
Սուրիկ Խաչատրյանը շարունակում է ոսկի որոնել
Հունվարի 21-ին Սյունիքի մարզի Նոր Աստղաբերդի գյուղապետարանում նախատեսված են Սարիգետի ոսկի-բազմամետաղային երևակման 2015-2017թթ. ընթացքում երկրաբանական ուսումնասիրության իրավունքի ժամկետի երկարաձգման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ: Այսինքն՝ ընկերությունը 2013-2015թթ. իրականացրել է որոշակի ուսումնասիրություններ և այժմ ուզում է շարունակել դրանք:
Իրականացված երկրաբանահանույթային աշխատանքներից հետո պարզվել է, որ Հարավային Զանգեզուրի հանքուղեկցող կառուցվածքներն առկա են նաև Գեղի գետի վերին հոսանքների ավազանում: Դրա հետ կապված երկրաբանակառուցվածքային վերլուծությունը հնարավորություն է տվել այս տարածքը ոսկու հանքայնացման տեսանկյունից դասել հեռանկարայինների շարքում:
ՀՀ բնապահպանության նախարարություն է ներկայացվել Սարիգետի ոսկի-բազմամետաղային երևակման երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ:
Հայտը ներկայացրել է «Գեղի գօլդ» ՍՊԸ-ն, որի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը պատկանում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին։
Հիշեցնենք՝ նույն ընկերությունը ԲՆ է ներկայացրել Սյունիքի մարզի Ոսկեձորի հանքարդյունահանման համալիրի շահագործման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ։ Ոսկեձորի հանքավայրի պաշարները արդեն իսկ հաստատվել են էներգետիկայի և բնական պաշարների նախարության կողմից:
ԲՆ ներակայացված Սարիգետի ոսկի-բազմամետաղային նախագծի համաձայն՝ ծրագրվող երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների տարածքը գտնվում է Սյունիքի մարզի տարածքում՝ Գեղի գետի վերին ավազանում, Կապան քաղաքից հյուսիս-արևմուտք: Վերջինիս հետ կապված է գրունտային և ասֆալտապատ ավտոճանապարհով: Մոտակա բնակավայրերից են Կիցք, Քարուտ, Նոր Աստղաբերդ և Աջաբաջ գյուղերը: Այն, փաստորեն, Ոսկեձորի հանքի շարունակությունն է:
Հանքերևակման տարածքը գտնվում է Հայաստանի Զանգեզուրի ֆլորիստական շրջանում, որտեղ կան Կարմիր գրքում գրանցված բուսատեսակներ և կենդանիներ:
Երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների համար նախատեսված տարածքը մասամբ համընկնում է «Զանգեզուր» պետական արգելավայրի տարածքի հետ:
Քարտեզում հստակ երևում է, որ այն շուրջ կիսով չափ մտնում է ուսումնասիրությունների տարածքի մեջ: Եվ եթե Սուրիկ Խաչատրյանը ստանա այս տարածքում հանք շահագործելու թույլտվություն, ապա «Զանգեզուր» պետական արգելավայրը կհայտնվի էկոլոգիական աղետի շեմին:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել