HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպանության գործ, որտեղից բացակայում են դիակի լուսանկարները

Որդեկորույս Ռուզաննա Ադանալյանն ավելի, քան մեկ տարի վիշտը սրտում իր սեփական քննությունն է իրականացնում, պարբերաբար միջնորդություններ անում, որ այս կամ այն փորձաքննությունն իրականացվի: Նպատակը ճշմարտությունն իմանալն է 25-ամյա տղայի` Արտյոմի սպանության գործով: «Ինձ ճշմարտությունն է պետք ու արդար դատաքննություն»,- ասում է նա:

«Հետքն» անդրադարձել է այս ողբերգական պատմությանը` գրելով գործով կատարված նախաքննության մասին. Գյումրիի 25-ամյա բնակիչ Արտյոմ Ադանալյանը սպանվել է 2014 թ.-ի հոկտեմբերի 29-ին Շիրակշին բանավան 227/106 տնակում: Ձերբակալված է միայն մեկ անձ` Արթուր Մարտիրոսյանը: Սակայն Արտյոմի մայրը պնդում է, որ տղան զոհ է գնացել դեռ նախորդ օրը ծավալված թմրանյութերի հետ կապված «ռազբորկայի» շարունակության պատճառով: Տիկին Ռուզաննան պնդում է, որ սպանությանը մասնակից է եղել մի ամբողջ խումբ՝ մոտ 10 հոգի, այնինչ նրանցից շատերը լքել են հանրապետությունը, մյուսները գործով որպես վկա են անցնում: 

Տուժողի իրավահաջորդի ջանքերի շնորհիվ նշանակվել է ԴՆԹ փորձաքննություն

Տիկին Ադանալյանը, ով որդու մահվան գործով ճանաչված է որպես տուժողի իրավահաջորդ, միջնորդել է անգամ անցկացնել դատագենետիկական փորձաքննություն, քանի որ, ըստ նրա, համալիր փորձաքննությունը չի տվել բոլոր հարցերի պատասխանները:

«Պատկերացնո՞ւմ եք՝ համալիր փորձաքննության եզրակացության մեջ գրել են, որ բաժանմունքում բջջաբան փորձագետ չլինելու պատճառով չեն կարող պատասխանել դեպքի վայրից հայտնաբերված սիգարետների ծխուկների վրայի թքի սեռային պատկանելության մասին հարցին: Դա է պատճառը, որ դատագենետիկական փորձաքննություն պահանջեցի: Անգամ հանդիպել եմ փորձագետին: Ասում էին` տիկի՛ն, Դուք գիտե՞ք, թե պետության վրա ինչքան թանկ է նստում ԴՆԹ փորձաքննությունը: Ես դեպքը մանրամասն պատմեցի, ասեցի, որ ճշմարտությունն է ինձ պետք»,- պատմեց տուժողի իրավահաջորդը` ընդգծելով, որ սիգարետների ծխուկների մեծ մասից հնարավոր չի եղել ԴՆԹ անջատել, հետևաբար հայտնի չէ, թե դրանք ովքեր են ծխել: 

հատված` ԴՆԹ փորձաքննությունից

Տիկին Ադանալյանը նշեց, որ շատ ծխուկների վերևի հատվածները պոկված են եղել: «Իսկ համալիր փորձաքննության ժամանակ չկա նկարագրություն, որ ծխուկների վերևի հատվածը բացակայում է: Այսինքն` ծխուկների վերին մասերը պոկվել են, որտեղ որ թուքն է հավաքնում: Իսկ տղայիս շորերը բորբոսնած են եղել, հնարավոր չի եղել ԴՆԹ-ն անջատել»,- ասաց սպանված տղայի մայրը:

Սպանության գործ, որտեղ չկան դիակի լուսանկարներ

Արտյոմ Ադանալյանը

Այս քրեական գործից բացակայում են դիակի լուսանկարները: «Քննիչին հարցնում եմ` ուր են լուսանկարները, պատասխանում է, որ իրեն չեն տրամադրել: Ուղիղ 2 ժամ սպասել եմ, որ իմանամ` ինչու չկան լուսանկարները: Ինձ պատասխանել են, որ լուսանկարչի եղբայրը մահացել էր, աշխատանքի չի կարողացել գալ, չեն կարողացել նկարել: Ասեցի` ուրիշը թող լուսանկարեր: Գրել են՝ երկու հարված է տղայիս մարմնին դանակով հասցվել, բայց ինչ իմանամ` երկու հարված է, երբ դիակի լուսանկարները չկան»,- զարմանում է տուժողի իրավահաջորդը:

Մարմնական վնասվածքներ է ստացել նաև մեղադրյալը

Արթուր Մարտիրոսյանի պաշտպան Արամայիս
Հայրապետյանը
(Լուսանկարը` ՀՀ Փաստաբանների պալատի կայքից)

«Հետքը» զրուցեց նաև մեղադրյալ Արթուր Մարտիրոսյանի պաշտպան Արամայիս Հայրապետյանի հետ, ով ասաց. «Եթե խմբակային է եղել հանցագործությունը, ուրեմն եղել է ի վնաս Արթուր Մարտիրոսյանի, որովհետև բացի մահացածից, վնասվածքներ է ստացել նաև հենց Արթուր Մարտիրոսյանը` 7 մարմնական վնասվածք, հավանական է՝ դանակով արված: Փորձաքննություններն էլ ցույց են տալիս, որ մեծ մասամբ Արթուր Մարտիրոսյանի արյունն է եղել: Մենք ներկայացրեցինք, որ այս գործից անջատված մասով Արթուր Մարտիրոսյանը տուժող է հանդես գալիս»,- ասաց Արամայիս Հայրապետյանը:

Սակայն տուժող կողմը հակադարձում է` եթե այդպես է, ապա ինչու է Արթուր Մարտիրոսյանը դեպքից մեկ շաբաթ անց` նոյեմբերի 6-ին միայն իր փաստաբանի հետ ներկայացել իրավապահներին. «Թող գար ու ասեր, որ իր նկատմամբ բռնություն է եղել, թող անուններ տար, բայց մինչև հիմա լռում էր, իսկ ավելի քան 1 տարի անց հայտարարում են, որ տուժող է»,- առարկեց Ռուզաննա Ադանալյանը:

Մեղադրյալի պաշտպանը, սակայն, պնդում է` որևէ ուղղակի ապացույց, որը կմատնանշի, որ Արթուր Մարտիրոսյանն է դանակով հարվածներ հասցրել, չկա. «անուղղակի ապացույցներ են»: Մեղավորության ու անմեղության մասին պաշտպանական կողմը որևէ դիրքորոշում չի հայտնել: Ըստ պաշտպան Հայրապետյանի, դա մարտավարական հնարք է:   

Ըստ տուժողի իրավահաջորդի` ռազբորկային ներկա է եղել նաև սպանվածի հայրը

Ավետիք Ադանալյանը, ով հանդիսանում է Արտյոմ Ադանալյանի հայրը, ըստ Ռուզաննա Ադանալյանի, եղել է դեպքի վայրում. «Տղայիս հայրը առերեսման ժամանակ ինձ սպառնացել է, թե` ճանապարհներին քեզ ճիճվի նման սպանելու եմ: Ասեց, որ ինքը դեպքի վայրում չի եղել, եկել է ուշ, երբ արդեն ամեն ինչ ավարտված է եղել: Բայց Արտյոմի հորից սիգարետի ծխուկ կա, որ ԴՆԹ-ն անջատվել է: Կան նաև վկաների ցուցմունքներ, որ նա դեպքի վայրում է եղել, որ «ռազբորկա» է եղել»:

Դատարանը հետաձգել է մեղադրյալի գույքի ու դրամական միջոցների վրա կալանք դնելու մասին միջնորդության քննարկումը

Տուժողի իրավահաջորդ Ռուզաննա Ադանալյանի ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը ներկայացրել է քաղաքացիական հայց պատճառված վնասի հատուցման մասին, միևնույն ժամանակ ներկայացրել է միջնորդություն մեղադրյալի դրամական միջոցների ու գույքի վրա արգելանք դնելու մասին: Սակայն դատավոր միջնորդության քննարկումը հետաձգել է` նշելով, որ մեղադրյալի դրամական միջոցների ու գույքի մասին դատարանը տեղեկատվություն չունի և պարտավոր չէ ունենալ: Ռուզաննա Ադանալյանը տարակուսում է` իսկ հանրային պաշտպան ներգրավելու մասին միջնորդության բավարարման մեջ նշված է՝ «Հաշվի առնելով ամբաստանյալի գույքային վիճակը…»: Այսինքն` երկու հակասական որոշում կա:

Վկաները ծանուցումները հիմնականում հետ են ուղարկվում դատարան` «տանը չեն» գրությամբ

Տուժող կողմը վկայում է` պահանջել են վկաներին դատարան հրավիրելու փոստային ծանուցումները, որոնց վրա հիմնականում գրված է եղել` «տանը չեն» կամ «բացակայում են»: «Անգամ շտապօգնության բժշկի մասին է այդպես գրված: Ես անհանգստացած եմ, որ հնարավոր է՝ վկաները չգան ու այդպես էլ քողարկեն ճշմարտությունը»,- ասում է տիկին Ադանալյանը:

Մեկնաբանություններ (2)

Էմմա
Սրիկաներ, դե այս մարդիկ էլ են տուժող, ինչի՞ հաղորդումներ չեք սարքում իրանց մասին, տուժող լինելն էլ ընտրովի ա չէ՞
նենե
Խուժանների երկիր վերևից ներքև

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։