HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ես գիտեմ, որ մի օր աշխարհը դատապարտելու է ցեղասպանությունը»

Անի Գասպարյան

Նկարչուհի Հեղինե Աբրահամյանը ցեղասպանությունը վերապրածներից է: Նա 95 տարեկան է:

Ծնվել է Կարսում: Ականատես է եղել հայերի բռնի տեղահանությանը Արդահանում եւ Կարսում: 1920 թվականին, երբ Հեղինեն ութ տարեկան էր, նրա ընտանիքը վերջնականապես լքել է Կարսը՝ ներգաղթելով նախ Գյումրի, ապա` Երեւան:

«Ես երեք տարեկան էի, երբ մեր ընտանիքն առաջին անգամ տեղահանվեց: Այդ ժամանակ մենք ապրում էինք Արդահանում,- պատմում է Հեղինե Աբրահամյանը:- Հայրս զինվորական աշխատող էր: Նրան նշանակել էին զինվորական մատակարար Երեւանում: Հայրս մեզ իր հետ Երեւան տարավ: Մեր վարձակալած տունը գտնվում էր այժմյան Օպերայի թատրոնի տարածքում: Այն ժամանակ այն ամայի վայր էր՝ մի քանի տներով ու այգիներով: Հիշում եմ՝ ես ու հարեւանի աղջիկն այդ այգիներից մեկում ծիրան կերանք, ձեռքերս կեղտոտվեցին, ուզեցի կռանալ, գետում լվանալ, ընկա մեջը: Գետն ինձ տարավ: Ինձ փրկեց մեր տանտիրոջ տղան: 1918 թվականին մայրս մահացավ, եւ մորաքույրներս ինձ ու եղբորս տարան Կարս»:

Հեղինեն ընդունվում է Կարսի օրիորդաց վարժարան: Սակայն 1920 թվականի նոյեմբեր ամսին Կարսը կրկին հարձակման է ենթարկվում թուրքերի կողմից: «Թուրքերն արգելում էին հայերին լքել քաղաքը: Սակայն հորս՝ որպես ռուսական բանակի զինծառայողի, մի վագոն տրամադրեցին, որպեսզի մենք հավաքենք իրերը ու հեռանանք: Հորաքույրս գնացել էր կայարան՝ իրերը դասավորելու: Հանկարծ նա վերադարձավ ու շփոթված հայտնեց, որ թուրքերը գրավել են կայարանը, եւ գնացքը գնացել է, մեր իրերն էլ մեջը: Արդահանից հետո երկրորդ անգամ էր, որ մենք կորցնում էինք մեր ունեցվածքը:

Այդ ժամանակ հայրս մեզ հետ չէր, երեւի զորամասում էր: Մենք մի ֆուրգոն նստեցինք եւ շտապեցինք դեպի ձորի ճանապարհը, որտեղով պիտի փախչեինք: Երբ հասանք ձոր, մի աներեւակայելի տեսարան բացվեց: Ձորը լի էր խուճապահար մարդկանցով, բոլորը փախչում էին՝ ոմանք ոտքով, մյուսները` սայլերով, ձիով, ինչպես պատահեր...Շատ չանցած` ճանապարհն այնքան լցվեց մարդկանցով, որ առաջ շարժվելն անհնար դարձավ: Մեր ֆուրգոնը կանգ առավ: Այդ ժամանակ նկատելով, որ հարմար առիթ է մարդկանց կոտորելու համար, թուրքերը բարձրացել էին ձորի երկու բարձունքներին եւ կրակում էին ժողովրդի վրա...Ես տեսա առաջին սպանվածին, ինձ համար այդ տեսարանն անտանելի էր, եւ ես հավանաբար ուշաթափվեցի: Երբ ուշքի եկա, մեր ֆուրգոնը դատարկ էր, մերոնք հեռացել էին՝ թողնելով ինձ մենակ: Ֆուրգոնի տակ մի քուրդ կին էր պատսպարվել՝ երեխան գրկին: Կողքին ընկած էր հորեղբորս չորս տարեկան աղջիկը՝ Ցողիկը, ազդրը փշրված: Նա արնաքամ եղավ եւ մահացավ աչքիս առաջ: Իսկ այդ քուրդ կինը ինձ վերցրեց, եւ մենք միասին շարունակեցինք ճանապարհը՝ հուսալով գտնել մեր հարազատներին»:

«Ձորում մի կամուրջ կար,- շարունակում է Հեղինե Աբրահամյանը,- Տեղացիներն այն «Մազե կամուրջ» էին անվանում, շատ նեղ էր, հազիվ մի մարդ կարող էր անցնել վրայով: Այդ ճոճվող կամրջի վրայով մարդիկ պիտի անցնեին: Դիմացից կրակում էին, իսկ ետ գնալ հնարավոր չէր, քանի որ բազմությունն առաջ էր գալիս: Մարդիկ ջուրն էին ընկնում, գետը կարմիր էր՝ արյունով ներկված: Ինձնից առաջ մի մարդ էր գնում՝ մեջքին մի մեծ պարկ: Հանկարծ նա ուժասպառ ընկավ: Չգիտեմ՝ ինձ ինչպես անցկացրին, գուցե նրա վրայո՞վ, բայց ես հայտնվեցի մյուս ափին: Ծանոթ մարդ էի փնտրում, հանկարծ ոտքերիս տակ հողը ցրիվ եկավ: Կրակում էին: Մի մարդ վազելով մոտեցավ ու ինձ իր շինելի մեջ փաթաթած՝ սկսեց վազել: Ես ոտքերով ու ձեռքերով հարվածում էի նրան՝ փորձելով ազատվել: Չէի գիտակցում, որ նա իմ փրկիչն է: Հասցնելով մի կիսաքանդ շինության մոտ՝ նա ինձ կոտրված ապակիների միջով ներս շպրտեց:

Իրար մեջ բացվող սենյակներում խումբ-խումբ մարդիկ էին հավաքված՝ վիրավոր ու պատառոտված շորերով: Նրանց մեջ մերոնց գտա: Քիչ անց կրակոցները դադարեցին, եւ իմացանք, որ Կարսի ճանապարհը բաց է: Վերադարձանք քաղաք՝ այդ ահավոր ձորում թողնելով տատիս ու հորեղբորս աղջկա դիերը»:

Հեղինե Աբրահամյանի պապը՝ Խորեն Ստամբոլցյանը, Կարսի Առաքելոց եկեղեցու քահանան է եղել: Սովորել է Էջմիածնի Գեւորգյան ճեմարանում, այնուհետեւ ձեռնադրվել է քահանա եւ 1882 թվականից Կարսում վարել քահանայական պաշտոն՝ զուգահեռաբար ուսուցչություն անելով Կարսի երկսեռ դպրոցներում: Նա 1 8 87 թվականին Կարսի Ս. Աստվածածին եկեղեցում մկրտել է Եղիշե Չարենցին:

Մինչեւ 1921 թվականի վերջը Խորեն քահանան եղել է Կարսում՝ ինը ամիս գերի մնալով թուրքերի ձեռքում: Այդ ընթացքում նա գրի է առել Կարսի գրավման եւ դրան հաջորդող իրադարձություններն իր «Կարսի անկումը» վերնագրով հուշամատյանում, որն այժմ գտնվում է պետական արխիվում: Նա Կարսից հեռացող վերջին հայերից է եղել:

1921 թվականի գարնանը որբանոցի երեխաներին գնացքով տեղափոխում են Լենինական: Հեղինեն ու եղբայրն այդ երեխաների մեջ էին:

«Կարս-Լենինական ճանապարհն այնքան էլ երկար չի,- պատմում է Հեղինե Աբրահամյանը,- սակայն ես այնպիսի տպավորություն եմ ստացել, որ գնում-գնում ենք ու տեղ չենք հասնում: Մեզ անասունների պես լցրել էին վագոնների մեջ, որոնք դրսից կողպված էին: Համաճարակ էր բռնկվել: Ես չեմ հիշում, սակայն հորաքույրս հետագայում պատմում էր, որ մահացած երեխաների դիակները պատուհանից դուրս էին գցում, որպեսզի համաճարակն ավելի չտարածվեր»:

Գյումրիում որոշ ժամանակ ապրելուց հետո նրանք տեղափոխվում են Երեւան: Հեղինեն հաճախում է դպրոց եւ այդ տարիներից ի վեր նրա մեջ հետաքրքրություն է ծնվում նկարչության հանդեպ: Սկզբում նա հաճախում է նկարչական դպրոց, ապա մեկնում Լենինգրադ՝ ուսումը շարունակելու Լենինգրադի գեղարվեստի ակադեմիայում:

«Լենինգրադում ահավոր սառնամանիքներ էին: Մի քանի ընկերուհիներով մի սենյակ էինք վարձել եւ ապրում էինք խղճուկ ուսանողական թոշակով: Սենյակում այնքան ցուրտ էր, որ նկարելիս սառչում էինք: Այդ տարիներին մատներս ցրտահարվեցին՝ չդիմանալով 42 աստիճանի հասնող ցրտին»:

Վերադառնալով Երեւան՝ Հեղինե Աբրահամյանն աշխատանքի է անցնում Փանոս Թերլեմեզյանի անվան ուսումնարանում: Շուրջ երեսուն տարի նա նկարչություն է դասավանդել այդ ուսումնարանում՝ իր հմտությունն ու փորձը փոխանցելով շատ ուսանողների, այդ թվում նաեւ այնպիսի նշանավոր արվեստագետների, ինչպիսիք են Գրիգոր Խանջյանը, Օնիկ Մինասյանը, Լեւոն Կոջոյանը, Ռաֆայել Աթոյանը եւ ուրիշներ:

Այսօր էլ հարյուրամյակի շեմին հասած Հեղինեն շարունակում է նկարել: Բազում կիսատ կտավներ ունի, որ ավարտին պիտի հասցնի: Միայն մի ցավ անվերջ նրա աչքերում է՝ կորցրած հայրենիքի կարոտը:

«Ես գիտեմ, որ մի օր աշխարհը դատապարտելու է ցեղասպանությունը,-ասում է Հեղինե Աբրահամյանը,- Եվրոպան պիտի ճանաչի թուրքին եւ չվստահի նրա նենգ քաղաքականությանը, որովհետեւ եթե թուրքը հայերի ցեղասպանության բեռն ուսերին մտնի Եվրամիություն, ապա շատ արագ կկործանի նաեւ Եվրոպան»,-համոզված է նա:

Մեկնաբանություններ (1)

Andranik
Turk mnume Turk, meka 1000 darel vor ancne ele mnuma esh yev apush, karmer kove mashken che pokhve, enchpes vor esh mard che darna yrbek.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter