HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Snow (Hey Oh)». Փոշոտ ոտնահետքեր՝ ձյան մաքուր կտավին

Նաիրա Հայրապետյան

«Ես ամեն ինչ խառնաշփոթի եմ վերածել, բայց հիմա իմ առջև մի մաքուր էջ ունեմ, ձյունե մի կտավ ու որոշել եմ ամբողջովին նորից սկսել»,-  ասում էր Էնթոնի Քիդիսը: Ամերիկյան «Red Hot Chili Peppers»  ռոք խմբի վոկալիստն, իսկապես, կյանքում ապրել է այնպիսի փուլեր, որոնք լի էին մի շարք սխալներով: Դրանցից որոշները կարող էին շատ թանկ արժենալ նրան: 15 տարեկանում նա վնասեց ողնաշարը, որի հետևանքները մինչ օրս զգալի են: Բազմաթիվ «չիկարելիներ» շրջանցող, խենթ ու խելառ պրոբլեմներ ստեղծող պատանին, ով դպրոցում, ի դեպ, մեծ մասամբ գերազանց գնահատականներ էր ստանում, ընկերոջ հետ որոշել էր լողավազանի մեջ ցատկել 5-հարկանի շենքի տանիքից:

Քիդիսը դեռ տասնչորս տարեկան էր, երբ առաջին անգամ փորձեց հերոինը. Իհարկե պատահաբար էր ստացվել, բայց չշտապեք շատ անհանգստանալ. նա ընդամենը խառնել էր կոկայինի համար նախատեսված նյութի հետ: Քիդիսի հետագա կյանքն այլևս ամբողջովին թաթախված պետք է լիներ այս փոշե խառնուրդով, որը հիվանդանոցային անվերջանալի օրեր, ամիսներ ու նյարդային հոգեվիճակներ նախանշեց նրան: Թմրանյութերից կախվածությունը խլեց իր լավագույն ընկերոջն ու խմբի համահիմնադրին՝ Հիլել Սլովակին: Ընկերոջ կյանքը ևս երկար և ծանր ազդեցություն ունեցավ Քիդիսի վրա: 

ձախ կողմում՝ Էնթոնի Քիդիսը, աջում՝ Հիլել Սլովակը / anthonykiedisblog.com

Բայց այս երաժիշտը այն քչերից է, ովքեր իրենց մեջ ուժ են գտնում ոտքի կանգնելու, կյանքը վերաարժևորելու ու ամեն ինչ նոր էջից սկսելու: Վաղ տարիքից թմրանյութերից կախվածությունը ժամանակի ընթացքում փոխարինվեց այլ հետաքրքրություններով: Ըստ Քիդիսի, խմբի ամենասիրված երգերից մեկը՝ «Snow (Hey Oh)»-ը, հենց այս պայքարի մասին է:

Հանուն գոյատևման, վերափոխման և այլն, և այլն… մի խոսքով՝ ձյունն այս երգում մեկնաբանվում է իբրև մաքրամաքուր կտավ՝ նոր ոտնահետքերով կյանք նկարելու համար: Գեղեցիկ է, պատկերավոր և միևնույն ժամանակ՝ համոզիչ, սակայն երկրպագուների մեծ մասը, այդքան էլ չի ազդվում այս պատկերի խորհրդից, չընդունելով անգամ իր՝ երաժշտի մեկնաբանությունը: Նրանք համոզված են, գրեթե վստահ, որ ձյան սպիտակ պատկերն իրականում Քիդիսի հերթական երևակայությունն է՝ հին սովորույթի միջով կյանքը վայելելու: Նրանց տեսանկյունից երգը մի պատմություն է՝ թմրանյութի սպիտակ փոշու պարգևած տրամադրության ու մտքերի մասին:

… Deep beneath the cover of another perfect wonder
Where it’s so white as snow
Privately divided by a world so undecided

And there’s nowhere to go
In between the cover of another perfect wonder
And it’s so white as snow
Running through the field where all my tracks will
Be concealed and there’s nowhere to go oh!

Երկրպագուներից ոմանց կարծիքով՝ ընդգծված տողերը վերաբերում են Քիդիսի օգտագործած թմրանյութերին: Նա «նախընտրում» էր կոկային և չինական սպիտակ հերոյին, ուստի այս երկու՝ ձյան նման սպիտակ աշխարհների բաժանարար հատվածում նստած է անորոշությունը՝  ի՞նչ անել, նորից  վայելե՞լ «another perfect wonder»-ից, թե՞ ամեն ինչ դեն շպրտել:

Իհարկե, նրանք, ովքեր լավ ծանոթ են այս խմբի գործունեությանը, կհամաձայնվեն, որ երաժիշտների բուռն հակումը այդ վատ սովորության հանդեպ, իսկապես թույլ է տալիս նման ենթադրություն անել: «Red Hot Chili Peppers»-ի երաժիշտները հայտնի էին այս առումով և ամենևին էլ զարմանալի չէ, որ նրանց երգերում հիմնականում թմրադեղերի ազդեցությունը, ուրեմն նաև ներկայությունը  նույնքան բացահայտ է, որքան առօրյա կյանքում: «Snow (Hey Oh)»-ը, այս առումով, նույնպես բացառություն չէր, մանավանդ՝  որոշ տողերում, իրոք, ակնարկները տեսանելի են:

Երգի մեկնաբանությունների շուրջ փնտրտուքները հիմնականում սահմանափակվում են երկրպագուների ինտերնետային կարծիք-գրառումներից բխող տեղեկության շրջանակում: Նրանցից ոմանք (հավանաբար այս գործում ոչ պակաս գիտակները) ասում են, որ կրկներգում հնչող «Hey Oh» արտահայտությունն անգամ հենց էնպես ձայնարկություն չէ… նման արտահայտությամբ իբր թմրամոլները փողոցում դիմում են դեղը վաճառողին, եթե ուզում են հասկացնել, որ «ապրանքից» պետք է, և քանի որ այս արարքը անօրինական է, խիստ պատժելի, նրանք միմյանց հետ շփվելու տարբեր ծածուկ ձևեր, արտահայտություններ և անուններ ունեն: Համենայն դեպս, առայժմ խմբի որևէ անդամի կողմից ոչ մի հաստատող արտահայտություն չի հնչել կամ գրվել այս կարծիքի մասին:

Փոխարենը, Քիդիսը այն համարում է իր, այսպես ասած, վերադարձի «ձախողված փորձերի»  կրկնությունը, որը նաև արտահայտում է, «թե որքան դժվար կարող է լինել այն՝  ձերբազատվել հին մտածելակերպից և կործանող պատկերացումներից, որոնց այնքան ամուր կպած ենք արդեն»:

Մեղեդային, տեղ-տեղ նուրբ, զգայուն նրբերանգներով երգ, որը մի մարդու երկու իրարից տարբեր էության, զգացմունքների և երևակայության մասին է: Եվ բոլորն էլ անընդհատ բախման մեջ են, հենց այստեղից էլ սկիզբ է առնում անորոշությունը:Կարծում եմ՝ բազմաթիվ սպիտակ փոշե մեկնաբանություններից, խորհրդավոր ասոցիացիաներից բացի, երգում ավելի շատ են այն տողերը, որոնք վստահաբար կարող են պաշտպանել Քիդիսի  տեսակետը:

Ահա օրինակ՝  «The more I see the less I know, the more I like to let it go…hey oh»...

«Snow (Hey Oh)» երգը թողարկվել է 2006.-ի մայիսին «Red Hot Chili Peppers»-ի 9-րդ ստուդիական՝ Stadium Arcadium կրկնակի ալբոմի կազմում: Մի քանի ամիս անց արդեն թողարկվեց որպես սինգլ՝ հաջորդելով «Tell Me Baybe»-ին ու դարձավ խմբի երրորդ համար մեկ հիթը «Billboard Modern Rock» շարքում: Այստեղ երգը առաջնորդի դիրքում մնաց հինգ շաբաթ շարունակ: «Snow (Hey Oh)»-ը 16-րդ տեղում էր «UK Single Chart»-ում: Բրիտանական երաժշտական հորիզոնականները երգը  դեռևս հասցրել էր գրավել ալբոմի կազմում եղած ժամանակ: «Snow (Hey Oh)»-ը խմբի ամենահաջողակ երգը դարձավ նաև Գերմանիայում՝ հասնելով  5-րդ հորիզոնականին:

Սպիտակ փոշի, թե՞ մաքուր էջ, վիճելի կարող է մնալ դեռ երկար ժամանակ, հավանաբար որովհետև ոչ բոլոր սպիտակներն են մաքուր: Երգերն, առհասարակ, ստեղծվում են մարդկանց համար, ովքեր տարբեր են և ոչ միշտ են միմյանց նույն ճանապարհին հանդիպում: Ու նրանց տարբեր նախասիրություններում «Snow (Hey Oh)»-ը այն երգերից է, որոնք առավել ընդունելի տեղում են՝ նաև շնորհիվ մեղեդային առանձնահատկության: Այս երգը լսվում  և քննարկվում է մինչ օրս, իսկ դա նշանակում է, որ առայժմ ապահովագրված է գոնե տարիների փոշուց, որը երաժիշտների համար երբեմն ավելի անհաղթահարելի է դառնում:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter