HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարմիր գծի վրա

Դեկտեմբերի 19-ին Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որտեղ նշվում է, որ կոնկրետ այս հանդիպումը հնարավորություն է ընձեռել նախագահներին`

ա/ «հստակեցնելու իրենց դիրքորոշումը»,
բ/ «քննարկելու վերջին շրջանում բռնությունների դեպքերը» և հատուկ մտահոգություն հայտնելու «զոհերի հետ կապված՝ այդ թվում և քաղաքացիական անձանց շրջանում՝ պայմանավորված ծանր զրահատեխնիկայի կիրառմամբ»,
գ/ հայտնելու «իրենց աջակցությունը «համանախագահների կողմից տարվող աշխատանքին այն առաջարկների շուրջ, որոնք ուղղված են շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին բռնության ռիսկերի նվազեցմանը՝ ներառյալ հետաքննությունների մեխանիզմ կիրառելուն»,
դ/ հայտնելու իրենց պատրաստակամությունը «շարունակել ներգրավվածությունը բանակցային կարգավորման առաջարկների շուրջ» եւ վերահաստատելու «իրենց հանձնառությունը Մինսկի խմբի ձևաչափին»:

Ի՞նչ է նշանակում այս հայտարարությունը:

Հավանաբար նախորդ հանդիպումների ժամանակ բանակցային կողմերի ղեկավարները կամ իրենց դիրքորոշումները հստակեցնելու հնարավորություն չեն ունեցել, կամ էլ այսօր` հրադադարի վերջնական տապալման ակնհայտ հավանականության պայմաններում, այդ դիրքորոշումները կարող էին փոխված լինել թե հրադադարի պահպանման, թե առհասարակ բանակցելու հետագա նպատակահարմարության հարցում: Դիրքորոշումների ուրիշ փոփոխություններ չէին կարող լինել:

Բազմիցս կրկնված այս ձեւակերպումները հիմա ընկալվում են ընդամենը որպես չպատերազմելու թույլ խոստումներ, որոնք կարելի է եւ չկատարել: Ինչպես հիմա է, երբ առկա են պատերազմի տարբեր դրսեւորումները, բայց այդ մասին պաշտոնական հայտարարություններում դրանք կոչվում են «լարվածություն» կամ «բռնություն»:

Անցած մեկուկես տարիների ընթացքում ռազմաճակատում տեղի ունեցած բախումների բնույթը, տեսակը, տեւողությունը, աշխարհագրությունը փոխվել են այն աստիճանի, որ հավանաբար կարիք կար, որ համանախագահները կողմերին առաջարկեին բացի հետաքննական մեխանիզմներից, նաեւ հրադադարի պահպաման պարտավորության վերահաստատում:

Եվ ընդհանրապես, անհասկանալի է, թե այդ ո՞ր մեխանիզմների մասին է եղել խոսքը, այն, որ իրականացնում է ՄԽ-ը իր մի քանի դաշտային մոնիտորներո՞վ, թե՞ նոր ու արդյունավետի մասին: Որը կարող է ավելի համահունչ լինել ներկայիս իրավիճակին, վերջ դնել թե երկու կողմերին էլ հրադադարի խախտումների համար համաչափ մեղադրանք-հորդորներով դիմելու սովորությանը, թե գործողությունների ահագնացմանը: Մեծ հաշվով` հրադադարի պահպանման նոր պայմանների մասին:

Եթե այս երկրորդ տարբերակի մասին է խոսքը, ապա այդ ի՞նչը ստիպեց Ադրբեջանին ի վերջո ընդունելու հետաքննական նոր մեխանիզմի գաղափարը: Եւ ինչո՞ւ ուրեմն համանախագահների հայտարարության մեջ չի նշվում, որ հետաքննական մեխանիզմների առաջարկություններն ու քննարկումները կկազմակերպվեն առաջիկայում:
Իսկ եթե խոսքն այնուամենայիվ այն մեխամիզմի մասին է, որը կա, բայց իր արդյունավետությամբ գրեթե չկայի տեղ է անցնում, ապա դրա ընդունելի լինելու վերահաստատումը էլ ավելի է ընդգծում այսօրվա գործընթացի բարդացման աստիճանը:

Ըստ էության, ի տարբերություն նախորդ տարիների, երբ կային հաղորդակցական խողովակներ կողմերի ռազմական ներկայացուցիչների միջեւ, եւ արդեն նրանց մակարդակով հաճախ քննարկվում էին հրադարարի այս կամ այն խախտումները, հիմա դա անում են հակամարտող կողմերի ղեկավարները: Սա էլ է խզման մի վկայություն:

Հավանաբար` ոչ ոք դեռ չի ուզում առաջինը բարձրաձայնել այն մասին, որ սադրանքները, որպես առանձին երեւույթներ, ետեւում են, որ հիմա հայերն ու ադրբեջանցիները հասել են մինչեւ պատերազմի կարմիր գիծը, որ տեւական ժամանակ է, ինչ կողմերն ապրում են պատերազմին ուղեկցող տեղեկատվական միջավայրում` հաղորդագրություններ ռազմաճակատի իրադարձություններից, պաշտպանական գերատեսչությունների հայտարարություններ` ուղղված հակառակորդին, տեսագրություններ հակառակորդի դիրքերը ռմբահարելու գործողություններից, տեսագրություններ զոհված զինվորների թաղումներից, կիրառված զինատեսակների թվարկում:

Ամեն ինչ շատ հեռուն է գնացել, քանի որ զինվորական համազգեստով զոհերն արդեն ռազմական կորուստներ են, իսկ այսպես կոչված բախումներն ու բռնկումները` ռազմական գործողություններ: Իսկ դրանց մասին տեղեկատվությունը` լուրեր են ռազմաճակատից:

Մեկնաբանություններ (1)

պարզ գործ
Խաղաղություն պետք չի, պատերազմն էլ ատամի բան չի: Հարմարը լարվածությունն է՝ ներքին հարցեր փակելու համար: Միջնորդ ուստեքն էլ լավ ամսական են ստանում, սեւ խավիար ուտում ու թոթի օղի խմում!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter