HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անվեհեր դոլարներ

Լեռ Կամսար

Գիշերը երազումս ողջ մարդկությունը զայրացած, մի ինչ-որ մոլորակի վրա կռիվ էր գնում։

Ազգերը զինված նորագույն զենքերով, գունդ առ գունդ իրենց հրամանատարի շուրջն էին հավաքվում, որն, ինչպես նշաններից երևում էր, այս աշխարհացի չէր ու եկվոր մարդ էր։

Տարապայման զորահավաքի հետևանքով ազգերը տանը մի մարդ թողնելով, իսկ ոմանք բոլորովին չթողնելով, երկրի դուռը փակում և գնում հավաքվում էին զորավարի շուրջը։

Չինաստանը ներկայանալով բանակատեղը, խորունկ գլուխ տվեց զորքի պետին և ասաց։

-Ընկե՛ր հրամանատար, ես 500 միլիոն եմ․ մի մարդ եմ միայն թողել տանը՝ այն էլ նրա համար, որ հավերիս կուտ տա։ Մնացած բոլորս այստեղ, քո տրամադրության տակ ենք։ Ցույց տուր թշնամուն՝ ես ամբողջ ուժովս նրա վրա ծառանամ։ Չին ժողովուրդը համամարդկային գաղափարների համար մեռած է․․․

Այն ժամանակ հրամանատարը դարձավ իր շտաբի պետին և ասաց․

-Վերցրու ազգերի ցուցակը և ներկա-բացակա արա։ Արդյոք բոլո՞րն են  ներկա։

Շտաբի պետը սկսեց․

-Հոլանդիա՛։

-Ներկա։

-Բելգիա՛։

-Ներկա։

-Կանադա՛։

-Կա։

-Բրազիլիա՛։

-Այստեղ է։

-Ամերիկա՛։

-․․․

- (Ավելի բարձր) Ամերիկա՛։

-․․․

-Ամերիկա՜՜՜, - պոռաց շտաբի պետն, ապա դառնալով ներկաներին ասաց։ - Ոչ ո՞ք  չգիտի Ամերիկայի տունը, մի փոքրիկ պետություն վազ տվեք, թող գնա կանչի։

-Օհո՜, նրա տունը Ատլանտյան օվկիանոսի այն կողմն է, մի ծովային պետություն թող գնա կանչի։

-Դրա ազգանունն ի՞նչ է։

-Անգլիայի ցեղից է, բայց ազգանունը չգիտենք, - պատասխանեցին ազգերը։

Այս խոսքի վրա, տեսան Ամերիկայի դուռը բացվեց, և մի մարդ քսակը ձեռքին առաջացավ դեպի միջազգային բանակը։ Հասնելով այնտեղ, քսակը հրամանատարի առջև վայր դրեց, ասելով․

-Այս էլ ձեզ Ամերիկայի օգնությունը։

-Ի՞նչ բան է սա, - հարցրեց զորքերի պետը։

-Մի միլիարդ դոլար։

-Ինչպես, մենք զինվոր ենք սպասում, դու դոլա՞ր ես բերում, - զարմացավ պետը։

-Դրա սովորությունն այդպես է, ընկեր պետ, - ասաց Կանադան։ Մեր հարևանն է։ Իր բոլոր պատերազմներում նա դոլարներով է կռվում և հաղթանակի ժամանակ իր դոլարները ետ է վերցնում կրկնապատկված։ Ես, ասում է նա, այսքան միլիոն դոլարի կռվել եմ՝ այսքան կոնտրիբուցիա եմ պահանջում։

Այս անցուդարձը բանակում մեծ իրարանցման պատճառ դարձավ։ Բոլորն աղաղակում էին․ «Եթե Ամերիկան զորք դուրս չբերի, մենք մեր տները կվերադառնանք։ Ի՜նչ խելոքն է։ Մենք գնանք կոտորվենք, իսկ նա մնա աշխարհին տեր դառնա»։

Կորչե՜ն ամերիկյան դոլարները, մեզ հարկավոր են կենդանի զինվորներ շարքում կանգնած, որ ըստ հրամանատարի պահանջի՝ աջ դառնա, ձախ դառնա, ապա քայլելով հառաջ մարշ և թշնամու վրա հարձակվի։ Դոլարով հարձակում կգործվի՞։ Ավելի լավ, թշնամին կհավաքի հարձակվող դոլարները և գրպանը կկոխի, հետո էլ գոհունակությամբ կժպտա։

Երբ այսպես անվերջ վիճում էին իրար հետ կողմերը, հայտնվեց ամերիկյան տարազով մի բանկիր և ասաց․

-Խնդրեմ վճարեք մի միլիարդ դոլարի տոկոսի առաջին նվագը, երկու ժամ է, որ մենք գործածությունից դուրս ենք հանել այդ գումարը․․․

Սրա վրա ամբողջ ազգերը վրա թափվեցին և սկսեցին Ամերիկային ծաղրել։

Մեկն ասում էր․ «դոլարներիդ աջ ոտքը թնդանոթի ռումբը տարել է»։ Մյուսը թե՝ « արի 20 դոլարի գյուլաշ կպչենք» և այլն, և այլն այսպիսի բաներ։

Այդ միջոցին զորքերի միջից Չան Կայշին իր բինտերով փաթաթված գլուխը բարձրացած գոչեց, Ամերիկային դառնալով․

-Գետինն անցնեն քո բոլոր դոլարները։ Իմ տուն քանդողը քո դոլարները չեղա՞ն։ Անհավասար կռվի մեջ զորքերս մոմի նման հալվում են՝ սա կոնգրեսում նորանոր գումարներ է տրամադրում ինձ․․․ Վա՜յ ես թքել եմ քո տրամադրած գումարների վրա․․․

1955

Մեկնաբանություններ (1)

Վեհարի
ԱՄՆ-ն չի փոխվել ևայսօր էլ նրա համար գերագույն աստվածը դոլլարն է: 3-րդ համաշխարհային պատերազմը դոլարով կառավարվող ուժով սկսվելու, թուրքիան կործանվելու մասին մի երազ էլ Սուրբ Պաիսի անունով հույնն է տեսել: Թուրքիան ըստ նրա շուտով կբաժանվի չորսը մասի: http://videochart.net/video/68303.684e9f177ff33dc04db916f1c852

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter