությանը վայել մակարդակում․․․ Սա այդ տեսակի խնդիրներից ընդամենը մեկն է։

Հրատարակչական գործը շատ հետաքրքիր, բազմաշերտ ու ստեղծագործական ահռելի աշխատանք է պահանջում։ Չնայած, որ դեռ թիմի անդամներին չեք նշում, այնուամենայնիվ, կցանկանայի իմանալ՝ շուկայում առկա մի քանի մրցակցային հրատարակչություններին զուգահեռ ո՞րն է լինելու ձեր գործունեության առանձնահատկությունը։

Եթե ասենք` թարմություն, կարող է թվալ՝ հերթապահ, կլիշեավորված բառով եմ բնութագրում մեր աշխատանքը․․․ Բայց այդ թարմությունը նեղ եւ լայն իմաստներով եմ կիրառում․ մենք ականատեսն ենք այն բանի, որ մեր իրականության մեջ թարմություն բերող, նորարարական գաղափարները հայտնվում եւ շատ շուտ արժեզրկվում են նաեւ: 

Մեր պարագայում այս հարցը հատկապե սուր է դրված, մանավանդ, որ մենք գործ ունենք հենց արժեքների հետ: Հայաստանն այնքան փոքր երկիր է, որ մեծ գաղափարների համար հաճախ մրցակցային դաշտ չի թողնում, եթե, իհարկե, մարդիկ, հավակնում են մեծ գաղափարների:

Ամեն դեպքում, կարծում եմ, հրատարակչական գործի մեջ ամենից առաջնայինը լույս ընծայված արդյունքն է, որն ինչքան թարգմանչական, խմբագրական եւ այլ ուղղությամբ կատարյալին մոտ լինի, այնքան մեծ հավանականություն է ստեղծում մրցակցության մեջ մղվել կոնկրետ այդ գրքով, կոնկրետ մատենաշարով եւ կոնկրետ ծրագրերով։

2016թ-ին լույս տեսնվելիք գրականության նախնական ցանկ արդեն կա՞։ 

Իհարկե, այդպիսին ունենք մեր սեղանին, բայց այսօր դա հրապարակելն անհարկի եմ համարում, քանի որ այդ ցանկի յուրաքանչյուր ստեղծագործություն հրատարակման տարբեր փուլերում է գտնվում:

Այս հարցին ուղիղ պատասխանելու համար, առնվազն կարող եմ նշել, որ հրատարակման վերջին փուլում է գտնվում նույն Վիրջինիա Վուլֆի «Ալիքները» վեպը, որը նույնպես համալրելու է «Սաֆո» մատենաշարը:

Համոզված եմ, որ մինչ հրատարակչություն հիմնելը հետեւողական եք եղել Հայաստանի գրական շուկայի տենդենցներին, նոր հրատարակվող գրքերին։ 2015թ-ին լույս ընծայված ո՞ր գրքերը կառանձնացնենք։

2015 թվականի գրաշուկայի ուսումնասիրությունը լիովին եղել է մեր ուշադրության կենտրոնում, եւ այն հետեւությունները, որ մենք արել ենք, իրենց արտահայտությունը կգտնեն մեր հրատարակչության գործունեության շրջանակներում։ 

Այսօր գրադարակումս ունեմ 2015 թվականին հրատարակված քիչ թե շատ կարեւոր հրատարակությունները, սակայն հասցրել եմ կարդալ հազիվ կեսը․ եւ դրանից ելնելով որեւէ գիրքն առանձնացնելը շատ արդար չի լինի մյուսների նկատմամբ, որոնք դեռ չեմ կարդացել։

Քանի որ 2016թ-ի հրատարակվելիք գրքերի ցանկի մասին չցանկացաք կիսվել, կցանկանայի իմանալ՝ կա՞ն հայ գրողներ, ում գործերը տպելու ցանկություն կա։

Այո՛, իհարկե․․․

Եվ վերջում՝ Վուլֆի «Սեփական սենյակը» ե՞րբ հասանելի կլինի ընթերցողին։

Շնորհանդեսը տեղի կունենա մինչեւ 2015թ․-ի ավարտը՝ հավանաբար դեկտեմբերի 24-26-ն ընկած հատվածում։ Այդ մասին կարող եք տեղեկանալ ֆեյսբուքյան մեր էջին հետեւելով։ Նշեմ, որ թարգմանիչը Մանիկ Եգանյանն է, խմբագիրը՝ Աշոտ Գաբրիելյանը (ով նաեւ «Դարակ» հրատարակչության գլխավոր խմբագիրն է), շապիկը՝ Լուսինե Նավասարդյանինը։

ՀԳԼուսանկարները տրամադրել է Արմեն Գասպարյանը։ Հրատարակչության գործունեության նորություններին կարող եք հետեւել «Դարակ»-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter