HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բարի գալուստ Էմիր Կուստուրիցայի և «The No Smoking Orchestra»- ի աշխարհ

Նաիրա Հայրապետյան

Բոլոր տեսակի շոուբիզնեսային, եկեղեցական, դոգմատիկ, գլոբալիստական երևույթներից և շարժումներից հեռու, երգող, պարող և մարդկանց միայն աշխարհի դրական լիցքերի հետ կապող խումբ է նա ՝ «The No Smoking Orchestra»-ն: Սերբական հայտնի այս ֆոլք-ռոք խումբը ասես երաժշտական անիվների վրա ճամփորդելու դուրս եկած խենթերի խումբ է, ով համարձակվում է անցնել  հին աշխարհը նորի հետ հաշտեցնող խաչմերուկներով: Նրանք ճանաչում են մարդուն՝ բոլոր տեսակի պատկանելությունից դուրս, բայց հավատում են ինքնության ուժին, նրանց համար պատմությունը, արվեստը, մշակույթը, զգացմունքներն ու հոգևոր դեմքը  բարձր արժեքներ են, որոնք գեղեցկացնում են կյանքը բոլոր ժամանակներում: Իսկ երաժշտությունը, որը նրանք ոչ միայն տարածում են, այլ կրում են ներսում (և դա ակնհայտորեն նկատելի է նրանց կերպարներից), այն բացառիկ տեսակից է, որը ծածկում է անհասկանալին հասկանալի դարձնելու սովորական ցանկությունը: Կատարման եղանակ, վարպետություն, հատուկ տեխնիկա և գիտելիքներ, ծագումնաբանություն, բարձր-ցածր տոնայնություն… երաժշտական այս ընկալումները գրեթե ստվերվում են հորդացող տրամադրությամբ, որովհետև բեմում ի սրտե բաց թողնված անկեղծությունն է ու երկրագնդից այսօր արդեն կարծես թե դուրս պտտվող մարդկային լավատեսությունը:   

«Սա իմ կյանքի լավագույն նվագախումբն է»,- այսպես է ներկայացնում «The No Smoking Orchestra»-ն աշխարհահռչակ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցան: Նրա ներկայությունը խմբին մեծ փայլ հաղորդեց՝ ճանաչելի ու սպասված դարձնելով հայրենի սահմաններից դուրս: Այժմ նրանք ավելի հայտնի են դրսում, քան սեփական երկրում, որի մասին աշխարհի շատ ու շատ բնակիչներ առաջին անգամ լսեցին և շարունակում են իմանալ «The No Smoking Orchestra»-ի և անվանի ռեժիսորի շնորհիվ: Նրանց անվանում են նաև  նիտրոգլիցերինի պայթուցիկ խառնուրդ՝ հնչյունային հատուկ բաղադրությամբ, իսկ այդ դեղահաբն ընդունած մարդը անհնար է տեղում հանգիստ նստած մնա: Եվ ամենևին էլ կապ չունի, թե որտեղ է նրա աթոռը գտնվում՝ Փարիզում, Բուենոս Այրեսում, Տոկիոյում, Նյու Յորքում, Սիդնեյում, Թել Ավիվում, Մոնրեալում  … Մադրիդում , թե  Բրյուսելում:

1978թ. Սարաևոյի գիմնազիաներից մեկում սովորող երկու երիտասարդ՝ Նենադ Յանկովիչը (սերբ դերասան, երաժիշտ, երգահան, ով հայտնի է «Դոկտոր Նելե Կառայլիչ» բեմական անունով) և Դավոր Սուչիչը (Սեիո Սեկսոն` խորվաթաբոսնիական ծագմամբ բանաստեղծ, դերասան և երաժիշտ) որոշեցին ռոք խումբ ստեղծել: Այն անվանեցին «Zabranjeno Pusenje», որը  թարգմանաբար նշանակում է «Ծխելն արգելվում է»: 1984թ. թողարկվեց խմբի դեբյուտային ալբոմը՝  «Das ist Walter»-ը: Այն կոմերցիոն մեծ հաջողություններ ունեցավ՝ ընդլայնելով խմբի ճանաչելիության սահմանը ողջ Հարավսլավիայի տարածքում: Էմիր Կուստուրիցան առաջին անգամ խմբի կազմում հայտնվեց 1986թ՝ որպես բաս-կիթառահար: Այդ ժամանակ ձայնագրվում էր երրորդ ստուդիական ալբոմը՝ «Pozdrav iz zemlje Safari»-ն: «Նոր պարզունակություն» անվամբ հայտնի մշակութային շարժման գաղափարախոսությանը հենված խումբը նրան հարազատ էր, և Կուստուրիցան հետագայում էլ ջերմ կապերի մեջ էր «հեղափոխական» և սկանդալային պատմություններով հարուստ երիտասարդների հետ: Նա ոչ միայն ձայնագրվեց ալբոմի երեք գործերում, այլև հետագայում գրեց «Probušeni dolar»  երգի երաժշտությունը (թողարկվել է համանուն ալբոմի կազմում): Բացի այդ, Կուստուրիցան նաև  տեսահոլովակ նկարահանեց նրանց «Manijak» երգի համար, որը խիստ հակասական գնահատականների արժանացավ և նույնիսկ արգելվեց ցուցադրվել հեռուստատեսությամբ: Այն պարունակում էր քաղաքական սուր և սկանդալային ակնարկներ, որոնք  այդ օրերին սկսել էին Բոսնիայի շուրջը հաճախ պտտվել: «Zabranjeno Pusenje» խումբը դադարեցրեց իր գործունեությունը 1990թ., ասում են՝ Հարավսլավիայի քաղաքական անկայունության շուրջ խմբի անդամների ունեցած ներքին կոնֆլիկտների պատճառով:  Նելե Կառայլիչը մեկնում է Բելգրադ, որտեղ էլ երկու տարի անց հիմնում է սեփական խումբը՝ կրկին հին անվամբ:

Էմիր Կուստուրիցան երաժշտական գործունեության վերադարձավ 1998թ ՝  այս անգամ որպես այս խմբի լիիրավ անդամ: Այդ ժամանակ նա նկարահանում էր իր ամենահայտնի ֆիլմերից մեկը՝ «Սև կատու, սպիտակ կատու»-ն: Խումբը մասանակցեց  սաունդթրեքի ստեղծմանը  և ձայնագրեց արդեն  իր նոր՝ փոխված անվամբ՝ «Emir Kusturica & The No Smoking Orchestra»: 1999թ. թողարկվեց «Unza Unza Time» ալբոմը, ապա՝ Կուստուրիցայի հեղինակմամբ նոր տեսահոլովակը, որից հետու սկսվեց  «The No Smoking Orchestra»-ի համաշխարհային շրջագայությունը:

Դեկտեմբերի 25-ին  «Emir Kusturica & The No Smoking Orchestra»-ն Երևանում էր: Սա խմբի երկրորդ այցելությունն էր՝ հինգ տարի անց: Այս անգամ, սակայն, համերգը կայացավ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում: Այն կազմակերպվել էր «Մեցցո Փրոդաքշըն», «Ալմազյան Փրոդաքշըն» ընկերությունների, ՀՀ Մշակույթի նախարարության և Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի համագործակցությամբ:

Աշխարհահռչակ ռեժիսորը հայտնի է Ցեղասպանության հանդեպ իր դիրքորոշմամբ, աշխարհում և իր հայրենիքում կատարվող քաղաքական իրադարձություններին անմիջական արձագանքներով, որոնց հետևանքով էլ  քննադատվել ու բազմաթիվ խոչընդոտների է հանդիպել նաև արվեստի դաշտում: 

«Ինձ համար շատ հաճելի է նորից այցելել մի երկիր, որի հետ մենք շատ ընդհանրություններ ունենք,- ասաց Էմիր Կուստուրիցան լրագրողների հետ հանդիպման ժամանակ,- Բայց մի մեծ տարբերություն ունենք. դուք՝ հայերդ, շատ միասնական եք և շնորհիվ ձեր մտավոր կարողության՝ նաև ճանաչված եք, որպես ցեղասպանության ենթարկված ժողովուրդ: Մինչդեռ սերբական պատմության մեջ այլ կերպ է ամեն ինչ դասավորվել. մի ազգ, որը պարբերաբար հարձակումների է ենթարկվել, կոտորվել է և մինչև վերջերս շարունակաբար ենթարկվել անասելի ցեղասպանությունների, երբեք միասնական հանդես չի եկել այս ամենի դեմ: Արդյունքում ստացվել է  նույնիսկ հակառակը՝ զոհի կարգավիճակից այսօր մեզ անգամ փորձում են վերագրել հանցագործի, մեղավորի դերը: Ուստի ամեն անգամ ձեր երկիր այցելելիս, բացի այն, որ վայելում եմ ժամանակս, ես զգացողությունն եմ ունենում, որ գալիս եմ մի տեղ, որը ինչ-որ չափով այսօր արդարություն նվաճել է: Ես մեծ բավականություն եմ ստանում դրանից: Գիտեք, որ 2-րդ Աշխարհամարտի ժամանակ մոտ 800 հազար սերբ մորթվեց խորվաթ ուստաշիների կողմից («Ուստաշի»-ն խորվաթական ֆաշիստական կազմակերպություն է, որը ստեղծվել է 1929թ.): Գրքերում և դասագրքերում դրա մասին տեղեկություններ կան, բայց Եվրոպայի համար պաշտոնապես դա երբևէ տեղի չի ունեցել: Նրանք էլ, ովքեր գիտեն, այդուհանդերձ անտեսում են այն իբրև փաստ»:

Կինոն և երաժշտությունը շատ տարբեր են, այլ հոգեվիճակներ են դրանք, բոլորովին այլ մոտեցումներ: Նրանց բնորոշումը ևս այս արվեստագետի մոտ նույնքան պատկերավոր է, որքան իր՝ Կուստուրիցայի գործերը: «Իմ երաժշտությունը… երբ ես նվագում եմ, ամեն անգամ երբ բեմ եմ դուրս գալիս, ես ինձ զգում եմ խոհանոցի կենտրոնում, որովհետև ամեն ինչ տեղում է խմորվում, եփվում: Կինոն ուրիշ է: Այստեղ դու ասես պատերազմ ես մոդելավորում, որտեղ ռեժիսորը արդեն գեներալի դերում է, և կինո նկարելը բոլորովին ժողովրդավարության հետ կապ չունի»:

Երաժշտության մեջ, իհարկե, Կուստուրիցան կարևորում է հոգին, այն, ինչ զգում և ինչին հավատում է մարդը: Բայց կյանքը այլ կանոններ է թելադրում:

new.thenonsmokingorchestra.com

«Մեր օրերում նոր տեխնոլոգիաները երիտասարդներին հնարավորություն են տալիս կինոյի տեխնիկական խենթությունները ավելի հեշտ յուրացնել:- ասում է նա,- Բայց երաժիշտների դեպքում, եթե ճիշտ ես նվագում. դու պետք է  կշռադատված քայլես ընդհանուր քաղաքականության մեջ: Գնչուները երաժշտության համար շատ լավ օրինակ են. նրանք միշտ փոփոխություն են անում կատարման չափանիշի մեջ՝ ինչ և ինչպես պետք է նվագես: Նրանք սովորաբար նվագի մեջ՝ ակորդ կլինի դա, հատված, թե ուղղակի տոնայնություն, միշտ երդնում են իրենց սեփական տեսիլքը: Եվ դա ամեն անգամ արտահայտվում է յուրովի ու ամեն անգամ նրանք վտահ են, որ դա իրենց ինքնությունից եկած երաժշտություն է:

Մի քանի անգամ ինքս խոսել եմ նրանց հետ և, օրինակ, ասել եմ, որ ախր դա ձեր երաժշտությունը չէ, «Queen» խմբի «We Are The Champions»-ն է, բայց միշտ ասել են՝ «Ոչ, ոչ ոչ… դա մենք ենք, էս երգը մենք վաղուց ենք ստեղծել»:  Ու ես ամոթահար  էի մնում, թե այդ ինչպես մինչև հիմա չէի հասկացել:

Ինչի՞ն ես հավատում, ի՞նչ ես զգում և ընկալում … սրանք են բաղադրիչները, որոնք ձևավորում են արտիստին՝ անկախ նրանից, թե ինչ մեղեդի է»:

Թեև «կինոյի, թե՞ երաժշտության Կուստուրիցա»-ից նախընտրում է գրող Կուստուրիցային, այնուամենայնիվ, այս երկու տարածքներին վերաբերող հարցերը նրան այսօր շատ են մտահոգում:

«Ամեն ինչ հիմա դեպի գրողի ծոցն է գնում, ես կասեի՝ շատ արագ դեպի դժոխքն է գլորվում:- ասում է  անվանի արվեստագետը,- Միակ ճանապարհը,  որը կարող է մեզ փրկել, սոցիալական այնպիսի միջավայր ստեղծելն է, որը հնարավորություն կտա մարդկանց այդտեղ ավելի լավ զգալու և ավելի լավ ապրելու: Ես կինոռեժիսոր եմ և երբ տեսնում եմ, որ 1500 ռեժիսոր գալիս են իրենց ֆիլմերով ժողովրդին ներկայանալու, և թե ինչ ոգևորությամբ են մարդիկ նրանց ընդունում ու սպասում, դա արդեն մեծ բավականություն է քեզ պատճառում, դու ժամանակդ իզուր չես ծախսել: Սա փոխաբերություն չէ, աշխարհը իսկապես շատ փոքրացել է հիմա: Հիշու՞մ եք՝ մի քանի տարի առաջ Իսլանդիայում հրաբուխ ժայթքեց, մի քանի ժամ անց ես չկարողացա Հունաստան մեկնել, թռիչքը արգելեցին: Մոխիրը շատ արագ տարածվել և հասել էր այնտեղ, ուրեմն պատկերացնու՞մ եք, թե ինչքան արագ կարող է մոլորակը ոչնչացվել: Իսկ այդ դեպքում ի՞նչ կարող է անել մի խեղճուկրակ մահկանացու, որն անզոր է նման իրավիճակը կանգնեցնել: Նա կարող է միայն երազել ավելի լավ կյանքի մասին, գոնե կարող է երաժշտություն գրել, ֆիլմեր նկարել. դրանով մենք կարող ենք մեզ պաշտպանել»:

Նա վաղուց ստեղծել է իր պատկերացրած միջավայրը, որտեղ մարդիկ կարող են այլ բաների մասին զրուցել: Եվրոպական խոշորագույն կինոփառատոների մրցանակակիր, Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ, Սերբիայի Հանրապետության Գիտությունների ակադեմիայի անդամ Էմիր Կուստուրիցան ապրում է իր իսկ կողմից հիմնած մի փոքրիկ գյուղում: «Դա այն ժամանակ էր, երբ Հարավսլավիան փլուզվում էր: Դե քանի որ ես էլ այնպիսի բաներ չէի խոսում, որ Սարաևոյի ժողովուրդը ցանկանար լսել, այլևս չվերադարձա այնտեղ:  Այդ ամենից հետո ես հիմնեցի իմ սեփական գյուղ-քաղաքը: Մտադրությունս մեկն էր՝ կինոյում և երաժշտության մեջ իմ վաստակած ամեն ինչը վերադարձնել ժողովրդին: Երկու առանձին փառատոն հիմնեցի՝ մեկը երաժշտական, մեկը կինոյի ու իմ սոցիալական կյանքում ապրած ամենահաճելի պահերի մեծ մասը հենց այս երկու փառատոների հետ է կապված»:

Էմիր Կուստուրիցայի կարծիքով՝ Աստված ինքն էլ սերում է մշակույթից: Արվեստը իր հերթին կառուցված է առավելապես քրիստոնեական հիմքի վրա, սակայն ինչպես ամեն ինչ աշխարհում, այսօր խարխլված է նաև այս ամենի հանդեպ արժեհամակարգը:

«Այն, ինչ ես լսում էի երիտասարդությանս տարիներին, հիմա կարող է բացարձակապես անիմաստ համարվել: Այսօր եթե որևէ մեկին ասեմ լսիր «Eagles», «The Beathles»  կամ Բոբ Դիլան, լսիր բոլոր այն մարդկանց, ովքեր  ժամանակին մեյնսթրիմի՝ հիմնական հոսանքի դեմ այլընտրանք էին ներկայացնում, դա համարյա նույն բանն է, ինչ եթե  անապատում նստած մարդուն առաջարկեմ Միքելանջելոյի գործերը նայի: Արվեստի պատմության մեջ մի տենդենց կա, որտեղ ժամանակակից կյանքը մերժում է բարձր արվեստը: Փոփ-արտը նույնիսկ փորձում է Միքելանջելոյի ամբողջ իմաստը ոչնչացնել: Նյույորքյան որոշ միջավայրերում մի տեսություն է շրջում, ըստ որի Էնդի Ուորհոլը շատ ավելի կարևոր է, քան Միքելանջելոն: Բացի այդ, արվեստագետի՝ հասարակության մեջ ունեցած ազդեցությունը հիմա ավելի նվազել է: Մի օրինակ բերեմ՝ 70-ականներին Բոբ Դիլանը ավելի կարևոր և ազդեցիկ մարդ էր, քան ԱՄՆ-ի նախագահը: Երեք տարի առաջ նա խորվաթներին մեղադրեց ուսթաշի լինելու մեջ: Հիմա նրան դատի են տվել, և Դիլանը բացատրություն պիտի տա, թե ինչու է նման բան ասել: Ի դեպ, նա ճշմարտությունն էր ասել:

Մինչդեռ 70-ականներին պատկերացնել անգամ չէիր կարող, որ Բոբ Դիլանի նման մեկին դատարան կարող էին կանչել:

Մենք կորցրել ենք մեր ազդեցությունը, քաղաքական գործիչները մեր բոլորի ձեռքից խլել են այդ ուժը և այսօր եթե աստղ ես, կարող ես ինչ-որ ազդեցություն ունենալ, բայց եթե արվեստի մեջ ազդեցիկ գործեր ստեղծող ես, ո՛չ, չես կարող: Այնուամենայնիվ, այսօր էլ շատ բաներ կան, այդ թվում՝ գեղեցիկ  ֆիլմեր, որ կարող եք դիտել: Բայց էլ առաջվա պես փոփոխություններ չեն կարող անել և ազդեցություն գործել, արվեստն իր նախկին ազդեցիկ դիրքը չունի այլևս»:

Դատելով «The No Smoking Orchestra»-ի երևանյան համերգից՝ ամեն ինչ կորած չեմ կարող համարել, նման հանդիպումները ևս մեկ անգամ փաստում են, որ փոփոխություններ հաջողվում է անել միայն անհատ-երևույթներին: Պարզապես ոչ միշտ են նրանք մեծաթիվ լինում, բացի այդ՝ այդքան տարբեր ու այդքան նման սեփական առաքելության մեջ: Երաժիշտ Կուստուրիցային և արգելքներ հաղթահարող «The No Smoking Orchestra»-ին այս անգամ էլ հաջողվեց ալեկոծել ունկնդիրներին՝ փոխելով նրանց մեջ երաժշտության, գործիքների տեխնիկական հնարավորության, նույնիսկ՝ ունկնդիր լինելու մասին պատկերացումները: Եթե երաժշտություն, ուրեմն՝ մինչև վերջ, լիաթոք շնչելով նրան, համարձակ վայելելով հնչյունի էներգիան, ազատ ու անկեղծ լինել նրա հետ, բայց… չշեղվելով արվեստում գեղեցկությունը  ընկալելու ճշմարիտ ճանապարհից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter