Հենք Ուիլյամս. «Cold, Cold Heart»՝ հոնքի-թոնքից մինչև ջազ
Նաիրա Հայրապետյան
1951թվականը ամերիկացի երգիչ և բազմաթիվ երգերի հեղինակ Հենք Ուիլյամսի կյանքում ամենադժվար տարին էր: Անհաջողություններով ու խնդիրներով լի այդ տարին, որքան էլ տարօրինակ հնչի, այս երաժշտի կյանքում նաև ամենաբեղմնավորն էր՝ ստեղծագործական վերելքներով ու հաջողություններով լի: Հենց այս շրջանում է ձայնագրվել և թողարկվել «Cold, Cold Heart» երգը, որին, վստահ եմ, շատերը հիմա կպատկերացնեն ջազային երգչուհի Նորա Ջոնսի կատարմամբ, իսկ առավել ավագ սերնդի ընթերցողները հավանաբար հիշողության էջերում կգտնեն հանրահայտ Թոնի Բենեթի անունը: Մինչդեռ դեռևս հեռավոր հիսունականներում հայտնի երգի հեղինակը Հենք Ուիլյամսն էր:
Նա համարվում է քանթրի երաժշտության հայրերից մեկը, ում երգերը նշանակալից դեր են ունեցել է 20-րդ դարի ամերիկյան երաժշտության ձևավորման, երգիչների և հեղինակների ստեղծագործական կյանքում: Երգիչ, երաժիշտ, երգահան Հենք Ուիլյամսի ստեղծագործական կյանքը հանրությանը տեսանելի փուլում ընդամենը 5 տարի տևեց, բայց հասցրեց իր հետքը դրոշմել երաժշտության մեջ ու ապրել մինչ օրս, նաև նոր սերունդների կյանքում: Նրա երգերը քանթրի երաժշտությունից էին գալիս, հիմնականում հոնքի-թոնք կոչված ոճում , սակայն սեփական դիմագծով ու ձևավորմամբ, որով էլ ապրեցին այլ ժանրերի մեջ, տարբեր սերունդների երաժշտական նախասիրություններում: Ուիլյամսի քանթրին իր մեջ կրում էր ֆոլքի, գոսպելի, բլյուզի և նույնիսկ՝ ջազի էլեմենտներ: Նրա ամենահայտնի երկրպագուներից է նաև Բոբ Դիլանը, ով երկար տարիներ ներշնչվել և ազդվել է Ուիլյամսից: Բացահայտելով նրա երգերի բանաստեղծականությունը, նա ասում է, որ դրանք պոետիկ կանոններով երգեր գրելու արքետիպեր են: Երգ գրելու արվեստում «Այդ ճարտարապետական ձևերը նման են մարմարե սյուների»,- ասել է Դիլանը:
«Cold, Cold Heart». Հ. Ուիլյամսը այս մեղեդին նախատեսել էր «You’ll Still Be in My Heart» երգի համար, որը դեռևս 1945թ. կատարել է ամերիկացի երգիչ և երգահան Թի Թեքսաս Թայլերը: Բայց ժամանակը այլ որոշում ուներ: Համաձայն ամերիկացի երաժշտագետ, քանթրի երաժշտության տեսաբան Քոլին Էսքըթի՝ Ուիլիամսն այս երգը ստեղծեց իր կնոջը հիվանդանոցում այցելելուց հետո: Օդրի Շեփըրդ- Ուիլյամսը տառապում էր հղիության արհեստական ընդհատման հետևանքով ձեռք բերած ինֆեկցիայից: Նրանց հարաբերությունները, ըստ Ք. Էսքըթի (նա նաև Ուիլիամսի կենսագիրներից է), անառողջ էին. երկուսն էլ արտաամուսնական կապերի մեջ էին: Օդրին չէր հաշտվում Ուիլիամսի անվերջանալի ճանապարհին կյանքի հետ, որոնց ընթացքում նա բազմաթիվ սիրավեպեր էր ունենում: Երեխայից ազատվելու որոշումը գաղտնի էր պահել Ուիլյամսից , քանի որ կասկածում էր, որ հայրը ամուսինը չէ: Էսքըթը այս պատմությունը շարադրելիս՝ մեջբերել է Ուիլիամսի ընկերներից մեկի վկայությունը, ով ներկա է եղել այդ հանդիպմանը: Կնոջ սառը վերաբերմունքից և ամեն ինչում նրան մեղադրող հայացքից Ուիլիամսը շատ է ազդվում: Տուն վերադառնալով՝ երեխաների դայակին ասում է, որ Օդրին «սառը, սառը սիրտ ունի»: Իսկ հետո, ինչպես հաճախ է լինում ստեղծագործողների մոտ, հոգում կուտակված դառնությունը հանձնվում է թղթին:
Երգն առաջին անգամ հնչել է 1951թ. ինչ-որ անհայտ խմբի կատարմամբ: Բայց նախնական տարբերակը պատրաստ է եղել դեռ մեկ տարի առաջ՝ 1950թ.՝ ըստ երգչի արխիվային որոշ տվյալների: Ուիլյամսը այն որպես B-side սինգլ 1951թ. թողարկեց «Dear John» երգի հետ. այնպես, ինչպես իր նախորդ ճանաչված երգ-գլուխգործոցի դեպքում՝ «I’m So Lonesome I Could Cry»-ի: Քանթրի երաժշտության արդյունաբերության մեջ դանդաղ տեմպով կատարվող երգերն այնքան էլ պահանջված չէին, ուստի առանձին թողարկելը ռիսկային էր: Այդ պատճառով էլ Ուիլյամսը, շատ երաժիշտների նման, ընտրում էր «վստահելի» երգի սինգլին կցելու տարբերակը: «Dear John»-ը, ինչպես ենթադրվում էր, մեծ հաջողություններ ունեցավ: Այն մեկ ամսվա ընթացքում ամերիկյան «Billboard»-ի քանթրի բաժնում հասավ 8-րդ հորիզոնականին:
Իսկ ու՞ր հասավ Օդրիի «Cold, Cold Heart»-ը… այս երգը սկզբում առանձնահատուկ ընդունելության արժանացավ երաժշտական աշխարհում շատ կարևոր մարդկանց՝ դիջեյների կողմից : «Cold, Cold Heart»-ը 1951-1952թթ. նրանց ամենասիրելի երգն էր և անկախ նրանից, թե ունկնդիրները ինչ կարգավիճակ էին նախապատրաստել, այն հնչում էր ռադիոկայաններից: Շնորհիվ այս ամենի, շուտով երգը հայտնի դարձավ և առաջ անցնելով քանթրի երաժշտական հորիզոնականները՝ հաստատվեց 1-ին տեղում: «Dear John»-ը, անխոս, հիթ դարձավ՝ առանց հատուկ միջամտության, սակայն «Cold, Cold Heart»-ին էր վիճակված դառնալու երգչի ամենահայտնի, ամենասիրված երգերից մեկը: Հ. Ուիլյամսի երգերն արդեն ամենուր էին:
Ակնհայտորեն արգասաբեր ստեղծագործական այս վերելքը, սակայն, ուղեկցվում էր ընտանեկան փլուզվող հարաբերությամբ, առողջական լուրջ խնդիրներով, ալկոհոլից և դեղահաբերից կախվածությամբ: Երբ «Dear John»-նն արդեն պատրաստվում էր հիթային իր թռիչքին, «Cold, Cold Heart»-ը հանդարտ, բայց վստահ սկսում էր իր ներկայանալի մուտքը դեպի մեծ լսարան, Հենք Ուիլյամսը հայտնի հիվանդանոցներից մեկում ալկոհոլիզմի դեմ բուժում էր ստանում: Նույն տարվա աշնանը, ընկերոջ հետ որսի գնալիս, նա ընկավ և երկրորդ անգամ վնասեց մեջքը: Ցավերը գնալով սաստկանում էին, ուստի դրանք մեղմելու համար երբեմն ստիպված էր ուժեղ ցավազրկողներ ընդունել, այնքան, մինչև որ գործը հասավ մորֆինին: Բացի այդ, Ուիլյամսը կրկին վերադարձավ նախկին սովորությանը՝ «ալկոհոլային թերապիային»: Տարեմուտը նա փակեց դարձյալ հիվանդանոցում, որտեղ բուժվում էր մեջքի համար: Ու անգամ այս մթնոլորտում Հենք Ուիլյամսը, համեայն դեպս, ուժ էր գտնում և շարունակում երաժշտությանը մոտ մնալ, նրա հետ քայլել ու երգեր գրել: 1952թ. գարնանը նա մեկնեց Նյու Յորք, որտեղ երկու անգամ հայտնվեց հեռուստատեսային մի հայտնի շոու ծրագրում՝ «The Kate Smith Show»-ում: «Grand Ole Opry» https://en.wikipedia.org/wiki/Grand_Ole_Opry հայտնի քանթրի նախագծի անդամների հետ նա այստեղ կենդանի մի քանի կատարումներով հանդես եկավ: Ուիլյամսը երջանիկ էր և հավանաբար ոչ այնքան այդ հնարավորության համար, որքան իր կուռքի՝ «քանթրի երաժշտության արքա» համարվող հանրահայտ Ռոյ Էքաֆի ներկայության, ով հանձն էր առել Ուիլյամսին ներկայացնելու պատասխանատվությունը:
Այդ օրերի «Cold, Cold Heart»-ը, «Hey Good Lookin»-ը, «Glory Bound Train»-ը և «I Can’t Help It if I’m Still in Love with You»-ն բարեբախտաբար պահպանվել են՝ դառնալով Ուիլիամսի տեսագրությունների աղքատիկ արխիվի ամենահարուստ բաժինը: Հիվանդ, ֆիզիկապես և տեղ-տեղ հոգեպես ուժասպառ, տխրահռչակ հարբեցողի համբավակիրն այդ օրը բոլորովին այլ մարդ էր:Ք. Էսքըթի նկարագրմամբ, առաջին ելույթի մասին մի քննադատ ասել է, թե «Cold, Cold Heart»-ը երգելիս Ուիլյամսը անկաշկանդ կանգնեց տեսախցիկի առջև, նրան նայեց ողջ երգի ընթացքում ինքնավստահությամբ և հանդգնությամբ լի մի հայացքով, որը գրեթե սահմանակից էր ամբարտավանությանը:
Հենք Ուիլյամսը մահացավ մեկ տարի անց՝ 1953թ. հունվարի մեկի վաղ առավոտյան, սրտի անբավարարությունից: Նա ընդամենը 29 տարեկան էր: Չնայած կարճատև կյանքին՝ Հ. Ուիլյամսի ներդրումը երաժշտության մեջ մեծ է և, անկասկած, անփոխարինելի: Քանթրի ոճում ճանաչված այս արտիստի հեղինակած երգերը կատարվել են տարբեր ժանրերում, բազմաթիվ երգիչների կողմից: Այդ քավըրներից շատերը հետագայում հիթեր են դարձել և արժանացել մրցանակների: «Cold, Cold Heart»-ը նրա ոչ միայն մեծագույն հիթերից մեկն էր, այլև ամենահիշարժանն ու հաճախ կատարվողը: Հենց 1951թ. այն երգեց նաև Թոնի Բենեթը: Այս փոփ-տարբերակը 27 շաբաթ մնաց երաժշտական հիթ-շքերթներում՝ հասնելով գլխավոր հորիզոնականին: Բենեթի կատարումը առավել մեծ հանրայնացում ապահովեց Հենք Ուիլյամսի և միաժամանակ քանթրի երաժշտության համար: Սա առաջին դեպքն էր, երբ այս ժանրը նման մասսայականություն էր վայելում: Նույն թվականի սեպտեմբեր ամսին «Cold, Cold Heart»-ը ձայնագրել է նաև Լուի Արմսթրոնգը: Այս երգի բազմաթիվ մեկնաբանություների մեջ առանձնահատուկ են նաև ռոքնռոլի հայտնի աստղերից Ջերի Լի Լյուիսի տարբերակը 1961թ. և, ինչ խոսք, Նորա Ջոնսի ջազային «Cold, Cold Heart»-ը` 2002թ.:
Գնահատելով Հ. Ուիլյամսի ժառանգությունն ու ներդրումը՝ նրան տարբեր տասնամյակների ընթացքում հիշել ու հարգանքի տուրք են մատուցել նաև ամենահայտնի պարգև-մրցանակներով: 1961թ. նրա անունն ընդգրկվել է քանթրի երաժշտության, իսկ 1987թ.՝ ռոքընռոլի «Փառքի սրահ»-ներում: Հենք Ուիլիամսը ԱՄՆ-ի ոչ վաստակավոր և ոչ էլ ժողովրդական արտիստ էր, նա 29 տարեկան երիտասարդ էր, որի անունը երաժշտության պատմության և սերունդների հիշողության մեջ ապրում է՝ շնորհիվ իր ստեղծածով, երաժշտության հանդեպ սիրով և վստահությամբ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել