HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ո՞վ և ինչո՞ւ է փորձում խոչընդոտել «Կրթական պարտեզ» ծրագրի իրականցմանը

Լիլիթ Թադևոսյան

«Կրթական պարտեզ» նախաձեռնությունը, որում հիմնականում ներգրավված են թաղամասի բնակիչներն ու «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողները, այս տարի որոշեցին իրականացնել ծրագիրյն ու անցան գործի:

Այդ մասին «Հետքի» հետ զրույցում ասաց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը:

«Մենք խոսում ենք կոնկրետ մի բնակելի թաղամասի մասին՝ Հարավ-արևմտյան վարչական շրջանի Բ1 թաղամասի, որը պարփակված է Զորավար Անդրանիկի, Րաֆֆու և Առնո Բաբաջանյան փողոցներով: Այս ամբողջ թաղամասը, որ 100-ից ավելի շենք ունի և 20 000-ից ավելի բնակչություն, որպես այդպիսին հատակագիծ չունի: Նրա ներսում գործում է գոնե 10 ուսումնական հաստատություն, կան արտադրական հաստատություններ, կոոպերատիվներ և այլն, և կա այդքան բնակիչ ու ամեն մեկն ինչ-որ մի միջամտություն իրականացնում է՝ շինարարություն և այլն, լավ կլիներ, որ համաձայն հատակագծի լիներ: Օրինակ՝ Երևան քաղաքը, շնորհակալ ենք հանճարին՝ Ալեքսանդր Թամանյանին, որ ժամանակին ստեղծեց Երևանի գլխավոր հատակագիծ և Երևանի զարգացումը գնաց այդ ճանապարհով: Հիմա բնակելի զանգվածները, ցավոք սրտի, եթե անգամ 80-ական թվականներին ունեցել են, այս վերջին 30 տարում որպես թաղամաս ամբողջական հատակագիծ չունի»,- ասաց Աշոտ Բլեյանը:

Նա ասաց, որ այս նախագիծը, սկզբունքորեն, իր կողմից բարձրացվել էր դեռևս 90-թվականից, բայց այս տարի վերոնշյալ նախաձեռնության հետ միասին որոշեցին գնալ խնդրի լուծման ճանապարհով: Սակայն այդ ընթացքում հանկարծ ստեղծվեց մի խոչընդոտ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալրի մայր դպրոցի դիմաց գործող թիվ 181 դպրոցի տնօրեն Լիլիթ Արեյանը որոշեց ցանկապատել դպրոցի տարածքը, ինչն առաջացրեց թաղամասի բնակիչների, նախաձեռնության անդամների վրդովմունքը և անգամ մի քանի օր առաջ այդ խնդրի հետ կապված վեճ եղավ, որին մենք անդրադարձել ենք: Նշենք, որ ծրագրի իրագործումով թաղամասը կունենա նշագծված, անվտանգ հեծանվուղի, պատշաճ հետիոտն անցումներ՝ հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք հատվածներն իրար կապող և շրջանաձև: Թաղամասի հետիոտն անցումները կբարեկարգվեն, կկանաչապատվեն, կդառնան մշտապես խնամված: Թաղամասի ուսումնական հաստատությունների կադաստրային տարածքները (բակերը), դրանց հարող հողատարածքները կրթական-մարզական-մշակութային, հանգստի, զբոսանքի կիրառում կստանան, կդառնան կանաչ տարածքներ, ավելորդ կդառնան մետաղե, բետոնե ցանկապատերը: Իդեպ, այս օրերին այդ թաղամասի տարբեր հատվածներում կուտակված աղբը մաքրել են կրթահամալիրի սովորողները:

Խոսելով իրենց առաջարկի մասին՝ Աշոտ Բլեյանն ասաց, որ իրենց առաջարկը քննարկելու համար կրթահամալիր էին հրավիրել Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին, որը կրթահամալիր էր այցելել իր օգնականի՝ ճարտարապետ Արտավազդ Թարխանյանի հետ, և շրջել էին կրթահամալիրով, թաղամասով, և այդ ամենը դիտարկելուց հետո նա արագ ընկալել է՝ ինչի մասին է խոսքը և ասել է, որ դա իրականանալի ծրագիր է:

Ա․Բլեյանը տեղեկացրեց, որ մինչև Նարեկ Սարգսյանի գալն իրենք նախագծի վրա աշխատել էին մասնագետների հետ, սակայն նախարարին խնդրել էին, որ նախարարն ինքը նշանակի կամ առանձնացնի մի ճարտարապետ, որն այդ գործով կսկսի մոտիկից զբաղվել:

 «Ու իրար հետ, ես, որպես մանկավարժ-տնօրեն այս նախագծի, ինքն էլ որպես ճարտարապետ-նախագծող՝ կանենք մի բան, կստեղծենք առաջարկի մի հիմնավորում, կկցենք իրար: Այս հարցում մեզ միացավ նաև Անահիտ Բախշյանը, որպես ավագանու անդամ: Նարեկ Սարգսյանն առանձնացրեց Արտավազդ Թարխանյանին, իրեն հետաքրքրեց խնդիրը և սկսեցինք աշխատել: Քաղաքապետարանից ստացանք նամակ, որ մեր առաջարկն ընդունվել է քննարկման, որովհետև մենք շատ էինք ուզում, որ մեր առաջարկը Երևան քաղաքի 2016 թվականի բյուջեի մեջ ընդգրկվի՝ խնդրեցին լրացուցիչ հիմնավորում ներկայացնել: Եվ այդ ժամանակ, երբ մենք աշխատում էինք դրա վրա, որ վերջնական ներկայացնենք, մեկ էլ հանկարծ առաջացավ այս ցանկապատի խնդիրը, որպես միջամտություն: Դիմացի 181 դպրոցի նոր տնօրենը, մեկ էլ տեսանք, որ դրել քանդում է, փորում է: Այսինքն՝ ինքը կարծես ասում է՝ ինձ չի հետաքրքրում, ի՞նչ կրթական պարտեզ, ի՞նչ միասնական թաղամաս, ես դնում եմ 2 մետրանոց ցանկապատ եմ անում, վրան դնում եմ դռներ, ոնց որ դպրոցն է բացում փակում, այդպես էլ տարածքը բացեն, փակեն: Թվում էր, որ քանի որ շատ տեղեր սա կիրառվում է, ինքն էլ դա կանի: Եվ եթե չլիներ մեր նախագիծը, ապա այդպես էլ կլիներ»,- ասաց Աշոտ Բլեյանը:

Նշենք, որ դեռևս երկու ամիս առաջ 181 դպրոցի ներկայացուցիչները, փորձել են պարիսպներ տեղեադրել, սակայն բողոքներ եղան, նրանք դադարեցրին աշխատանքը։

Ա․Բլեյանի խոսքերով՝ երբ կասեցրեցին, իրենք պահանջեցին , որ գրավոր ներկայացնեն փաստաթղթերը, սակայն, պարզվեց, որ այդ փաստաթղթերը չկան կամ կան, բայց իրենց ցույց չեն տալիս և իրենք ստացան պատասխան, որ շինարարությունը կանգնեցվել է և հանձնարարվել է ներկայացնել ուրիշ մի նախագիծ՝ համաձայնեցված:

«Գիտեինք, որ միևնույնն է չեն հրաժարվելու՝ շարունակելու են, դրա համար մենք արագացրեցինք Կրթական պարտեզի ընդունման հարցը, որպեսզի այսուհետ սա օրինակ լինի: Մենք չենք ասում, որ հաստատությունները կամ մարդիկ իրավունք չունեն ինչ-որ ինքնուրույն բաներ անելու, բայց մենք ասում ենք՝ դա պետք է տեղավորվի մի սխեմայի մեջ»,- ասաց Աշոտ Բլեյանը: 

Հայտնի միջադեպից հետո Աշոտ Բլեյանը, 181 դպրոցի տնօրենը և երկու կողմերի նախագծողները հանդիպել են ու քննարկել նախագիծը, որ համաձայնության գան։

«181 դպրոցի հետևի տարածքը անվերահսկելի տարածք է և անպայման կարող են վերահսկեն ու պիտի վերահսկի միայն թիվ 181 դպրոցը: Վերահսկել՝ նշանակում է առնել մի բանի մեջ, որ չկարողանան հավաքվել: Այդ դպրոցի հետնամասը, որը քանի տարի է վերածված է աղբանոցի, պետք է այդ հատվածը բացել ցանկապատ դնել և այս ամբողջ տարածքում, որը կդառնա դպրոցի առջևի չափի տարածք՝ ինչ ուզում են թող անեն: Մանկավարժության հարց է, ինչո՞ւ են ծնողները գալիս այդ դպրոցի շենքի առջև հավաքվում և ինչո՞ւ ծնողը ազատ մուտք չունի դպրոց, ինչո՞ւ ներս չեն մտնում մեծ տարածք կա, որ ծնողը գա այնտեղ հանդիպի իր երեխային, ոչ թե փողոցում: Տնօրենն ուզում է, որ մի ճաղավանդակ լինի, ծնողը ոչ թե փողոցում կանգնի այլ ճաղավանդակից այս կողմ կանգնի, բայց դպրոցի ներսում չլինի»,- ասաց Բլեյանը։ Եզրափակելով՝ Աշոտ Բլեյանն ասաց, որ քաղաքապետարանում  իր ներկայացրած ծրագիրը համարվում է հեռանկարային քաղաքաշինական ծրագիր՝ 2016 թվականի համար: Իսկ քաղաքապետարանի վերջնական որոշման մասին  կհայտնեն ավելի ուշ:

Մենք զրուցեցինք նաև ճարտարապետ Արտավազդ Թարխանյանի հետ, ով ասաց, որ կար մի առաջարկ, որը մշակվել էր համատեղ Աշոտ Բլեյանի հետ, որն իրենից ներկայացնում էր այդ կրթական պարտեզի ընդհանուր մի մոտեցում, որը ներկա դրությամբ սխեմայի փուլի մեջ է գտնվում և պարզապես դա միտք է, որը հնարավոր է իրականացնել: «Այսինքն, եթե մենք ասում ենք նախագիծ՝ նկատի ունենք ինչ-որ նախագծային աշխատանքներ, հետազոտություններ»,- ասաց ճարտարապետը: Խոսելով նաև 181 դպրոցի հետ կապված խնդրի մասին՝ Արտավազդ Թարխանյանն ասաց, որ նրանք սկզբում ընդհանրապես տեղյակ չէին, որ նման նախագիծ կա: «Չիմանալով, որ նման նախագիծ կա, ինչ-որ գործողություն էին կազմակերպել, բայց հասկանալով, որ կա նմանատիպ նախագիծ՝ ողջունելով իրենք էլ պատրաստ են այն ինչ-որ իրականացրել են՝ փոխեն հնարավորինս համապատասխանեցնելով ու չխոչընդոտելով այդ մտքի իրականացմանը»,- ասաց Արտավազդ Թարխանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter