HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճչացողները

«Ցեղասպանության դեպքում խնդիրն այն է, որ հնարավոր չէ սպանել բոլորին. միշտ լինում են վերապրողներ: Ու այդ վերապրողները դառնում են «ճչացողներ»՝ մարդիկ, ովքեր չեն հանգստանա, մինչեւ աշխարհը չիմանա, թե ինչ է կատարվել»,- ասում է Պուլիտցերյան մրցանակակիր, Հարվարդի համալսարանի դասախոս Սամանթա Փաուերը «Ճչացողները» փաստագրական ֆիլմում:

Ամերիկահայ ռեժիսոր Կարլա Կարապետյանի «Ճչացողները» ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին հերթական ֆիլմ չէ: Այստեղ Հայոց ցեղասպանությունը կապվում է 20-րդ դարի այլ ոճրագործությունների՝ հատկապես Դարֆուրում առայսօր տեղի ունեցող կոտորածների հետ: «Քանի դեռ չի դատապարտվել 20-րդ դարի առաջին ոճրագործությունը, ցեղասպանություններն անընդհատ կշարունակվեն»,- ասվում է ֆիլմում:

Կինոխցիկը հետեւում է ամերիկյան «System Of A Down» ռոք խմբի շրջագայություններին ԱՄՆ-ով եւ Եվրոպայով: Խմբի անդամները՝ Եղեռնը վերապրածների սերունդները, խոսում են ցեղասպանությունից: Ֆիլմում ընդգրկված են հարցազրույցներ Պուլիտցերյան մրցանակակիր Սամանթա Փաուերի, ՀԴԲ-ի նախկին թարգմանչուհի Սիբիլ Էդմոնդսի, «Ակոս» շաբաթաթերթի խմբագիր Հրանտ Դինքի եւ այլոց հետ, ներկայացված են խմբի առաջնորդ Սերժ Թանգյանի պապի եւ կոտորածը վերապրած այլ մարդկանց պատմությունները: Հիշողություններն ընդմիջվում են «System of a Down»-ի երաժշտությամբ:

Ֆիլմում ներկայացված են նաեւ Հոլոքոստը, Ռուանդայի, Կամբոջայի, Բոսնիայի, Դարֆուրի ցեղասպանությունները: 6 000 000 զոհ Հոլոքոստին, 2 000 000՝ Կամբոջայում, 200 000՝ Բոսնիայում, 800 000՝ Ռուանդայում, 400 000՝ Դարֆուրում, որտեղ կոտորածները դեռ շարունակվում են:

Եվ ամեն ցեղասպանությունից հետո ԱՄՆ նախագահը կամ Մեծ Բրիտանիայի վարչապետն ասում են. «Մենք չգիտեինք», «Այլեւս չի կրկնվի»: Մինչդեռ բոլորն ամեն ինչ գիտեին ու փակել էին աչքերը, որովհետեւ պետական եւ անձնական շահերը վեր էին մարդկային կյանքից: Բիլ Քլինթոնը գիտեր Ռուանդայի դեպքերի մասին, æորջ Բուշը Հարավային Սուդանի դեպքերը որակեց «ցեղասպանություն», սակայն դարձյալ ոչինչ չձեռնարկեց՝ երեւի համարելով, որ «ցեղասպանություն» բառն արտասանելն արդեն ինչ-որ բան անել էր:

Ֆիլմում Սերժ Թանգյանն ու խմբի թմբկահար æոն Դոլմայանը Վաշինգտոնի Կապիտոլիումի շենքի մոտ բախվում են դեմոկրատ Դենիս Հասթերթին, ում հանձնում են նամակ եւ խնդրանք ԱՄՆ Կոնգրեսում հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն արագացնելու վերաբերյալ: Ըստ «Vanity Fair» ամսագրի՝ կոնգրեսմենին կասկածում էին թուրքերից կես միլիոն դոլար վերցնելու մեջ՝ ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը տապալելու համար:

«Այս խումբը չի ստեղծվել աշխարհը փոխելու համար: Այն չի ստեղծվել ձեզ մտափոխելու համար: Այն ստեղծվել է՝ ստիպելու ձեզ հարցեր տալ»,- ասում է Սերժ Թանգյանը:

«Սա մի փոքր փաստագրական ֆիլմ է, ու չենք կարող ակնկալել հրաշքներ: Մենք ընդամենը փորձում ենք մարդկանց քաջալերել խոսել ու հարցեր տալ,- ասում է Կլարա Կարապետյանը:- Երբ առաջին անգամ գնացի Թուրքիա որպես լրագրող, սպասում էի, որ վիզա ստանալիս ազգանունս կկարդան ու բոլորը կսկսեն ցույց տալ վրաս, բացականչել՝ հայ է: Մինչդեռ իմիգրացիոն ծառայությունում ոչինչ չասացին: Նրանք ուղղակի անտարբեր էին: Իսկ ես կարծում էի, որ մենք ավելի հզոր ենք:

Երբ շարժումը սկսվում է, երբ մարդիկ սկսում են հարցեր տալ, այլեւս ետդարձի ճանապարհ չկա: Ինչպես ասում են չինացիները՝ պատուհանը բացում ես, ու ճանճերը գալիս են: Չգիտեմ՝ այս ամենն ինչպես կավարտվի, սակայն Թուրքիայում մարդիկ սկսում են հարցեր տալ, եւ կառավարությունը պիտի պատասխանի դրանց»:

Ֆիլմում հարցազրույց կա «Ակոս» շաբաթաթերթի խմբագիր Հրանտ Դինքի հետ, ով կոչ է անում հանդուրժող լինել:

«Հանդուրժել չի նշանակում լռել կամ զիջել, կամ փոխզիջումների գնալ պատմական ճշմարտության հարցում,- ասում է Կարլա Կարապետյանը,- այլ հասկանալ, որ ժամանակ է պետք: Թուրքերը ողջ կյանքն ապրել են հակահայկական պրոպագանդայով դպրոցներից, համալսարանից, լրատվամիջոցներից: Թուրք պատմաբան Թաներ Աքչամն իր նոր գրքում խոսում է այն մասին, որ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը 1919 թվականին աջակցել է ռազմական հանցագործության դատավարությանը մինչեւ Սեւրի պայմանագրի կնքումը ( 1920 թվականի օգոստոսի 10- ին Առաջին աշխարհամարտի Դաշնակիցների, ԱՄՆ-ի եւ Օսմանյան կայսրության միջեւ կնքած Սեւրի պայմանագրով ճանաչվում էր Հայաստանի ժողովրդավարական հանրապետությունը եւ մշակվում էին 20-րդ դարասկզբի ոճրագործության համար պատասխանատուների դատավարության մեխանիզմները): «Լոս Անջելես Հերալդ» ամերիկյան թերթի 1922 թվականի համարում կա Աթաթուրքի մեջբերումը. «Մարդիկ, ովքեր բնաջնջել են քրիստոնյա փոքրամասնություններին»: «Թուրք ազգի հայրն» է ընդունել, որ կատարվածը ցեղասպանություն է: Սակայն Թուրքիայում այս գիրքը չեն կարող ազատորեն քննարկել: Աքչամը լքել է Թուրքիան, որովհետեւ նրան սպառնում էին մահով, Օրհան Փամուկը նույնպես չի կարող ապրել Թուրքիայում, որովհետեւ արտասանել է «ցեղասպանություն» բառը: Հիմա մենք ունենք նման դաշնակիցներ, որ առաջ չունեինք»:

Ռեժիսորն ասում է, որ շատ կարեւոր էր ֆիլմում «System of a Down»-ի երաժշտության օգտագործումը: Խումբը հայտնի է իր երգերի քաղաքական եւ սոցիալական թեմաներով եւ ցեղասպանության ճանաչման ակտիվ պրոպագանդայով: Տղաներն ունեն մեծաթիվ երիտասարդ երկրպագուներ ողջ աշխարհում, նաեւ՝ Թուրքիայում, ովքեր լսում են նրանց, մտածում են նրանց ասածի մասին:

«Ճչացողները» ֆիլմը ցուցադրվել է Միացյալ Նահանգներում, Բրիտանիայում, Կանադայում, պատրաստվում է ցուցադրվել Ֆրանսիայում: AFI ֆիլմերի փառատոնում արժանացել է հանդիսատեսի մրցանակին: Հայաստանում ֆիլմի ցուցադրությունները կտեւեն մինչեւ ապրիլի 24-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter