
Իրանի վրա հարձակման դեպքում Հայաստանին կհաջողվի պահպանել չեզոքություն
Իրանի նկատմամբ սպառնալիքները նորություն չեն. Արևմուտքում ու ԱՄՆ-ում ի դեմս Իրանի ձևավորվել է թշնամու կերպար և արմատական իսլամի կենտրոն:
Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց իրանագետ Մհեր Բաղդասարյանը: Նա ասաց, որ նախկինում խոսակցություններ կային, թե գուցե Իրաքից հետո հաջորդ հարձակումը լինի Իրանի վրա, սակայն Իրանը տարբերվում է Իրաքից:
Իրանը հնարավորություն ունի ղեկավարելու Պարսից ծոցը, ինչը մեծ առավելություններ է տալիս: Բացի այդ` Իրանը կարող է հավակնել լինել գերիշխող երկիր տարածաշրջանում:
Իրանագետը նշեց, որ արևմտյան վերլուծաբաններն անգամ փորձում են կանխագուշակել, թե որքանով կբարձրանա նավթի գինը Իրանի վրա հարձակման դեպքում: Այդ պարագայում լուրջ խնդիրներ կառաջանան նաև համաշխարհային տնտեսական ոլորտում, ինչը ձեռնտու չէ բազմաթիվ երկրների, այդ թվում` արևմտյան:
Տվյալ դեպքում գերտերությունները թույլ չեն տա Իրանի վրա հարձակում, և ռազմական ագրեսիան միայն Իսրայելի կողմից է: Իսկ Իսրայելի հարձակման դեպքում դա կահանգեցնի Իսրայելի ոչնչացմանը:
Իրանագետը նշեց, որ Պարսկաստանն ունի նաև ներքին խնդիրներ, մասնավորապես` քրդերի, թուրքախոս իրանցիների հետ կապված, սակայն ներքին խնդիրներ ունեն բոլոր երկրները: Բացի այդ` Իրանի մասնատումը կբերի թուրքական գործոնի ազդեցության մեծացմանը, ինչն Արևմուտքին ձեռնտու չէ:
Ասուլիսի մյուս բանախոսը` թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը, նշեց, որ ՆԱՏՕ-ի, հետևաբար նաև Թուրքիայի ոդեգրած «զրո կոնֆլիկտ» քաղաքականությունր ձախողված է, ինչը Թուրքիային դարձնում է խոցելի: Վերջինս քրդական հարցը լուծելու նպատակով հերթական անգամ դիմել է ԱՄՆ-ին, որը տրամադրել է անօդաչու սարքեր: Սակայն իրականում ԱՄՆ-ի տրամդրած օգնությունը վերահսկվում է հենց իր կողմից: Այդ՝ Թուրքիային տրված ռազմական տեխնիկան, եթե Իրանի դեմ հարձակում լինի, բնականաբար, կօգտագործվի նաեւ վերջինիս դեմ: Այս պարագայում Թուրքիան կդառնա անուղղակի հակամարտող կողմ: Տարածաշրջանում ցանկացած լարվածություն իր ազդեցությունն է ունենալու ամբողջ տարածաշրջանի վրա, և ստեղծվելու է քաոսային իրավիճակ:
Մ. Բաղդասարյանը, անդրադառնալով տարածաշրջանի և մասնավորապես` Հայաստանի հարցին, նշեց, որ եթե Ռուսասատանը, ԱՄՆ-ն, Եվրոպան, Իրանը մեկը մյուսի հետ ունեն խնդիրներ, ապա Հայաստանը փորձում է լավ հարաբերություններ պահպանել բոլորի հետ: Հայաստանի դիվանագիտության և քաղաքականության շնորհիվ Արևմուտքում գիտակցում են, որ Պարսկաստանի վրա հարձակման դեպքում Հայաստանը չի կարող դուրս գալ Իրանի դեմ: Թշնամական երկրներով շրջապատված Հայաստանի համար այսօր Իրանն ամենահուսալի հարևանն է, որի հետ հարաբերությունները չի կարող վտանգել հանուն Եվրոպայի հետ լավ հարաբերությունների:
Հայաստանին հաջողվել է հասնել այն դիրքին, որ Արևմուտքի կողմից իր վրա ճնշում չի գորածդրվի և ոչինչ էլ չի պարտադրվի: Իրանի վրա հարձակման դեպքում Հայաստանին կհաջողվի պահպանել չեզոքություն:
Իրանագետի խոսքերով` Պարսկաստանը հզոր դիրքերում է, և եթե անգամ լինի հարձակում, նա պատրաստ է դրան: Իրանում կա հզոր գաղափարախոսություն, և նրանք պատրաստ են անգամ զոհերի գնով պաշտպանել իրենց երկրի սահմանները:
Ա. Իսպիրյանը հավելեց, որ Իրանի դեպքում կարող է լինել միայն «կետային հարված», բայց ոչ ամբողջական հարձակում: Սակայն Իրանն էլ դա «կուլ չի տա»: Նրա կարծիքով` այն, ինչ արվում է, պարզապես տարածաշրջանի ժողովուրդների տրամադրությունները, դրանց ազդեցությունը ստուգելու փորձ է:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել